Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Հինգշաբթի, 13 Փետրվարի 2020

Հրավեր` Արցախի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելության ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթի

Սույն հրավերը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական ինտերնետային կայքում:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հրավիրում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հասարակական կազմակերպություններին մասնակցելու Արցախի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման (այսուհետ՝ դիտարկում) դրամաշնորհային մրցույթին։

Դրամաշնորհային մրցույթը կազմակերպվում է ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշմամբ սահմանված կարգով։

Որակավորման պահանջներ

Մրցույթին իրավասու են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունները, որոնք՝
• ունեն առնվազն 50 դիտորդով Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում ընտրություններ դիտարկելու փորձառություն և հրապարակել են զեկույցներ դիտարկման արդյունքների վերաբերյալ, և
• վերջին 3 տարվա ընթացքում ունեն 10 միլիոն դրամից ավել դրամաշնորհի կառավարման փորձ։

Հայտի պատրաստման հրահանգներ

Դրամաշնորհային հայտը պետք է պարունակի՝
1. Դիմում

2. Ծրագիր, որը պետք է առնվազն պարունակի՝

• Ծրագրի անվանումը,
• Իրականացնող կազմակերպության՝ անվանումը և նպատակները,
• Դրամաշնորհի նպատակն իրականացնելուն միտված միջոցառումների/մոտեցումների նկարագիրը, և դրանց նպատակահարմարության հիմնավորումը, հնարավոր ռիսկերը և դրանց լուծմանն ուղղված գործողությունները,
• Դիտարկման եղանակը (նախընտրական և հետընտրական շրջանի՝ երկարաժամկետ դիտորդություն, քվեարկության օրվա՝ կարճաժամկետ դիտորդություն), իսկ դիտարկման բաղադրիչների առկայության դեպքում նաև բաղադրիչները (մեդիայի մոնիտորինգ, ընտրողների ցուցակների ճշգրտության մոնիտորինգ, նախընտրական փուլում ընտրողների հետ աշխատանք և այլն), նախատեսվող դիտորդների թիվը,
• Տեղեկություններ ծրագրում նախատեսվող հիմնական աշխատակազմի մասին, նրանց փորձառությունն ու պարտականությունները,
• Դիմող կազմակերպության ընտրական գործընթացների դիտարկման փորձառությունը, ներառյալ՝ վայրը, տարեթիվը, դիտարկման եղանակը և առկայության դեպքում նաև դրա բաղադրիչները, աշխարհագրական ծածկույթը, հրապարակված զեկույցների հղումները,
• Ընդհանուր տեղեկություններ վերջին 3 տարվա ընթացքում իրականացված դրամաշնորհային ծրագրերի (հղում՝ առկա զեկույցներին, հաշվետվություններին) վերաբերյալ, ներառյալ՝ ծրագրի նպատակը, իրականացման ժամկետը, դրամաշնորհի չափը և դրամաշնորհատու կազմակերպությունների անվանումները (կոնտակտային անձանց տվյալները)։

3. Կից փաստաթղթերը՝
• Ֆինանսական նախահաշիվը՝ համաձայն կից ձևի,
• Հրավերով սահմանված պահանջները հավաստող փաստաթղթերի պատճեները:

Դրամաշնորհի հատկացման հիմնական պայմանները

Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների դիտարկման և ընտրական գործընթացների վերաբերյալ գնահատականների ձևակերպման համար պետք է հիմք ծառայեն Արցախի Հանրապետության օրենսդրությունը, ինչպես նաև՝ միջազգային մակարդակում ճանաչված նորմերը։

Դրամաշնորհային հայտը պետք է ներառի ընտրությունների կարճաժամկետ (քվեարկության օրը) դիտարկմանն ու դրա բաղադրիչներին ուղղված գործողությունները և ծախսերը, իսկ երկարաժամկետ (նախընտրական և հետընտրական) դիտարկում անելու դեպքում՝ նաև դրան և դրա բաղադրիչներին ուղղված գործողությունները և ծախսերը։ Հաշվի առնելով ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունը՝ հայտը ներկայացնողը, դրամաշնորհի շրջանակներում երկրորդ փուլի դիտարկում իրականացնելու մտադրության դեպքում, պետք է առանձին նշի նաև երկրորդ փուլի դիտարկմանն առնչվող գործողությունները և ծախսերը՝ պայմանով, որ երկրորդ փուլ չկայանալու պարագայում այդ նպատակով նախատեսված և հաստատված գումարը պետք է վերադարձվի դրամաշնորհատուին։

Յուրաքանչյուր դրամաշնորհի հատկացման չափը կարող է կազմել առավելագույնը 80 մլն ՀՀ դրամ: Ծրագրի նախահաշիվը կարող է ներառել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսվող պարտադիր աուդիտի ծախսերը։

Ծրագիրը պետք է մեկնարկվի դրամաշնորհի հատկացման պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից և ավարտվի մեկնարկի օրվանից առավելագույնը 5 ամիս հետո:
Մրցույթի արդյունքներով մրցութային հանձնաժողովի (ստեղծված ՀՀ վարչապետի 2020թ. փետրվարի 12-ի թիվ 192-Ա որոշմամբ) որոշումը հաստատվելուց հետո ՀՀ վարչապետի աշխատակազմը կազմակերպությունների հետ կնքում է դրամաշնորհի հատկացման պայմանագիր՝ կից օրինակելի ձևին համապատասխան:

Դրամաշնորհային ծրագրի իրականացման վերաբերյալ ծրագրային և ֆինանսական հաշվետվությունները պետք է ներկայացվեն ՀՀ վարչապետի աշխատակազմ Ծրագրի ավարտից հետո 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

Հայտը ներկայացնելու պայմանները

Հայտը պետք է ներկայացվի թղթային եղանակով և հայերեն լեզվով։ Հայտը պետք է ներկայացվի փակ, սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով՝ ներառելով մեկ բնօրինակ և հինգ կրկնօրինակ, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը։

Հայտի փաթեթը պետք է նաև ներառի ծրագրի ֆինանսական նախահաշիվը՝ կից ձևին համապատասխան։

Հայտը պետք է ներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ Կառավարական տուն 1 հասցեով մրցութային հանձնաժողովի քարտուղար Նորայր Նազարյանի անունով՝ մինչև ս.թ. փետրվարի 25-ը, ժ.15:00։

Սահմանված կարգի պահանջներին ոչ համապատասխան ներկայացված հայտերը, ինչպես նաև հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում դրանք ներկայացնողներին:

Հայտերի վերաբերյալ պարզաբանումների նպատակով գրությունները կարող են ներկայացվել norayr.nazaryan@gov.am էլեկտրոնային հասցեով՝ սույն հայտի ՀՀ կառավարության կայքում հրապարակումից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Հայտերի պարզաբանման հետ կապված պատասխանները տրամադրվում են մինչև ս․թ․ փետրվարի 21-ը։

Հայտերը բացվում են ս․թ․ փետրվարի 25-ին ժամը 16:00-ին։ Մրցութային հանձնաժողովի տվյալ նիստին ստուգվելու է փաթեթների լրակազմությունը և օրինակների քանակը։

Հայտը մերժելու պայմանները

Հայտերը մերժվում են հրավերի պայմաններին չբավարարելու դեպքում:

Քննարկման կարգը և գնահատման չափանիշները

Հայտի կրկնօրինակները բաժանվում են մրցութային հանձնաժողովի անդամներին։ Վերջիններիս անհատական գնահատումների արդյունքները քննարկվում են ու ամփոփվում մրցութային հանձնաժողովի հաջորդող առնվազն մեկ նիստի ընթացքում։ Ըստ անհրաժեշտության՝ մրցութային հանձնաժողովի կողմից կարող են առաջարկվել փոփոխություններ հայտում։

Հայտերը գնահատվում են մրցութային հանձնաժողովի անդամների կողմից 20 բալանոց համակարգով՝ հետևյալ չափանիշներով․

• Նախատեսվող միջոցառումների/մոտեցումների, դիտարկման եղանակի և դրա բաղադրիչների նպատակահարմարությունը – ընդհանուր միավորների 20%-ը
• Ակնկալվող արդյունքները/ազդեցությունը – ընդհանուր միավորների 10%-ը
• Դիմող կազմակերպության ընտրական գործընթացների դիտարկման և դրամաշնորհային ծրագրերի իրականացման փորձառությունը – ընդհանուր միավորների 30%-ը
• Նախատեսվող հիմնական աշխատակազմի փորձառությունը և պարտականությունների բաշխումը - ընդհանուր միավորների 20%-ը
• Նախահաշվի հիմնավորվածությունը – ընդհանուր միավորների 20%-ը

Որակավորման պահանջներին չհամապատասխանող կազմակերպությունների հայտերը ենթակա չեն գնահատման մրցութային հանձնաժողովի կողմից։

Մրցույթում հաղթող են ճանաչվում առավելագույն միավորներ ստացած կազմակերպությունները՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից նախատեսվող ընդհանուր բյուջեի սահմանափակումները։

Մրցութային հանձնաժողովի անդամները հայտերի բացման նիստում որոշված ժամկետում մրցույթի հրավերով սահմանված կարգով գնահատում են հայտերը և գնահատման թերթիկներում համապատասխան նշումներ կատարելով՝ ստորագրված գնահատման թերթիկների մեկական օրինակները փոխանցում են քարտուղարին:

Մրցույթի արդյունքներն ամփոփվում են մրցութային հանձնաժողովի ամփոփիչ նիստում` մրցութային հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գնահատման թերթիկների հիման վրա: Մրցութային հանձնաժողովն ընդունում է որոշում այն կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին, որոնց հետ կարող է կնքվել դրամաշնորհի հատկացման պայմանագիր:

Կից փաստաթղթեր՝

1. դրամաշնորհի հատկացման պայմանագրի նախագիծը

2. ֆինանսական նախահաշվի ձևը: