Ուրբաթ, 13 Մայիսի 2011
Ազգային ժողովի հարգելի նախագահ,
Հարգելի պարոն նախագահող,
Հարգելի գործընկերներ,
Ավանդաբար պետական բյուջեի հաշվետվությունը ներկայացնելիս վարչապետը ներկայացնում է ընդհանուր բնութագրիչները, և ինչ միջավայրում է իրականացվել բյուջեի կատարողականը: Մինչև բուն առարկային անցնելը, ես ցանկանում եմ անդրադառնալ երեկվա Վերահսկիչ պալատի հաշվետվությանը: Ցավոք սրտի, մենք չենք օգտվել հարակից զեկույցով հանդես գալու մեր իրավունքից: Մեղավորները կպատժվեն, որ մեզ տեղյակ չեն պահել, որ մենք այդ իրավունքից օգտվենք, քանի որ մենք չափազանց կարևորում ենք Վերահսկիչ պալատի կողմից կատարված աշխատանքները, և այն բացահայտումները, որոնք առկա են, և ես այսօր էլ կանդրադառնամ այդ հարցին` լրացնելով այն բացը, որ երեկ արձանագրեց Ազգային ժողովի նախագահը և պատգամավորները, ովքեր մասնակցում էին այդ քննարկմանը:
Ըստ մեզ` 2010 թվականի իրականացրած ծրագրերի ամենազգալի արդյունքը կայանում է նրանում, որ այն հակաճգնաժամային միջոցառումները, որ մենք իրականացրել էինք 2009-2010 թվականների ընթացքում, սկսեցին տալ իրենց դրական արդյունքները: 2010 թվականը կարելի է բնութագրել որպես աստիճանաբար, բայց կայուն վերականգման տարի, որի ընթացքում մենք շարունակեցինք աշխատել շատ պարզ և հասկանալի հակաճգնաժամային ծրագրի տրամաբանության ներքո: Մասնավորապես, էապես բարելավել ենթակառուցվածքները` կատարելով մեծածավալ պետական ներդրումներ: Երկրորդը` բարելավել բիզնես միջավայրը և առավել բարենպաստ պայմաններ ստեղծել փոքր և միջին բիզնեսի համար, ինչպես նաև խթանել կոնկրետ ծրագրեր, որոնք բերելու են մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի աստիճանի բարձրացմանը:
Այդ տեսակետից ես կցանկանայի անդրադառնալ մակրոտնտեսական ցուցանիշներին, որ մենք արձանագրեցինք 2010 թվականի ընթացքում:
Այսպես` համախառն ներքին արդյունքի աճը ծրագրավորված 1.2 տոկոսի փոխարեն կազմեց 2.1 տոկոս, ընդ որում` չափազանց կարևոր է համախառն ներքին արդյունքի կառուցվածքը` մասնավորապես արդյունաբերությունում մենք արձանագրեցինք 10.5 տոկոս աճ, մշակվող արդյունաբերությունում` 13.6 տոկոս աճ, հանքարդյունաբերությունում` 19.1 տոկոս աճ:
Երկրորդ խոշոր ոլորտը, որ աճ էր ապահովել, ծառայությունների ոլորտն է, որն ապահովել է 4.5 տոկոս աճ: Հասկանալի է, որ մակրոտնտեսական ցուցանիշները կլինեին ավելի բարվոք, և ՀՆԱ-ի ցուցանիշը կրկնակի անգամ կլիներ ավելի բարձր, եթե գյուղատնտեսության ոլորտում մենք չունենայինք աննախադեպ անկում` 15.7 տոկոս, որը պայմանավորված էր այլ հանգամանքների հետ միասին նաև բնակլիմայական պայմաններով: Միևնույն ժամանակ մակրոտնտեսական ցուցանիշների տեսակետից մենք տեսնում ենք, որ էապես բարելավվում են արտահանման ցուցանիշները, և մեր առևտրի հաշվեկշիռը շուրջ 1.3 տոկոսով բարելավվել է ի հաշիվ նրա, որ արտահանման տեմպերը գերազանցել են ներմուծման աճի տեմպերին, ինչպես նաև բարելավվել է ընթացիկ հաշիվը` 15.8 տոկոս ճեղքվածքից` հասնելով 13.9 տոկոսի, որն էական նշանակություն ունի, ինչպես նաև բարելավվել է ընթացիկ հաշիվը` 16.8 տոկոսից ճեղքվածքը իջել է 14.7 տոկոսի: Սրանք դրական միտումներ են, որոնք մենք պետք է պահպանենք մոտակա երեք տարիների ընթացքում, որպեսզի նաև բյուջեի պակասուրդը նվազի` հասնելով մեր ծրագրային ցուցանիշներին: Այդ տեսակետից մենք նույնպես պետք է արձանագրենք, որ բյուջեի դեֆիցիտը 7.7 տոկոսային կետից 2010 թվականին էապես նվազել է և կազմել է 5 տոկոս: Ճշգրտված ցուցանիշներով, քանի որ Ազգային վիճակագրական ծառայությունը ճշգրտել է մակրոտնտեսական բոլոր ցուցանիշները, 2009 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը համախառն ներքին արդյունքի մեջ կազմել է 7.6 տոկոս, իսկ 2010 թվականի արդյունքներում կազմել է 5 տոկոս: Սա նշանակում է, որ արտաքին պարտքի սպասարկման տեսակետից և մակրոտնտեսական ցուցանիշներ ապահովելու տեսակետից մենք հայտնվելու ենք ավելի բարվոք միջավայրում:
2010 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են 780 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2009 թվականի ցուցանիշը 13 %-ով, իսկ ծախսային մասը գերազանցել է 2009 թվականի նույնանուն ցուցանիշը մոտ 3%-ով: Սա կարևոր ցուցանիշ է մեզ համար, քանի որ դուք հիշում եք, որ 2009թ. մենք պետբյուջեի ծախսերը ֆինանսավորելու համար աննախադեպ մեծ ծավալի պարտքեր ներգրավվեցինք, որպեսզի ի վիճակի լինենք չկրճատելու պետբյուջեի ծախսերը, իսկ 2010թ. արդեն հիմնականում ծախսերը կատարվել են մեր եկամուտների հաշվին և բյուջեի դեֆիցիտի կրճատման պայմաններում այնամենայնիվ մենք կարողացել ենք շուրջ 3 տոկոսով ավելացնել մեր ծախսերը:
2010 թվականի վերջին գնաճի մակարդակը կազմել է 9.4%, որի պայմանավորող հիմնական գործոնները երկուսն են` հիմնական պարենային և հումքային ապրանքների միջազգային գների բարձրացումը և նախորդ տարի գյուղատնտեսական ապրանքների առաջարկի աննախադեպ անկման հետևանքով վերջիններիս բարձր գների պայմանները: Նշված գնաճի 5 տոկոսային կետը եղել է ի հաշվի գյուղմթերքների գների աճի, իսկ 2.4 տոկոսային կետը` ներմուծվող ապրանքների գների աճի:
2010 թվականին մենք շարունակեցինք զարգացնել ենթակառուցվածքները և բարելավել գործարար միջավայրը: Մասնավորապես.
• 2010 թվականի ընթացքում կատարվել են շուրջ 350 կմ երկարությամբ ճանապարհահատվածների վերանորոգման աշխատանքները, այդ թվում` 224 կմ-ը` ներգրավված վարկային միջոցների հաշվին, իսկ 126 կմ պետական բյուջեի ֆինանասավորմամբ:
• 2010 թվականին հիմնանորոգվել են 8 կամուրջներ: Այդ թվում պահուստային ֆոնդի միջոցներով իրականացվել են բնածին և տեխնածին աղետների հետևանքով վնասված 44 ճանապարհահատվածների վերականգնման, ինչպես նաև 9 ճանապարհահատվածների և 5 կամուրջների հիմնանորոգման աշխատանքներ՝ շուրջ 5.6 միլիարդ դրամի չափով:
• 2010 թվականի ընթացքում կառուցվել և վերանորոգվել են 901 կմ խողովակաշարեր, սա աննախադեպ ծավալ է կազմում, որից խմելու ջրի ջրագծերը կազմում են 697 կմ, կոյուղու կոլեկտորները` 23 կիլոմետր (5 քաղաքներում), իսկ ոռոգման ջրանցքներ և ջրատարները` 181 կմ:
• 2010 թվականին կատարվել են դրենաժների մաքրման և խորացման աշխատանքները ընդհանուր 346 կմ երկարությամբ:
• Ճապոնիայի կառավարության վարկի հաշվին 2010թ, շահագործման է հանձնվել Երևանի ՋԷԿ-ը:
• ՀՀ կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև կնքված պայմանագրի համաձայն` 2010թ. սեպտեմբերին ամբողջությամբ ավարտվել են թվով 17 110 կՎ ենթակայանների վերականգնման աշխատանքները:
• 2010թ. ապահովվել է 3G ստանդարտով գործող համակարգերի՝ շահագործումը, որոնք ծածկում է Հանրապետության ողջ տարածքի ծածկույթը: Ինչպես նաև առաջին անգամ Հայաստանի Հանրապետությում գործարկվել են 4G ստանդարտի կապի տեխնոլոգիաներ:
• 2010 թվականի ընթացքում արագագործ ինտերնետի միջինացված մանրածախ սակագները գրեթե կրկնակի նվազել են: Ինտերների մեծածախ սակագները կրճատվել են ավելին, քան 2 անգամ՝ կազմելով 71000 դրամ և այս միտումը շարունակվում է նաև այս տարի: Ինտերնետից օգտվողների ընդհանուր թվաքանակը (ներառյալ նաեւ բջջային հեռախոսների միջոցով օգտվողները) 2010 թվականին կազմել է 1,5 միլիոն, իսկ լայնաշերտ ինտերնետի բաժանորդների քանակը աճել է գրեթե 2.5 անգամ կազմելով 173 հազար:
• Ինտերնետը 2010թ. հասանելի է դարձել ևս 300 դպրոցում: Ընդհանուր առմամբ, այսօր ՀՀ 944 դպրոց արդեն ապահովված է ինտերնետի մուտքով:
• ՀԲ-ի վարկային ծրագրի շրջանակներում 2009-2010թթ. ընթացքում իրականացվել են 8 մարզային բժշկական կենտրոնի արդիականացման, հիմնովին վերանորոգման, նորագույն բժշկական սարքավորումներով և կահույքով հագեցման աշխատանքներ, ավարտվել են 5 բժշկական կենտրոնների մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքները, ավարտին են մոտենում Ապարանի բժշկական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները: 2010թ. սկսվել և ընթացքի մեջ են Գավառի բժշկական կենտրոնի ծննդատան շենքի հիմնանորոգման և Գյումրիի նոր բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները:
• 2010թ. ընթացքում գյուղական համայնքներում կառուցվել են 10 նոր և վերանորոգվել 20 համայնքային ամբուլատորիա, ինչպես նաև տրամադրվել են ժամանակակից բժշկական սարքավորումներ:
Ընդհանուր առմամբ, մարզային հիվանդանոցային համակարգում 2009-2010թթ. ընթացքում իրականացվել են շուրջ 17 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, որից 4,4 մլն ԱՄՆ դոլարի ներդրումները՝ նորագույն բժշկական սարքավորումների և կահույքի մասով:
• Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով աղետի գոտու բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում ավարտվել են` Գյումրի քաղաքում` 1056 բնակարաններից բաղկացած 22 բազմաբնակարան շենքերի աշխատանքները: Սպիտակ քաղաքում հանձնվել են շահագործման` 220 բնակելի տներ, իսկ ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կառուցվել են 303 բնակելի տներ: Դրա հետ մեկտեղ սկսվել է Գյումրի քաղաքում 1756 բնակարաններից բաղկացած 38 բազմաբնակարան շենքերի և Լոռու մարզի գյուղական բնակավայրերում 375 բնակելի տների շինարարությունը:
• ՀՀ 2010 թվականի բյուջեի հաշվին՝ 5.3 մլրդ դրամ գումարի շրջանակներում իրականացվել են 154 օբյեկտների կառուցման և հիմանորոգման աշխատանքներ:
Գործարար միջավայրի բարելավման բնագավառում.
• 2010 թվականին պարզեցվել են բիզնեսի գրանցման ընթացակարգերը, համաձայն որոնց, հիմնադրման ընթացակարգերի իրականացումը կրճատվել է նախկինում 20 օրվա փոխարեն հասնելով մինչև 5 օրվա: Եթե նախկինում անհրաժեշտ էր այցելել 6 մարմին ֆիրման գրանցելու համար, ապա այսօր բավական է այցելել համացանցի www.e-registry.am կայքը և գրանցել իրավաբանական անձ /անհատ ձեռներեցի դեպքում՝ հաշվառել ֆիզիկական անձ/ ընդհամենը 15 րոպեի ընթացքում:
• Բիզնեսի բեռի թեթևացման նպատակով կառավարությունը երկարաձգել է 2009 թվականին ընդունված այն որոշումը մինչև 70 մլն. դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ տեսչական ստուգումները արգելում է: Արդյունքում, եթե 2008 թվականին վերջին 2 եռամսյակների տվյալներով պետական մարմինները կազմակերպել են 15,663 ստուգում, ապա 2010 թվականի նույն ժամանակաշրջանի ընթացքում իրականացվել է ընդհամենը 331 ստուգում: Ակնհայտ է, որ այս միջոցառման հետևանքով էականորեն կրճատվել են կոռուպցիոն ռիսկերը, որոնք հատկապես վնաս են հասցնում փոքր և միջին բիզնեսին:
• Քայլեր են ձեռնարկվել նաև արտաքին առևտրով զբաղվելու ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ: Իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնց հետևանքով պարզեցվել է արտահանվող` երկակի նշանակության ապրանքների համար համապատասխան փորձագիտական տեղեկանք տալու ընթացակարգը. կրճատվել են փորձագիտության ժամկետը 1 ամսից դառնալով առավելագույնը 10 օր, ինչպես նաև կրճատվել է փորձաքննության վճարը՝ 180000 դրամից դառնալով 60000 դրամ:
• Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների կրճատման, պարզեցման և հստակեցման միջոցառումների արդյունքում նախկինում գործող 169 կետից կազմված ցուցակը ներկայումս պարունակում է 96 լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: Պարզեցվել է նաև լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար լիցենզիաներ ստանալու գործընթացը` շնորհիվ ներմուծված էլեկտրոնային համակարգի, որը կհեշտացնի անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը:
• Օրենսդրական բարեփոխումների արդյունքում շահութահարկի գծով տարեկան վճարումները կրճատվել են 8-ով, նույնքանով կրճատվել են նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվությունները: Եթե նախկինում շահութահարկ վճարող իրավաբանական անձիք ներկայացնում էին հաշվապահական հաշվեկշիռ, շահութահարկի և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններ, ապա ներկայումս նրանք ներկայացնելու են միայն հարկային մարմնի կողմից հաստատված շահութահարկի հաշվետվություն:
• ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով միջազգային փոստային և սուրհանդակային ծառայություններով փոխադրվող ապրանքների տեղափոխման դեպքում մաքսատուրքից ազատման արտոնությունը կիրառվում է 150 հազար դրամ մաքսային արժեքը չգերազանցող ապրանքների նկատմամբ` նախկին 50 հազար դրամի փոխարեն:
• Միասնականացվել են հարկային հաշվետվությունների ներկայացման ժամկետները, հաստատագրված վճարներ վճարողները դադարել են հարկային մարմիններին ներկայացնել հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, որի փոխարեն ներկայացնում են միայն շահութահարկի հաշվարկ: Ընդունվել է օրենքում փոփոխություն, որի համաձայն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնետիրական կապիտալում գույքի ներդրման գործարքները ազատվում են ԱԱՀ-ից:
• Ներդրվել է էլեկտրոնային հարկային հաշվետվությունների ներկայացման համակարգը, որը արդեն հնարավորություն է տալիս 27 տեսակի հաշվետվություններ ներկայացնել էլեկտրոնային տեսքով: Այս ամենը նվազագույնի է հասցնում հարկատու-հարկային տեսուչ ֆիզիկական շփումը` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը:
• Պարզեցվել է սպառողական կոոպերատիվների հիմնադրման գործընթացը, որի արդյունքում գյուղացիական տնտեսությունները հնարավորություն են ստացել ստեղծել կոոպերատիվներ առավել հարմար պայմաններով և վերացվել են նախկինում օրենսդրությամբ սահմանված խոչընդոտները: Սահմանվել է արոտավայրերից և խոտհարքերից օգտվելու նոր կարգը, որի արդյունքում գյուղացիները ազատվել են չորս տեսակի վճարումներից, և նրա բեռը շուրջ 250 հազար դրամով կրճատվել է:
• Շինարարական թույլտվությունների ստացման ոլորտում իրականացված բարեփոխումների շնորհիվ նախկինում պահանջվող 200 օրվա փոխարեն այսօր արդեն անհրաժեշտ է ընդհամենը 53 օր, իսկ այս թույլտվություններ հետ կապված տարբեր տիպի պարտադիր վճարները կրճատվել են 4 անգամ: Հասկանալի է, որ այս փոփոխությունների արդյունքները մենք կզգանք նաև 2011թ. ընթացքում:
Տնտեսության իրական հատվածում.
300 մլն դրամի և ավելի սարքավորումների ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկի վճարման մինչև 3 տարի ժամկետով հետաձգման ռեժիմից այս պահին օգտվում են 14 ընկերություններ: 2010 թվականին 6 ընկերություններ ստացել են նմանատիպ արտոնություն, և 15 մլրդ դրամի ներդրումներ են կատարվել միայն այս ծրագրերի շնորհիվ: Այս պահի դրությամբ՝ ընդհանուր ներդրումների ծավալը 58 մլրդ դրամ է, և ստեղծվել են շուրջ 1400 լրացուցիչ աշխատատեղեր:
• 7 տարվա դադարից հետո առաջին անգամ «ՀՀ-ում 2010-2014թթ. ցորե¬նի սերմնաբուծության և սերմար¬տադրության զարգացման ծրագիրի» շրջանակներում ՌԴ-ից գնվել է 1010 տոննա, իսկ տեղական սերմար¬տադրողներից՝ 117 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու: Սերմացուները տրամադրվել են այն տնտեսություններին, որոնք զբաղվելու են սերմաբուծությամբ և այդ սերմերը վերադարձնելու են 1:2 փոխ¬հարա¬բերությամբ: Հետագայում ստացված ցորենը նույնպես օգտագործվելու է սերմաբուծության զարգացման համար:
• Տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում 2010թ. արտերկրից ներկրվել են 262 գլուխ կաթնատու և կաթնամսատու տոհմային երինջներ: Ներկրված առանձին կենդանիների կաթնատվությունը արդեն իսկ կազմում է 8-9 հազար լիտր, ինչը 4-5 անգամ գերազանցում է տեղական կովերի կաթնատվությունը:
Այս ծրագրի շրջանակներում արդեն ներկրվել են 1222 գլուխ տոհմային երինջներ, ՀՀ-ում ձևավորվել են 14 նոր տոհմային տնտեսություններ, ստացվել է ավելի քան 1100 գլուխ տոհմային մատղաշ:
• 2010 թվականի ընթացքում արտահանվեց շուրջ 135 հազ. գլուխ ոչխար, որոնց մաքսային արժեքը գերազանցեց 2009 թվականի ցուցանիշը շուրջ 56%-ով և կազմեց մոտավորապես 14 մլն դոլար:
• 2010 թվականին թարմ և սառեցված ձկնեղենի արտահանումը ՌԴ ավելի քան կրկնապատկվել է՝ կազմելով շուրջ 400 տոննա: Ընդ որում, ծրագրերը, որոնք իրականացվում են այս ոլորտում բերելու են նաև այս ցուցանիշի կրկնապատկում 2011-2012թթ. ընթացքում, քանի որ ոլորտում կատարվում են մեծածավալ ներդրումներ և շուկաների բացվելը մեզ համար ստեղծեց այդ հնարավորությունը: Այս բնագավառում ներդրումները դարձել են շահավետ:
• Օրգանական գյուղատնտեսության զարգացման նպատակով կազմակերպվել է «Ազոտովիտ-1» և «Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութերի արտադրությունը: Եվ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ազգային կենսապարարտանյութի արտադրության ծրագիրը, որը ենթադրում է, որ փուլ առ փուլ մենք ի վիճակի կլինենք սելիտրայից անցնելու մեր ազգային պարարտանյութերի օգտագործմանը: Դրա համար բյուջեից հատկացվել են միջոցներ:
• «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքում բնակարան ձեռք բերելու համար տրամադրվող հիպոտեքային վարկի տոկոսը կազմում է 8.5-ից 9 տոկոս, իսկ մարզերում` 6.5-ից 7 տոկոս, ինչը զգալիորեն ավելի ցածր է քան առևտրային բանկերի կողմից տրամադրվող հիփոտեքային վարկերի տոկոսադրույքները: 2010թ. մարզերի բնակչության համար կրճատվել է նաև կանխավճարի ծավալը, և այն այսօր կազմում է ընդամենը 10 տոկոս:
Հարգելի գործընկերներ,
Ամփոփելով, բյուջեի հատվածը, հարկ եմ համարում ընդգծել Ազգային Ժողովի նշանակալի դերը վերոհիշյալ միջոցառումների արդյունավետ իրականացման գործում, քանի որ առանց Ազգային ժողովի օրենսդրական աջակցության և նախաձեռնողական ակտիվ մասնակցության հնարավոր չէր լինի կյանքի կոչել մեր նախագծերը:
Այժմ ես կցանկանայի անդրադառնալ Վերահսկիչ պալատի երեկվա հաշվետվությանը, որը նույնպես առնչվում է կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագրին: Վերահսկիչ պալատի աշխատանքների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կառավարությունը, Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթների հիման վրա, որդեգրել է այն քաղաքականությունը, որ մենք ինքներս բացահայտելու ենք մեր պրոբլեմները, և այդ պրոբլեմները բացահայտելու այս մոտեցումն այն երաշխիքն է, որ մենք կարողանալու ենք հաղթահարել այն բացասական երևույթները, որոնք այսօր առկա են Հայաստանի Հանրապետությունում: Մասնավորապես, ես ուզում եմ անդրադառնալ սոցիալական ոլորտում ստեղծված իրավիճակին և ներկայացնել, թե ինչու ենք մենք ձեռնամուխ եղել այս խնդիրներով զբաղվելուն: Ինչպես իր ելույթում նշեց Վերահսկիչ պալատի նախագահը, այս գործառույթներն սկսել ենք Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարականի հիման վրա, և դեռևս 2010թ. մենք կայացրեցինք քաղաքական որոշում այն մասին, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության վճարման ծառայությունը պետք է լուծարենք, և այդտեղից էլ սկսվեց այս ամբողջ պատմությունը, երբ այդ լուծարման գործընթացում սկսվեցին փուլ առ փուլ բացահայտվել բոլոր կոռուպցիոն երևույթները: Այդ կոռուպցիոն երևույթները բացահայտվելու պարագայում Հանրապետության Նախագահի կողմից տրվեց հանձնարարական Վերահսկիչ պալատին և կառավարությանը` սկսել այս բնագավառում ստեղծված իրավիճակի լայնածավալ ուսումնասիրություններ: Այդ ուսումնասիրությունները բացահայտեցին այն երևույթները, որոնց մասին երեկ բավական մանրակրկիտ իր զեկույցում խոսեց Վերահսկիչ պալատի նախագահը: Ինչպես նաև Վերահսկիչ պալատի նախագահը ներկայացրեց, որ այդ աշխատանքները շարունակվում են այսօր ֆինանսների նախարարության աուդիտի կողմից, Երևան քաղաքի արդյունքներն ամփոփված են և ներկայացված են դատախազություն. 500 էջից ավելի փաստաթղթեր են, որտեղ բացահայտված են այս բոլոր երևույթները, և համոզված ենք, որ դատախազությունն այս բոլոր բացահայտումների առումով արդյունավետ կկազմակերպի իր աշխատանքները: Միևնույն ժամանակ մենք 3 ամսվա ընթացքում պետք է ամփոփենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը: Խոսքն առաջին փուլում գնում է թոշակների վճարումների մասին, երկրորդ փուլում` սոցիալական նպաստների մասին: Այսօր արդեն իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կատարված աշխատանքների շնորհիվ էապես պարզեցվել են սոցիալապես անապահով ընտանիքների թիրախային խմբերի ընտրության ցուցանիշները, պարզեցվել է բյուրոկրատիան, որի արդյունքում 105 հազար ընտանիքներից ցուցանիշը հասցվել է 95 հազարի՝ այն պարզ պատճառով, որ բացահայտվել են բազմաթիվ կեղծարարություններ փաստաթղթերի ներկայացման պարագայում: Ավելորդ փաստաթղթեր են պահանջվում, իրենց բովանդակության առումով ոչինչ չասող փաստաթղթեր, այն պարագայում, երբ շատ ավելի պարզ փաստաթղթերի միջոցով հնարավոր է բացահայտել այն ընտանիքներին, որոնք իրապես սոցիալական կարիքներ ունեն: Եվ այսօր այդ աշխատանքները շարունակվում են, երեկ էլ կառավարությունը համապատասխան որոշումներ է ընդունել` պարզեցնելով այդ փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացվեն:
Ընդհանուր առմամբ մենք դրական ենք գնահատում մեր համագործակցությունը Վերահսկիչ պալատի հետ. բոլոր հաշվետվությունները քննարկվում են, և Վերահսկիչ պալատի կողմից ներկայացված առաջարկությունները դառնում են կառավարության քննարկման առարկա: Մասնավորապես, կառավարության երեկվա նիստում Վերահսկիչ պալատի հետ համատեղ քննարկումների արդյունքում տրվել են համապատասխան հանձնարարականներ, և մենք փոխում ենք գործընթացները Համաշխարհային բանկի հետ վարկային ծրագրերի աշխատանքի առումով, մասնավորապես` ինչպես ենք ներկայացնում հայտեր տեխնիկական օժանդակության առումով, երբ վարկերի հաշվին մեր պետությունն ստանում էր տարբեր տիպի խորհրդատվություններ: Այսուհետև մենք դա պետք է ընդհանրապես բացառենք: Երկրորդը` հանձնաժողովները, որ ստեղծվում են Հայաստանի Հանրապետությունում, որոնք հայտարարում են տենդերներ, որոնք սահմանում են որակական չափանիշներ, պատասխանատու են լինելու ոչ միայն ընթացիկ գործառույթներին հետևելու, այլև բովանդակության համար, որը նույնպես կարևոր երևույթ է: Եվ հետվարկային ծրագրերի իրականացման առումով մենք մտադիր ենք ներդնել պարտադիր աուդիտի անցկացման պահանջը, որպեսզի այդ ծրագրերն իրականացնողներն իմանան, որ հրապարակային քննարկվելու է ծրագրերի արդյունավետությունը:
Համենայն դեպս, մենք արձանագրում ենք, որ Վերահսկիչ պալատի կողմից կատարվող ստուգումների արդյունքների հիման վրա ընդունված որոշումները Հայաստանի Հանրապետությունում էապես կրճատում են կոռուպցիոն ռիսկերը: Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ, իհարկե, կան բազմաթիվ կետեր, որոնք վիճահարույց են, և մենք այդ բանավեճը շարունակում ենք Վերահսկիչ պալատի հետ, քանի որ դեռևս գտնված չեն լուծումներ, որոնք կբավարարեն նաև գործադիր իշխանությանն՝ այս կամ այն գործառույթը կանոնակարգելու տեսակետից:
Շնորհակալություն ուշադրության համար, հարգելի գործընկերներ: Հայաստանի Հանրապետության գլխավոր գանձապետը մանրակրկիտ կներկայացնի ձեր դատին 2010 թվականի բյուջեի կատարողականը, ինչպես նաև մեր գործընկերները կպատասխանեն ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին:
Շնորհակալություն: