Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ելույթներ, Ուղերձներ

Չորեքշաբթի, 9 Դեկտեմբերի 2009

«Կոռուպցիան թիվ մեկ չարիքն է ուժեղ պետություն կառուցելու ճանապարհին». ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը Միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված համաժողովում

Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ կառավարության անունից ողջունել կոնֆերանսի մասնակիցներին և մաղթել բեղմնավոր աշխատանք։
Կոռուպցիան մարդկությանը հետապնդող հասարակական հիվանդություններից ամենավտանգավորն է, որն ախտորոշում է հասարակության առողջական վիճակը։ Որքան կոռուպցիան, կոռուպցիոն երևույթները խորն են, այդքանով հիվանդ է հասարակությունը և կարիք ունի բուժման։ Ցավոք, պետք է նշենք, որ այս հիվանդությունն արմատախիլ անող հայտնի դեղամիջոց գոյություն չունի, և ցանկացած ազգ, պետություն, հասարակություն գտնում է իր ուրույն ուղին` հաղթահարելու այս հիվանդությունը։ Այն պետությունները, որոնք կարողանում են հաջողության հասնել, նրանք արդարացիորեն կոչվում են ուժեղ պետություններ։ Այն պետությունները, որտեղ կոռուպցիան ունի խոր արմատներ, և այդ հիվանդությունն արմատախիլ անելը դժվար է, իմ գնահատմամբ, թույլ պետություններ են։ Այդ պետությունների ապագան վտանգված է, և նրանք ժամանակակից մրցակցային դաշտում անխուսափելիորեն պարտվելու են` չկարողանալով ապահովել իրենց քաղաքացիների համար բարեկեցիկ կյանք և միջավայր։ Ժամանակակից աշխարհը, որն օրեցօր դառնում է ավելի փոքր, շարժունություն է հաղորդում քաղաքացիներին, հատկապես այն քաղաքացիներին, ովքեր չեն հանդուրժում այնպիսի հասարակություն և միջավայր, որտեղ կան կոռուպցիոն երևույթներ։ Այդ մարդիկ նախընտրում են փոխել իրենց ապրելավայրը` որոնելով այնպիսի միջավայր, որն իրենց սեփական արժեքային համակարգի համար ավելի ընդունելի է։ Դա բերում է նրան, որ մեր հասարակությունը լքում են առավել առողջ ուժերը` ավելի թուլացնելով մեր հասարակության դիմադրողականությունն այս հիվանդության նկատմամբ։
Ինչպիսի՞ն է մեր կառավարության ռազմավարությունն այս չարիքի դեմ պայքարելու համար։ Այն ես պայմանականորեն բաժանում եմ երեք կարևոր հատվածների։ Առաջինն իշխանավորներն են` ես և իմ գործընկերները։ Եթե մենք առաջին հերթին խստապահանջ չլինենք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ապա ակնհայտ է, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարելը կլինի չափազանց դժվար կամ անհնարին։ Դա նշանակում է, որ մենք մեր անձնական օրինակով պետք է առաջնորդենք մեր հասարակությունը և պետք է չհանդուրժենք մեր շրջապատում մարդկանց, ովքեր վարակված են այդ հիվանդությամբ։ Այս ուղին ընտրելու լավագույն միջոցը, որով մենք կարող ենք օգնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, թափանցիկ գործունեությունն է։ Այս դրույթը, որը բխում է նաև հանրապետության նախագահի նախընտրական ծրագրից, մենք մտադիր ենք իրականացնել։ Սկզբունքը, որ հանրապետության նախագահն առաջ քաշեց, այն է, որ մենք պետք է սկսենք մեզանից։ Մենք ինքներս պետք է բացահայտենք հիվանդությունները, որոնք մեզանում կան, առաջինը պետք է խոսենք այդ հիվանդությունների մասին և մատնանշենք այդ հիվանդությունների բուժման եղանակները։ Այդ տեսակետից մենք Ազգային Ժողովին ներկայացրել ենք մի օրենք, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունն առավել թափանցիկ դարձնել։ Միջազգային լավագույն փորձից ելնելով` այն ենթադրում է միասնական, բաց էլեկտրոնային ռեգիստրի ստեղծում, որտեղ 500 բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետք է ներկայացնեն իրենց անհատական հայտարարագրերը։ Եվրամիության խորհրդականների օժանդակությամբ մենք այդ օրենքը դարձրել ենք հնարավորինս պարզ, հեշտ կիրառելի, առանց բարդ կառույցների։ Ենթադրվում է, որ հանրապետության նախագահի կողմից կստեղծվի Հայաստանի Հանրապետությունում հեղինակություն վայելող անձանցից կազմված հանձնաժողով, որը հետևելու է 500 պաշտոնյաների գործունեությանը։ Հանձնաժողովի անդամները հետևելու են մամուլում առկա հրապարակումներին, հնարավոր բացահայտումներին, նրանց հայտարարագրերին։ Օրենքի խստագույն պահանջն է լինելու, որ վերջապես իրացնենք սահմանադրական այն նորմը, որ պատգամավորները, նախարարներն իրավունք չունեն զբաղվել բիզնեսով։ Այդ սահմանադրական նորմի իրացման համար մեզ անհրաժեշտ են օրենսդրական մեխանիզմներ, և մենք մտադիր ենք այդ մեխանիզմները ներդնել։ Սա հակակոռուպցիոն պայքարի առաջին և կարևորագույն ուղղությունն է։
Երկրորդ կարևորագույն ուղղությունը կառուցվածքային բարեփոխումներն են։ Առաջին հերթին այնպիսի կառուցվածքային բարեփոխումներ, որոնք առնչվում են պետական կառավարման մարմիններին։ Մենք ձեռնամուխ ենք եղել կառավարման համակարգի բարեփոխումների երկրորդ փուլին, որն առնչվում է քաղաքացիական ծառայության ինստիտուտի ներդրման հետ։ Ժամանակին Միացյալ Թագավորության կառավարության կողմից մենք ստացել ենք բավականին լուրջ տեխնիկական օժանդակություն, և ուսումնասիրելով այդ ժառանգությունը, եկել ենք այն եզրահանգման, որ դրանք չափազանց արժեքավոր նյութեր են։ Ցավոք սրտի, մենք դեռ իրականացրել ենք միայն առաջին փուլը։ Քաղաքացիական ծառայության դրական հետևանքները, որ պետք է ստանայինք, դեռևս չենք ստացել այն պարզ պատճառով, որ այդ բարեփոխումների երկրորդ և երրորդ փուլերը դեռևս իրականացված չեն։ Դրանք այն փուլերն են, որոնք ենթադրում են աշխուժացնել պետական պաշտոնյաների և աշխատակիցների գործունեությունը, և ստեղծել մոտիվացիոն հիմքեր, որոնք հնարավորություն են տալու խթանել պարկեշտ, ազնիվ, բանիմաց աշխատակիցներին և, հակառակը` պատժել նրանց, ովքեր ի վիճակի չեն կատարել իրենց պարտականությունները։ Այս մոտիվացիոն մեխանիզմների բացակայությունն այսօր խոչընդոտում է քաղծառայողների ինստիտուտի արդյունավետությունը։ Ուզում եմ նշել, որ գոյություն ունի բնական դիմադրողականություն. մարդիկ չեն ուզում փոխել իրենց վարքագծային կանոնները, և դա բնորոշ է ոչ միայն մեզ։ Առավել դժվար է այս խնդիրը լուծել, երբ խոսքը գնում է քաղծառայության բոլոր շերտերի մասին։ Հասկանալի է, որ կառուցվածքային բարեփոխումները կարևոր է սկսել հենց կառավարման համակարգից։ Մեր կողմից իրականացվող քայլերը հետևյալ միջոցառումներն են ներառում։ Առաջինը` բոլոր նախարարություններում, գերատեսչություններում պաշտոնատար անձանց գործառույթների հստակեցում։ Ցավով պետք է արձանագրենք, որ այսօր տարբեր գործառույթներ են իրականացնում մեր նախարարները և նախարարությունները։ Գործառույթները խառնված են, նախարարությունների ու գործակալությունների գործառույթներում խառնաշփոթ կա։ Շատ հաճախ մենք արձանագրում ենք, որ նախարարություններն իրականացնում են գործառույթներ, որոնք բնորոշ են գործակալություններին։ Մենք արձանագրում ենք, որ կան նախարարություններ, որոնք իրենք են ծառայություն մատուցում, իսկ շատ գործակալություններ, որոնք պետք է ծառայություններ մատուցեն, զբաղված են քաղաքականության մշակմամբ և իրականացմամբ, ինչը նախարարությունների գործառույթներ են։ Ցավոք, այսպիսի խառնաշփոթ գոյություն ունի, և մենք արդեն իսկ ձեռնամուխ ենք եղել այս բարեփոխումներին։
2009 թ. առաջին անգամ նախարարների հետ միասին լսել ենք տարվա առաջին 6 ամսվա կատարողականը` նախարարությունների հաշվետվությունները` ըստ վարչությունների և գնահատել ենք նրանց գործունեությունը։ Սա Հայաստանի Հանրապետությունում այսպիսի գործառույթ իրականացնելու առաջին փորձն էր, և մենք համոզված ենք, որ երկրորդ կիսամյակի այս միջոցառումը լինելու է ավելի արդյունավետ։ Սա բավականին ծանր աշխատանք է, որովհետև բիզնես գործառույթների և ենթագործառույթների նկարագրման, աշխատատեղերի նկարագրության ընթացակարգերը, աշխատատեղերի պատասխանատվության ընդգծումը, բիզնես գործընթացներից ելնելով, աշխատատար, բարդ գործառույթ է։ Ցավոք, նման կարողություններ Հայաստանի Հանրապետությունում դեռևս չենք ձևավորել, բայց առանց այս գործառույթների նկարագրության հնարավոր չէ ապագայում արդյունավետ իրականացնել ներքին գործընթացային աուդիտ, որն արդյունավետ է դարձնում կառավարման համակարգը։ Այս կառուցվածքային բարեփոխումների վրա մենք բավականին մեծ ջանքեր և ուժ ենք գործադրում։ Իհարկե, այս աշխատանքը դեռևս հասարակության համար տեսանելի չէ, բայց մենք համոզված ենք, որ հետևողական աշխատանքի արդյունքում երեք տարի հետո կունենանք որակապես այլ կառավարման համակարգ, որը էապես կարող է զսպել կոռուպցիոն ռիսկերը։ Կառուցվածքային բարեփոխումները իրենց մեջ ներառում են նաև մեր ֆինանսական մեխանիզմների բարեփոխումը։ Ազգային Ժողովում ներկայացնելով 2010 թ. պետական բյուջեն` ես նշել եմ, որ 2010 թվականին մեզ համար թիրախ են լինելու առողջապահության և կրթության ոլորտները, որտեղ ֆինանսական մեխանիզմները ոչ միայն անարդյունավետ են, այլև ի սկզբանե իրենց մեջ պարունակում են կոռուպցիոն ռիսկեր։ Պետությունը, ֆինանսական պատվերներ իջեցնելով առողջապահական և կրթական համակարգեր, իրեն իրավունք է վերապահել այդ ծառայություններից օգտվել շուկայականից ավելի ցածր գներով։ Գներ, որոնք ինքնարժեքից էլ ցածր են։ Բնականաբար, այդ հիմնարկները ստիպված են լինում ֆինանսական ճեղքվածքները, որ առաջացնում է հենց պետությունը, լրացնել այլ եղանակներով։ Ամեն մի հիմնարկ գտնում է իր ճանապարհը։ Շատ հաճախ դրանք անօրինական են։ Մենք ինքներս ստեղծում ենք կոռուպցիոն ռիսկեր։ Այս հայեցակարգերը մենք դրել ենք շրջանառության մեջ։ Այստեղ էլ բավականին մեծ դիմադրողականության իներցիա կա, որովհետև մարդիկ համակերպվել են գործող ռեժիմների հետ։ Միակ պահանջը, որ մեր առջև դնում են` ավելացնել ֆինանսավորումը, ոչ մի լավ արդյունքի չի բերի, եթե ֆինանսավորման մեխանիզմներում կառուցվածքային, արմատական փոփոխություններ չլինեն։ Թիրախը շատ պարզ է. պետությունն իրավունք չունի շուկայական շեղումներ մտցնել։ Հայտնվելով շուկայում, պետությունն իր վարքագծով պետք է չտարբերվի շուկայի մնացած մասնակիցներից։ Շուկայական ծառայությունների համար մենք նույնպես պետք է վճարենք շուկայական գին։
Հակակոռուպցիոն մեր պայքարի երրորդ ուղղությունը հասարակական տրամադրություններն են։ Այստեղ լուրջ փոփոխությունների կարիք ունենք, որովհետև արձանագրում ենք, որ հասարակությունն ագրեսիվ չի պայքարում կոռուպցիոն երևույթների դեմ։ Մեր հասարակությունը հանդուրժողական է կոռուպցիայի նկատմամբ։ Ավելին, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիներին մտահոգող առաջին հինգ բացասական երևույթների մեջ կոռուպցիան չի մտնում։ Սա շատ լուրջ ահազանգ է մեր բոլորի համար, որովհետև, իմ խորին համոզմամբ, սա թիվ մեկ չարիքն է ուժեղ պետություն կառուցելու ճանապարհին։ Դա նշանակում է, որ մենք, նաև մեր համաժողովը պետք է կարողանա ձևավորել այնպիսի միջավայր Հայաստանի Հանրապետությունում, որն ուղղված պետք է լինի կոռուպցիայի դեմ։ Ցավոք, հազարավոր մարդիկ այսօր ձգտում են պետական պաշտոն ստանձնել, պետական պաշտոն ունենալ։ Քննադատում են կառավարությանը ոչ թե այն պատճառով, որ զբաղեցնելով պաշտոններ, նպատակ ունեն բացահայտել հասարակական հիվանդությունները և բուժել այդ հիվանդությունները, այլ օգտվել այն բարիքներից, որոնք ընձեռում են այդ պաշտոնները։ Այս խնդիրը հասարակության մեջ մղված է երկրորդ պլան։ Համոզված եմ, որ նման ժողովները նույնպես ունեն այդ խնդիրը` ստեղծել համապատասխան տրամադրություն հասարակության մեջ` բացահայտելու կոռուպցիոն երևույթները և հասարակությանը ներկայացնելու դրանց հետևանքները։ Այդ տեսակետից հասարակական կազմակերպություններն, անշուշտ, կարող են օժանդակել կառավարությանը։ Անկեղծ ասած, երբեմն ցավով նկատում եմ, որ նույնիսկ հասարակական կազմակերպությունները զերծ չեն մնում գայթակղությունից և հայտարարելով, որ կոչված են պայքարելու կոռուպցիայի դեմ, հանդես են գալիս հիմնականում քաղաքական հայտարարություններով։ Դա ինձ համար հասկանալի է այն պարզ պատճառով, որ մեր հասարակությանը ավելի շատ հետաքրքրում են քաղաքական իրադարձությունները, քաղաքական ինտրիգները։ Այդ հարթության մեջ աշխատելով` հասարակական կազմակերպությունները կարողանում են իրենց համար լսարան գտնել։ Բայց հետագայում դա հիվանդություն է դառնում։ Կառավարության հետ համագործակցելու փոխարեն նրանք հայտնվում են քաղաքական դաշտում։ Մենք մշտապես տեսնում ենք քաղաքական գնահատականներ կառավարության գործունեության վերաբերյալ, որի պակաս այսօր չկա։ Այսօր մեր հանրապետությունում ինչն է շատ` քաղաքական գնահատականների բազմազանությունը։ Ե՛վ խորհրդարանում, ե՛ւ խորհրդարանից դուրս, ե՛ւ քաղաքական բազմազան կուսակցությունները, ե՛ւ տարբեր ընդդիմադիր դաշտեր զբաղեցնող ուժերն այդ քննադատությունը հնչեցնում են։ Բայց համաձայնեք, որ դա բավարար չէ առողջ հասարակություն կառուցելու համար։ Անհրաժեշտ են նաև հասարակական կազմակերպություններ, որոնք եթե հռչակում են իրենց նպատակը` պայքարել կոռուպցիայի դեմ, ապա պետք է հետևողական լինեն և չքաղաքականացնեն իրենց գործունեությունը։ Հակառակ դեպքում այդ դաշտը մնում է բաց, իսկ այդտեղ մենք անելիք ունենք։ Մասնավորապես, ուզում եմ նշել հակակոռուպցիոն հանձնաժողովը, որը ղեկավարում է վարչապետը։ Այդ հակակոռուպցիոն հանձնաժողովն ունի մի չափազանց կարևոր` մոնիտորինգի ինստիտուտ, որի աշխատանքներին նախատեսում ենք նաև հասարակական կազմակերպությունների մասնակցությունը։ Բացի քաղաքական ուժերից, որոնք ներկայացված են Ազգային Ժողովում, բացի ընդդիմադիր քաղաքական ուժերից, մենք հրավիրում են նաև մասնակցելու հասարակական կազմակերպություններին, որոնք հենց կոչված են պայքարելու կոռուպցիոն երևույթների դեմ։ Մոնիտորինգի ինստիտուտի կարևորությունը կառավարությունը զգում է։ Դա անհրաժեշտություն է, որպեսզի հակակոռուպցիոն ծրագիրը, որ մենք մշակել ենք միջազգային կազմակերպությունների հետ, ներկայացնեն ոչ միայն կառավարությունը կամ կառավարության անդամները, այլև հենց իրենք` հասարակական կազմակերպությունները։ Չափազանց կարևոր է, որ այդ փաստաթղթի սեփականատերը լինենք ոչ միայն մենք, այլ նաև հասարակական կազմակերպությունները, որովհետև նրանք մասնակցել են այդ փաստաթղթի մշակմանը, նրանց բոլոր առաջարկություններն ու դիտողությունները ներառված են այնտեղ։ Հակակոռուպցիոն խորհրդի վերջին նիստի ժամանակ մեկ անգամ ևս կոչով դիմեցինք նրանց. եթե այս փաստաթղթի վերաբերյալ կան ինչ-որ դիտողություններ, մտավախություններ, ներկայացնեն իրենց առաջարկները։ Միջազգային փորձագետների կարծիքով այդ փաստաթուղթը համապատասխանում է լավագույն ստանդարտներին և, ըստ էության, իր մեջ ներառում է բոլոր այն ճիշտ նշված ոլորտները և ուղղությունները, որտեղ անհրաժեշտ է կառուցվածքային բարեփոխումներ իրականացնել։ Եվրամիության փորձագետների կողմից մտավախություն կա, որը ես կիսում եմ։ Այդ փաստաթուղթը չափազանց մեծ է և ծանր։ Անհրաժեշտ է, որպեսզի այդ փաստաթղթից մենք դուրս բերենք մի քանի կարևորագույն թիրախ` այն առանցքային խնդիրները, որոնք հնարավորություն կտան լուրջ, արմատական փոփոխություններ իրականացնելով ցույց տալ հասարակությանը, որ մենք այդ ոլորտներում կարող ենք հաջողություն ապահովել։ Ես կարծում եմ, որ հակակոռուպցիոն հանձնաժողովը, լսելով այս խորհուրդները, նմանատիպ փաստաթուղթ կներկայացնի հանրության դատին։
Ավարտելով ելույթս, ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր այս ժողովի բոլոր մասնակիցներին։ Ժողով, որն իրականացվում է Միացյալ Ազգերի Կազմակերպության խորհրդով և նրա հովանու ներքո, աշխարհի գրեթե բոլոր պետություններում։ Եվս մեկ անգամ բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք։
Շնորհակալություն։