Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ելույթներ, Ուղերձներ

Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույնի խոսքը «Ֆրութֆուլ Արմենիա» հոբելյանական 5-րդ համաժողովում

Թույլ տվեք ՀՀ կառավարության անունից ողջունել հինգերորդ հոբելյանական ժողովի մասնակիցներին։ Հոբելյանական մեր հանդիպումը վկայում է այն մասին, որ «Ֆրութֆուլ Արմենիա» համաժողովներն արդյունավետ են անցնում, և այն աշխատանքները, որ կատարվում են համաժողովների ընթացքում, կարևոր նշանակություն են ունենում գյուղատնտեսության զարգացման համար։ Խորհրդանշական է նաև հանգամանքը, որ մեր այս հանդիպումը նվիրված է տաղանդավոր երիտասարդներին, որոնք ասելիք ունեն։ Հուսով եմ, որ այս համաժողովը կխթանի երիտասարդների հետաքրքրությունը գյուղատնտեսության ոլորտում նորարարություններ կատարելու առումով։ Այս տարի ես մասնակցել եմ երկու կարևոր համաժողովների, որոնք այս կամ այն ձևով առնչվում են այս թեմային։ Առաջինը Սիլիկոնային հովտում կազմակերպված «Արմթեք 2009» համաժողովն էր, որին Հայաստանի Հանրապետությունից մասնակցում էին մասնավոր հատվածի շուրջ 100 ընկերություններ։ Այդ ժողովը նույնպես նպատակ ուներ խրախուսելու նորարարությունը, նորովի մտածողությունը, թարմ գաղափարների հայտնաբերումը, ինչը պետք է նպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի մենք ժամանակակից նվաճումները, նորարարությունը կարողանանք կիրառել նաև գյուղատնտեսության ոլորտում։
Երկրորդ կարևոր համաժողովը Հռոմում կազմակերպված Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից անցկացվող տարեկան համաժողովն էր, ուր ներկայացված էին աշխարհի տարբեր երկրներ իրենց ղեկավարներով։ Այնտեղ բավականին շահագրգիռ քննարկում տեղի ունեցավ սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտում կուտակված հիմնախնդիրների և ապագա անելիքների մասին։ Շատ կարևոր էր մեզ համար, որ համաժողովի ընթացքում ներկաներին բաժանվեց մի հետազոտություն, ըստ որի, Հայաստանում և ևս երեք երկրների գյուղատնտեսության ոլորտում իրականացված բարեփոխումներն արդյունավետ են եղել։ Հասկանալի է, որ այդ զեկույցը և դրական գնահատականները, որոնք տրված էին Հայաստանի կառավարությանը գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումների առումով, չեն նշանակում, որ մենք պետք է չտեսնենք այն հիմնախնդիրները, որոնք այսօր առկա են այս ոլորտում։ Համաժողովի ժամանակ այդ խնդիրները ևս քննարկման առարկա դարձան։ Մասնավորապես, ի՞նչ է նշանակում պարենային անվտանգություն, ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից գյուղատնտեսությունը, ինչպե՞ս պետք է խթանենք փոքր ֆերմերային տնտեսություններին (որոնք պետք է գտնեն իրենց ուրույն տեղը գյուղատնտեսության ոլորտում, որտեղ արտադրողականության աճի բարձր տեմպերը փոքր տնտեսություններին դարձնում են ոչ մրցունակ և դրանց դուրս են մղում գյուղատնտեսական դաշտից), ինչպիսի՞ մոդելներ կան ժամանակակից աշխարհում, որոնք հնարավորություն են տալիս փոքր ֆերմերային տնտեսություններին գոյատևել խոշոր գյուղատնտեսական արտադրողների հետ միասին։ Սրանք խնդիրներ են, որոնք մեզ մտահոգում են։
Ես լիահույս եմ, որ նաև մեր համաժողովի ընթացքում կհնչեն գաղափարներ, թե ինչպես կկարողանանք նորամուծության շնորհիվ լուծել այդ հիմնարար խնդիրները։ Մենք չափազանց կարևորում ենք գյուղատնտեսության ոլորտում նորամուծությունների և նորարարության գաղափարները, որոնք առաջ կքաշեն մեր տաղանդաշատ երիտասարդները` հաշվի առնելով նաև միջազգային փորձը։ Մենք պատրաստ ենք աջակցել, սատարել ձեզ այդ աշխատանքում, քանի որ կարիք ունենք թարմ գաղափարների։
Կառավարությունն այսօր, միջազգային կազմակերպություների հետ համագործակցելով, մի շարք կարևորագույն ծրագրեր է իրականացնում։ Առաջինը ջրից դեպի շուկա ծրագիրն է, որը մենք իրականացնում ենք «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի աջակցությամբ։ Տեղյակ եք, որ այդ ծրագրի շրջանակներում մենք ոչ միայն վերանորոգում, թարմացնում ենք ոռոգման համակարգերը, խմելու ջրի խնդիրներ ենք լուծում տասնյակ համայնքներում, այլև իրականացնում ենք այդ ծրագրի կարևորագույն բաղադրիչը` գիտելիքի հաղորդումը գյուղական համայնքներին։ Գիտելիք, որը հնարավորություն է տալու արդյունավետ օգտագործել ջրային ռեսուրսները և ճիշտ կողմնորոշվել այս կամ այն համայնքում, շրջանում կամ մարզում, թե ինչպիսի գյուղատնտեսություն է անհրաժեշտ զարգացնել։
Երկրորդը մեզ համար չափազանց կարևոր ենթակառուցվածքների ուղղությունն է։ Գիտեք, որ կառավարության հակաճգնաժային ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը ենթակառուցվածքներին հատկացվող միլիարդավոր գումարներն են, քանի որ ենթակառուցվածքներն, առավել ևս գյուղական համայնքներում ստեղծում են ավելի բարենպաստ պայմաններ գյուղատնտեսությունը զարգացնելու համար։ Օրինակ, միջգյուղական ճանապարհների շինարարությունը, որը գյուղը կապում է քաղաքների հետ, հեշտացնում է ապրանքների տեղափոխումը քաղաք և ավելի բարենպաստ կենցաղային պայմաններ է ստեղծում գյուղական համայնքների համար։ Հասկանալի է, որ սա էական նշանակություն ունի ոչ միայն գյուղատնտեսության զարգացման, այլև ընդհանրապես մեր երկրի տարածքների համաչափ զարգացման համար, ինչն, իհարկե, կարևոր խնդիր է։
Ցանկանում եմ, ևս մեկ անգամ ողջունելով համաժողովի մասնակիցներին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից, մաղթել բեղմնավոր և արդյունավետ աշխատանք։ Շնորհակալություն։