Երեքշաբթի, 8 Դեկտեմբերի 2009
Նվեր Մնացականյան - Պարոն վարչապետ, ուղիղ մեկ տարի առաջ, երբ մենք այստեղ փորձում էինք կանխատեսել, թե ինչ է մեզ սպասվում, չհաջողվեց հասկանալի պատճառներով. քաղաքական և տնտեսական կտրուկ շրջադարձեր, և մենք հայտնվեցինք լրիվ ուրիշ իրականության մեջ: Հիմա պետք է խոսենք այդ իրականության խնդիրներից մեկի մասին: Չգիտեմ` մենք տնտեսական ճգնաժամի հաղթահարման որ փուլում ենք, բայց այսօր իրականությունն ասում է, որ մենք դեռ փնտրտուքի մեջ ենք: Փնտրտուքի մե՞ջ ենք, թե՞ ինչ-որ ճանապարհի վրա ենք կանգնած:
Տիգրան Սարգսյան - Լավ հարց է: Օբյեկտիվ լինելու համար պետք է համաձայնենք, որ նման տպավորություն է ոչ միայն Հայաստանում, այլ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Ռուսաստանում, քանի որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը ստիպում է վերանայել իրենց քաղաքականությունը, վերաիմաստավորել անցած ուղին և նայել դեպի ապագան: Այս ամենը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ աշխարհում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ, ընդ որում, դրանք տեղի են ունենում շատ մեծ արագությամբ: Դուք սկսեցիք Ձեր հարցադրումն այն թեզով, թե հնարավոր է արդյոք այսօր ճշգրիտ կանխատեսումներ անել, թե ինչպիսին կլինի 2010 թվականը, ինչով ենք եկող տարին ամփոփելու, ինչ նոր զարգացումներ են ակնկալվում աշխարհում, ինչպես են դրանք ազդելու մեզ վրա, քանի որ մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, որտեղ ե’ւ փոփոխություններն են ակնառու և բազմաթիվ, ե’ւ ազդեցություններն են մեզ վրա շատ, ե’ւ այդ փոփոխություններն էլ մեծ արագությամբ են տեղի ունենում: Ձեր հարցը մտահոգում է բոլորին, և տպավորություն կա, որ պետք է վերաիմաստավորել անցյալն ու փորձել հստակեցել ապագան:
- Ճգնաժամը երևույթ է, որ ստիպում է ինչ-որ բան անել, անկախ նրանից` մենք դրան պատրաստ ենք, թե` ոչ, մտածել ենք ինչ անել-չանելու մասին, թե` ոչ: Այդպիսի քայլերից մեկը վերջերս շրջանառվող Հայկական աշխարհ գաղափարն է: Կուզենայի ձեզանից լսել, թե ինչ է Հայկական աշխարհը և ինչքանով է այն կապված ճգնաժամային երևույթների հետ:
- Առաջինը նշեմ, որ Հայկական աշխարհն իրողություն է, որ երեք տարի առաջ ավելի համարձակորեն իր գոյության մասին բոլորիս իրազեկեց և ստիպեց հաշվի նստել: Դա պայմանավորված է երկու երևույթներով. նախ` որ աշխարհը դառնում է շատ փոքր, երկրորդ` որ աշխարհը արագ փոփոխվում է: Հայկական աշխարհը թակեց մեր դուռը, և չենք կարող չնկատել, որ մենք գործ ունենք ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Հայկական աշխարհի հետ, քանի որ Հայկական աշխարհի ազդեցությունը մեզ վրա և մեր ազդեցությունը Հայկական աշխարհի վրա այսօր էական է: Այս հանգամանքի հետ մենք չենք կարող հաշվի չնստել: Գործ ունենալով այդ իրողության հետ, այսօր` երեք տարի անց, մենք հասկանում ենք, որ այդ գաղափարը արդիականացման կարիք ունի, որովհետև մենք պետք է հասկանանք` ինչպիսին է Հայկական աշխարհի ապագան:
- Ի՞նչն է արագ իրագործելի, ի՞նչը` ոչ, ի՞նչն է այսօր ակտուալ:
- Երեք տարի առաջ մենք արձանագրեցինք, որ Հայկական աշխարհը կենդանի օրգանիզմ է: Հայությունը փոխկապակցված է ամբողջ աշխարհում: Մենք ապրում ենք Լոս-Անջելեսի հայերի խնդիրներով, նրանք ապրում են Մոսկվայի համայնքի խնդիրներով: Մեզ համար շատ առարկայական են ռուսական համայնքի խնդիրները, և նրանց համար առարկայական են այն խնդիրները, որ մենք լուծում ենք այսօր: Սա կենդանի, փոխկապակցված օրգանիզմ է , իսկ քսանմեկերորդ դարը այդ փոխկապակցվածությունը խտացրեց և փոխազդեցությունները դարձրեց ավելի շոշափելի: Հասկանալի է, որ մենք գործ ունենք այս իրողության հետ: Որո՞նք են այն նախագծերը, որ մենք իրականացնում ենք Հայկական աշխարհում, որոնք կարող են հենց այսօր առարկայական արդյունք տալ, միջնաժամկետում և երկար ժամանակահատվածում: Թիվ մեկ խնդիրն այն է, որ ժամանակակից աշխարհը ոչ թե պետությունների մրցակցության, այլ գաղափարախոսությունների, քաղաքակրթությունների մրցակցության աշխարհ է: Դա նշանակում է, որ Հայկական աշխարհը պետք է մրցակցի Ռուսական, Հրեական, Իռլանդական, Չինական աշխարհների հետ: Այդ հարթության մեջ մենք պետք է տեսնենք, թե Հայկական աշխարհն ինչ հարաբերական առավելություններ և ինչ թույլ կողմեր ունի: Դա կարևոր է նաև հայկական պետականության համար, քանի որ մեր պետականությունը Հայկական աշխարհի հենքն է, շարժիչն ու սնուցող ուժը: Եթե քսանմեկերորդ դարի տեսլականը փոխում ենք և նոր իրողությունների հետ հաշվի ենք նստում, ապա հարց է առաջանում. «Իսկ ո՞րն է լինելու Հայկական աշխարհի ապագան, և որոնք են լինելու նրա մրցակցային առավելությունները»: Այդ տեսանկյունից մենք երկու թեզ ենք առաջ քաշում: Առաջին: Հայկական աշխարհի մրցակցային առավելությունը պետք է լինի այն, որ մենք պետք է ունենանք արդիական պետություն: Եվ երկրորդը: Քանի որ ժամանակակից աշխարհը մտագործունեության, մրցակցության, ինտելեկտի մրցակցության, ոչ թե ապրանքների ու ծառայությունների, այլ նոր գաղափարների, գիտելիքների, նոր մտածողության ու նորարարության աշխարհ է, հենց այս ոլորտում պետք է կատարենք լրջագույն ներդրումներ և մեր բեկումնային զարգացումը կապենք հենց այս ոլորտի հետ:
- Մեր զրույցից կարող է տպավորություն ստեղծվել, որ Դուք նորից խոսում եք ոչ իրական բաների, տեսական նյութի շուրջ, և Ձեր ընդդիմախոսները կարող են Ձեզ նորից մեղադրել հերթական դասախությունը կարդալու մեջ:
- Համաձայն եմ Ձեզ հետ: Ցավոք, մեր հասարակությունում կա մի մեծ շերտ, որ զբաղեցնում է բարձր պաշտոններ, հասարակության մեջ զբաղեցնում է կարևոր տեղ ու դիրք և ի սկզբանե բացասական է վերաբերվում ցանկացած դասախոսության: Ես տեսնում եմ, որ այդ գիծն իրենց մոտ վաղուց է առկա` չեն սիրել համալսարանների դասախոսությունները և հիմա փորձում են սերմանել հասարակության մեջ, որ դասախոսությունը վատ բան է: Այո’, վարչապետը պարտավոր է նաև առարկայական ծրագրերի մասին խոսել, և այդ դասախոսություններից բխող գաղափարները պետք է դարձնել իրականություն: Մենք մեր ծրագրերը բաժանել ենք երեք մասի` կարճաժամկետ արդյունավետության, միջին ժամկետ և երկարաժամկետ:
Կարճաժամկետի առումով ստեղծել ենք «Լույս» հիմադրամը, որն իր գործունեությունը ծավալում է հենց Հայկական աշխարհում: Շատերը հենց սկզբից «Լույսը» համարում էին դասախոսական, տեսական կատեգորիա և չէին հավատում, որ այս գաղափարը իրականության է վերածվելու: Այսօր այն առարկայական է, նրա մասին գիտեն ԱՄՆ-ում, աշխարհի լավագույն համալսարաններում: Մենք արդեն ֆինանսավորել ենք մեր լավագույն ուսանողներին, որ արդեն սովորում են աշխարհահռչակ բուհերում: Երկրորդը` «Լույսը» ստեղծում է համաշխարհային ցանց` կապելով աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայերին միմյանց և հայրենիքի հետ: Երրորդը` «Լույսը» միավորում է նաև լավագույն համալսարանների լավագույն դասախոսներին: Տարեցտարի «Լույսը» հզորանալու է, և ցանցն էլ ընդլայնվելու է: «Լույս»-ի գաղափարը Հայկական աշխարհ հայեցակարգի շրջանակներում է:
Երկրորդ առարկայական ծրագիրը Ազգային մրցունակության խորհուրդն է, որ գործում է նախագահի բարձր հովանու ներքո: Խորհրդի անդամներ են ոչ միայն կառավարության անդամներ, այլ նաև անձինք Հայկական աշխարհից, որ իրենց կենսագրութամբ հասել են հաջողության, հասարակության մեջ հարգանք են վայելում և պատրաստ են պետության հետ միասին իրականացնել առարկայական ծրագրեր: Դրանցից մեկը տուրիզմի զարգացումն է: Տեղյակ եք, որ Ազգային մրցունակության խորհուրդը հավանության է արժանացրել Տաթևի վերականգնման տուրիստական նախագիծը, որը մի կողմից տուրիզմի զարգացման խթան է, մյուս կողմից` ազգային հոգևոր արժեքների վերականգնում: Այս նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը: Եկող տարի մենք ականատես ենք լինելու, որ աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որ կապելու է Տաթևը բնակավայրերի հետ, դառնալու է իրողություն: Դա ավելացնելու է տուրիզմի գրավչությունը: Մյուսը առարկայական նախագիծն այն է, որ մենք Ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա տեղադրելու ենք մի նոր արագացուցիչ: Այն ձեռք ենք բերելու Բելգիայի կառավարության օժանդակությամբ: Այդ արագացուցչի շնորհիվ մենք կարտադրենք իզոտոպեր, որոնք կիրառվելու են հենց ինստիտուտի կողքին կառուցվող առողջապահական կենտրոնում: (Այդ կենտրոնի ծրագիրն իրականացնում ենք մեր ֆրանսիացի գործընկերների հետ): Արդյունքում մենք ունենալու ենք ժամանակակից օնկոլոգիական կենտրոն, որը կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այլ ամբողջ Հայկական աշխարհին: Դա ցուցադրելու է մեր մրցակցային առավելությունները:
Իսկ երկարաժամկետ ծրագրերը մեր կրթական բարեփոխումներն են: Մեր նպատակն է տասը տարվա ընթացքում Հայաստանում ունենալ լավագույն ստանդարտներին համապատասխանող հինգ համալսարան:
- Պարոն վարչապետ, փորձենք ներկային մոտ կանգնել, Ձեզ ծանո՞թ է Հայկական աշխարհի («Շանթում» այն կոչում են «Վիրտուալ Հայաստան») տարբերակ և ի՞նչ գիտեք դրա մասին, ինչքանո՞վ է դա համընկնում Ձեր ասածին:
- Նախ, ես շնորհակալություն եմ հայտնում «Շանթ» հեռուստաընկերությանը, քանի որ այն առաջիններից մեկն էր, որ հավատաց Ազգային մրցունակության հիմնադրամին և հավատաց Հայկական աշխարհ հայեցակարգին: Մենք ունեցել ենք հանդիպումներ Ազգային մրցունակության խորհրդում, և այն գաղափարները, որ առաջ քաշվեցին ձեր ընկերության կողմից, արժանացան Ազգային մրցունակության խորհրդի հավանականությանը: Ստացվել էր այնպես, որ «Շանթ» հեռուստաընկերությունը ինքնուրույնաբար իրականացնում էր նախագիծ, որն ամբողջությամբ համապատասխանում էր «Հայկական աշխարհը» գաղափարին: Փաստորեն «Շանթն» ունի արդեն իրականացված արտադրանքներ: Առաջինը` «Շանթն» այսօր կարող են դիտել ինչպես Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում, որտեղ Հայկական աշխարհ կա: «Շանթը» ընդլայնում է իր ցանցը, փորձում է միավորել բոլոր համայնքներին, ողջ Հայկական աշխարհին` ինչքանով որ հնարավոր է, և իր ծառայությունները մատուցել: Երկրորդ: «Շանթը» փորձում է բավարարել Հայկական աշխարհի պահանջները, որովհետև նա ունի փոխադարձ կապ Հայկական աշխարհի հետ և գիտի, թե ինչպիսի հետաքրքրություններ կան, ասենք, Ռուսաստանում, Կալիֆորնիայում, Իրանում: Նա հասկանում է, թե որոնք են այն հաղորդումները, որոնց պահանջարկը կա Հայկական աշխարհում, և որոնք հեռանկարային չեն և լսարան չունեն: Եվ երրորդը: «Շանթ» հեռուստաընկերությունը հասկանում է, որ այստեղ կա նաև բիզնես բաղադրիչ, որ կան հայկական ապրանքատեսակներ, որ միջազգային մրցունակության մեջ չեն զիջում համանման ապրանքներին: Օգտագործելով սա, մենք կարող ենք հարաբերական մրցակցային առավելություններ ստեղծել մեր բիզնեսի համար: «Շանթ» հեռուստաընկերությունը փորձում է դրանից օգտվել: Մենք օժանդակելու ենք «Շանթ» հեռուստաընկերությանը, որպեսզի մեր բիզնեսն էլ հետաքրքրվի այս հնավարությամբ: Մենք բիզնես ոլորտում ունենք ապրանքներ, ծառայություններ, որ ժամանակակից պահանջներին լիովին համապատասխանում են: Մենք պարտավոր ենք նրանց տրամադրել Հայկական աշխարհի պլատֆորմը, որպեսզի մեր բիզնեսը կարողանա դուրս գալ համաշխարհային շուկա և կարողանա արդյունավետ մրցակցել:
- Դուք խոչընդոտներ տեսնու՞մ եք այստեղ: Թողնենք հային բնորոշ հայրենասիրությունն ու մեր մտահոգությունները մի կողմ: Իրականում, հայկական արտադրանքը Հայկական աշխարհում պատկերացնելիս դուք ի՞նչ խոչընդոտներ եք տեսնում:
- Խոչընդոտը հնամաշ մտածողությունն է: Կա կոնսերվատիվ և թերհավատ տեսակետ, թե մենք կարող ենք համաշխարհային շուկայում հայտնվել հայկական բրենդով: Իրականում մենք ունենք մրցունակ ապրանքնատեսակներ` ե’ւ իրենց որակական հատկանիշներով, ե’ւ պարունակությամբ:
- Կա՞ վիճակագրություն, թե հայությունը ինչպիսի ֆինանսական, տնտեսական պոտենցիալի է տիրապետում:
- Ազգային մրցունակության խորհուրդն ու սփյուռքի նախարարությունը փորձում են ստեղծել ըստ ոլորտների տվյալների բազաներ` տնտեսական, մշակութային, առողջապահական, ճարտարապետական: Մենք ստեղծում ենք համահայկական կառույցներ, որոնք իրենց մեջ ներառում են աշխարհի լավագույն մասնագետներին, գիտակներին, որ ուզում են հայկական ցանցի միջոցով փոխկապակվցած լինել: Այս կերպ մենք ստեղծում ենք նաև տվյալների բազաներ և դրանց շնորհիվ փորձում ենք գնահատել մեր պոտենցիալն ըստ ոլորտների: Հասկանալի է, որ այդ ցուցանիշները փոփոխական են, քանի որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը ազդել է նաև տնտեսական, ֆինանսական, առողջապահական, ճարտարապետական ոլորտներում մեր պոտենցիալերի վրա: Մեր խնդիրն է ստեղծել ցանցեր, դրանց շնորհիվ մշտական մոնիտորինգ իրականացնել և ունենալ ամբողջական պատկերը:
- Իրական արդյունքներ ե՞րբ կարելի է ակնկալել, որ մեզ էլի չմեղադրեն վիրտուալության մեջ:
- Առաջին արդյունքն արդեն ունենք. «Լույս» հիմնադրամն է` իր ուսանողներով: Երկրորդը` մյուս տարի կունենանք Տաթևի վանքի վերականգնված համալիրը, իսկ ավելի երկարաժամկետ արդյունքը ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա կառուցվող արագացուցիչը կլինի, որ մի կողմից զարկ կտա գիտությանը, մյուս կողմից` առողջապահությանը:
- Պարո’ն վարչապետ, որպեսզի նորից այս սենյակում հաջորդ անգամ հանդիպելիս մենք ունենանք շոշափելի քայլեր, մեզ ինչ է սպասվում:
- Ես լավատեսորեն եմ նայում ապագային և որպեսզի այդ լավատեսությունը ձեր հեռուստաընկերության շնորհիվ տարածեմ հեռուստալսարանին, ուզում եմ, որ մեր համախոհների քանակն ավելանա` մարդկանց, որ մտածում են նորովի, կիսում են մեր գաղափարները, և համոզված եմ, եթե մենք կարողանանք ընդլայնել մեր բանակը, այդ առարկայական արդյունքները հաստատ կլինեն:
- Հուսով եմ, «մեր բանակ» ասելով նկատի չունեք ձեր քաղաքական թիմին:
- Ես նկատի ունեմ մարդկանց, որ լինելով մեր քաղաքական թիմի ներսում, մեր ընդդիմադիրների բանակում, կիսում են մեր գաղափարները: Նշեմ, որ պետք չէ հասարակությանը տարանջատել միայն իշխանավորների և ընդդիմության, այլ պետք է նաև տարանջատել` ըստ նոր և հին գաղափաներ կրողների, կիրթ և անկիրթ մարդկանց: Ես համոզված եմ, որ ընդդիմության շարքերում էլ կան կրթված հազարավոր մարդիկ, որ կիսում են մեր տեսակետը, և մենք պետք է հնարավորություն տանք այդ մարդկանց` մասնակցելու մեր ծրագրերին:
- Մեր տնտեսությունը թթվածնի կարիք ունի:
- Ես ունեմ իմ համոզմունքը: Ամենակարևորն այսօր արդարությունն է, երբ բոլորն օրենքի առջև պետք է հավասար լինեն: Դրա մասին խոսում էր և Գարեգին Նժդեհը` նշելով, որ եթե բոլոր հայերը օրենքի առաջ հավասար չլինեն, մենք ապագա չենք ունենալու: Այսօր էլ այդ թեզը խիստ արդիական է, և դրա մասին խոսում ենք նաև մենք: Եթե չկա օրենքի առջև հավասարություն, ուրեմն չկա արդար, ազնիվ մրցակցություն, և դա մեր ամենախոցելի կետերից մեկն է: Եթե տնտեսության մեջ չենք ապահովում ազատություն, արդար մրցակցություն, ապա այդ միջավայրը չի ձևավորվում, և մենք չենք կարողանում սնուցել մեր տնտեսությունը անհրաժեշտ միջոցներով: Սա մի խնդիր է, որ ունի ե’ւ տնտեսական, ե’ւ քաղաքական, ե’ւ արժեքային բովանդակություն: Մենք պետք է կարողանանք լուրջ փոփոխություն կատարել, բնականաբար, սկսելով մեզանից, քանի որ հիմնապատճառը մենք ենք, որ չենք կարողանում այդ արդարությունը պահպանել: Կա մեծ դիմադրողականություն, և մենք պետք է համախմբվենք, որ այդ դիմադրողականությունը հաղթահարենք: Անհրաժեշտ է, որ իմ կոչին հասարակությունը հավատա:
-Պարո’ն վարչապետ, կարծում եմ, առաջին հերթին անհրաժեշտ է, որ Ձեր այս կոչին հավատա այն քաղաքացին, որ իր մեքենայի պատուհանից է նայում մեր իրականությանը կամ էլ իր տաքուկ աշխատասենյակի պատուհանից: Նա այս կոչերին դեռ լուրջ չի վերաբերվում: Ինչո՞ւ, ի՞նչն է տալիս նրան այդ համարձակությունը:
- Այ եթե Դուք, անձամբ Դուք լուրջ վերաբերվեք իմ այս կոչին և Ձեր հեռուստաընկերությամբ, Ձեր հաղորդումներում բացահայտեք այն մարդկանց, ովքեր իրենց մեքենային պատուհանից են նայում և չեն հավատում…
- Դուք դրա կարիքն ունե՞ք:
- Այո’, առաջին հերթին ես դրա կարիքն ունեմ:
- Թևավոր մտքով էլ ավարտենք. Ե՞րբ ենք լավ ապրելու:
- Ազգովի՞: Գիտեք, վերջերս տնտեսագիտական գրականության մեջ նոր ցուցանիշներ են ներդրվում, թե ինչպես կարելի է չափել այս կամ այն ազգի հաջողությունը: Տնտեսագետները հիմնականում օգտագործում են համախառն ներքին արդյունք ցուցանիշը: Համադրում են պետությունները միմյանց հետ և պարզում, թե ինչքան է կազմում ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով: Ժամանակակից տեսությունները առաջարկում են համախառն երջանկության ցուցանիշ ներդնել և դրանով գնահատել այս կամ այն երկրի հաջողությունը:
- Բայց դրանով մենք տանուլ կտանք, պարո’ն վարչապետ:
- Այո’, բայց հետաքրքրականն այն է, որ այն երկրները, որոնք ՀՆԱ-ով զբաղեցնում են առաջին հորիզոնականները, երջանկության ցուցանիշով առաջինները չեն: Այսինքն, էական նշանակություն ունի, թե ազգը ինչ արժեքներով է ապրում, այդ թվում` նաև հոգևոր, և ինչն է համարում լավ կյանք, ինչը` վատ:
- Այսինքն` Ձեր խոսքը ե’ւ սովածին, ե’ւ կուշտին է ուղղված:
- Իհարկե, որովհետև հոգևոր արժեքներով ապրող մարդու համար կարևոր չէ` ինչ մեքենա է քշելու զավակը, այլ նրա համար կարևոր է, թե պետությունը ինչ հոգևոր արժեքներ է առաջարկելու իր զավակին:
- Շնորհակալություն, պարո’ն վարչապետ, շնորհակալություն և հաջողություն Ձեր բոլոր մտահաղացումներում:
- Շնորհակալություն:





