Շաբաթ, 14 Մարտի 2009
–Պարոն վարչապետ, կառավարության վերջին նիստում Դուք հայտարարեցիք՝ այսօր որևէ կազմակերպություն չի կարող ապագայի վերաբերյալ հստակ կանխատեսումներ անել, անորոշություններն այս պահին չափազանց մեծ են։ Ըստ այդմ՝ Դուք կընդունե՞ք, որ իրականությանը չէին համապատասխանում այն կանխատեսումները, որոնք Դուք անում էիք անցած ամիսների ընթացքում՝ անգամ ենթադրելով, որ մեր տնտեսությունն ավելի հրապուրիչ կարող է դառնալ ներդրումների համար, անգամ 9 տոկոս աճ էիք կանխատեսել։
–Հարցը երկու մասի կբաժանեմ։ Առաջին մասը վերաբերում է նրան, թե ինչպիսի՞ կեցվածք պետք է ընդունի կառավարությունը, երբ մշակում է ծրագրեր, որոնք պետք է օգնեն տնտեսությունը վարող սուբյեկտներին՝ հաղթահարել դժվարությունները։ Երկրորդ մասն այն է, թե ինչպիսի՞ն էին մակրոտնտեսական ցուցանիշների մեր կանխատեսումները, և ինչպիսի՞ն են այսօր դրանք ապագայի վերաբերյալ։ Մենք պետք է ունենանք հստակ դիրքորոշում, հստակ նպատակներ, պետք է հավատանք մեր նպատակներին և այդ հավատը պետք է հաղորդենք հասարակությանը՝ տնտեսավարող սուբյեկտներին։ Եթե մենք չհավատանք մեր ծրագրերին, չենք կարող դրանք իրականացնել։ Դա վերաբերում է ոչ միայն կառավարությանը, սա վերաբերում է ցանկացած տնտեսավարող սուբյեկտի, գործարարի, քաղաքացու։ Միայն հավատը բավական չէ, սակայն խիստ անհրաժեշտ է։ Առանց հավատի երբևիցե հնարավոր չէ հաջողության հասնել։
Կանխատեսումների վերաբերյալ. ցավոք սրտի՝ իրադարձությունները զարգանում են վատատեսական սցենարով։
Եվ այն կանխատեսումները, որ մեզ պետք է հաջողվի ապահովել բարձր տնտեսական աճի տեմպեր նաև 2009-ին, ամիսների ընթացքում վերանայվում են։ Այսինքն՝ ցուցանիշները շատ ավելի վատն են, քան մենք կանխատեսում էինք անցյալ տարի ամռանը, երբ մշակեցինք 2009-ի բյուջեի նախագիծը։ Այսօր շատ ավելի վատատեսական սցենարներ են իրողություն դառնում, և այսօր հստակ կանխատեսումներ անելը հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ համաշխարհային տնտեսությունը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որ միջազգային կազմակերպությունները՝ Համաշխարհային բանկը, ԱՄՀ-ն, վերջին երեք ամիսների ընթացքում 4 անգամ փոխեցին իրենց կանխատեսումները 2009 թվականի ցուցանիշների վերաբերյալ։ Այսինքն՝ այսօր համաշխարհային տնտեսության մեջ ի հայտ են գալիս այնպիսի գործոններ, որոնք էապես ավելացնում են անորոշությունը։ Եվ դա նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք մի քանի սցենարների։ Միևնույն ժամանակ, ուզում եմ անդրադառնալ հետևյալին. արդյոք մենք կանխատեսո՞ւմ էինք, որ լինելու են այսպիսի բացասական դրսևորումներ։ Այո, կանխատեսում էինք և դրա մասին հստակ հայտարարությամբ հանդես եկանք նոյեմբերի 12-ին, երբ ես Ազգային ժողովին ներկայացրեցի մեր միջոցառումների հակաճգնաժամային ծրագիրը, որը դեկտեմբերի 4-ին հաստատվեց կառավարության կողմից, և այդ միջոցառումներն ընդգրկվեցին կառավարության գործունեության ծրագրում։
–Հարցս վերաբերում է խոշոր ձեռնարկություններին, որոնց 99 տոկոսը սեփականաշնորհված է, և ցավոք սրտի, այսօրվա դրությամբ դրանք կամ կիսով չափ են աշխատում, կամ չեն աշխատում։ Սեփականաշնորհման ժամանակ պայմանագրում նշվա՞ծ էր, որ կառավարությունն իրավունք ունի հետ վերցնել այս ձեռնարկությունները, եթե սեփականատերը չի կատարում իր պարտականությունները։ Եթե այո, ինչո՞ւ կառավարությունը չի գնում այդպիսի քայլի, չի վերադարձնում այդ ձեռնարկությունները։
–Պետական ձեռնարկությունների գերակշիռ մասը սեփականաշնորհվեցին 1990–1995թթ.։ Այն ժամանակ ռոմանտիզմը մեծ էր, և մենք հավատում էինք, որ այդ ձեռնարկությունների սեփականաշնորհումից հետո կհայտնվեն սեփականատերեր, որոնք շատ ավելի արդյունավետ կկառավարեն այդ սեփականությունը, քան պետությունն էր դա անում, և ձեռնարկություններն ավելի արդյունավետ կաշխատեն։ Ցավոք, այդ մոտեցումներն իրենց չարդարացրեցին այն պարզ պատճառով, որ սեփականատերերը գիտելիքներ չունեին շուկայական տնտեսության կանոնների մասին, պատրաստ չէին դրանց ներքո աշխատել։ Եվ այս անցումը՝ սեփականաշնորհման գործընթացը, ունեցավ բացասական հետևանքներ։ Մենք չունեինք գիտելիքներ՝ ինչպես կազմակերպել այդ ձեռնարկությունների աշխատանքը։ Պայմանագրերը, որոնք մենք կնքում էինք սեփականաշնորհման ընթացքում, այնպիսին էին, որ պետության շահերն ավելի քիչ էին հաշվի առնվում, ավելի մեծ ուշադրություն էինք դարձնում մասնավոր սեփականատերերի շահերի պաշտպանությանը։ Շատ հաճախ, երբ գործերը հայտնվում էին դատարանում, պարզվում էր, որ այդ պայմանագրերում չկան կետեր, որոնք կպաշտպանեն պետության շահերը։ Այդպիսի դատական վեճեր եղել են, երբ պետությունը պարտվել է, որովհետև սեփականաշնորհման ժամանակ պետության շահերը պաշտպանող կետեր մենք չենք արձանագրել։ Արդյունքում առաջացան լուրջ խնդիրներ։
Երկրորդ օբյեկտիվ հանգամանքն այն է, որ այդ ձեռնարկությունների մեծամասնության աշխատանքի տրամաբանությունն այնպիսին էր, որ նրանք կարող էին գոյատևել միայն միասնական սովետական տնտեսական համակարգում։ Իսկ անկախ պետությունների շուկայական տնտեսության կանոնների ներքո այդ ձեռնարկությունները դառնում էին վնասաբեր։ Դրանք շահութաբեր դարձնելու համար անհրաժեշտ էին ներդրումներ, որոնք, պարզ է, չկային, որովհետև մենք չունեինք մասնավոր սեփականատերեր, որոնք այդ ձեռնարկություններում ներդրումների համար կարող էին կուտակած ֆինանսական միջոցներ ունենալ և դրանք ամբողջությամբ համապատասխանեցնել շուկայական տնտեսության հիմնական կանոններին։ Բնականաբար, ֆինանսական միջոցների բացակայությունը և պատկերացումը՝ ինչպես կարող են ձեռնարկությունները վերազինվել, մեծ վնաս հասցրեցին այդ ձեռնարկություններին։ Ապագայում փուլ առ փուլ ձեռք էին բերվում գիտելիքներ, մարդիկ կուտակում էին ֆինանսական միջոցներ, որոնք կարող էին ուղղվել այդ ձեռնարկությունների վերակառուցմանը։
Այսօր որակապես այլ իրավիճակ է ստեղծված Հայաստանի Հանրապետությունում. մենք նոր հայեցակարգ ենք առաջ քաշել՝ պետություն-մասնավոր համագործակցության հայեցակարգը, որը ենթադրում է՝ պետությունն այդ ձեռնարկությունները պետք է ոչ թե նորից դարձնի պետական, այլ՝ համագործակցելով մասնավոր սեփականատերերի հետ, պետք է մշակի երկարաժամկետ և արդյունավետ ծրագրեր։ Որտեղ պետությունը կարող է աջակցել՝ պետք է աջակցի, իսկ որտեղ սեփականատերերը պետք է ռիսկերը վերցնեն իրենց վրա և ներդրումներ կատարեն, պետք է դա անեն։ Այս համատեղ համագործակցությունը մասնավոր սեփականատերերին երաշխավորում է, որ այդ ծրագրերը համահունչ են կառավարության ծրագրերին, և օրենսդրական դաշտը ապագայում խոչընդոտ չի լինի այդ բիզնեսի զարգացման համար։ Սա էլ վստահություն է ներշնչում մասնավորին, որ այդ ոլորտում կարելի է լուրջ ներդրումներ կատարել՝ շահույթ ստանալու համար։
–Մարտի երեքի երեկոյան առաջին անհրաժեշտության ապրանքների շրջանակում՝ ձեթ, շաքարավազ, ալյուր, ստեղծվեց խուճապային իրավիճակ, ինչը չկրկնվեց ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում։ Որքանո՞վ է դա կապված առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայի մենաշնորհային իրավիճակի հետ, և արդյոք հնարավո՞ր է ինչ-որ բան անել՝ մենաշնորհային վիճակը փոխելու համար։
–Մարտի երեքին տեղի ունեցած փոփոխությունը, բնականաբար, քաղաքացիների մոտ առաջացնում է մտահոգություն, որոշ մարդկաց մոտ՝ աժիոտաժային տրամադրություններ։ Դա բնորոշ է ոչ միայն Հայաստանին։ Բոլոր երկրներում, որտեղ տեղի են ունենում այսպիսի իրադարձություններ, տեսնում ենք, որ նման տրամադրություններ ձևավորվում են՝ որոշ երկրներում՝ շատ, որոշ երկրներում՝ քիչ։ Մենք ականատես ենք եղել, որ նույնիսկ զարգացած երկրներում մեկ ժամվա ընթացքում կարող են առաջին անհրաժեշտության ապրանքները սրբվել խանութներից՝ ելնելով բացասական սպասումներից։ Մենք նախապատրաստվել էինք, որպեսզի նվազագույնի հասցնենք բոլոր ռիսկերը, որ կարող էին դրսևորվել։ Կարծում եմ՝ երկու-երեք օրվա ընթացքում աժիոտաժը վերացավ, ապրանքային շուկաներում ձևավորվեց հավասարակշռված իրավիճակ, իսկ ֆինանսական շուկաներում՝ շատ ավելի շուտ։
Հակամենաշնորհային միջավայրի ձևավորումը մեզ համար խիստ արդիական խնդիր է։ Կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ՝ ինչո՞ւ է Հայաստանում այս խնդիրը արդիական, ինչո՞ւ գների էլաստիկության ցուցանիշը շատ կոշտ է, այսինքն՝ գները շատ դժվար են արձագանքում փոփոխություններին, որոնք ունեն նվազման միտում, և շատ արագ են արձագանքում փոփոխություններին, որոնք տանում են գների բարձրացման։ Իհարկե, լավագույն ձևը մրցակցային դաշտի բարելավումն է։ Այստեղ մենք ծրագրել ենք իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնցից ամենակարևորը հարկային դաշտի բարեփոխումներն են, հավասար պայմանների ստեղծումը, օրենքի հավասար կիրառումը բոլորի նկատմամբ։ Կարծում եմ՝ այս ռազմավարության հետ համաձայն են բոլորը, և մենք պետք է կարողանանք մոտակա երկու տարիների ընթացքում արմատական փոփոխություններ մտցնել հարկային վարչարարության ոլորտում, որպեսզի այս հիմնարար խնդիրն ամբողջությամբ լուծվի։ Կան, իհարկե, օբյեկտիվ սահմանափակող գործոններ. մեր տնտեսական համակարգը դեռևս փոքր է, կոմունիկացիաները զարգացած չեն։ Ցավոք, միակ ճանապարհը, որով կարողանում ենք ապրանքների ներմուծում և արտահանում իրականացնել, Վրաստանով է, որտեղ կան լուրջ խնդիրներ ապրանքների տեղափոխման հետ։ Մենք մեր վրացի գործընկերների ուշադրությունը մշատապես հրավիրել ենք այդ խնդիրների վրա, որովհետև ապրանքներն աշխարհի ցանկացած տեղից հասցնել Փոթի նավահանգիստ կամ Բաթումի շատ ավելի հեշտ է և ավելի էժան, քան այնտեղից տեղափոխել Հայաստան։ Սա ստեղծում է լուջ խոչընդոտներ փոքր և միջին բիզնեսի համար։ Փոքր և միջին ձեռնարկատերերը չեն կարող այդ ծախսերն իրականացնել, չեն կարող հաղթահարել այդ բարդությունները։ Այդ խնդիրը կարողանում է լուծել խոշոր բիզնեսը՝ ապագայում էլ ձեռք բերելով հարաբերական առավելություն ներքին շուկայում և իր առավելությունը չարաշահում է։
Բնականաբար, պետք է ուժեղացնել տնտեսական մրցակցության հանձնաժողովի դերն ու նշանակությունը. կառավարության հակաժգնաժամային ծրագրում այդ կետը նշված է, մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջարկություն, որը կավելացնի այդ հանձնաժողովի լիազորությունները, հնարավորությունները՝ պայքարելու այդ չարիքի դեմ։
–Ոչ ոք չի կասկածում, որ կառավարությունը գերզբաղված է։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ մինչև ավելի լավ ժամանակներ չհետաձգել այն ծրագրերը, որոնք կապված են, օրինակ, մանր առևտրականների, տաքսիստների, կոշկակարների, անհատ գորգագործների հետ, այսինքն՝ հանգիստ թողնել այն խավերին, որոնք քիչ թե շատ ապահովում են իրենց, պետությունից աշխատատեղեր չեն ուզում։ Ո՞րն է տրամաբանությունը։ Այսինքն, դուք միանգամից ուզում եք բոլո՞ր հարցերը լուծել։
–Կա այսպիսի մի թեզ, որ տնտեսական բարեփոխումները նպատակահարմար է իրականացնել այն ժամանակ, երբ կա տնտեսական աճ։ Դա ավելի բարենպաստ միջավայր է ստեղծում տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար։ Եվ շատ ավելի դժվար է բարեփոխումներ իրականացնել այն ժամանակ, երբ ունենք տնտեսական անկում, որի ժամանակ առաջանում են լուրջ սոցիալական խնդիրներ, սոցիալական դժգոհություն։ Բայց, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, արմատական փոփոխություններն ու բարեփոխումները միշտ իրականացվում են այն ժամանակ, երբ կյանքը ստիպում է իրականացնել դրանք։ Եւ քաղաքական գործիչները, որոնք որոշում են ընդունում, պարտադրված են այդ ոչ պոպուլյար որոշումներն իրականացնել, որովհետև այլընտրանք այլևս չկա։ Եթե դուք չանեք այդ փոփոխությունները, գործ կունենաք կոլապսի հետ։
Իհարկե, շատ լավ կլիներ, որ հարկային բարեփոխումները (որոնք ցավոտ բարեփոխումներ են, որովհետև ստիպում են փոխել և հարկային վարչարարությամբ զբաղվողների, և ձեռներեցների վարքագիծը), մենք իրականացնեինք այն ժամանակ, երբ ունենայինք տնտեսական աճ։ Այսօր մենք պարտավոր ենք իրականացնել այդ բարեփոխումները, հակառակ դեպքում չենք կարող բարելավել հարկահավաքման գործընթացը։ Եթե մենք չհավաքենք հարկերը, մենք չենք կարող իրականացնել ծախսեր։ Իսկ եթե չիրականացնենք ծախսեր, դա մեծ հարված կլինի համախառն ներքին արդյունքի աճին, և տնտեսական համակարգը կհայտնվի շատ ավելի վատ վիճակում։
Բնականաբար, այդ բարեփոխումներն իրականացնելիս մենք հաշվի ենք առնում տնտեսական միջավայրը և այն բացասական հետևանքները, որոնք պայմանավորված են համաշխարհային ճգնաժամով։ Եվ այն փոփոխությունները, որոնք իրականացնում ենք, պետք է նպաստեն, որ մենք ավելի հեշտությամբ հաղթահարենք այդ դժվարությունները։ Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վարքագիծն այս առումով։ Մենք շատ հստակ թիրախներ ենք ֆիքսել։ Ասել ենք՝ մեր հարկային բարեփոխումները նպատակ ունեն առաջին հերթին խոշոր բիզնեսի համար ապահովել հավասար հարկման դաշտ, բոլոր խոշոր ձեռնարկատերերը պետք է աշխատեն բաց և թափանցիկ, նրանց ֆինանսական հաշվետվությունները պետք է հասանելի լինեն հանրությանը, և մանավանդ այս փուլում հարկային հիմնական բեռը պետք է կրեն խոշոր ձեռնարկատերերը։
Մեր երկրորդ կարևորագույն սկզբունքն այն է, որ այս բարեփոխումների արդյունքում պետք է ստեղծենք ավելի բարենպաստ վարչարարական միջավայր փոքր և միջին բիզնեսի համար, ինչը և մենք իրականացրել ենք։ Մենք ընդունել ենք բազմաթիվ օրենքներ, որոնք էապես թեթևացրել են բեռը առաջին հերթին փոքր ու միջին բիզնեսի համար։ Կարող եմ հիշատակել՝ ավելացված արժեքի հարկի շեմի բարձրացումը 58 մլն դրամի՝ գոյություն ունեցող 3 մլն դրամի փոխարեն։ Սա հարկային բեռի էական թեթևացում է։ Երկրորդը՝ հարկային վարչարարության մեխանիզմները՝ ինչպես են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները շփվում հարկային տեսչության հետ. մենք առաջին անգամ հրաժարվեցինք հարկային հանձնաժողովներից և հնարավորություն տվեցինք փոքր ու միջին բիզնեսին էլեկտրոնային եղանակով կամ արկղերի միջոցով հանձնել իրենց հաշվետվությունները հարկային մարմիններին։ Մենք բարելավեցինք միջավայրը այն հյուրանոցների համար, որոնք չունեն վարկանիշ, և նրանց տեղափոխեցինք հաստատագրված վճարների՝ դրանով իսկ բացառելով նրանց շփումները հարկային տեսուչների հետ. նախկինում նրանք աշխատում էին շահութահարկի դաշտում։ Բազմաթիվ այսպիսի օրենքներ փոխեցին հարկային շեմերը, մեղմացրեցին հարկային բեռը փոքր բիզնեսի համար։ Ավելին՝ մենք բյուջեից ուղղակի ծախսեր իրականացրեցինք՝ փոքր և միջին բիզնեսի համար ստեղծելով հաշվապահական կենտրոն, որպեսզի շուկայական գներից ավելի էժան գներով նրան մատուցվեն հաշվապահական հաշվառման և հարկային մարմիններին հաշվետվությունների ներկայացման ծառայություններ։ Եվ փոքր ու միջին բիզնեսն այսօր հնարավորություն ունի օգտվել այդ կենտրոնի ծառայություններից։
Մյուս կողմից՝ մենք աննախադեպ փոփոխություն կատարեցինք մեր օրենքում. պարտադրեցինք խոշոր բիզնեսին, որոնց տարեկան շրջանառու կապիտալը 500 մլն-ից ավելի է, պարտադիր անցկացնել արտաքին աուդիտ և հրապարակել այդ աուդիտի հաշվետվությունները, ինչը նաև հանրությանը հնարավորություն կտա վերահսկողություն իրականացնել՝ արդյո՞ք խոշոր բիզնեսն ամբողջ ծավալով կատարում է իր հարկային պարտավորությունները։
Կարծում եմ՝ այս միջոցառումները ստեղծում են բարենպաստ պայմաններ՝ հաղթահարելու առկա ճգնաժամային երևույթները։
Կա մի հարց, որը բոլորին է մտահոգում՝ ՀԴՄ-ների հարցը, որ կարծես թե՝ դրանց կիրառումը փոքր և միջին բիզնեսի դեմ ուղղված քայլ էր։ Ես ուզում եմ մեր քաղաքացիներին հավաստիացնել, որ ամենևին էլ այդպես չէ։ ՀԴՄ-ների կիրառումն առաջին հերթին նպատակ ունի խոշոր բիզնեսին բերել հարկային դաշտ, որովհետև ՀԴՄ-ների տեղադրման ծախսերը մենք դրել ենք առևտրի կազմակերպման սեփականատերերի վրա, այսինքն՝ դա խոշոր բիզնեսն է, ոչ թե փոքր կամ միջին։ Մենք օրենքով պաշտպանում ենք այն մարդկանց շահերը, որոնք այդ տոնավաճառներում կազմակերպում են առևտուրը, որովհետև մենք թույլ չենք տալիս, որ այսուհետև սեփականատերերը, ելնելով իրենց քմահաճույքից, բարձրացնեն այդ սեղանիկների վարձավճարը։ Մենք օրենքով սահմանափակել ենք՝ ինչքան կարող է այն կազմել։ Արդյունքում ունենք հետևյալ իրողությունը, որ հունվար ամսվա ընթացքում ապրանքաշրջանառությունն այն կետերում, որտեղ մենք տեղադրել ենք ՀԴՄ-ներ, դեկտեմբեր ամսվա համեմատ, 7-8 անգամ ավելացել է։ Կարո՞ղ եք երևակայել՝ ինչ ստվերային տնտեսության հետ մենք գործ ունեինք։
ՀԴՄ-ների կիրառումը բխում է նաև սպառողների շահերի պաշտպանությունից, որովհետև եթե նրանք ունեն այդ կտրոնը, դրանով պաշտպանված են լինում։ Մենք անցյալ տարի օրենք ենք ընդունել, որի նպատակն էր պաշտպանել սպառողների շահերը։ Եթե հաճախորդն ունի այդ կտրոնը, նա կարող է իր ձեռք բերած ապրանքը մեկ շաբաթվա ընթացքում վերադարձնել այդ առևտրի կետին, և նրանք պարտավոր են ընդունել։ Եթե առևտրի կետերը խախտում են այդ կանոնը, ունենք օրենքով ստեղծված, սպառողների շահերը պաշտպանող ֆունկցիա ունեցող ֆինանսական հաշտարար։ Նա կարող է այդ հայտերն ընդունել և բավարարել։ Այսինքն՝ մենք ձևավորում ենք նոր ինստիտուտներ, որոնք, իհարկե, որոշակի դժվարություններով են ներդրվում, բայց ես համոզված եմ, որ դրանք անխուսափելիորեն մեծ արդյունք են տալու։ Այսօր արդեն իսկ հարկերի հավաքագրման ոլորտում այդ արդյունքն էական է։
–Պրն վարչապետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը մամլո ասուլիսում հայտարարել էր, որ 2009 թվականի բյուջեի եկամտային մասն արդեն իսկ չի կատարվել, ինչը նշանակում է, որ հարկային մարմինները, ում առաջ պլան է դրված, կսկսեն այդ պակասող միջոցների համալրումը կատարել ցանկացած եղանակով, իսկ դրա միակ ձևը, ենթադրվում է, ճնշումներն են փոքր ու միջին բիզնեսի վրա։ Կարո՞ղ եք երաշխավորել, որ այդպես չի լինի։
–Ես ասացի՝ մեր նպատակները որոնք են։ Մեր նպատակը խոշոր բիզնեսն է, այդտեղ կանոնների հավասար մրցակցային պայմանների ապահովումը և փոքր ու միջին բիզնեսի համար փափուկ վարչարարության դաշտի ձևավորումը։ Սա՝ առաջինը։ Երկրորդ, ցանկացած ձևով հարկերի հավաքագրում իրականացնելն անթույլատրելի է, և մենք նման քայլի չենք գնալու։ Հարկերի հավաքագրման մեր սկզբունքը հետևյալն է. մեր թիրախային ցուցանիշը հստակ ամրագրված է մեր ծրագրերում, այն է՝ հասնել նրան, որ հարկերի տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի մեջ կազմի 17,4 տոկոսը։ Այսինքն, մենք պետք է հավաքենք այնքան հարկ, ինչքան մեր տնտեսությունը ստեղծում է։ Եվ այդ ցուցանիշով է պայմանավորված հարկահավաքումը, այլ ոչ թե այն ցուցանիշներով, որոնք ենթադրում են, որ մենք 2009 թվականին ունենալու ենք բարձր տնտեսական աճ։ Դրա համար ցանկացած գնով հարկահավաք չի լինելու, և այդպիսի մտադրություններ մենք չունենք։
–Համենայնդեպս, հրապարակավ Դուք մինչև վերջին պահը ժխտում էիք դրամի արժեզրկման անհրաժեշտությունը։ Ուզում եմ մեջբերել նախկին ԱԳ նախարար Վ. Օսկանյանին, ով ասում էր, որ սա կառավարությանը մեծ հարված էր, նա կորցրել է վստահությունը հասարակության մոտ, ինչը ճգնաժամային այս պայմաններում շատ վնասակար է։
–Առաջին հերթին չենք կարող համաձայնել Ձեր այն պնդման հետ, թե մենք ժխտում էինք արժեզրկման հնարավորությունը։ Ցավոք, մշտապես մեջբերում են այնպիսի հայտարարություններ, կոնտեքստից կտրված, որ ձեռնտու է մեր քննադատներին։ Մեր հայտարարությունը 1994 թվականից եղել է նույնը, և մենք հետևողական ենք եղել այս պնդման մեջ։ Այլ խնդիր է՝ մարդիկ ընկալել են, թե ոչ։ Մենք իրականացնում ենք լողացող փոխարժեքի քաղաքականություն, և դա նշանակում է, որ փոխարժեքը ձևավորվում է առաջարկի ու պահանջարկի շնորհիվ, դա նշանակում է, որ փոխարժեքը պետք է ձևավորվի շուկայում։ Սա՝ առաջինը։ Այս հայտարարությունը եղել է միշտ, 1994 թվականից հետո, և իշխանությունները երբևիցե այս սկզբունքին չեն դավաճանել։
–Կներեք, այդ դեպքում ո՞նց էր ԿԲ-ն մարտի 3-ին հայտարարում, որ մենք վերադառնում ենք լողացող կուրսին։
–Հիմա բացատրեմ. վերջին ամիսների ընթացքում ԿԲ-ն նույնպես իր հայտարարություններում եղել է ճշգրիտ, և չի կարելի այդ հայտարարություններն աղավաղել։ Հայտարարության բովանդակությունը հետևյալն էր. մենք չենք հրաժարվել և չենք հրաժարվելու լողացող փոխարժեքի քաղաքականությունից։ Հայաստանի Հանրապետությունն այլընտրանք չունի, և որոշ ժամանակահատված ԿԲ-ն նախապատվությունը տվել է ֆինանսական կայունությանը, ԿԲ-ի նախագահը հստակ ազդակներ է հաղորդել հանրությանը, որ դա ունի ժամանակավոր բնույթ, բոլոր հայտարարություններում այդ նախադասությունը դուք կտեսնեք։ Եվ ես պետք է խնդրեմ, որ ուշադրություն դարձնեք այն հիմնարար, հիմնական սկզբունքին, որը մենք պաշպանել ենք ու պաշտպանում ենք։
–Պրն վարչապետ, աշխարհում բանկեր են փակվում կամ գտնվում սնանկացման վիճակում, իսկ մենք ուզում ենք բանկ ստեղծել։ Խոսքը Համահայկական բանկի մասին է։
–Ազգային ժողովն արդեն իսկ ընդունել է օրենքը Համահայկական բանկի մասին, այն մտել է ուժի մեջ, ԿԲ-ն այդ օրենքի պահանջներին համապատասխան իրականացնում է միջոցառումներ, որպեսզի Համահայկական բանկը կարողանա ամբողջությամբ անցնել իր գործառույթների իրականացմանը։ Կարծում եմ, որ այս իրավիճակն ստեղծում է նոր և լուրջ հնարավորություններ, որպեսզի Համահայկական բանկը դրսևորի իր առավելությունները։
Համահայկական բանկը ձևավորվելու է մասնավոր-պետություն համագործակցության սկզբունքի ներքո։ Այս նախագիծը գտնվում է ազգային մրցունակության խորհրդի ծրագրերի մեջ, և մենք մեր ծաղկաձորյան հանդիպումների ժամանակ նաև մասնավոր հատվածի հետ ենք քննարկում այս բանկի ռազմավարությունը, անելիքները։ Կարծում եմ, որ այն միջոցները, որ պետությունը հատկացնելու է այս բանկին, և որոնք պլանավորված են նաև պետական բյուջեով, կարող են ուղղվել այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն հաղթահարել համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները։ Քանի որ ծրագրերը, որոնք կարող են այսօր ներկայացվել, որոնց նպատակն է լինելու ստանալ ֆինանսական միջոցներ՝ հաղթահարելու այդ ժամանակավոր դժվարությունները, պետք է ուղղված լինեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, էքսպորտային պոտենցիալի ավելացմանը և համահայկական կարողությունների հավաքագրմանը այս բանկի միջոցով՝ որպես մի նոր և յուրահատուկ գործիքի։ Այս տեսակետից ես կարծում եմ, որ հակառակը՝ մենք շատ ճիշտ ժամանակին ընդունեցինք օրենքը, և այսօր այդ գործիքի առկայությունը մեզ հնարավորություն կտա նոր և հետաքրքիր ծրագրեր իրականացնել։
–Իսկ կա՞ ընդհանրապես որևէ հաշվարկ, թե որքան արժե այս ծրագիրը։
–Ի՞նչ ծրագիր։
–Այդ հակաճգնաժամային։
–Մենք ունենք մի քանի սցենարներ 2009 թվականի համար, թե ինչպիսին կլինի համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշը՝ զրոյական, 1,5 տոկոս անկում, 4,5 տոկոս անկում, 4,5 տոկոս աճ։ Եվ բնականաբար, այդ բոլոր սցենարների ներքո էլ մենք ունենք մակրոտնտեսական ցուցանիշների բոլոր կանխատեսումները։ Կախված այն բանից, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, ըստ դրա էլ կլինեն մեր ծրագրերը։ Բնականաբար, ենթադրվում է, որ եթե անկման տեմպերը լինեն բարձր, ապա դա ավելի ծախսատար ծրագիր է ենթադրում, քան եթե մեր տնտեսական աճի ցուցանիշները լինեն բարձր։ Այս պահի դրությամբ մենք Համաշխարհային բանկի հետ արդեն իսկ ունենք համաձայնություն՝ 525 միլիոն դոլար 4 տարվա համար, ունենք հստակ պայմանագիր Արժութային հիմնադրամի հետ, ունենք Ասիական բանկի հետ պայմանագիր, Եվրոպական բանկի հետ։ Այս բոլոր միջոցների տրամադրումը և իրացումը, բնականաբար, նպաստելու են այդ ճգնաժամային երևույթների դրսևորման մեղմացմանը։ Ինչքան շատ լինեն մասնավոր ներդրումները, այնքան ավելի հեշտ կլինի հաղթահարել այս բացասական հետևանքը։ Եվ այդ ֆինանսական հոսքերը շատ բազմաթիվ ու բազմազան են՝ սկսած մասնավոր տրանսֆերտներից մինչև մասնավոր ներդրումներ, և միասնական մեկ ցուցանիշ ասելը, կարծում եմ, ճիշտ չէ։
–Ուզում եմ վերադառնալ քննադատությանը, որը հնչում է ոչ միայն կառավարության, այլ անձամբ Ձեր հասցեին։ Օրինակ, վերջերս լուրեր էին տարածվել Ձեր հրաժարականի մասին։ Ձեր կարծիքով՝ ովքե՞ր են հետաքրքրված դրանում և ի՞նչ նպատակ են հետապնդում։
–Ովքեր են շահագրգռված դրանում... Կարծում եմ, առաջին հերթին, կինս ու երեխաներս։ Իսկ եթե լուրջ պատասխանեմ, ապա հասկանալի է, որ սա քաղաքական գործիք է, որը շատ հաճախ կիրառվում է որպես նաև պայքարի ձև, և պետք է հանգիստ վերաբերվել նման քննադատությանը։ Կյանքն այդպիսին է։
–Պրն վարչապետ, ես կուզենայի անդրադառնալ մի քանի վիճակագրական տվյալների, ուզում եմ ասել թարմ, բայց դա հունվարն է։ Այս տարվա հունվարը համեմատվում է անցած տարվա հունվարի հետ։ Ցուցանիշները, մեղմ ասած, չեն փայլում։ Բյուջեն եկամուտների գրեթե 12 տոկոսը չի հավաքել։ Համեմատած անցած տարվա հունվարի հետ, արդյունաբերական ապրանքի ֆիզիկական ծավալը նվազել է 6,5 տոկոսով, արտահանումը՝ 44 տոկոսով։ Այսինքն, եթե նույն դինամիկայով շարունակվի, հասարակ լեզվով ասած, մինչև տարեվերջ տակը կարող է բան չմնալ։ Ձեր կարծիքով, սա մինչև ե՞րբ կլինի, ինչի՞ն պետք է սպասենք։
–Այն հարցը, թե ինչքան է դա տևելու, հետաքրքրում է բոլորին։ Եվ, ցավոք սրտի, այն կանխատեսումները, որոնք արվում էին 2007 և 2008 թվականներին, թե այս ճգնաժամն իր գագաթնակետին կհասնի 2008 թվականի վերջին եռամսյակում, և 2009 թվականին մենք կտեսնենք արդեն համաշխարհային տնտեսության ակտիվացման փուլ, չիրականացան, և իրականություն են դառնում ավելի հոռետեսական սցենարները։ Այսօրվա վիճակով էլ դեռևս չկա միանշանակ գնահատական, թե ճգնաժամը երբ է հասնելու իր գագաթնակետին, և երբ է սկսվելու համաշխարհային տնտեսության, ԱՄՆ-ի տնտեսության վերականգնումը, որով պայմանավորված, իհարկե, կակտիվանա համաշխարհային տնտեսությունը, որի հետ կակտիվանա Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը։ Եվ դա միանգամից իր դրական ազդեցությունը կթողնի Հայաստանի տնտեսական վիճակի վրա։ Գնահատականներն այնպիսին են, որ վերականգնողական փուլը կսկսվի այս տարվա վերջում, և 2010 թվականի ընթացքում արդեն կտեսնենք, որ տնտեսական վիճակը կբարելավվի։ Հայաստանի պարագայում, կարծում եմ, որ, բնականաբար, մենք բոլորս կզգանք, երբ մեր հիմնական ֆինանսական օժանդակությունն իր ազդեցությունը թողնի իրական հատվածի վրա։ Մասնավորապես, խոսքը այն ծրագրերի մասին է, որ մենք պետք է իրականացնենք Համաշխարհային բանկի, Ասիական բանկի հետ։ Դրանք ճանապարհաշինությունը, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ներդրումներն են, սոցիալական ծրագրերն են, փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագրերն են, որոնք պետք է սկսեն ամբողջ թափով աշխատել։ Ռուսական վարկի միջոցների մի մասն ուղղվելու է փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը, որը նույնպես բարենպաստ պայմաններ կստեղծի տնտեսության աշխուժացման համար։
Տեղյակ եք, որ արդեն առաջին տրանշը՝ 85 միլիոն դոլարի, մենք ստորագրել ենք, այս քառօրյա նիստերում Ազգային ժողովը պետք է քննարկի ու հաստատի այդ պայմանագիրը, որից հետո մենք կստանանք Համաշխարհային բանկի այդ առաջին տրանշը։ Դրանից 50 միլիոնն ուղղվելու է փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը, մնացած գումարները՝ ճանապարհաշինարարությանը, սոցիալական և գյուղատնտեսությանը վերաբերող ծրագրերին։
–Կառավարության վերջին նիստում Դուք հայտարարեցիք պետական ապարատի ծախսերի կրճատման մասին, որի անհրաժեշտության մասին խոսում էին Ձեր ընդդիմախոսները, մասնավորապես՝ Հայ ազգային կոնգրեսը։
–Բնականաբար, մենք ուշադիր քննարկում ենք բոլոր այն առաջարկությունները, որոնք արվում են, այդ թվում՝ նաև ընդդիմության կողմից, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը։ Մի շարք առաջարկություններ, որոնք արվում են ընդդիմության կողմից, ներառված են մեր ծրագրում և համահունչ են մեր պատկերացումներին, թե ճգնաժամի պարագայում ինչ միջոցառումներ պետք է իրականացվեն։ Այն առաջարկությունները, որոնք մեր կարծիքով ընդունելի չեն, բնականաբար, դրանք չենք ընդունում, բայց որ կան արժեքավոր առաջարկություններ, մենք դա ընդունում ենք և ծախսերը փորձում ենք կրճատել, առաջին հերթին վարչական ծախսերը, ապարատի ծախսերը, որպեսզի այդ ծանրությունը մենք հնարավորինս կարողանանք մեր ուսերի վրա վերցնել։
–Ապրիլի 1-ից թանկանում են էլեկտրաէներգիայի, ջրի, գազի սակագները, բնական է, որ դա կբերի նոր խնդիրներ։ Հավանաբար, կլինեն նաև մարդիկ, ովքեր, ինչպես ասում են, հայավարի կգործեն, և ամենատարրական ապրանքները կթանկանան։ Ինձ հետաքրքրում է, թե ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում այս թանկացումներին։ Առաջարկվում է ռուսական 500 մլն դոլարի 100 միլիոնը տրամադրել որպես դոտացիա, ինչպես եղել է մինչ այդ այլ ծրագրի շրջանակներում, որպեսզի այդ սոցիալական լարվածությունը նորից չհասնի ավելի բարձր մակարդակի։
–Սոցիալական լարվածությունը մեղմելու համար, առաջին հերթին, մենք պետք է ամբողջ ծավալով իրականացնենք մեր պարտավորությունները ժամանակին և ամբողջ ծավալով պետք է վճարենք աշխատավարձերը, անապահով ընտանիքներին՝ սոցիալական նպաստները, թոշակները։
Երկրորդ հերթին մենք պետք է նպաստենք այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք ստեղծում են նոր աշխատատեղեր։ Այդպիսի տասը ծրագիր օպերատիվ շտաբը հավանության է արժանացրել ու պետության ֆինանսական միջոցներն ուղղել դրանց իրականացմանը, որպեսզի ստեղծվեն նոր աշխատատեղեր Հայաստանում։ Երրորդ ուղղությունը, որը համարում ենք լավագույնը, դա փոքր ու միջին բիզնեսին աջակցելն է, որը ստեղծում է աշխատատեղեր ու հնարավորություն է տալիս մարդկանց, որ իրենք իրենց սեփական աշխատանքով կարողանան դիմագրավել այդ դժվարություններին։ Սրանք են այն ուղղությունները, որով մենք փորձում ենք մեղմել բացասական հետևանքները։ Եվ մի լրացուցիչ միջոցառում էլ՝ դրանք հանրային աշխատանքներն են, որոնց համար մենք այս տարի լրացուցիչ միջոցներ ենք հատկացրել բյուջեից, որպեսզի ժամանակավոր գործազրկության կարգավիճակում հայտնված մեր քաղաքացիները կարողանան հանրային աշխատանքներ կատարելու միջոցով ստանալ որոշակի գումարներ։
–Միջազգային բարձր մակարդակներում միշտ ասվում է, որ պրոտեկցիոնիզմը շատ վատ բան է, նույնիսկ այս պայմաններում, չնայած մենք տեսնում ենք, որ ամեն երկիր այս կամ այն ձևով փորձում է պաշտպանել ազգային ընկերություններն ու արտադրողին։ Դուք ինչպե՞ս եք նայում այս հարցին, և արդյոք մեր կառավարությունը ունի՞ կամք՝ շարունակելու այն, ինչ սկսել է ու բավականին լավ արձագանքներ գտել հասարակության մեջ։
–Պրոտեկցիոնիզմի բացասական հետևանքների մասին բազմաթիվ գրքեր են գրվել, կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ պրոտեկցիոնիզմը երկարաժամկետ կտրվածքով բացասաբար է անդրադառնում տնտեսության վրա, տնտեսությունը կորցնում է մրցունակությունը, դա բազմաթիվ այլ շեղումներ է մտցնում։ Երկարաժամկետ հատվածում, իհարկե, պրոտեկցիոնիզմը վտանգավոր երևույթ է։ Այդ առումով մենք կողմնակից չենք պրոտեկցիոնիստական քաղաքականությանը։ Մեր քաղաքականությունը նպատակ ունի օգնելու մեր արտադրողներին՝ հաղթահարելու այն ժամանակավոր դժվարությունները, որոնք այսօր օբյեկտիվ պատճառներով ստեղծվել են, որպեսզի մենք նրանց հնարավորություն տանք ոտքի կանգնելու, և ապագայում, երբ համաշխարհային տնտեսությունը մտնի զարգացման ցիկլ, նրանք կարողանան դուրս գալ այդ դժվարությունները հաղթահարած։ Ընդհանուր առմամբ, ցանկալի է նման միջոցառումները հասցնել նվազագույնի, քանի որ դրանք նորմալ պայմաններում մտցնում են շուկայական շեղումներ։ Եթե դուք ձեռնարկությանն օգնում եք, նրա մրցակիցը պահանջում է, որ նմանատիպ մոտեցում դրսևորվի նաև իր նկատմամբ, և այդ դեպքում պետությունը հայտնվում է շատ ծանր իրավիճակում։ Դրա համար նման միջոցառումները, միջամտությունները պետք է կրեն ժամանակավոր բնույթ։ Մենք, օրինակ, որոշում ենք կայացրել, որ պետք է օգնենք Արտաշատի կոմբինատին, որը զբաղվում է մթերումներով. Հայաստանի գյուղատնտեսական ապրանքների 50 տոկոսն ապահովում է այդ ձեռնարկությունը։ Եթե մենք հիմա նրան չօգնենք, հասկանալի է, որ կունենանք լուրջ խնդիրներ, իսկ եթե ընկերության խնդիրներն առաջացել են օբյեկտիվ պատճառներով, ապա մենք պարտավոր ենք օգնել։
Նման գործառույթներ իրականացնում են նաև զարգացած երկրների կառավարությունները, որոնք այսօր հայտարարում են, որ պրոտեկցիոնիզմը վատ է, բայց իրենք իրենց խոշոր արտադրողներին, մասնավորապես, օրինակ, եթե վերցնենք մեքենաշինությունը, օգնում են հաղթահարելու դժվարությունները, քանի որ դրանք այդ երկրներում ստեղծելու են լրջագույն սոցիալական խնդիրներ։ Եվ նրանք այդպիսի միջոցառումներ ենք իրականացնում, նման միջոցառումներ են իրականացնում նաև մենք և հայտարարում ենք, որ դա ոչ թե պրոտեկցիոնիզմ է, այլ՝ ժամանակավոր օգնություն այս դժվար օրերը համատեղ ջանքերով հաղթահարելու համար։
–Կարծում եմ՝ նման միջոցառումներից մեկն էլ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունն է։ Ճիշտ է, այն հիմա կառավարությունը հետ է կանչել Ազգային ժողովից, բայց, հաշվի առնելով Ձեր ասածը, կարելի՞ է նկատել, որ կառավարությունը վերջնականապես հրաժարվել է այդ նախաձեռնությունից։ Այսինքն, մաքսատուրքը դառնալու է 10-15 տոկոս, ինչը կբերի ներմուծվող ապրանքների հավելյալ թանկացումների։
–Այո, մենք հետ ենք կանչել մաքսատուրքերի բարձրացման մեր օրենքի նախագիծը։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ դրամի 20 տոկոսանոց արժեզրկումն իր մեջ պարունակում է խթան մեր արտադրողների համար, նրանց համար ստեղծվում են ավելի բարենպաստ պայմաններ իրենց ապրանքներն արտահանելու համար։ Այդ պարագայում մրցակցային հարաբերական առավելություն է ձևավորվում ներմուծողների համեմատությամբ, որոնք նույն ապրանքների կամ հայկական արտադրողների ապրանքների հետ մտնում են մրցակցության մեջ։ Այս փուլի համար 20 տոկոսանոց արժեզրկումը բավականին լուրջ խթան է։ Ինչ վերաբերում է այն բանին, թե մենք ապագայում կներկայացնե՞նք մաքսատուրքերի բարձրացման խնդիրը Ազգային ժողովում, թե՞ ոչ, պայմանավորված կլինի նրանով, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Հայաստանի Հանրապետությունում։ Բայց կարծում եմ, որ այս պահի դրությամբ մենք ճիշտ որոշում կայացրինք, որովհետև դա, իհարկե, իր մեջ պարունակում է վտանգ, որ ներմուծվող շատ ապրանքների գներ կարող են մաքսատուրքերի բարձրացման հետևանքով բարձրանալ, ինչն այս պահին մեզ ձեռնտու չէ, նպատակահարմար չէ՝ միանգամից երկու գործիքով նպաստել գների բարձրացմանը։
–Պրն վարչապետ, այս տարվա պետական բյուջեում դրամի փոխարժեքն ընդունված էր 305 դրամով, իսկ այսօրվա դրությամբ այն արդեն այլ մակարդակի է։ Ինչքանո՞վ դա կարող է բերել ինֆլյացիոն ռիսկերի, ինչքանո՞վ դա կարող է ազդել ընդհանրապես պետական բյուջեի հավաքագրման մակարդակի վրա։
–Կենտրոնական բանկը ներկայացրել է իր կանխատեսումները՝ հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում մակրոտնտեսական ցուցանիշներում, թե ինչպիսին կլինի գնաճը 2009 թվականի ընթացքում։ Կենտրոնական բանկը հաշվի է առնում ե՛ւ տնտեսական աճի ցուցանիշները, ե՛ւ նաև փոխարժեքի փոփոխությունը, որը տեղի ունեցավ, ինչպես նաև սակագների փոփոխությունը, որի մասին արդեն հայտարարվել է։ Այս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ կենտրոնական բանկը կանխատեսում է, որ գնաճը տարեվերջին լինելու է 8 տոկոսի շրջանակներում։ Մենք այսօր առաջնորդվում ենք այդ գնահատականներով։
–Պրն վարչապետ, եթե մինչև այսօր կոալիցիայի շրջանակներում Դուք ունեիք քննադատ, որը ժամանակ առ ժամանակ արտահայտում էր իր ընդդիմախոսությունը, ենթադրելի է, որ ձեռք բերեցիք երկրորդին՝ ՀՅԴ-ին, որն արդեն իսկ ակտիվ անհամաձայնություն է հայտնել Հայաստանում ատոմակայան կառուցելու թուրքական կողմին Ձեր արած հրավերի կապակցությամբ։ Ենթադրելի է, որ Դուք նրանց նվիրական զգացումներին եք կպել, և այս խմորը շատ ջուր կքաշի։ Պատրա՞ստ եք Ձեր ընդդիմախոսների քանակը ևս մեկով համալրելու հեռանկարին։
–Առաջինը ուզում եմ նշել, որ Ազգային ժողովում մեր քննարկման ժամանակ հարցերի ճնշող մեծամասնության շուրջ մենք ունեինք լիակատար համաձայնություն։ Բոլոր հարցադրումները, որ կային և հնչեցրեցին մեր գործընկերները, մեր կողմից ստացան միայն դրական արձագանքներ։ Լիակատար համաձայնություն կա բոլոր հարցերի շուրջ, և պատկերն այնպիսին չէ, որ բոլոր հարցերում ունենք անհամաձայնություն։ Երկրորդ, կարծում եմ՝ այստեղ կա թյուրըմբռնում. Դուք ճիշտ եք, որ մեր գործընկերների համար զգայուն հարց են հայ-թուրքական հարաբերությունները, բայց թյուրըմբռնումն այն է, որ իշխանությունների կողմից Թուրքիային որևիցե հրավեր՝ մասնակցելու ատոմակայանի աշխատանքներին, չի եղել։ Խնդիրն այլ է՝ մեր պարզաբանումը վերաբերում է հետևյալին. մենք ենթադրում ենք, որ նոր կառուցվող ատոմակայանի բաժնեմասերի մի որոշակի տոկոս կարող է հանվել ազատ աճուրդի, բաժանորդագրության, և այդ պարագայում չի բացառվում, որ այս նախագծի նկատմամբ հետաքրքրություն ունեցող բոլոր անձինք կարող են ձեռք բերել բաժնետոմսերը։ Ես համոզված եմ, որ հետաքրքրությունը շատ մեծ է ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Հունաստանում, և մենք չենք կարող բացառել, որ այնտեղի ներդրողները հետաքրքրված կլինեն ու ձեռք կբերեն ազատ բաժանորդագրությամբ առաջարկված բաժնետոմսերը։ Բայց նույնիսկ այս գաղափարը դեռևս քննարկման փուլում է գտնվում, այդպիսի որոշում դեռևս ընդունված չէ, թե ինչպիսի փայամասնակցություն պետք է ունենան այս նախագծի մասնակիցները։
–Մի ճշտում. Դուք տեղեկություն ունե՞ք, թե՞ ենթադրում եք, որ Թուրքիան կարող է հետաքրքրված լինել։
–Տեղյակ եք, որ մեր ձեռներեցների միությունը հարաբերություններ ունի թուրք գործընկերների հետ, մասնակցում է նաև նրանց կոնֆեդերացիայի աշխատանքներին։ Մասնավոր հատվածից, թուրքական մեր այն գործընկերներից, որոնք աշխատում են ձեռներեցների միության հետ, այդպիսի ազդակներ ունենք։ Էներգետիկայի բնագավառը չափազանց հետաքրքրական բնագավառ է, քանի որ մենք էներգետիկայի ոլորտում ունենք բավականին լուրջ ռեսուրսներ, կարող ենք էլեկտրաէներգիա արտահանող լուրջ երկիր լինել։ Հասկանալի է, որ մեր հարևան պետությունները հետաքրքրություն ունեն այս ոլորտի նկատմամբ, և այդպիսի ազդակներ, իհարկե, մենք ստացել ենք։ Ստացել ենք, և դա գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ մասնավոր հատվածը հետաքրքրված է այդպիսի ձեռնարկներին մասնակցելու։
–Ես ուզում եմ Ձեզ վերադարձնել այն կոչը, որով ամիսներ առաջ Դուք դիմեցիք ԶԼՄ-ներին՝ առաջարկելով, որ օբյեկտիվ ու անաչառ տեղեկություններ մատուցեն ֆինանսական դաշտում ստեղծված իրավիճակի մասին, որ նպաստենք, որ մարդիկ ճիշտ կողմնորոշվեն։ Կարելի՞ է խնդրել, որ չառաջնորդվեք միայն լավ լուրեր ասելու սկզբունքով, և գոնե այս պայմաններում հստակ տեղեկատվություն տրվի, թե ինչ է մեզ սպասվում։
–Դուք դա կարող եք ոչ միայն խնդրել, այլ՝ կարող եք պահանջել։ Ես համոզված եմ, որ կառավարության սուրբ պարտականությունն է ճշմարիտ տեղեկատվություն մատուցել հասարակությանը։ Դա մեր պարտականությունն է, ավելին, եթե մենք ոչ ճշգրիտ տեղեկատվություն են մատուցում հասարակությանը, պետք է դրա համար պատասխանատվություն կրենք։ Եվ ես խստագույնս հետևում եմ, որ այն ողջ տեղեկատվությունը, որ մենք հրապարակում ենք՝ վիճակագրական տվյալները, ինդեքսները, լինեն ճշգրիտ, պահպանենք կոռեկտությունը։
Ինչ վերաբերում է քաղաքական հայտարարություններին, ապա ես այս հարցին պատասխանեցի, կարծում եմ՝ կհամաձայնեք, որ մենք պետք է հավատանք մեր ծրագրերին։ Պատկերացնո՞ւմ եք այդպիսի վարչապետ, որ իր ծրագրերին չհավատա։