Չորեքշաբթի, 16 Ապրիլի 2008
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
Իր առաջին ճեպազրույցում խոստացավ վարչապետ Տիգրան Սարգսյանը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում կայացած ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց, որ այս տարվա մայիսի 1-ից դադարեցվում է սակագների սուբսիդավորումը: «Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ նախագահի հանձնարարականով կառավարությունը պատրաստում է համալիր միջոցառումների ծրագիր, որի նպատակն է նախապատրաստվել 2008-2009 թվականների ձմեռային սեզոնին` հաշվի առնելով ոչ միայն գազի սակագների, այլև սննդամթերքի գների բարձրացումը ամբողջ աշխարհում և այն, որ այդ բացասական հետևանքներն արձանագրվում են նաև Հայաստանի Հանրապետությունում»,-հավաստիացրեց վարչապետը:
Այդ ուղղությամբ ՀՀ կառավարությունը նաև միջոցառումների համալիր ծրագիր է պատրաստում, որը կներկայացվի հանրության ուշադրությանը 2009թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Տ.Սարգսյանի խոսքերով` գաղտնիք չէ, որ էլեկտրաէներգիայի և գազի ծախսը կտրուկ ավելանում է հենց ձմեռային սեզոնի ընթացքում, և կառավարության նպատակն է լինելու սոցիալապես անապահով խավերին պաշտպանել սակագների բարձրացման խնդրից, և միջոցառումները պետք է լինեն թիրախավորված, առաջին հերթին ուշադրության կենտրոնում լինելու են սոցիալական նպաստներ ստացող 130 հազար ընտանիքները:
Վարչապետը հիշեցրեց, որ խնդրին կառավարությունը նախապատրաստվել է դեռես երկու տարի առաջ: 2008թ-ի բյուջեով նախատեսված էր լրացուցիչ 1 միլիարդ 200 միլիոն դրամ հատկացնել սոցիալապես անապահով խավերին հենց գազի սակագների բարձրացման բացասական հետևանքները մեղմելու համար և 130 հազար սոցիալական նպաստներ ստացող ընտանիքներն արդեն իսկ հունվարի 1-ից ստանում են լրացուցիչ նպաստներ, որպեսզի այս հիմնախնդիրը քիչ հոգս պատճառի այդ ընտանիքներին:
Տ.Սարգսյանը պարզաբանեց, որ սակագների բարձրացումը հիմնականում պայմանավորված է համաշխարհային միտումներով և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության կողմից վարվող քաղաքականությամբ: Մասնավորապես, ՌԴ-ն ազատականացնում է շուկան: Փուլ առ փուլ գազի գները հասցվելու են միջազգային գներին: «Մայիսին Հայաստան է ժամանելու ոլորտի ղեկավարը` պարոն Միլերը, որի հետ բանակցությունների ընթացքում կհստակեցվի համագործակցության երեք տարվա ռազմավարությունը:
Մեր նպատակն է լինելու նախապես տեղյակ պահել ձեռներեցներին և քաղաքացիներին սակագնային քաղաքականության վերաբերյալ, որպեսզի նրանք պատրաստ լինեն սակագների փոփոխությանը: Մեր նպատակն է լինելու նաև Հայաստանի Հանրապետությունում այնպիսի սակագնային քաղաքականություն իրականացնել, որպեսզի տարածաշրջանային մրցակցության և մեր նման երկրների հետ մրցակցելու առումով մենք չկորցնենք մեր հարաբերական առավելությունը, այն է` մեր սակագներն առավել ցածր են, քան հարևան պետություններում կամ մեզ հետ համադրելի երկրներում»,-ընդգծեց վարչապետը:
Նա նաև նշեց, որ որդեգրել է բաց, ազնիվ և շիտակ լինելու քաղաքականությունը: «Ոչինչ չունենք թաքցնելու մեր քաղաքացիներից, և մեր մոտեցումը լինելու է այն, որ մենք ճշմարտությունը մշտապես ներկայացնելու ենք մեր քաղաքացիներին: Կդիտվի՞ դա պոպուլիստական մոտեցում, թե ոչ` կդատեն մեր քաղաքացիները: Մենք արդարամիտ ժողովուրդ ենք և ազնիվ ու շիտակ մոտեցումն ավելի ընդունելի է, քան կեղծ պոպուլիզմը»,-նկատեց ՀՀ վարչապետը:
Արմենպրես