Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 հոկտեմբերի 2011

Գյուղացիներն ստանում են բնօգտագործման վճարների արտոնություն





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստի մասնակիցները վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգել են տասներկու տարի առաջ այս օրը ոճրագործներին զոհ գնացած ՀՀ պետականաշինության երախտավորների հիշատակը (վարչապետի խոսքը կայքում տեղադրվել է առանձին)։


Աջակցություն է ցուցաբերվում անտառամերձ բնակավայրերի անապահով ընտանիքներին

ՀՀ կառավարությունը որոշել է ոչ արտադրական նպատակով թափուկ վառելափայտի մթերման դեպքում անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ընտանիքների համար սահմանել բնօգտագործման վճարների գծով արտոնություն` ըստ բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների և սահմանափակումների 100 տոկոսի չափով։ Ակնկալվում է, որ որոշման ընդունումը թույլ կտա անտառամերձ բնակավայրերի մոտ 60 հազար ընտանիքներն առաջնահերթ ապահովել անվճար թափուկ վառելափայտով. նախկինում թափուկ վառելափայտ էր հատկացվում 1 խմ-ն 1200 դրամով։ Այս առնչությամբ ՀՀ վարչապետը նշել է, որ որոշումն ունի նաև հստակ սոցիալական ուղղվածություն. «Սահմանամերձ շրջաններում ապրող քաղաքացիներն այս հարցն արծարծել էին ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Եղավ Նախագահի հանձնարարականը` ուսումնասիրել իրավիճակը և գտնել այնպիսի լուծում, որը, մի կողմից, չի վտանգի անտառները, բայց մյուս կողմից կապահովի, որպեսզի բնականոն առաջացած թափուկներն այդ շրջաններում ապրող մեր գյուղացիները կկարողանան օգտագործել։ Այս որոշումն ապահովում է հենց այդ լուծումը։ Ավելորդ քաշքշուկ այլևս չի լինի, նաև իրավապահ մարմինները կարող են իրենց ուշադրության կենտրոնում պահել այս որոշումը` հնարավորություն տալով մեր գյուղացիներին օգտվել այդ թափուկներից»։
Հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ գյուղատնտեսության գերակա ճյուղ լինելը, կարևոր համարելով ջերմոցային տնտեսության զարգացումը և այդ համատեքստում արտաքին շուկաներում գյուղատնտեսական արտադրանքի առաջմղման շղթայի ձևավորման նշանակությունը, կառավարությունը որոշել է մասնակցություն ձեռք բերել «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ կապիտալում դրա 49 տոկոսի չափով և այդ նպատակով յուրաքանչյուրը 10 հազար դրամ անվանական արժեքով գնել ընդամենը 490 բաժնետոմս։ Նշված 4 մլն 900 հազար դրամը կհատկացվի ՀՀ կառավարության աշխատակազմին։ Որոշվել է նաև «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ կապիտալում ՀՀ պետական բաժնեմասի կառավարման իրավասությունը լիազորել ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականին` նրա համաձայնությամբ։ Ծրագիրը, որը հիմնականում նախատեսված է իրականացնել մասնավոր կապիտալի ներգրավմամբ, բացի ներդրողների համար շահավետ գործունեության ապահովումից, կունենա նաև մակրոտնտեսական և սոցիալական մի շարք դրական արդյունքներ։ Նշելով այս հանգամանքը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ այս փորձնական ծրագիրն աշխատատեղերի բավական մեծ աճ է խոստանում. «Եթե ջերմոցային տնտեսությունների զարգացման այս մոդելն իրեն արդարացնի, ապա մենք Հայաստանում՝ ջերմոցային տնտեսությունների մեծ ցանց ունենալու շնորհիվ ակնկալում ենք 40-50 հազար աշխատատեղերի ստեղծում։ Հիմնվող ընկերության նպատակը Հայաստանի Հանրապետությունում նման բիզնես ծրագրերի ներդրմանն օժանդակելն է»։
Իր նիստում կառավարությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմին թույլատրել է իրավաբանական անձանց սպասարկելու նպատակով իրեն սպասարկող գանձապետարանի ստորաբաժանումում բացել դեպոզիտային բանկային հաշիվ` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարումների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու համար։
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2012 թ. պետական ծրագրին և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին։ Ծրագրի նպատակն է իրականացվող միջոցառումներով կանխել ժողովրդագրական բացասական միտումները և կայունացնել իրավիճակը։
Գործադիրը վերաբաշխում է կատարել 2011 թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը թույլատրել Երևանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների գնումն իրականացնել բանակցային ընթացակարգի կիրառմամբ։ Փաստաթղթերի մշակմամբ կստեղծվեն թանգարանի հիմնանորոգման, լրացուցիչ չորրորդ հարկի և թանգարանին կից նոր կցակառույցի շինարարության նախադրյալներ։
 

Օրինագծերի փաթեթը նպաստելու է հարկային եկամուտների ավելացմանը

Իր նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2012 թ. պետբյուջեի կատարումն ապահովող լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ հարկային և հարակից օրենքների նախագծերի փաթեթին, որն ուղղված է հարկային եկամուտների ավելացմանը, գործարար միջավայրի բարելավմանը և ստվերային տնտեսության դեմ պայքարին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, մասնավորապես, մաքսային օրենսդրության առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ անհրաժեշտ է Եվրամիության փորձագետների եզրակացությունը, քանի որ դրանք պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին։ Բացի այդ, պետք է հաշվի առնվեն Ազգային ժողովի կոալիցիոն գործընկերների առաջարկություններն ու դիտողությունները, այնուհետև քննարկման արդյունքներն ամփոփվեն ՀՀ Նախագահի մոտ հրավիրվելիք խորհրդակցությունում։
ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Դատական ծառայության մասին» և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է նշված օրենքների կանոնակարգումները համահունչ դարձնել ընտրական օրենսգրքի մոտեցումներին։ Գործադիրն սկզբունքային առարկություն չի արտահայտել նախաձեռնության վերաբերյալ։
Կառավարությունը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որի ընդունման դեպքում, հեղինակի կարծիքով, էապես կմեծանան երաշխավորման ֆոնդի միջոցները և կապահովվի առավել մեծ կայունություն։ Կառավարության եզրակացության համաձայն նախագիծը լրամշակման կարիք ունի և ընդունելի կլինի իր առաջարկությունների հիման վրա լրամշակվելուց հետո։ Գործադիրը լրամշակման անհրաժեշտություն է մատնանշել նաև «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» և ևս յոթ ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթի վերաբերյալ, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մելիքյանը։
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Միաժամանակ, նկատի առնելով այն հանգամանքը, որ այդ օրենքի նախագծի մշակումը ներառված է ՀՀ կառավարության 2011 թ. գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկ, նախագծի հեղինակին առաջարկվել է համագործակցել կառավարության հետ` ճշգրտելու օրինագծի կարգավորման առարկայի և իրավահարաբերությունների շրջանակը։ Տիգրան Սարգսյանը շեշտել է միասնական նախագծով հանդես գալու և պատգամավորներին օրինագծի մշակման աշխատանքային խմբում ընդգրկելու կարևորությունը։
Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Պարզեցվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման գործընթացը

Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման և դրանց սեփականության իրավունքի պետական գրանցման գործընթացը պարզեցնելու, քաղաքացիներին (իրավաբանական անձանց) ավելորդ պարտականություններով չծանրաբեռնելու նպատակով ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած իր երկու որոշումներում և վերացրել նշված գործընթացներն իրականացնելիս տեխնիկական զննության և ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոններ ներկայացնելու պահանջը։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, ինչը բխում է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքից, որի համաձայն փոփոխվելու են ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը։ Մասնավորապես, կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներն այլևս չեն ունենալու ՀՀ զինանշանի պատկերով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ։ Այսպիսով, կադաստրի ոլորտում սկսվել է համակարգային բարեփոխում, որի նպատակն է գործառույթների իրականացման վարչարարության բարելավումը։
Կառավարության որոշմամբ հիմնադրվել է «Ուսուցման ազգային հիմնադրամ», հաստատվել դրա կանոնադրությունը։ Նոր հիմնադրամը լինելու է բաղկացուցիչ մասը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացման ծրագրի, որի նպատակն է այդ ոլորտի միասնական քաղաքականության իրականացումը։
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվի 2011 թ. գումարներն ուղղվում են Արտաշատի լճի և դրա շրջակայքի էկոլոգիական բարելավմամբ բնապահպանական ռիսկերի նվազեցման և հանգստյան գոտու ստեղծման ծրագրի ֆինանսավորմանը։
Գործադիրը որոշել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Սարյան 22 հասցեում գտնվող շենքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք ամրացնել ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին` մինչև իրականացվող ծրագրերի ավարտը։ Մեկ այլ որոշմամբ Երևանի Զաքյան փողոցի N2 շենքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք է ամրացվել «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` հետագայում այն ՀՀ փաստաբանների պալատին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու համար։ Առաջիկայում այդտեղ գործելու է փաստաբանների դպրոցը։
ՀՀ տարածքում շահագործվող շահումով խաղային էլեկտրոնային սարքավորումների միջոցով փողերի լվացումից, խարդախությունից կամ այլ տնտեսական հանցագործություններից և խաղային խաբեություններից խուսափելու նպատակով պատշաճ վերահսկողություն սահմանելու, ինչպես նաև միջազգային պրակտիկայում ընդունված լավագույն փորձին համապատասխան ՀՀ տարածքում Ազգային վիճակախաղ կազմակերպելու նպատակով կառավարությունը որոշել է ՀՀ ֆինանսների նախարարին լիազորել «Ամայա գեյմինգ գրուպ» կորպորացիայի հետ, որը հիմնադրվել և գործում է Կանադայի Քվեբեկի նահանգի օրենսդրության համաձայն, կնքել պայմանագիր, որով ՀՀ տարածքում կիրականացվի շահումով խաղային սարքերի կենտրոնական հաշվետու համակարգի և ազգային վիճակախաղի ներդրումը։ Նաև որոշվել է վերը նշված կորպորացիայի սեփականություն հանդիսացող և ՀՀ տարածքում գրանցված «Ամայա-Արմենիա» ՍՊԸ հետ հիմնադրել 200 մլն դրամ կանոնադրական կապիտալով և երկու հասարակ բաժնետոմսով «Պետական լոտո» ՓԲԸ, որի 50 տոկոս բաժնեմասը 100 մլն դրամ արժեքով կպատկանի Հայաստանի Հանրապետությանը, իսկ մնացած 50 տոկոս բաժնեմասը 100 մլն դրամ արժեքով` «Ամայա-Արմենիա» ՍՊԸ-ին։ Ակնկալվում է, որ վերը նշված պայմանագիրն ստորագրելու արդյունքում ՀՀ պետբյուջեի եկամուտը 2012 թ. կավելանա երկու, իսկ 2013 թ.` շուրջ յոթ միլիարդ դրամով։


Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Գեղարքունիքի մարզի Դդմաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին։
Գործադիրը փոխել է Սյունիքի մարզի Սյունիքի, Արագածոտնի մարզի Ոսկեվազի, Վայոց ձորի մարզի Եղեգիսի գյուղական համայնքների հողերի նպատակային նշանակությունը` համապատասխանաբար գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման, բնակելի կառուցապատման, փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար։ Մեկ այլ որոշմամբ փոխվել է Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) քաղաքային համայնքի հողերի մի մասի կատեգորիան` գյուղատնտեսական արտադրության օբյեկտների կազմակերպման համար։
Կառավարությունը որոշել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ին տալ վտանգավոր` բժշկական թափոնների վնասազերծման արտոնագիր։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ