ուրբաթ, 5 օգոստոսի 2011
Վարչապետն ընդունել է Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում  Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժեբրայիլ Ժեարային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: 
Ողջունելով դեսպանին կառավարությունում` վարչապետը բարձր է գնահատել հայ-լիբանանյան հարաբերությունների ներկա մակարդակը: Տիգրան Սարգսյանը կարևորել է Ժեբրայիլ Ժեարայի  աշխատանքը Հայաստանում` երկկողմ հարաբերություների զարգացման և ամրապնդման գործում: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` պաշտոնավարման ութ տարիների ընթացքում հայ-լիբանանյան միջպետական հարաբերությունների մակարդակի բարձրացման նպատակով ներդրած ավանդի համար: 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ժեբրայիլ Ժեարան հավաստիացրել է, որ իր երկրի կառավարությունը ևս նպատակաուղղված է ջանքեր  գործադրելու` հայ-լիբանանյան հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու և զարգացնելու համար: Դեսպանը տեղեկացրել է, որ լիբանանյան մի քանի ընկերություներ հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ` ապահովագրական և ծառայությունների մատուցման ոլորտներում:   
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանն ու Լիբանանը, ունենալով բազմաթիվ ընդհանրություններ և երկու երկրների ժողովուրդների միջև հաստատված պատմական ավանդույթներ, մշտապես շարունակելու են արդյունավետ համագործակցությունը:
***
Նշենք, որ Հայաստանում լիբանանյան կապիտալի մասնակցությամբ արդեն գործում են մոտ 100 ընկերություններ, հիմնականում, փոքր և միջին համատեղ ձեռնարկություններ: Մեր երկրում վերջին տարիների ընթացքում ակտիվ գործունեություն ծավալած լիբանանյան ընկերությունները ներդրումներ են իրականացրել Հայաստանի բանկային, ապահովագրական, անշարժ գույքի և այլ տեսակի ծառայությունների մատուցման ոլորտներում: 
            







