ուրբաթ, 11 մարտի 2011
Կառավարությունում կայացել է «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության («ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ) կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ 
Օրակարգի  առաջին հարցով քննարկվել և հաստատվել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք հատկացման 19-րդ հայտը` կից փաստաթղթերով, համաձայն  որի` 2011թ. երկրորդ եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 19,948,405 (տասնինը միլիոն  ինը հարյուր քառասունութ հազար չորս հարյուր հինգ) ԱՄՆ դոլար, որից 19,522,507 ԱՄՆ դոլարն ուղղվելու է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին,  մնացած մասը` մոնիթորինգի և գնահատման ու ծրագրի կառավարման և վերահսկողության ծախսերն են: 
Կառավարման խորհուրդը քննարկել և հաստատել է ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգման ենթակառուցվածքների բաղադրիչի շրջանակներում վերականգնվող երրորդ կարգի ջրանցքների Առաջին փաթեթի պայմանագրի ժամկետի երկարաձգման, ՀՄՀ-Հայաստան ծրագրի բոլոր հիմնական բաղադրիչների Գործընթացի որակական վերլուծություն անցկացնելու պայմանագրի ժամկետի երկարաձգման, Շենիկի ինքնահոս համակարգի  հավելյալ հատվածի, ինչպես նաև երրորդ կարգի հավելյալ 10 ջրանցքների  կառուցման հարցերը: 
Նիստում Կառավարման խորհրդի անդամներին ներկայացվել է տեղեկատվություն վերականգնվող «Նոյեմբերյան-1» պոմպակայանի պատվարի վերակառուցման աշխատանքների ընթացքի և «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի շրջանակներում մշակված Ոռոգման ռազմավարությունից բխող իրավական ակտերի և փոփոխությունների փաթեթի հաստատման ընթացքի վերաբերյալ: 
 
            








