շաբաթ, 26 սեպտեմբերի 2009
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն  այցելել է Վ. Բրյուսովի անվան Երևանի  պետական լեզվաբանական համալսարանի  նոր մասնաշենքի բացման արարողությանը։ ՀՀ վարչապետը շրջել է նոր կառուցված մասնաշենքում, ծանոթացել է շենքային պայմաններին եղել է համակարգչային կենտրոնում և ընթերցասրահում։
Վարչապետը ներկաներին շնորհավորել է կրկնակի տոնի կապակցությամբ, քանզի այսօր նշվում է նաև Լեզուների եվրոպական օրը, ինչն անմիջական կապ ունի համալսարանի առաքելության հետ։ Վարչապետը շեշտել է. «Ժամանակակից  աշխարհի կարևորագույն հատկանիշներից մեկն այն է, որ այն արագ  փոքրանում է,  և շփումները ազգերի միջև  դառնում են ավելի ինտենսիվ»։ 
Գործադիրի ղեկավարի համոզմամբ «արագ փոքրացող  աշխարհում ազգերի միջև շփումները  ենթադրում են, որ մենք   պետք է ավելի մեծ ուշադրություն  դարձնենք  լեզուներին։ ժամանակակից աշխարհը  հնարավոր չէ  պատկերացնել  առանց օտար լեզուների իմացության»։
ՀՀ վարչապետը նշել է նաև, որ այսօր  առաջ են գալիս ազգային ինքնության  խնդիրները, քանզի ազգերի  զարգացումը հանգեցնելու է նրան, որ փոքրաթիվ  ազգերը հաջողության հասնելու համար պետք է բազմաթիվ  լեզուներ սովորեն և միևնույն ժամանակ ամուր լինեն իրենց ինքնության մեջ։ 
Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարության կարևորագույն թիրախներից մեկը կրթությունն է քանզի 21-րդ  դարը, կրթված, բանիմաց  մարդկանց դար է լինելու։ 
 
            






