չորեքշաբթի, 16 սեպտեմբերի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր «Էրեբունի Պլազա»  հյուրանոցային համալիրում   մասնակցել  է  «Տնտեսություն և  արժեքներ»  հետազոտական կենտրոնի  պատրաստած «2009թ. Հայաստանի ազգային մրցունակության  զեկույցի» շնորհանդեսին։
Զեկույցում  գնահատվել է Հայաստանի նորարարության կատարողականը տարբեր երկրների   համեմատությամբ,  կարևորվել  նորարարության առանձնահատուկ դերը  գիտելիքահենք տնտեսության ձևավորման գործընթացում։ Այն նպատակ  ունի օժանդակել  մասնավոր և հանրային  հատվածների միջև  ընդգրկուն քննարկումների կայացմանը և արդյունավետ  նորարարական  ազգային համակարգի  ձևավորմանը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն  իր ելույթում, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, նշել է. «Հետաքրքրական են այն օրինակները, որոնք զետեղված են զեկույցում և այն երկրների փորձը, որոնք հասել են հաջողության, և ամեն մի երկիր գտել է հաջողության հասնելու իր ուրույն բանաձևը, թե ինչպես կարելի է խթանել նորարարությունը, ինչպես կարելի է ապահովել նորարարության և տնտեսության կապը, թե ինչ գործիքներով կարելի է կառուցել արտադրության և նորաստեղծության միջև համագործակցությունը,  լրացնել այն բացը, որն այսօր առկա է մեր հանրապետությունում»։
Ըստ ՀՀ վարչապետի` չնայած համաշխարհային ճգնաժամի հարուցած հետևանքներին` ՀՀ կառավարությունը անում է ամեն ինչ, որպեսզի պատվով հաղթահարի այս փորձությունը։ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ զեկույցը տարբեր ծրագրերում կհանդիսանա լուրջ բարեփոխումների խթան։
 
            








