երեքշաբթի, 27 հունվարի 2009
ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Քեյ-Փի-Էմ-Ջի» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին` Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ երկրների  ավագ գործընկեր Էնդրյու Քրենստոնի գլխավորությամբ։
Պարոն Քրենստոնը ներկայացրել է Հայաստանում «Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը։ Նա նշել է, որ «Քեյ- Փի-Էմ-Ջի»-ն հանդիսանում է  աուդիտորական, հարկային և խորհրդատվական ծառայություններ մատուցող մասնագիտացված ընկերությունների  ցանց, որի նպատակն է աշխատակազմի գիտելիքներն օգտագործել ի շահ հաճախորդների, աշխատակիցների և շուկաների։ Նշելով, որ «Քեյ-Փի-Էմ-Ջի»-ն Հայաստանում իր գրասենյակը հիմնել է 1997թ.-ին,   Էնդրյու Քրենստոնը հավաստել է, որ ընկերության գրասենյակների լայնածավալ ցանցն ապահովում է անհրաժեշտ ռեսուրսներ` բարձրորակ ծառայություններ մատուցելու համար։  Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանում, ԱՊՀ մի շարք այլ  երկրների համեմատությամբ, բարենպաստ  գործարար միջավայրի ստեղծման համար, ինչը հնարավորություն է տալիս «Քեյ-Փի-Էմ-Ջի»  ընկերությանը, նաև տարածաշրջանի որոշ  երկրների համեմատ, ընդլայնելու և զարգացնելու իր բիզնեսը Հայաստանում։ Էնդրյու Քրենստոնը տեղեկացրել է, որ  ընկերությունն այսօր  արդեն ՀՀ-ում ունի մոտ 100 աշխատակից, որոնց թիվը,  համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի պայմաններում անգամ, կրճատելու մտադրություն չունի։ (Վրաստանում, օրինակ,  գործունեության երկու տարիների ընթացքում ընկերության աշխատողների թիվը, ըստ պարոն Քրենստոնի, 30-ից չի անցնում)։ Նա նշել է, որ լավատեսորեն է տրամադրված Հայաստանի Հանրապետությունում «Քեյ- Փի-Էմ-Ջի»-ի բիզնեսը երկարաժամկետ հեռանկարում  զարգացնելու հարցում։ 
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություն է  մաղթել ընկերությանը հետագա գործունեության ընթացքում` հավաստելով ՀՀ կառավարության պատրաստակամությունը,  իրավասության շրջանակներում, ընկերությանն աջակցելու  հարցում։
 
            







