չորեքշաբթի, 27 նոյեմբերի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի է ունեցել սահմանամերձ հողատարածքների ականազերծման, դրանց հետագա օգտագործման խնդիրների կանոնակարգման նպատակով մեկ տարի առաջ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ: Նշվել է, որ անցած ժամանակաընթացքում ինչպես հանձնաժողովի, այնպես էլ դրա շրջանակներում ստեղծված մարզային աշխատանքային խմբերի կողմից զգալի աշխատանքներ են կատարվել՝ մասնավորապես մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող սահմանամերձ տարածքների հողերի տեսակավորման, դրանց իրական չափերի ճշգրտման, նշված տարածքներում հողի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք ունեցող ընտանիքների փաստագրման ուղղությամբ։ Այդուհանդերձ, կան դեռևս չլուծված կամ լուծման ընթացքի մեջ գտնվող խնդիրներ։ Այդ կապակցությամբ որոշվել է շարունակել միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը։
Ընդհանուր առմամբ, անցած մեկ տարում կատարվածը գնահատելով դրական, վարչապետը մի շարք նոր հանձնարարականներ է տվել համապատասխան նախարարներին, մարզպետներին ու գերատեսչությունների ղեկավարներին մեկ ամիս ժամկետ սահմանելով դրանց վերջնական լուծման համար։