Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 մայիսի 2008


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Մինչ օրակարգի հարցերին ացնելը վարչապետն անդրադարձել է կառավարության նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքին: «Առավոտ» օրաթերթում ՀՀ Սյունիքի մարզպետի հետ կապված հրապարակման կապակցությամբ տրված հանձնարարականի համաձայն իրականացված ծառայողական քննության արդյունքների վերաբերյալ կառավարությանը տեղեկատվություն է տրամադրել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Նա, մասնավորապես նշել է.


«Ապրիլի 28-ին ստեղծվել է հանձնաժողով` տեղում տեղեկատվության հավաստիությունն ուսումնասիրելու համար: Հանձնաժողովը սույն թվականի ապրիլի 28-29-ը մեկնել է Գորիս քաղաք և պարզել, որ «Առավոտ» թերթի հոդվածում նշված` Սյունիքի մարզպետի կողմից Գորիսի գրախանութի աշխատակից Հայկի 12-ամյա որդուն ծեծի ենթարկելու փաստն իրականությանը չի համապատասխանում, ինչը հիմնավորում են հանձնաժողովի հանդիպումներն ու զրույցները Հայկ Կարապետյանի և նրա որդի Գոռ Կարապետյանի, ինչպես նաև քոլեջ -վարժարանի տնօրենի, դասղեկի և ոստիկանության Գորիսի բաժնի պետի հետ: Միաժամանակ, ծնողների համաձայնությամբ, Գոռ Կարապետյանը ենթարկվել է դիմածնոտային ռենտգեն զննության, որի արդյունքում ոսկրային վնասվածքներ չեն հայտնաբերվել (կցվում է բժշկական եզրակացությունը, ինչով հերքվում է հոդվածում նշված` ծնոտը կոտրվելու փաստը): Սույն թվականի ապրիլի 29-ին «Առավոտ» թերթի հերթական համարում հրապարակվեցին նոր մանրամասներ քննվող միջադեպի վերաբերյալ: Այդ կապակցությամբ հանձնաժողովի նախագահը` Հովիկ Հովսեփյանը, գրավոր դիմել է գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին` վերը նշված հոդվածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով: Արամ Աբրահամյանի պատասխանից հանձնաժողովին հայտնի է դարձել, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Գոռ Կարապետյանի, այլ ոմն Եղիշե Անթանոսյանի հետ: Հանգամանքները ճշտելու նպատակով, հանձնաժողովի նախագահը ս.թ. մայիսի 1-ին կրկին գործուղվել է Գորիս և հանդիպել Եղիշե Անթանոսյանի հոր` Վահրամ Անթանոսյանի և N2 դպրոցի (որտեղ սովորում է Եղիշե Անթանոսյանը) տնօրենի և վերջինիս դասղեկի հետ: Հայրը հայտնել է, որ ապրիլի 10-ին իր տղայի և մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդիների միջև տեղի է ունեցել կենցաղային բնույթի վեճ, որի ընթացքում Սուրեն Խաչատրյանի որդին ծեծի է ենթարկվել: Միջադեպը քննարկելու և ծագած խնդիրները հարթելու նպատակով, Եղիշե Անթանոսյանի հայրը` Վահրամ Անթանոսյանը, հանդիպում է ունեցել Սուրեն Խաչատրյանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Արդյունքում երեխաների միջև ծագած վեճը հարթվել է, և ծնողները միմյանց նկատմամբ պահանջ չունեն: Կցվում են նաև ծնողների գրավոր բացատրությունները: Եղիշե Անթանոսյանը պատմել է, որ տեղի է ունեցել կենցաղային բնույթի վեճ` իր և մարզպետի տղայի միջև, որը հարթվել է, և ինքը որևէ խնդիր չունի: Ընդ որում` Եղիշե Անթանոսյանի հետ հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահը ծնոտի կոտրվածք կամ որևէ լուրջ վնասվածք անզեն աչքով չի նկատել: Հայտնում եմ նաև, որ ս.թ մայիսի 5-ին ինձ մոտ տեղի է ունեցել քննարկում` հանձնաժողովի և մարզպետ Սուրեն Խաչատրյանի մասնակցությամբ: Սուրեն Խաչատրյանը ներկայացրել է գրավոր բացատրություն վերը նշված դեպքի վերաբերյալ, որը նույնպես կցվում է:


Այսպիսով, ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ տեղի է ունեցել կենցաղային բնույթի վեճ` վերը նշված երեխաների միջև, որի հանգամանքները պարզել են ծնողները և այն հարթվել է, այդ իսկ պատճառով նպատակահարմար չեն գտել կատարվածին իրավական ընթացք տալ»:


Նշելով, որ սա ՀՀ կառավարության հանձնարարականով իրականացված առաջին ծառայողական քննությունն է, վարչապետն ընդգծել է ԶԼՄ-ների հետ աշխատալու, հասարակական մեծ հնչեղություն ունեցող հրապարակումներին ժամանակին և սպառիչ կերպով արձագանքելու հստակ մեխանիզմների և սկզբունքների ամրագրման կարևորությունը.


«Մոտեցումը լինելու է հետևյալը. բոլոր նախարարություններն ունեն լրատվական ծառայություններ, այդ լրատվական ծառայությունները պետք վերլուծեն մամուլը և ղեկավարին զեկուցեն կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ, որոնք առնչվում են նախարարության գործունեությանը: Այսինքն` այդպիսի վերլուծությունը պահանջելու է պրոֆեսիոնալիզմ: Եվ չափազանց կարևոր է, որ լինի երկխոսություն ԶԼՄ-ների հետ: Այդ նպատակին հասնելու համար մենք կազմակերպելու ենք սեմինարներ, որոնց մասնակցելու են ինչպես նախարարությունների լրատվական ծառայությունների ղեկավարները, այնպես էլ ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Հրավիրելու ենք լավագույն մասնագետների, որպեսզի դասավանդեն և, կարծում եմ, այդ երկխոսության շնորհիվ նաև կկարողանանք հստակեցնել այն չափանիշները, որոնցով ղեկավարվելու ենք ծառայողական քննություններ իրականացնելիս: Սյունիքի այս դեպքը մեզ համար ուսանելի էր. որովհետև պարզվում է, որ ոչ թե երեխան 12 տարեկան է, այլ 16, ոչ թե այդ երեխային են ծեծել, այլ այդ երեխան է ծեծել, ոչ թե ծնոտն է կոտրվել, այլ այդպիսի բան չկա, որ նաև բողոքողներ չկան, համերաշխություն է տիրում և այլն: Այսինքն` պատկերը, որ ներկայացվում էր, բոլորովին այլ էր, քան այն, ինչ մենք պարզեցինք ծառայողական քննության արդյունքում: Իհարկե, սա նաև նշանակում է, որ եթե մենք պատասխանատու ենք այսպիսի հրապարակումների համար, ԶԼՄ-ները նույնպես գիտակցելու են իրենց պատասխանատվությունը, որովհետև մենք անհետևանք չենք թողնելու նման հրապարակումները: Միևնույն ժամանակ, ես պետք է շնորհակալություն հայտնեմ լրագրող Աննա Իսրայելյանին, որովհետև նա այս ծառայողական քննության ընթացքում համագործակցել է մեզ հետ, և նրա ակտիվ մասնակցությամբ էլ մեզ հաջողվել է իրականում բացահայտել, թե ինչ է տեղի ունեցել Գորիսում:


Մամուլում երկու կարևոր հրապարակումներ կան, որոնց ևս պետք է անդրադառնանք ձեզ հետ միասին: Առաջին հրապարակումը վերաբերում է թունաքիմիկատների և ազոտական պարարտանյութերի ներկրման խնդրին: Այն բազմիցս բարձրացվում է մամուլում, խնդրին անդրադարձել են նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը և «Գոլոս Արմենիի» թերթը: Բացատրությունները, որ տրվել են գյուղատնտեսության նախարարության կողմից, չեն բավարարում հեղինակներին և հանրությանը, ու քննարկումներն այս խնդրի շուրջ շարունակվում են: Մասնավորապես, թե ինչպիսի՞ն է գնագոյացումը շուկայում, որո՞նք են ազոտական պարարտանյութերի ներկրման մեխանիզմները և, ընդհանրապես, ինչպիսի՞ն է թունաքիմիկատների որակը: «Գոլոս Արմենիի» թերթը հանդես է եկել նախաձեռնությամբ` կազմակերպելու «կլոր սեղաններ», և ես հանձնարարում եմ գյուղատնտեսության նախարարին` իրենց մասնագետների հետ միասին, մասնակցել այդ «կլոր սեղաններին» և այդ հոդվածների հեղինակներին տալ անհրաժեշտ բացատրություններ, սպառիչ պատասխաններ: Եթե մենք ունենք պրոբլեմներ, ապա դրանք պետք է հասկանալի լինեն` ե՛ւ մեզ համար, ե՛ւ հասարակության համար:


Երկրորդ խնդիրը, որը նույնպես հրապարակումների առարկա է ` գազի լցակայաններում գների թանկացումն է: Մենք բոլոր սեփականատերերին գիտենք` այսօր ՀՀ-ում 214 գազի լցակայաններ կան: Խնդիրը կայանում է հետևյալում. արդյո՞ք մրցակցային է այդ շուկան, թե` ոչ : Եվ երկրորդը` ձևավորվո՞ւմ են այդ շուկայում գերշահույթներ, թե` ոչ: Պարոն Շահնազարյանն արդեն իսկ սկսել է քննություն, որը մոտակա երեք օրերի ընթացքում տվել է դրական արդյունք, և շատ լցակայաններ արդեն գները նվազեցրել են: Մենք հանրությանը կզեկուցենք այդ քննության արդյունքների մասին և թե ինչպիսին է այդ շուկայում իրավիճակը:


Երրորդ խնդիրը, որ մտահոգում է մեր հանրությանը, սոցիալական նպաստների և թոշակների հարաբերակցությունն է, այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել հունվարի 1-ից: Ցավոք, դեռևս հարցադրումները շատ են և տարընթերցումները նույնպես շատ են: Եվ ես պետք է խնդրեմ, որպեսզի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այսօր, կառավարության նիստից հետո, ևս մեկ անգամ պարզաբանումներ տա լրատվական միջոցներին, որովհետև շատ հաճախ պարզվում է, որ կան թյուրըմբռնումներ:


Եվ վերջին հարցը, որին պետք է անդրադառնանք, այն է, որ կառավարության կողմից ստացվող դիմում-բողոքների 50 տոկոսը վերաբերում է Երևան քաղաքի անօրինական շինարարությանը: Ակնհայտ է, որ մենք պետք է արձագանքենք, որովհետև դա շարունակական բնույթ է կրում, բողոքների ծավալը մեծ է, և մենք պետք է հասկանանք, թե ինչպե՞ս ենք այդ հարցին պատասխան տալու: Դրա համար կանցկացնենք խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի հասկանանք, թե ի՞նչն է այստեղ խնդիրը` կամ օրենսդրական փոփոխություններ պետք է անենք, կամ վարչարարության ոլորտում պետք է փոփոխություններ կատարվեն, որպեսզի այս հարցերին տրվի սպառիչ պատասխան»:


Նկատի ունենալով, որ սա ՀՀ կառավարության առաջին նիստն է` ՀՀ ազգային ժողովի կողմից կառավարության ծրագրի հաստատումից հետո, վարչապետը որոշակի հանձնարարականներ է տվել` կառավարության ծրագրի իրականացման գործընթացի մոտեցումների վերաբերյալ.


«Առաջին հանձնարարականը, որ տրվում է բոլոր նախարարներին հետևյալն է` 2008թ. իրենց գերատեսչությունների առաջնային խնդիրների վերաբերյալ նրանք պետք է հանդես գան ԶԼՄ-ներում` ներկայացնելով 2008թ. կառավարության ծրագրի գերակայությունները: Ընդ որում, նախարարները պետք է հստակ ձևակերպեն այն ակնկալվող արդյունքները, որ 2008թ. կառավարության ծրագրի իրականացման առումով, մենք պետք է ունենանք: Սա ՀՀ նախագահի հստակ դիրքորոշումն է: Նախարարները պետք է հստակ ձևակերպեն ակնկալվող արդյունքները: Երկրորդ հանձնարարականը` նախարարները հստակ պետք է ձևակերպեն 2008-2012թթ. ծրագրերի գերակայությունները և նույնպես անդրադառնան դրանց ակնկալվող արդյունքներին: Ձեզ արդեն իսկ ուղարկվել են նամակներ և աղյուսակներ, որտեղ հստակ տրված են, թե ինչպե՞ս պետք է այդ աղյուսակները լրացվեն և ի՞նչ ձևակերպումներ տրվեն, որպեսզի համադրելի լինեն բոլոր նախարարությունների ծրագրերը, և մենք կարողանանք հաշվետվություն տալ հասարակությանը: Կառավարության գործունեության հիմնական դատավորը լինելու է ժողովուրդը: Դա նշանակում է, որ հստակ գործիքներ պետք է տանք ժողովրդին, որպեսզի կարողանա վերահսկել` արդյո՞ք մենք հասնում ենք մատնանշված նպատակներին: Երրորդը` մենք հայտարարել ենք համազգային 5 ծրագրերի սկզբի մասին, ստեղծվել են 5 հանձնաժողովներ` Էկոնոմիկայի, առողջապահության, կրթության, ֆինանսների նախարարների ղեկավարությամբ: Այդ 5 համազգային ծրագրերը ներկայացնելու ենք հանրության քննարկմանը: Հանձնարարականը հետևյալն է` մեկ ամսվա ընթացքում հայեցակարգային դրույթները դարձնել հանրային քննարկման առարկա:


Հաջորդ հարցը` կարգապահությունն է նախարարություններում և կատարողականները: Նախագծերի 50 տոկոսը, որ կառավարությունը ստանում է, մերժվում է և հետ է ուղարկվում: Ընդ որում` այդ 50 տոկոսից 15-ը իրավաբանական տարրական կանոնների խախտումներով են ներկայացվում: Այս խնդիրը դառնալու է մեր քննության առարկան: Մի կողմից` մենք ունենք նախարարություններ, որոնք առավոտից մինչև ուշ երեկո աշխատում են, բայց ունենք նաև նախարարություններ, որոնց աշխատանքն սկսվում է 10-ին, աշխատանքային ժամերին աշխատակիցները բացակայում են, և դա լուրջ պրոբլեմ է: Խնդրում եմ բոլոր նախարարներին ուշադրություն դարձնել կարգապահության վրա` աշխատանքն սկսվում է ժամը 9-ին և ավարտվում ժամը 6-ին: Կատարողականների վերաբերյալ. մենք ունենք լուրջ պրոբլեմ գնահատելու, թե մեր աշխատակիցները որքանո՞վ են արդյունավետ աշխատում: Տրվում է հանձնարարական աշխատակազմի ղեկավարին` քաղաքացիական ծառայության խորհրդի հետ միասին, մեկ ամսվա ընթացքում ներկայացնել առաջարկություններ: Առաջինը` ինչպե՞ս ենք բարձրացնելու արտադրողականությունը, ինչպիսի՞ չափանիշներով ենք գնահատում արտադրողականությունը և ինչպե՞ս ենք գնահատում մեր աշխատողներին, որպեսզի արդյունավետ պարգևատրման համակարգ ունենանք: Երկրորդը` պետք է ներկայացնեք առաջարկություններ, թե ի վիճակի՞ ենք, արդյոք, մենք իրականացնելու կրճատումներ և աշխատավարձի ֆոնդի հաշվին կտրուկ բարձրացնելու մեկ աշխատողի աշխատավարձը: Մենք ծրագրավորում ենք 2009 թվականից կտրուկ ավելացնել քաղաքացիական ծառայությունում ընդգրկված աշխատողների աշխատավարձը` կտրո՛ւկ: Մենք տարածաշրջանում չենք դիմանում մրցակցությանը: Վրաստանում և Ադրբեջանում քաղծառայողների աշխատավարձերը երկու, երկուսուկես անգամ ավելի բարձր են, քան ՀՀ-ում: Եվ եթե մարդիկ ստանում են ցածր աշխատավարձ, հասկանալի է, որ մենք կորցնում ենք մրցունակությունը, այսինքն, որակյալ մասնագետներ չենք կարողանում ներգրավել, որովեհետւ նրանք նախընտրում են մասնավոր հատվածը: Եթե կտրուկ բարձրացնելու ենք քաղծառայողների աշխատավարձերը, ապա էական նշանակություն է ստանում, թե ինչպե՞ս ենք գնահատելու նրանց արտադրողականությունը և աշխատանքի որակը: Դրա համար անհրաժեշտ է մեկ ամսվա ընթացքում ստանալ ձեր առաջարկությունները, որպեսզի 2009թ. պետական բյուջեի պլանավորման ժամանակ կարողանանք արդեն համարձակորեն բարձրացնել աշխատավարձերը:


Եվ վերջին հարցը` դա Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների պատվովճարների հարցն է: ՀՀ նախագահը հանձնարարական էր տվել մեզ, որպեսզի քննարկենք պատվովճարների բարձրացման խնդիրը: Ես քննարկել եմ այս հարցը ֆինանսների նախարարի հետ. մենք այդ հնարավորությունն ունենք, և պատերազմի վետերանների պատվովճարները կտրուկ ավելացնելու ենք: Հանձնարարվում է ֆինանսների նախարարին` համապատասխան որոշման նախագիծը ներկայացնել կառավարության հաստատմանը և հուլիսի 1-ից պատվովճարները կրկնապատկվելու են»:



Այնուհետև անցնելով օրակարգի հարցերի քննարկմանը, ՀՀ ընտանեկան օրենսգրքին համապատասխան, կառավարությունը հաստատել է երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու համար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների վճարման կարգը և չափը, ինչպես նաև «Խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին» պայմանագրի ձևը: Որոշման ընդունումը պայմանավորված է 2004թ. նոյեմբերի 9-ին ընդունված ՀՀ ընտանեկան օրենսգրքում խնամատար ինստիտուտի ներդրման, դրա հետ կապված իրավական դաշտի ստեղծման անհրաժեշտությամբ: Վարչապետը հանձնարարել է ԶԼՄ-ներով լայնորեն լուսաբանել հարցը: Մասնավորապես, տեղեկացնելով, թե այդ ընտանիքներում ինչպիսի՞ մթնոլորտ է, երեխաներն ինչպե՞ս են ինտեգրվում ընտանիքներում: «Կարծում եմ, սա չափազանց կարևոր խնդիր է, և մենք պետք է խրախուսենք, որպեսզի հայ երեխաները հայկական ընտանիքներում դաստիարակվեն` Հայաստանում: Պետք է խրախուսենք, որ մեր հայ ընտանիքները վերցնեն երեխաներին և բացառենք հայ երեխաներին արտասահման տանելն ու օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրելը: Կարծում եմ, եթե լինի հասարակության կողմից ընկալում այդ խնդրին, և մենք հանրությանը սա ճիշտ ներկայացնենք, կարող ենք այստեղ ինչ-որ փոփոխություն կատարել` դրական իմաստով», - նշել է վարչապետը:


Նիստում գործադիրը որոշել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից ՀՀ կառավարությանը որպես նվիրաբերություն տրամադրված 13 մլն յուան գումարի հաշվին 2008թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության համար նրա ներկայացուցիչ «Նուռնուս» ՍՊԸ-ի հասցեով ներմուծված 50 միավոր տրակտորը` համալրված կցվող այլ գյուղատնտեսական տեխնիկայով, իրացնել բաց աճուրդով: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսութան և ֆինանսների նախարարներին` նշված գյուղատնտեսական տեխնիկայի եռամսյա ժամկետում չիրացվելու դեպքում, ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն դրա հետագա տնօրինման վերաբերյալ:


Մեկ այլ որոշմամբ թույլատրվել է Երևանի քաղաքապետին, ՀՀ Շիրակի, Լոռու և Արմավիրի մարզպետներին` ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 15-ի N1329-Ա որոշմամբ հանրապետության մի շարք դպրոցներին հատկացված գումարների հաշիվներում առկա մնացորդը ծախսել ուսումնական հաստատություններում աշխատանքները երկարօրյա


ռեժիմով կազմակերպելու համար:


Կառավարությունը որոշում է ընդունել Երևան քաղաքի Փ. Բուզանդ փողոցի թիվ 107 հասցեի և դրա հարևանությամբ իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ: Որոշումն ընդունվել է` հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը և ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները: Որոշումն ընդունվել է` հետևյալ հիմավորումներով.


ա) ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից, Փ. Բուզանդ փողոցի թիվ 107 հասցեից և դրա հարևանությամբ գտնվող տարածքից կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն և հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը, որի փոխարեն կկառուցվեն բազմաֆունկցիոնալ միջին և բարձր հարկայնությամբ շենք և շինություններ, որոնք կնպաստեն նոր բնակարանային ֆոնդի, ինչպես նաև հասարակական տարածքների (խանութներ, սրճարաններ, ցուցասրահներ և այլն) ավելացմանը: Տարածքում, կառուցապատման ծրագրի շրջանակներում, ստեղծվելու են նոր ճանապարհ, ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, ինչպես նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները,


բ) համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, Փ. Բուզանդ փողոցի թիվ 107 հասցեն և դրա հարևանությամբ գտնվող տարածքը, հարակից արդեն իսկ կառուցապատված և կառուցապատվող տարածքների հետ, կհանդիսանա որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում,


գ) կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղերը հնարավորություն կընձեռեն նվազեցնելու Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածությունը:


Սահմանվել է, որ որոշման մեջ նշված տարածքի ձեռքբերող է հանդիսանում «ԴԱԿՌՈԻՍ» ՍՊԸ-ն, իսկ սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Երևանի քաղաքապետարանն է: Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ է սահմանվել` որոշումն ուժի մեջ մտնելու պահից հաշված 1 տարին: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին` որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում այն պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և սեփականության նկատմամբ պետական գրանցում և գույքային իրավունքներ ունեցող անձանց:


«ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 3 մլն դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճընի արվեստի դպրոցի երկրորդ հարկի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ֆինանսավորման համար:


ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդից 5 մլն 250 հազար դրամ է հատկացրել ՀՀ Շիրակի մարզպետարանին, 10 մլն 500 հազար դրամ` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին և 2 մլն 625 հազար դրամ` ՀՀ Արմավիրի մարզպետարանին: Գումարները հատկացվել են ՀՀ-ում 2008թ. գարնանային հեղեղումների հետ կապված առաջնահերթ ափապաշտպան միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դիզելային վառեիլք ձեռք բերելու նպատակով:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2008թ.պահուստային ֆոնդի հաշվին, 61 մլն 641.4 հազար դրամ (որպես ավելացված արժեքի հարկի գծով 23.04.2008թ. դրությամբ առաջացած հարկային պարտավորության փոխհատուցում) է հատկացրել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին և 136 մլն 382 հազար դրամ (որպես ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գծով 23.04.2008թ. դրությամբ առաջացած հարկային պարտավորության փոխհատուցում)` «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամին: Գումարները հատկացվել են ՀՀ կառավարության 2001թ. հոկտեմբերի 25-ի N1041 և 2003թ. նոյեմբերի 13-ի N1448-Ա որոշումների համաձայն հիշյալ հիմնադրամներին, ՀՀ-ի անունից, որպես գույքային ներդրում հանձնված շենքերի փոխանակության արդյունքում, պետական բյուջեի հանդեպ առաջացած պարտավորությունների փոխհատուցման նպատակով:




«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 17-ի «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը հաստատելու և ՀՀ կառավարության 2000թ. մայիսի 8-ի N226 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N900-Ն որոշման մեջ: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրակրթական դպրոցում առանձին առարկաների խորացված ուսուցման գործընթացի կանոնակարգման կարևորությամբ:


«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է ՀՀ ոստիկանության քաղաքացիական ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները: Որոշման համաձայն, ՀՀ ոստիկանության քաղաքացիական ծառայողի առողջական վիճակի վերաբերյալ որոշում կայացնելու հետ կապված պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության կողմից:


Այլ որոշումներով կառավարությունը համաձայնություն է տվել «ԱՊՀ մասնակից պետությունների միջև հիդրոօդերևութաբանության բնագավառում կադրերի պատրաստման, մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման գործում համագործակցության մասին» համաձայնագրի, «1995թ. մայիսի 26-ի` Անկախ պետությունների համագործակցությունում ցուցահանդեսա-տոնավաճառային գործունեության զարգացման մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության, ինչպես նաև «ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին բնապահպանական ծրագիր. Հարավային Կովկաս-Հայաստան» ֆինանսական համաձայնագրում լրացում կատարելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներին և ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության տնօրինության շենքերում պետական մարմինների, պետական կառավարչական հիմնարկների, պետական հիմնարկների կողմից զբաղեցրած տարածքներն անժամկետ, ՊՈԱԿ-ների կողմից զբաղեցրած տարածքները հինգ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել, իսկ կազմակերպությունների կողմից զբաղեցրած տարածքները հինգ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել իրենց: Հանձնարարվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում որոշման հավելվածներում ընդգրկված կազմակերպությունների հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագրեր: Ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 20-ի «Տարածք տրամադրելու մասին» N749-Ա և 2006թ. մայիսի 4-ի «Տարածք տրամադրելու մասին» N561-Ա որոշումները:


Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 75-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածներով, կառավարությունը որոշել է հավանություն տալ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին և դրանց ընդունումը համարել անհետաձգելի:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրատարակման գծով պետական պատվեր» ծրագրով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը նախատեսված միջոցների հաշվին իրականացվող պետական պատվերը:


Այլ որոշումներով գործադիրը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարին` ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին 9 մլն 370.805 հազար դրամ և 1մլն 40.325 հազար դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` ՀՀ Կոտայքի մարզի համապատասխանաբար Հրազդան քաղաքային համայնքի ղեկավարի և Քանաքեռավան ու Սևաբերդ գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:



 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ