Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետության Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մարտ 22, 2008

ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել նշանավոր գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական խոսքում, մասնավորապես, ասված է.

«ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, նշանավոր գիտնական, ականավոր հասարակական գործիչ Վարազդատ Հարությունյանի ողջ կյանքն ու գործունեությունը նվիրված էր հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրությանը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանն ու սերունդներին փոխանցմանը: Մեծ է նրա ավանդը ազգային ճարտարապետական դպրոցի զարգացման, այդ ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման գործում: Տասնամյակների իր ազգանվեր գործունեությամբ, բազմաթիվ հատորներ կազմող դասագրքերով ու գիտական աշխատություններով նա նաև աշխարհի տարբեր երկրներում արժանիորեն ներկայացրել է հայկական ճարտարապետական ժառանգության առանձնահատկությունները՝ հիմնավորելով դրա մնայուն տեղն ու արժեքը ոչ միայն ազգային, այլև համաշխարհային մշակույթի գանձարանում: Վարազդատ Հարությունյանը ճարտարապետների այն սերնդի ներկայացուցիչն էր, ում վիճակված էր լինել մշակութային ժառանգության պահպանության ժամանակակից մոտեցումների ստեղծման ակունքներում:

Վարազդատ Հարությունյանի` նշանավոր գիտնականի, հմուտ մանկավարժի և հասարակական գործչի անունն ու վաստակը անբաժանելի են Հայաստանի գիտության և մշակութային ժառանգության տարեգրությունից»: