երկուշաբթի, 24 հունիսի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պաոլո Անդրեա Տրաբալցային: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-իտալական փոխհարաբերությունների զարգացման ներկայիս ընթացքին և հեռանկարներին, որոնց համար լայն հնարավորություններ կան ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային, կրթական, առողջապահական և մի շարք այլ ոլորտներում: Դեսպան Պաոլո Անդրեա Տրաբալցան կարևորել էՀայաստանի իբրև Եվրոպական խորհրդի անդամ պետության, ստանձնած պարտավորությունների կատարումը, նշելով, որ այդ կառույցին Հայաստանի անդամակցության հարցում բավականին շահագրգիռ է եղել նաև Իտալիան: Ուստի, իր երկիրը, պրն Տրաբալցայի հավաստմամբ, ցանկանում է, որպեսզի Հայաստանը հնարավորինս արագ և անխոչընդոտ ինտեգրվի եվրոպական ընատնիքին:
Հանդիպման ժամանակ նշվել է, որ տնտեսական համագործակցության զարգացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ձևավորումն ընթացքի մեջ է: Ստորագրվել է ներդրումների մասին համաձայնագիրը: Ստորագրման են պատրաստ մի քանի փաստաթղթեր ևս, որոնց ընդունումը կնպաստի այդ ոլորտում համատեղ փոխշահավետ ծրագրերի հնարավորինս արագ իրագործմանը: