Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետության Կառավարություն

ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ, ՎԱՐՉԱՊԵՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

մարտ 08, 2008

Սիրելի կանայք,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Այսօր մեզանից յուրաքանչյուրը ձեզ է ուղղում մեծարանքի, սիրո ու գնահատանքի խոսքեր: Դժվար է գերագնահատել կանանց ներդրումը մեր պետականության կայացման, Հայաստանի առաջընթացի ու զարգացման գործում: Նշանակալի է ձեր դերակատարումը հասարակական ու քաղաքական կյանքում, կրթության ու առողջապահության ոլորտներում` այնտեղ, որտեղ մենք դեռ մեծ անելիքներ ունենք:

Այդ ամենի հետ մեկտեղ դուք կարողանում եք, ի հաշիվ ձեր ջերմության ու ինքնազոհողության, մեր օջախներում պահպանել ընտանեկան երջանկության ու բարության մթնոլորտը` ձեր ուսերին կրելով սերունդ ունենալու ու դաստիարակելու աստվածաշնորհ առաքելությունը:

Ցանկանում եմ առանձնակի շնորհավորել այն կանանց, ովքեր այս տոնական օրը դիմավորում են աշխատավայրում, ովքեր այսօր բուժում են մարդկանց, հաց են թխում, պաշտպանում են օրինականությունն ու երկրի անվտանգությունը:

Շնորհավորում եմ բոլորիս մայրերին ու քույրերին, կանանց ու դուստրերին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում եմ իրական երջանկություն, չխամրող կանացիություն, սեր և նորանոր հաջողություններ: