երեքշաբթի, 7 մայիսի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրավիրել է «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ: Քննարկվել է հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություն կատարելու հարցը: Խորհրդի անդամները որոշել են հարգել հիմնադրամի խորհրդի անդամ, ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության նախկին պետ Կարեն Հայրապետյանի դիմումը՝ խորհրդի կազմից դուրս գալու մասին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր անդամներ են նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մարտիրոսյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Արամ Կարապետյանը: Նիստում հաստատվել է «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի 2002թ. բյուջեն՝ ըստ ներկայացված նախահաշվի: Հոգաբարձուների խորհրդի անդամներն անդրադարձել են նաև Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին: