երկուշաբթի, 25 մարտի 2002
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի սենատոր Ջեկ Սքոտին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նշելով, որ ներկայացնում է Կալիֆորնիայի նահանգի այն շրջանը, ուր բավական շատ հայեր կան և քաջածանոթ լինելով հայերի գործնական ունակություններին շահագրգռված է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմամբ, սենատորը տեղեկացրեց Հայաստանում առևտրատնտեսական գրասենյակ հիմնելու պատրաստակամության մասին:
Գոհունակությամբ ընդունելով ԱՄՆ սենատորի այդ առաջարկը, նախարար Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանում այսօր նպաստավոր պայմաններ են ստեղծված օտարերկրյա ներդրումների համար: Ըստ նրա, Հայաստանը Կալիֆորնիայի նահանգի հետ կարող է համագործակցել հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության բնագավառներում, իսկ 2001թ. նոյեմբերին ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետի և ՀՀ արտգործնախարարի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը բոլոր հնարավորությունները տալիս է մեր երկրի և այդ նահանգի միջև տարաբնույթ առևտրատնտեսական կապերի զարգացման համար: