հինգշաբթի, 14 մարտի 2002
		
				
			
		Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Վարչապետի Արագածոտնի մարզ կատարած այցի արդյունքում տրված հանձնարարականի համաձայն, այսօր կառավարության որոշմամբ 16 մլն դրամ ուղղվեց Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան N 20 վթարային բնակելի շենքի բնակիչների վերաբնակեցման խնդրի լուծմանը: Հիշյալ բնակելի շենքի վթարային մուտքի բնակիչներին կհատկացվեն սերտիֆիկատներ՝ նոր բնակարաններ ձեռք բերելու համար:
Հայաստանի Հանրապետությունում ցուցահանդեսների և տոնավաճառների գործունեության զարգացումը խթանելու, հայրենական ապրանքների արտահանումը և ներդրումների ներգրավումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կառավարությունը որոշեց ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությանը թույլատրել «Երէքսպո Կենտրոն» ՓԲԸ-ի գործադիր մարմնի լիազորությունները փոխանցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ին:
ՀՀ կառավարության ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի միջև կնքված վարկային համաձայնագրով նախատեսված տույժերից և տուգանքներից խուսափելու և Հայաստանի Հանրապետության՝ որպես հուսալի վարկատուի հեղինակությունը վտանգի տակ չդնելու նպատակով, գործադիրը որոշում ընդունեց ՀՀ պետական բյուջեից «Երևանի Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների դիմաց վճարված և նշված ընկերության նկատմամբ որպես բյուջետային վարկ ձևակերպված 11285122,76 ԱՄՆ դոլար գումարի մարման ժամկետը երկարաձգել մինչև 2002թ.-ի սեպտեմբերի 12-ը: ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի նկատմամբ «Երևանի Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության 2002թ.-ի մարտի 12-ի դրությամբ ունեցած վարկային պարտավորությունների կատարման նպատակով, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2002թ. առաջին եռամսյակում կատարել բյուջետային երաշխիքով նախատեսված 1460223,44 ԱՄՆ դոլարի չափով վճարումները: Միաժամանակ որոշվեց վճարված գումարը «Երևանի Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ ձևակերպել որպես բյուջետային վարկ՝ մինչև 2002թ.-ի սեպտեմբերի 12-ը մարման ժամկետով:
Լսելով ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հաղորդումը 2001 թ. ընթացքում մարդասիրական  օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասին, և այն ի գիտություն ընդունելով, կառավարությունը հանձնարարեց ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ ՀՀ 2003 թ. պետական բյուջեի   նախագիծը մշակելիս, քննարկել բարեգործական ծրագրերի համաֆինանսավորման նպատակով միջոցներ հատկացնելու հնարավորությունը, իսկ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին, նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ վերահսկողություն սահմանել համապատասխան կազմակերպություններում և համայնքներում մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում  ստացված  ապրանքների և մատուցված ծառայությունների հաշվառման և նպատակային օգտագործման   նկատմամբ:
Նիստում հաստատվեցին ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց՝ օրենքով սահմանված փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկանքների ձևերն ու դրանց լրացման կարգը: 
Առանձին որոշումներով հաստատվեցին նաև առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա  և այլն) կազմակերպիչների  կողմից առևտրի իրականացման վայրում  առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններին տեղեկությունների ներկայացման, ինչպես նաև որոշ ապրանքների արտադրության  և շրջանառության ֆիզիկական ծավալների և գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգերը: 
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանեց, որ հանրապետություն ներմուծվող ընտանի թռչնի մսի և նրա ենթամթերքի մակնիշը պետք է պարունակի ՀՀ օրենսդրությամբ սահմանված տեղեկատվություն՝ հայերեն լեզվով: 
Այլ որոշումներով  գործադիրը համաձայնություն տվեց Հայաստանի և Քուվեյթի կառավարությունների միջև «Եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի, Հայաստանի և Կատարի Պետության    կառավարությունների  միջև «Եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի, ինչպես նաև «Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում ավտոտրանսպորտով ապրանքների փոխադրումների դյուրացման մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկություններին: