հինգշաբթի, 7 մարտի 2002
Կանանց միջազգային տոնի՝ մարտի 8-ի առթիվ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության կանանց, որում մասնավորապես ասված է.
«Անգնահատելի է հայ կնոջ ավանդը պետության արժանի քաղաքացիների դաստիարակման, մեր ազգային արժեքների պահպանման գործում: Մեր ժողովրդի պատմության մեջ, ընդհուպ մինչև Արցախյան նորօրյա հերոսամարտը, քիչ չեն նաև զենքը ձեռքին հայրենիքի ազատության ու անկախության համար մարտնչած կանանց կերպարները: Անուրանալի է կնոջ դերը սփյուռքում հայապահպանության, սերունդների հայեցի դաստիարակության գործում ևս:
Գնալով զգալի է դառնում կանանց դերակատարությունը պետական կառավարման ամենատարբեր ոլորտներում՝ կրթության ու գիտության, մշակույթի, առողջապահության և բազմաթիվ այլ բնագավառներում, որտեղ նրանք աչքի են ընկնում իրենց համբերատար ու նվիրական աշխատանքով: ՀՀ կառավարությունը անում է և անելու է ամեն հնարավորը՝ կանանց հիմնախնդիրների լուծման, նրանց բարեկեցության ապահովման համար:
Ի սրտե շնորհավորում եմ բոլոր կանանց գեղեցիկ այս տոնի առթիվ, ցանկանում անսահման երջանկություն և սեր, հաջողություններ անձնական կյանքում — աշխատանքում»: