հինգշաբթի, 6 դեկտեմբերի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց միջպետական բանկի նախագահ Անատոլի Տուրկաձեին:
1993թ. ԱՊՀ երկրների ղեկավարների համաձայնագրի շրջանակներում ստեղծված միջպետական բանկի գործունեությունը հիմնականում ուղղված է Համագործակցության անդամ երկրներում ծագած առաջնահերթ, կարևորագույն խնդիրների լուծմանը նպաստելուն: Իբրև շահագրգիռ կողմ, բանկն այսօր դիտարկում է Հայաստանի հիմնախնդիրները և փորձում մեր երկրի ղեկավարության, մասնագետների հետ դրանց լուծման քայլերը հստակեցնել:
Բանկի նախագահի հետ հանդիպմանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորեց հանրապետության էներգետիկ համակարգում և ավիացիայում ներդրումների, միջպետական բանկի հետ երկարաժամկետ ֆինանսական համագործակցության անհրաժեշտությունը, քանի որ, ըստ նրա, նշված երկու ոլորտներն էլ Հայաստանի տնտեսության համար կենսական նշանակություն ունեն և առանձնանում են իրենց խնդիրներով:
Վարչապետը ՀՀ կառավարության կողմից պատրաստակամություն հայտնեց սատարելու, նպաստավոր պայմաններ ստեղծելու մեր երկրում միջպետական բանկի գործունեության համար: