չորեքշաբթի, 15 օգոստոսի 2001
Այսօր ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանն ընդունեց Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Ալֆրեդո Ռոմային:
Նշելով, որ Հայաստանը Կովկասյան տարածաշրջանի պետություններից առաջինն է անդամացկել եվրոպական այդ կազմակերպությանը, հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի ներկայիս զարգացումներին և ԵՔԱԿ-ին Հայաստանի անդամակցությունից բխող պարտավորություններին վերաբերող մի շարք խնդիրներ: Մասնավորապես ընդգծվեց օդային հաղորդակցության, քաղաքացիական ավիացիայի կարևոր դերը ինչպես եվրոպական պետությունների ինտեգրացման ընդհանուր գործընթացում, այնպես էլ տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական հիմնախնդիրների լուծման գործում: Պարոն Ալֆրեդո Ռոման հայտնեց, որ այդ հիմնախնդիրների մի զգալի մասը կքննարկվի այս տարվա հոկտեմբերին Փարիզում՝ ԵՔԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունենալիք խորհրդակցության ժամանակ:
Հանդիպմանը քննարկվեցին նաև Տրանսպորտի նախարարների եվրոպական խորհրդին Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր: