շաբաթ, 7 հուլիսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ նորաստեղծ «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի խորհրդի առաջին նիստը, որտեղ քննարկվեցին հիմնադրամի հետագա գործունեության հետ կապված կազմակերպական հարցեր: Նշվեց, որ ավարտվել է «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի կազմավորումը, ձևավորվել է խորհրդի կազմը և այժմ աշխատանքները թևակոխել են գործնական փուլ:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել և խորհրդի հաստատմանը ներկայացնել առաջիկա ծրագրերի փաթեթը: Նա հանձնարարեց նաև ծրագրերը կազմելիս ուշադրություն դարձնել հասարակական երիտասարդական մյուս կազմակերպությունների հետ համագործակցությանը, ինչը հնարավորություն կտա համակարգել Սփյուռքում և հայրենիքում տարանջատ գործող նմանատիպ կազմակերպությունների գործունեությունը և ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքը:
Խորհրդի նիստում որոշվեց «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակել Վահագն Մկրտչյանին: