Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 9 սեպտեմբերի 2024

Հայաստանը և Եվրոպական միությունը մեկնարկում են մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը

Այսօր Երևանում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվեց մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ:

Մուտքի արտոնագրերի շուրջ երկխոսությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների առավել լայն շրջանակի մի մասն է, որը զգալի առաջընթաց է գրանցել 2017 թվականին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրումից ի վեր: Երկխոսության շրջանակներում գործադրվող շարունակական ջանքերը կաջակցեն Հայաստանում իրականացվող բարեփոխումների համապարփակ օրակարգին, մասնավորապես՝ այն ոլորտներում, որոնք առանցքային են ԵՄ երկրներ առանց մուտքի արտոնագրերի ճամփորդելու համար, ինչպիսիք են՝ փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների և միգրացիայի կառավարումը,  կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև հիմնարար իրավունքների պաշտպանությունը:

Երկխոսության մեկնարկի համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրերի հաջող իրականացումը, որի շնորհիվ 2014 թվականի հունվարի 1-ից ճամփորդության ընթացակարգերը պարզեցվել են բազմաթիվ հայ քաղաքացիների համար։ Ներկայումս ԵՄ բոլոր քաղաքացիներն ազատված են Հայաստան մուտքի արտոնագրի պահանջից:

Հաջորդող քայլերը

Հայաստանի կառավարությունը և Եվրոպական հանձնաժողովը սերտորեն կաշխատեն՝ ապահովելու երկխոսության սահուն և արդյունավետ ընթացքը: Գործընթացի առանցքում լինելու է արժանիքների և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը, հետևապես գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի։ Բոլոր հենանիշները պետք է ամբողջությամբ բավարարվեն մինչև ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին վերջնական որոշման ընդունումը։ Գործընթացը կպահանջի սերտ համագործակցություն ԵՄ անդամ պետությունների հետ՝ արձանագրվող առաջընթացը և զարգացումները ճշգրտորեն մշտադիտարկելու նպատակով։

Ընդհանուր տեղեկություններ

Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը հաջորդում է Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք նախաձեռնություններին, որոնք բխում են 2023 թվականի հոկտեմբերին Եվրոպական խորհրդի այն որոշումից, որով վերջինս հանձնարարել է ԵՄ Բարձր ներկայացուցչին/Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահին և Եվրոպական հանձնաժողովին ներկայացնել հնարավոր ուղղություններ՝ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման համար: Այս քայլը նախանշվել է նաև 2021 թվականի դեկտեմբերին Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովի համատեղ հռչակագրի տեքստում։

2024 թվականի ապրիլին Եվրահանձնաժողովը ներկայացրել է 2024-2027 թվականներին Հայաստանի համար «Դիմակայունության և աճի» ծրագիրը՝ 270 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ։ Ծրագիրը նպատակաուղղված է լինելու Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդմանը:

2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը նվազեցնում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի վճարները և չեղարկում դրանք որոշ կատեգորիաների դիմողների համար:

2024 թվականի հուլիսի 22-ին Արտաքին հարաբերությունների խորհուրդը ողջունել է «Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի մտադրությունը»։


Հավելյալ տեղեկությունների համար

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիր

Արևելյան գործընկերության գագաթնաժողով-համատեղ հռչակագիր

Պետությունների հետ համագործակցություն- Եվրոպական հանձնաժողով

Մեջբերումներ

«Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը Հայաստանի հետ համագործակցությունը և շարժունակությունը խթանելու մեր հանձնառության հստակ ցուցադրումն է»,- նշել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը։ «Սա քայլ է Հայաստանի և ԵՄ-ի ժողովրդի մերձեցմանն ընդառաջ և ի ճանաչումն Հայաստանի ջանքերի՝ ուղղված ԵՄ-ի հետ կապերի և ընդհանուր արժեքների ամրապնդմանը»։

Փոխնախագահ Մարգարիտիս Սխինաս

«Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպական միության ու նրա անդամ պետությունների վճռականությունը՝ առավել սերտացնելու մեր հասարակությունների և քաղաքացիների միջև շփումները: ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր որոշում է՝ հիմնված Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների վրա: Մենք այս գործընթացը դիտարկում ենք որպես միգրացիայի, մարդկանց տեղաշարժի և սահմանների կառավարման ոլորտների արդիականացման ռազմավարական օրակարգ՝ միաժամանակ գիտակցելով, որ այս ուղղությամբ անհրաժեշտ են շարունակական ջանքեր և թիրախավորված աշխատանք»:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ