ուրբաթ, 4 սեպտեմբերի 2020
Քննարկվել են ծառայությունների մատուցման գրասենյակների մոդելներին վերաբերող հարցեր
Սեպտեմբերի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ծառայությունների մատուցման գրասենյակների մոդելներին վերաբերող քննարկում: Իր ելույթում փոխվարչապետն ասել է.
«Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր քննարկելու ենք պետական ու համայնքային ծառայություններին վերաբերող հարցեր: Առհասարակ քաղաքացիների ու բիզնեսի հետ հաղորդակցման մի քանի եղանակներ ունեն պետական ու համայնքային մարմինները և դրանցից մեկը ծառայությունների մատուցումն է։  Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը հաճախ պայմանավորում են քաղաքացիների և տնտեսվարողների վերաբերմունքը և գոհունակությունը հանրային իշխանության նկատմամբ։
Այսօր մենք սկսում ենք Հանրային կառավարման բարեփոխումների քննարկումների շարք, որոնք, մասնավորապես, վերաբերում են պետական և համայնքային ծառայություններին։ 
Ծառայությունների բնագավառում բարեփոխումների օրակարգն առնչվելու է ծառայությունների մատուցման և՛ ինստիտուցիոնալ և՛ ընթացակարգային մեխանիզմներին։ 
Մենք առաջիկայում քննարկելու ենք` 
•	ծառայությունների մատուցումն ապահովող վարչարարության, մոդելի ընտրության և ինստիտուցիոնալ հենքի արդիականացման խնդիրները,
•	ծառայությունների մատուցման նկատմամբ հսկողություն և որակի կառավարման արդյունավետ քաղաքականություն սահմանելու անհրաժեշտության հարցը, 
•	թվային, նորարարական տեխնոլոգիաների և գործիքների կիրառմամբ պետական ծառայությունների մատուցման հնարավոր այլընտրանքային մեթոդների գործարկումը,
•	պետական մարմինների համապարփակ փոխգործելիության ապահովումը։
Սա մեր ընդհանուր օրակարգն է լինելու: Այսօր, մասնավորապես, կկենտրոնանանք ծառայությունների մատուցման գրասենյակների մոդելներին վերաբերող հարցերի վրա»: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են գերատեսչությունների կողմից ներկայացված մոդելների առաջարկները և նախանշվել են հետագա քայլերը:
 
 
            









