երեքշաբթի, 10 ապրիլի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար, հայ-բուլղարական միջկառավարական հանձնանժողովի համանախագահ Անտոնի Սլավինսկուն: Վարչապետը ողջունել է ապրիլի 9-11-ը Երևանում ընթացող հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի աշխատանքը՝ հույս հայտնելով, որ համագործակցության ուղղությամբ արվելիք գործնական քայլերը, որոնք կհստակեցվեն նիստի ավարտին, կնպաստեն երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ու ապրանքաշրջանառության ծավալներում և մի շարք ոլորտներում փոխգործակցության արդյունքում դրական տեղաշարժերի արձանագրմանը: Ըստ վարչապետի, համագործակցության ուղղությունները հիմնականում հստակեցված են, մնում է նպատակաուղղված ակտիվ աշխատանք տանել դրանք կյանքի կոչելու համար:
Հանդիպմանը Բուլղարիայի տրանսպորտի և կապի նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Անտոնի Սլավինսկին ՀՀ վարչապետին տեղեկացրել է նիստի ընթացքի մասին և կարևորել Հայաստանի հետ մի շարք ոլորտներում՝ տրանսպորտ, էներգետիկա, կապ, գյուղատնտեսություն, դեղագործություն և այլն, ակտիվ փոխշահավետ համագործակցությունը: