Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 փետրվարի 2018

Կառավարությունը նախատեսում է կոնկրետ գործողություններ իրականացնել միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավման և առաջընթացի ապահովման համար







Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրների վերաբերյալ էր: «Սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդարության ապահովման գործընթացում կարևոր դերակատարում ունեն բժշկական սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովները։ Չնայած նախկինում ձեռնարկված որոշ միջոցների՝ ներկայումս գործող կարգավորումները, ինչպես նաև նշված հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար են։ Մասնավորապես՝ հանձնաժողովների գործունեության մեջ նվազագույնի հասցված չեն սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը, հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ և կանխատեսելի չէ, լիարժեք չէ հաշմանդամության ճանաչման գործընթացի կազմակերպման և մոնիթորինգային համակարգը», - նշել է Կարեն Կարապետյանը։ Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարներին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի որակապես փոփոխմանն ուղղված առաջարկություններ, հստակ անդրադարձ կատարելով՝ փորձաքննությունների կազմակերպման ընթացակարգերի, մոնիթորինգային համակարգի և բժիշկ-փորձագետին ներկայացվող պահանջների վերանայման, ոլորտային պատասխանատվության շրջանակի հստակեցման, բժշկական և կենսագործունեության փորձաքննությունների տարանջատման, ինչպես նաև գործընթացի թվայնացման և էլեկտրոնային առողջապահության համակարգին համակցման հարցերին։
«Այն, ինչ առաջարկում են աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարությունները սահմանելու է խաղի նոր կանոններ և սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծելու»,- ընդգծել է վարչապետը:
Կարեն Կարապետյանի մյուս հանձնարարականը թվայնացման ոլորտում միջազգային վարկանիշների և գործողությունների վերաբերյալ էր: «Հայաստանի թվային փոխակերպման ներկայիս միջազգային վարկանիշային ցուցանիշները բավարար չեն, ինչը հատկապես պայմանավորված է անհրաժեշտ ամբողջական վիճակագրական տվյալների և մշտադիտարկման գործիքակազմի բացակայությամբ։ Զուգահեռաբար հարկավոր է նաև ընդլայնել անձանց մատուցվող պետական ծառայությունները թվային գործիքներով տրամադրելու շրջանակը, դրանց միջոցով պարզեցնել վարչարարությունը, նվազեցնել ժամկետները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը», - նշել է վարչապետը։ Այդ նպատակով հանձնարարվել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին 2-ամսյա ժամկետում գույքագրել և մշակել կոնկրետ գործողություններ՝ ուղղված միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավմանը և առաջընթացի ապահովմանը: Վերջիններս 1-ամսյա ժամկետում կամփոփեն և կարձանագրեն առաջիկայում թվայնացման ենթակա առաջնահերթ պետական ծառայությունների շրջանակը և կներկայացնեն կառավարության աշխատակազմ։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարվել է ստանձնել տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների միջազգային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշների բարելավմանն ուղղված մշտադիտարկման և համապատասխան մարմիններին մասնագիտական օժանդակության տրամադրման գործառույթը: Վարչապետն Ազգային վիճակագրական ծառայության պետին առաջարկել է 1-ամսյա ժամկետում թվային գործիքների կիրառման և զարգացման, ինչպես նաև այլ ոլորտների էլեկտրոնային վիճակագրական բազային հիմքեր ստեղծելու և այդ հարթակի միջոցով՝ տարեկան տվյալների ամբողջական հավաքագրումն ապահովելու նպատակով, «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ e-Statistics պիլոտային ծրագրի նախաձեռնման և իրականացման վերաբերյալ:
«Այս վարկանիշում մենք անտրամաբանորեն հետ ենք պարբերաբար անհրաժեշտ տեղեկատվությունը չտրամադրելու պատճառով», - ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը հայտնել է նաև, որ հանձնարարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին ամփոփել նման վարկանիշները, կոնկրետ պատասխանատու նշանակել. «Որպեսզի վաղը չէ մյուս օրը հասկանանք՝ ով է թերացել իր աշխատանքում»:
Վարչապետի երրորդ հանձնարարականը վերաբերում էր շրջակա միջավայրի մոնիթորինգին: «Բնապահպանության նախարարության կողմից եռամսյակային կտրվածքով ներկայացվում են շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ հետազոտություններ, որոնք պարունակում են հանրապետության տարբեր բնակավայրերի մթնոլորտային օդի, հողերի և ջրերի աղտոտվածության, սահմանաչափերի գերազանցման վերաբերյալ տեղեկություններ։ Միաժամանակ, նշված հետազոտությունները չեն պարունակում արձանագրված խնդիրների, պատճառների և դրանց վերացման վերաբերյալ վերլուծություններ, իսկ օրենսդրությամբ լիարժեք սահմանված չեն արձանագրված խնդիրների նվազեցման կամ լուծման պարտադիր պայմաններ և գործուն մեխանիզմներ», - նշել է Կարեն Կարապետյանը և հանձնարարել բնապահպանության նախարարին 1-ամսյա ժամկետում ապահովել շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքներում արձանագրված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ վերլուծության իրականացումը, ինչպես նաև կառավարության աշխատակազմ ներկայացնել դրանց կատարումն ապահովող գործիքակազմի վերաբերյալ առաջարկություններ։ Ըստ անհրաժեշտության հարցը կքննարկվի նաև շահագրգիռ այլ մարմինների հետ։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ համայնքների կողմից, բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքում վերհանված խնդիրների նվազեցման և բնապահպանական վիճակի բարելավման ուղղությամբ։
«Մենք բնապահպանության նախարարության հաշվետվությունը լսելու ժամանակ արձանագրել ենք, որ գոյություն ունեն համայնքներ, որտեղ տարեցտարի նախարարությունը նույն եզրակացությունն է անում, բայց այդ նյութից հասկանալի չէ՝ համայնքապետն ինչ պետք է անի, դրա պատճառը որն է: Այսինքն՝ մենք ֆիքսում ենք, ոչ մի բան չենք անում, հաջորդ տարին գալիս է՝ կրկին ֆիքսում ենք: Հանձնարարականի երկրորդ կետի կատարման համար խիստ անհրաժեշտ է, որպեսզի առաջին կետը լինի հաշվելի, հասկանալի», - ասել է Կարեն Կարապետյանը՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարելով խնդիրը հստակ ձևակերպել:


Հստակեցվել են արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով կազմակերպվելիք մրցույթի պայմանները


Կառավարությունը որոշել է համաձայնություն տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող` 97.3709 հեկտար մակերեսով հողամասը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին նվիրաբերելուն՝ որպես պետություն-համայնք-մասնավոր համագործակցություն: Նման որոշում ընդունելը բխում է կառավարության համապատասխան որոշմամբ հավանության արժանացած «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի» իրականացման նպատակներից: Արդյունքում կհստակեցվեն համայնքի վարչական տարածքում Մասրիկ 1 46-ից 55 ՄՎտ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով կազմակերպվելիք մրցույթի պայմանները, մրցույթի մասնակիցների համար կորոշակիանա հողամասի կարգավիճակը և դրա նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերման ծախսերի մեծությունը կդառնա հեշտ կանխատեսելի, ինչպես նաև կմեղմվեն հողամասի կարգավիճակով կամ դրա հատկացմանը վերաբերող խնդիրներով պայմանավորված մրցույթի ամփոփման երկարաձգման (ուշացումների) հնարավոր ռիսկերը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականով արևային էներգետիկայի զարգացման բնագավառում իրականացվում են այլ միջոցառումներ ևս: «Իրականացնում ենք նաև առաջին կուտակիչ կայանի նախահաշվային և նախագծային աշխատանքները, որոնք կավարտվեն ամենայն հավանականությամբ ապրիլ ամսին: Այս երկուսը միասին հնարավորություն կտան մեզ նախանշելու Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման իրական ուղենիշերը», - ասել է նախարարը:

 

Հայաստանը կմասնակցի «Ֆոլքլայֆ» փառատոնին. կներկայացվեն հայկական խոհանոցի և ձեռագործ արվեստի մշակութային ժառանգության արժեքները


Կառավարությունն ընդունել է որոշում, որով հնարավորություն կընձեռվի ապահովել Հայաստանի մասնակցութունը «Ֆոլքլայֆ» փառատոնին՝ հատուկ հրավիրյալի կարգավիճակով։ «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնն անց է կացվում ԱՄՆ մայրաքաղաքի` Վաշինգտոնի ազգային զբոսայգում (National Mall), որտեղ գտնվում են բազմաթիվ թանգարաններ, հուշարձանային համալիրներ: Այս տարի փառատոնում Հայաստանը կներկայանա «Հայաստան. ստեղծելով տուն» գաղափարի ներքո: Նախատեսվում է այցելուներին ներկայացնել հայկական խոհանոցի և ձեռագործ արվեստի մշակութային ժառանգության արժեքները: Ըստ այդմ, Հայաստանը հնարավորություն է ստանում օգտագործելու նշյալ հարթակը ոչ միայն զբոսաշրջային գրավչության և մշակութային ժառանգության ներկայացման, այլև հայկական արտադրանքը լայնամասշտաբ լսարանի առջև գովազդելու համար: Նախնական կանխատեսումներով, մասնավորապես, փառատոնի ընթացքում վաճառված արվեստի կիրառական գործերից, այդ թվում՝ մթերքից, խմիչքից, ձեռագործ արվեստից համախառն հասույթը գնահատվում է մինչև 500,000 ԱՄՆ դոլար: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փառատոնի համար ԱՄՆ բերված արվեստի գործերը ցուցադրվելու են «NY NOW» առևտրային ցուցահանդեսում, որը ձեռագործ և գործարանային արտադրության արվեստի գործերի, քանդակների, հուշանվերների և կիրառական արվեստի այլ արտադրանքի խոշորագույն ցուցահանդեսն է ԱՄՆ-ում: Առևտրային ցուցահանդեսն ունենում է շուրջ 25,000 այցելու (և տաղավարներով հանդես եկող ավելի քան 2,500 մասնակիցներ: Նախատեսվում է նաև «հայկական գինի» ապրանքանիշի ներկայացում ԱՄՆ շուկայում:

 

Կբարելավվի խնամքի ծառայությունների որակը


Կառավարությունը սահմանել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթի օգտագործման կարգը և փոփոխություններ, լրացում կատարել մի շարք որոշումներում: Հիմնավորման համաձայն, ՊՈԱԿ-ին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն է տրվում միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում և գործունեության տեսակներով: Ըստ այդմ՝ նախարարության ենթակայության մի շարք ՊՈԱԿ-ներ, իրենց կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացումն ապահովելու համար, ներկայումս չեն կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեության այնպիսի տեսակներ, որոնք հիմնադրի որոշմամբ սահմանված չեն, սակայն առկա են դրանց արդյունավետ իրականացման համար օբյեկտիվ նախադրյալներ: Ընդունված որոշմամբ կապահովվի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների (Երևանի N 1, Նորքի, Գյումրու, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատներ, «Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոն և Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն) կողմից իրենց կանոնադրական նպատակների իրականացմանը և տվյալ կազմակերպության հնարավորություններին համապատասխան՝ ձեռնարկատիրական գործունեության տեսակներով զբաղվելու լիարժեք հնարավորություն, ինչը շահավետ կլինի նաև տնտեսապես և կստեղծի հավելյալ արդյունք խնամքի ծառայությունների որակը բարելավելու համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտեգրված սոցիալական ծառայությունների տեղակայման համար անհրաժեշտ տարածքների տրամադրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ: Այդ նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվեն համապատասխան տարածքներ Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի մարզերում և Երևանում:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով ներկայացնել մասնավորեցման ընկերության կոլեկտիվին: Հիմնավորման համաձայն՝ ընկերությունն իրականցնում է օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանության, որոնման, հետախուզման և երկրաբանա-տնտեսագիտական գնահատման, ընդերքի օգտագործման հետ կապված հարաբերությունների կատարելագործման նպատակով նորմատիվ փաստաթղթերի մշակման, ինչպես նաև ՀՀ հանքահումքային հենքի վիճակի վերլուծության և նրա զարգացման հեռանկարների կանխատեսման աշխատանքներ:
Մասնավորեցումը կնպաստի ընկերության նորմալ գործունեության վերականգնմանը, պետբյուջեի մուտքերի ավելացմանը:

 

Սահմանվել են ՀՀ-ում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը
 

Գործադիրը սահմանել է ՀՀ-ում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը: Ներկայումս օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդրվել է պարտադիր պահանջ, համաձայն որի՝ հանրապետությունում շրջանառության մեջ է դրվելու բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված կենդանական ծագման մթերք: Սպանդանոցային մորթի գործընթացը լիարժեք կազմակերպելու համար կստեղծվեն նոր սպանդանոցներ: Պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացը նախատեսվում է իրականացնել փուլային՝ սահմանելով կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը: «Աջակցություն սկսնակ ձեռներեցներին» ծրագրի շրջանակում անցկացվել է սպանդանոցային կարողությունների զարգացման հատուկ դասընթաց: Արդյունքում հավանության արժանացած թվով 7 գործարար ծրագրերի շահառուներին ՀՀ կառավարության որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են համապատասխան տարածքներ՝ բացառապես որպես սպանդանոցներ օգտագործելու պայմանով:


Օրենսդրական նախաձեռնություններ


Գործադիրը հավանություն է տվել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հաշվի առնելով Սահմանադրության համապատասխան դրույթը՝ անհրաժեշտություն է առաջացել օրենքով սահմանել լիազորող նորմեր, որոնցով Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմիններին, տվյալ դեպքում՝ ՀՀ արդարադատության նախարարին իրավունք կվերապահվի ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Այդ նպատակով մշակվել է օրինագիծը, որի ընդունման արդյունքում կլուծվեն նոտարական գործողությունների իրականացման շարունակականության ապահովման հետ կապված պրակտիկայում առաջացող խնդիրները:
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Գործադիրն առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին փետրվարի 27-ին գումարված ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարել արտահերթ նիստ:


Այլ որոշումներ


ՀՀ-ում ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացման նախադրյալների ստեղծման շրջանակում նախատեսվում է հնարավորություններ ստեղծել՝ ուղղված մասնավոր առևտրային փոխադրումների կազմակերպմանը, ինչպես նաև ուսումնական գործընթացներին, մասնավորապես օդաչուների պատրաստման և վերապատրաստման ծրագրերի իրականացմանը: ՀՀ Զինված ուժերի ավիացիայի վարչության և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության անցկացրած համատեղ քննարկումների արդյունքում նպատակահարմար է համարվել օգտագործել ՀՀ պաշտպանության նախարարության «Արզնի» օդանավակայանի աերոդրոմը: Կառավարությունն այդ նպատակով ընդունել է համապատասխան որոշում՝ առաջարկելով «Արզնի» օդանավակայանի աերոդրոմն ընդգրկել քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկում: Ընդունված որոշումը կնպաստի նաև նոր աշխատատեղերի ստեղծմանն ու ներդրումների ներգրավմանը:
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգը կանոնակարգելու նպատակով: Արդյունքում կպարզեցվեն լիցենզավորման գործընթացի համար անհրաժեշտ պայմանները, տնտեսվարողների համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ: Մասնավորապես, առաջարկվում է այդ աշխատանքների կատարման լիցենզիայի տրամադրման ժամկետը 23 աշխատանքային օրվա փոխարեն սահմանել՝ 20 աշխատանքային օր:
Գործադիրը համաձայնություն է տվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին ձեռք բերել «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ընկերության 90.5 տոկոս բաժնետոմսերը: Համալսարանը նախատեսում է ընդլայնել գիտակրթական, հանրակացարանային, ուսումնական և կլինիկական նշանակության շենքային պայմանները՝ իրականացնելով մոտ 4.5-5 մլրդ ՀՀ դրամ կապիտալ ներդրում:
Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Վանսևան» ՍՊԸ-ն կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է վերազիննել արդեն իսկ գործող գինու գործարանն ամբողջովին նոր սարքավորումներով։
ՀՀ ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը համալրելոււ նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի դրույթներով:
 

Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ