Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 մայիսի 2016

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը









Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության բարելավման նպատակով նրանց առողջարանային բուժման ուղեգրեր տրամադրելու գործընթացի կազմակերպման, ինչպես նաև Չեռնոբիլի ատոմային էլեկտրոկայանի վթարի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման համար գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Առողջարանային բուժման ուղեգիր կտրամադրվի Հայրենական մեծ պատերազմի 50 վետերանի:
Կառավարությունը սահմանել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը: Որոշումը կնպաստի մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեպքերի կանխմանը, թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում իրավական, կազմակերպչական և ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի ուղղորդման գործընթացի հստակեցմանն ու կատարելագործմանը, պատճառված վնասի փոխհատուցման մեխանիզմի ձևավորմանը, ինչպես նաև իրավական, կազմակերպչական և ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը, նոր մեխանիզմների ներդրմանը: Այն հնարավորություն կտա ոլորտի պետական քաղաքականությունն իրականացնել միջազգային նորմերին համահունչ:
Այլընտրանքային աշխատանքային ծառայողներին վճարելու համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի որոշումներով սույն թվականի ձմեռային զորակոչի շրջանակում այլընտրանքային աշխատանքային ծառայության է ուղարկվել ընդհանուր առմամբ 27 քաղաքացի: Այլընտրանքային աշխատանքային ծառայողին տրվում է ամuական դրամական բավարարում` մինչև 30000 դրամի չափով:


«Դվին» հյուրանոցային համալիրը կվերակառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան. կստեղծվի 400 նոր աշխատատեղ


Կառավարությունը հավանություն է տվել «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության ներկայացրած «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին և լրացում, փոփոխություն կատարել նախկինում ընդունած համապատասխան որոշման մեջ՝ հյուրանոցային համալիրի վերակառուցման վերջնաժամկետը սահմանելով մինչև 2019 թվականը: Ըստ հիմնավորման՝ ծրագրի նախատեսված ներդրումների ընդհանուր գումարը կկազմի մոտավորապես 120.595.000 ԱՄՆ դոլար, կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիր, կստեղծվի 400 նոր աշխատատեղ: Հարցի հետ կապված ստացվել է ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը` համաձայնել ներդրումային ծրագրին` պայմանով, որ պայմանագրով պետք է ամրագրվի յուրաքանչյուր տարվա համար նախատեսվող ներդրումների մեծությունը: Ինչպես նաև յուրաքանչյուր տարվա ներդրումների կատարման հիմնավորման նպատակով կազմակերպությունը պետք է նշված ներդրումներն արտացոլի Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան կազմված հաշվետվություններում (IFRS), որոնք պետք է ենթարկվեն արտաքին աուդիտի Աուդիտորական ընկերությունների Մեծ Քառյակի ընկերություններից որևիցե մեկի կամ Գրանթ Թորնթոն ընկերության կողմից և վերջինիս կողմից տրված աուդիտորական եզրակացությունը վերոնշյալ հաշվետվությունների հետ մեկտեղ ներկայացվեն ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն: Վարչապետի խոսքով՝ փաստաթղթերի ձևակերպման հետ կապված կան որոշ խնդիրներ, որոնք պետք է քննարկել համապատասխան նախարարությունների հետ:
Կառավարությունը հաստատել է «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում: Երևան քաղաքի Շիրակի փողոց 2ա հասցեում գտնվող թիվ 7 և Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանների բնակիչները դիմել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու խնդրանքով:


Օրենսդրական նախաձեռնություններ


Կառավարությունը հավանություն է տվել ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը, որը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Գործադիրի եզրակացության համաձայն՝ «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:
Գործադիրը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ըստ նախնական գնահատականի` հարկային օրենսդրության էական փոփոխությունները նախատեսվում են ավարտին հասցնել 2017թ. վերջին, որից հետո անհրաժեշտություն կառաջանա ապահովել հարկային համակարգի էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունը կենսաթոշակային համակարգի էլեկտրոնային ծրագրերի հետ: Նախնական գնահատականի համաձայն` վերոնշյալ աշխատանքներն ավարտին կհասցվեն 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում, ուստի առաջարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը երկարաձգել մինչև 2018թ. հուլիսի 1-ը: Հարկ է նկատի ունենալ, որ մինչ վկայակոչված ժամկետը պահպանվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի բոլոր իրավակարգավորումները:
Կառավարության հավանությանն է արժանացել «Հարկերի մասին», «Մաքսային կարգավորման մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնավորման համաձայն՝ նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության շրջանակում հարկային և մաքսային առանձին հարաբերություններ կարգավորող օրենսդրության, այդ թվում՝ քրեական և վարչական պատասխանատվությունների ներդաշնակեցման և դրանից բխող գործող իրավական ակտերում փոփոխությունների կատարման անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան մաքսային կանոնների խախտումների համար քրեական պատասխանատվության դրույթների ներդաշնակեցումը, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում և հարկային իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերում ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ անհստակությունները, տարընթերցումները կարգավորելն է: Ակնկալվում է, որ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում մաքսային կանոնների խախտումների համար սահմանված պատասխանատվության նորմերը կներդաշնակեցվեն ԵԱՏՄ օրենսդրությանը, ինչպես նաև կպարզեցվեն և կհստակեցվեն հարկային և մաքսային վարչարարությանը վերաբերող առանձին դրույթներ: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հայտնել է, որ նախագծերի փաթեթով առաջարկվող անկյունաքարային մոտեցումներից մեկը քրեական օրենսդրությունուվ նախատեսված մաքսանենգություն հոդվածի ապաքրեականացումն է՝ ՀՀ ներմուծվող ապրանքների մասով: «Դա նշանակում է, որ այս փաթեթի ընդունումից հետո ՀՀ ապրանքների ներմուծումը, որը կատարվել է մաքսային հսկողությունը շրջանցելով կամ որի մասով ներկայացված մաքսային հայտարարագրերում առկա են ոչ ճշգրիտ տեղեկություններ՝ չի դիտարկվելու մաքսանենգություն և չի կիրառվելու քրեական օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությունը: Նման դեպքերում տնտեսավարող սուբյեկտներին առաջադրվելու է վճարել պակաս վճարված մաքսային վճարները: Ինչպես նաև քրեական պատասխանատվությունը փոխարինվելու է վարչական պատասխանատվությամբ՝ մաքսային արժեքի 100 տոկոսի չափով: Այնուհետև, եթե դրանից հետո տնտեսավարող սուբյեկտները չեն փոխհատուցի պետությանը պատճառված վնասը, ապա արդեն նոր միայն կիրառելի կլինի «Քրեական օրենսգրքի» 205 հոդվածն այնպես, ինչպես դա կիրառելի է հարկերի չվճարման պարագայում»,- ասել է Վ. Միրումյանը՝ հավելելով, որ ապաքրեականացումը չի վերաբերում, մասնավորապես՝ թմրանյութերի, զենք-զինամթերքի, ռադիոակտիվ նյութերի, ինչպես նաև կանխիկ դրամի սահմանաչափը գերազանցող ներմուծմանը:
Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցող ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ հիմնավորման` ներկայում բնապահպանական վճարների գծով արտոնություններ է սահմանված Երևան քաղաքի և հարակից 30 բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարձակալ` «Երևան Ջուր» ՓԲԸ-ի համար: Միաժամանակ, ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն՝ իրականացվում է հանրապետության 5 ջրամատակարար ընկերությունների սպասարկվող տարածքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական վարձակալի ընտրության գործընթացը, որի գործունեության մեկնարկը սահմանվել է 2017թ. հունվարի 1-ը: Օրինագծով նախատեսվում է բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանել նաև ապագա միասնական վարձակալ ընկերության համար: Արդյունքում՝ ակնկալվում է ջրային տնտեսության ոլորտի հետագա զարգացում, սպառողներին մատուցվող ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների բարելավում: Օրինագծի ընդունումը թույլ կտա նաև բնապահպանական վճարների մասով չբարձրացնել ծառայությունների սակագները:
Գործադիրը հավանություն է տվել ««Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի և հաշվի վրայից հանել արգելանքը և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում` մարել ընկերության պարտքերը, ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը: Անդրադառնալով օրինագծին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դրանով դրական քայլ է կատարվում, որի արդյունքում կպահպանվի 500 աշխատատեղ և հնարավորություն կտրվի ընկերությանը մարել պարտքը:

ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի մակրոտնտեսական միջավայրի զարգացումների գնահատականները համահունչ են կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին
 

Հավանության է արժանացել ՀՀ կենտրոնական բանկի 2016թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունը: Համաձայն եզրակացության՝ ԿԲ-ի 2016թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի մակրոտնտեսական միջավայրի զարգացումների գնահատականներն ընդհանուր առմամբ համահունչ են կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին: Ըստ եզրակացության՝ ԿԲ 2016թ. դրամավարկային քաղաքականության ծրագրում նկարագրված իրական հատվածի ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտների զարգացումներն ունեն որոշակի հավակնոտություն, իսկ ցածր գնաճի նպատակադրման միջոցով ներկայացվում է, որ մի կողմից` հնարավոր կլինի նվազեցնել գնաճային սպասումները, իսկ մյուս կողմից` կբարձրանա երկրի արտաքին մրցունակությունը, իրեն հաջորդող դրական հետևանքներով: Այսինքն` ՀՀ ԿԲ 2016թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի հիմնական ուղղությունը հանգում է 2016թ. համար ցածր գնաճ խարսխելով գնաճային սպասումները նվազեցնելուն: Այսպիսով՝ կառավարությունը, կարևորելով մակրոտնտեսական արդյունավետ քաղաքականության իրականացումը, հարկաբյուջետային կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերում նպատակադրում է ԿԲ-ի ընդունած գնաճի երկարաժամկետ կայուն՝ 4±1.5 տոկոս ցուցանիշ, ինչը երկարաժամկետ հատվածում կկայունացնի նաև գնաճային սպասումները և կնպաստի ներդրումների ու բարեկեցության աճին: Կառավարությունը գտնում է, որ ԿԲ-ը դրամավարկային քաղաքականության ծրագրերում պետք է շարունակի հետամուտ լինել գների կայունության ապահովմանը և նկարագրի դրամավարկային պայմանների այնպիսի գործիքներ, քայլեր և հաճախականություն, որոնք ուղղված կլինեն թե՛ կարճաժամկետ և թե՛ միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակից շեղման ռիսկերի չեզոքացմանը:
Հավանության է արժանացել նաև ՀՀ կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունը, որի համաձայն ՀՀ-ում անցած տարի նվազող համախառն պահանջարկի պայմաններում, իրականացվել է առավել խթանող հարկաբյուջետային քաղաքականություն, իսկ ՀՀ կենտրոնական բանկն, ընդհանուր առմամբ, իրականացրել է դրամավարկային պայմանների թուլացման քաղաքականություն: Տարվա ընթացքում նախ ՀՀ ԿԲ կողմից ակնկալվում էր գների ընդլայնման միջավայր` հատկապես էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված, այնուհետև գյուղմթերքների գների ավելի ցածր մակարդակի ձևավորմամբ պայմանավորված` գնաճի նվազող վարքագիծ: Արդյունքում, 2015թ. դեկտեմբերին ամսական գնաճը կազմել է` 1.7 տոկոս, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ արտահայտվել 0.1 տոկոս գնանկում: Այս ժամանակահատվածում, ՀՀ ԿԲ-ն, իհարկե, թուլացրել է դրամավարկային քաղաքականության պայմանները: Առաջին կիսամյակի վերջում ՀՀ ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 10.5 տոկոս մակարդակում և իրականացրել մակրոպրուդենցիալ մի շարք միջոցառումներ:
Գործադիրն ընդունել է նաև «ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2015թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվության մասին» որոշում:


Նպաստավոր պայմաններ՝ Վաղարշապատի բժշկական հաստատությունների գործունեության համար

 

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որը պայմանավորված է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում գործող բժշկական հաստատությունների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությամբ: Ելնելով օպտիմալացման հիմնական սկզբունքներից, ինչպես նաև բժշկական հաստատությունների գործունեության ցուցանիշների վերլուծությունից, առաջարկվում է «Վաղարշապատի ծննդատուն» ՓԲԸ-ն միացման ձևով վերակազմակերպել, այն միացնելով «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՓԲԸ-ին: Այնուհետև, վերակազմակերպված «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՓԲԸ-ն նախատեսվում է վերանվանել «Էջմիածին» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի: Արդյունքում, հղիներին կմատուցվեն համալիր ծառայություններ` դյուրացնելով բժշկի ընտրության, բժշկական սպասարկման պայմաններին ծանոթանալու գործընթացը: Վաղարշապատ քաղաքի առողջապահական համակարգի հետագա արդիականացումն իրականացվելու է «պետություն-մասնավոր հատված համագործակցության» շրջանակում: Մասնավոր ներդրողի կողմից իրականացված ներդրումների հաշվին էլ նախատեսվում է կատարել Վաղարշապատի նախկին ծննդատան շենքի արդիականացման աշխատանքները: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ առողջապահության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հետևել այդ գործընթացին:

 


Այլ որոշումներ
 

Կառավարության որոշմամբ մայիսի 10-ին ժամը 12:00-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ շահառուների կողմից անշարժ գույքի ձեռքբերման պայմանների բարելավման համար: Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում անշարժ գույքի ապահովագրության գծով սահմանված սակագինը կիրառվում է ձեռք բերվող անշարժ գույքի ամբողջ արժեքի նկատմամբ: Արդյունքում, ծրագրի շահառուն ապահովագրում է գույքն ավելի մեծ արժեքով, քան բանկի փաստացի ռիսկի չափն է՝ յուրաքանչյուր ամիս ապահովագրման դիմաց վճարելով ավելի մեծ գումար: Անշարժ գույքի ապահովագրության մասով փոփոխություն կատարելու պարագայում այդ գծով սահմանվող սակագինը կիրառվում է տրամադրված հիփոթեքային վարկի մնացորդի նկատմամբ: Արդյունքում՝ շահառուն ավելի քիչ է վճարում, հաշվի առնելով հիփոթեքային վարկի նվազող մեծություն լինելու հանգամանքը:
Հայաստանի Հանրապետության և Ֆրասիայի Հանրապետության կառավարությունների միջև 2008թ. մայիսին ստորագրված և 2008թ. հոկտեմբերին ՀՀ ԱԺ կողմից վավերացված Երևանի խմելու ջրի համակարգի բարելավման և մաքրման ծրագրի և «Աէրացիա» մաքրման կայանի վերակառուցման աշխատանքների իրականացումը սահմանված ժամկետում՝ մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարելավել կեղտաջրերի մաքրման կայանը, խմելու ջրի օբյեկտների մատակարարման արդյունավետությունը և անվտանգությունը Երևան քաղաքի հինգ շրջաններում, խմելու ջրի ցանցի և հիմնական կեղտաջրերի կոլեկտորների վիճակը, ներդնել Երևանում ջրամատակարարման ցանցի հեռակառավարման SCADA համակարգը:
Նիստի ավարտին Հովիկ Աբրահամյանը նշել է. «Մենք պայմանավորվածություն ունեինք բոլոր նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարների հետ, որ ամիսը մեկ անգամ պետք է այցելեն մարզեր: Իհարկե, նախարարներ կան, որ այցելում են, նախարարներ կան, որ ծանրաբեռնվածությունից ելնելով, գոնե ես այդպես եմ պատկերացնում և ընդունում, չեն այցելում. պետք է սկսեն այցելել»: Գործադիրի ղեկավարն հորդորել է մարզեր այցեր կատարելիս անպայման այցելել քառօրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին, ծանոթանալ նրանց սոցիալական խնդիրներին և հարցեր լինելու դեպքում՝ բարձրացնել կառավարությունում:
 

Հոկտեմբեր 2021
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ