շաբաթ, 3 մարտի 2001
Հայ ժողովրդի նորագույն պատմության ականավոր դեմքերից մեկի՝ Գարեգին Նժդեհի ծննդյան 115-ամյա տարելիցը նշելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով: Վերջինիս կազմում ընդգրկված են գործադիր և օրենսդիր իշխանությունների, գիտության ու կրթության ոլորտների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի հիմնական առաքելությունն է մշակել միջոցառումների համապատասխան ծրագիր և նախապատրաստել դրա պատշաճ իրականացումը: Օրերս հանձնաժողովը գումարել է իր անդրանիկ նիստը, որտեղ քննարկվել են հոբելյանական հանդիսությունների կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, ընդգծվել է այդ արժանահիշատակ տարելիցը պետականորեն նշելու հույժ կարևորությունը, նախանշվել են միջոցառումներ, որոնց նպատակն է հանրությանը ներակայցնել Գարեգին Նժդեհ պետական և ռազմական գործչի ու մտածողի կերպարը, նրա կյանքն ու գործունեությունը: