COVID-19 ճամփորդական սահմանափակումներ
ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2021թ. հունվարի 12-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ արտերկրից ՀՀ ժամանող անձանց համար վերացվել են ՀՀ մուտք գործելու սահմանափակումները և այսուհետ բոլոր անձիք (ՀՀ քաղաքացիները և ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձիք) կարող են ՀՀ տարածք մուտք գործել ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով։
Համաձայն 2020 թ․ հոկտեմբերի 31-ի ՀՀ կառավարության N 1756-Ն որոշման՝ փոփոխություն է կատարվել ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում։
⮚ Հայաստանի Հանրապետության տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:
⮚ Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունն իրականացրած բժշկական կառույցի բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով:
⮚ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անհապաղ կատարվում է զննություն (հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում՝ լրացուցիչ հարցումների իրականացում)՝ վարակի ախտանշանների բացահայտման նպատակով, ստուգվում է սերտիֆիկատի առկայությունը:
⮚ Զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:
⮚ Սերտիֆիկատ չունեցող անձինք ենթակա են նմուշառման օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:
⮚ Նմուշառման կետերն իրականացնում են նմուշառումը և անձի տվյալները մուտքագրում և ինքնամեկուսացումը գրանցում ԱՐՄԵԴ համակարգում՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ստուգելով կոնտակտային հեռախոսահամարի իսկությունը՝ նշված հեռախոսահամարին զանգ կատարելու միջոցով: Նմուշառումից հետո նմուշառման կետի կողմից ժամանողին տրամադրվում է նմուշառումը և ինքնամեկուսացման գրանցումը հավաստող փաստաթուղթ:
⮚ ՊՇՌ հետազոտության արդյունքները գրանցվում են ԱՐՄԵԴ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում:
⮚ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:
⮚ Հետազոտության և հնարավոր բուժման հետ կապված ծախսերը հոգում է ժամանող քաղաքացին։