Քաղաքացիական ծառայության գրասենյակ
Ղեկավար` Վաչե Քալաշյան
Հեռ.` (+37410) 52-01-81
Էլ. փոստ`
Գրասենյակի գործառույթները
Քաղաքացիական ծառայության գրասենյակը՝
1. իրականացնում է համապատասխան մարմինների մարդկային ռեսուրսների կառավարման մեթոդական ղեկավարումը և վերահսկողությունը.
2. ուսումնասիրում և վերլուծում է համապատասխան մարմիններում հանրային ծառայության օրենսդրության կիրառման պրակտիկան, մշակում և Կառավարության, վարչապետի և համակարգող փոխվարչապետի քննարկմանն է ներկայացնում հանրային ծառայությանն առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծերը.
3. իրականացնում է վերլուծություններ` բացահայտելու հոսունության դինամիկան, դրան նպաստող պայմանները, հայտարարված մրցույթներին դիմորդներ չլինելու պատճառները, այդ թվում` պաշտոնների սխալ գնահատումը, չափանիշների սահմանումը, ենթախմբերի դասակարգումը.
4. մշակում է պետական մարմիններում աշխատանքի վարձատրության քաղաքականությունը.
5. Կառավարության սահմանած կարգով իրականացնում է աշխատանքի շուկայի վերլուծություն` ըստ մասնագիտությունների և տարածքների.
6. իրականացնում է կատարողականի գնահատման արդյունքների մոնիտորինգ և կատարում համապատասխան վերլուծություններ.
7. իրականացնում է վերապատրաստման արդյունքների ուսումնասիրություն և վերլուծություն.
8. Կառավարություն առաջարկություններ է ներկայացնում համապատասխան մարմինների վերակազմակերպման, գործունեության դադարման, կառուցվածքային փոփոխությունների ժամանակ քաղաքացիական ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.
9. ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում համապատասխան մարմիններ.
10. համապատասխան և այլ մարմիններից ստանում է քաղաքացիական ծառայության հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն.
11. անձնակազմի կառավարման աշխատանքների կազմակերպման մասով տալիս է մեթոդական ցուցումներ.
12. իրականացնում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, այլ օրենքներով, դրանցից բխող իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ: