Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ելույթներ, Ուղերձներ

Կիրակի, 17 Փետրվարի 2008

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ, ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵԼՈՒՅԹԸ
Սիրելի հայրենակիցներ, սիրելի բարեկամներ,
Ինն ամիս առաջ էր, երբ այս հրապարակում մենք դրեցինք խորհրդարանական ընտրությունների մեր քարոզարշավի վերջակետը: Ինն ամիս առաջ ես կրկին ձեր առջև էի, ու այս հարթակից խոսում էի իմ երազած Հայաստանի մասին: Ինն ամիս առաջ մեզ մեկտեղել էր «Քեզ համար, Հայաստան» կարգախոսը: Այսօր մենք ասում ենք «Առաջ Հայաստան»:
Ինն ամիս առաջ, այստեղ ես խոսեցի իմ երազած Հայաստանի մասին: Իմ երազած Հայաստանի, որտեղ լուծված կլինի աշխատատեղերի խնդիրը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատանքի արդյունքով կկարողանա արժանապատիվ կյանք ապահովել իր ու իր ընտանիքի համար:
Ինն ամիս առաջ ես խոստացա քրտնաջան ու արդյունավետ աշխատանք, ես խոստացա կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ մեր զավակները կստանան որակյալ կրթություն: Ես խոստացա, որ մեր կենսաթոշակառուները կստանան շատ ավելի բարձր կենսաթոշակ, ես խոստացա, որ մեր բանակը կլինի ավելի ամուր, որ մեր երկրում առողջապահական ծառայությունները կլինեն ավելի մատչելի:
Ինն ամիս առաջ, ես ասացի, որ տեր եմ իմ երազանքներին ու կոչ արեցի ձեզ, որպեսզի դուք էլ ձեր երազանքի տերը դառնաք: Ինն ամիս առաջ ես խնդրում էի ձեր քվեն ու այսօր հպարտորեն ու ճակատս պարզ կանգնած եմ ձեր առաջ: Պարզ ճակատով, որովհետև ինն ամսում մեզ հաջողվեց մեծ քայլերով առաջ շարժվել մեր խոստումների կատարման ուղղությամբ, որովհետև ինն ամիսների ընթացքում մեզ հաջողվեց այնպիսի հիմքեր ստեղծել, որ մեր` հինգ տարով տված խոստումներն իրականացնենք ավելի արագ: Ինն ամսում մեզ հաջողվեց շատ բան փոխել: Շատ բան, բայց որն ամենից ավելի կարևոր է, մեզ հաջողվեց փոխել ակնկալիքները մեր երկրում:
Ես տեսնում եմ, թե ինչպես է նահանջում հոռետեսությունը, ես տեսնում եմ լավատեսության հաղթանակը:
Իմ աշխատանքում ես հաջողության չէի հասնի, եթե դուք սատար չկանգնեիք այն ծրագրին, որ մենք ներկայացրել էինք, եթե չանեինք դեպի ժողովրդավարություն տանող կարևորագույն քայլերը: Ձեր վստահությամբ է, որ մենք կարողացանք շեշտակիորեն ավելացնել պետական բյուջեն, կարողացանք ավելացնել մեր տարեցների կենսաթոշակներն ու աշխատավարձերը: Ձեր աջակցության շնորհիվ է, որ մարզերում կարողանում ենք իրականացնել լայնածավալ ծրագրեր, ձեր աջակցության շնորհիվ է, որ ամեն օր Հայաստանի Հանրապետության շատ ավելի շատ քաղաքացիներ սկսում եմ շտկել մեջքը, բարձրանում է նրանց կյանքի որակը, ձեր աջակցության շնորհիվ է, որ մեր շատ հայրենակիցների տներում ամեն օր ավելի խաղաղ ու անվտանգ են քուն մտնում:

Սիրելի՛ հայրենակիցներ,
սրանք մեր նախանշած երկար ճանապարհի առաջին քայլերն են, առաջին ու հուսադրող քայլերը, ամուր ու հաստատուն քայլերը, փոխադարձ վստահության ու հավատի քայլերը: Ինձ ուրախացնում է այն, որ այս արդյունքները մենք արձանագրել ենք հաշված ամիսների ընթացքում: Պատկերացրեք, թե ինչ արագությամբ ենք մենք սլանալու դեպի շարունակական զարգացում առաջիկա հինգ տարիներին: Դրա համար պետք է մի բան, պետք է, որ ոչ ոք չկարողանա կոտրել զարգացման մեր թափը, պետք է, որ դուք կրկին վստահեք մեզ, պետք է ձեր քվեով աջակցեք այդ Հայաստանի կայացմանը, այդ Հայաստանի զարգացմանը, այդ Հայաստանի ապագային:
Այսօր ես ձեր քվե եմ խնդրում հաղթանակի համար, քանի որ մեզ հաջողվել է դառնալ հաղթանակած ժողովուրդ: Մենք սովորել ենք հաղթանակներին, սովորել ենք դժվարություններ հաղթահարելով, սովորել ենք սայթաքելով ու վեր հառնելով: Մենք սովորել ենք հաղթել, իսկ որևէ հաղթանակ չի ծնվում դատարկ տեղում, որևէ հաղթանակ երկնքից չի ընկնում, որպես մանանա:
Հաղթանակի համար հարկավոր է պայքարել: Ես հպարտ եմ, որ մեր ժողովուրդն ունակ է պայքարելու: Պայքարելու հանուն մեր նվաճումների, պայքարելու հանուն մեր երկրի, պայքարելու նաև զարգացման ու առաջընթացի ճակատում: Այդ պայքարի հաջողության խտացված բանաձևն է «Առաջ Հայաստան» կարգախոսը:

Սիրելի՛ բարեկամներ,
Հայաստանի մարզեր իմ նախընտրական այցելությունների ընթացքում ինձ հաճախ էին դիմում մարդիկ, ովքեր մտահոգ են ագրեսիայի աճող դրսևորումներով, ովքեր խնդրում են լուծումներ գտնել դրա դեմն առնելու համար:
Նման դեպքերում ես ասում էի, սիրելինե՛րս.
- հիշե՛ք լուռ մեծամասնության մասին,
- հիշե՛ք այն հարյուր հազարավոր մարդկանց մասին, ովքեր ամբողջ հոգով ատում են ջարդել-փշրելու գործելաոճը,
- մարդկանց մասին, ովքեր արժեվորում են ունեցածը և առաջ են նայում,
- հիշե՛ք այն հարյուր հազարավոր մեր քաղաքացիների մասին, ովքեր լուռ, առանց հոխորտանքի, առանց բանսարկության գնալու են ընտրատեղամաս և այո՛ են ասելու «Առաջ Հայաստանին»:
Պատկերացնու՞մ եք դա ինչ ուժ է: Պատկերացնու՞մ եք այդ մարմանդ գետը` նրա խորությունը, նրա լայնությունը: Միշտ և ամենուր հենց մայր գետերն են, որ հոգատարությամբ ընդունում եմ աղմկոտ առվակներին և հենց մայր գետերն են, որ կոչված են մեծ հիդրոկայաններ աշխատեցնելու, կոչված են արարման ու զարգացման, կոչված են առաջ տանելու:
Սիրելի՛ բարեկամներ, ես գիտեմ, որ այս օրերին դուք բազում առիթներ եք ունեցել նեղսրտելու, որ շատ հաճախ կույր հոխորտանքի թիրախ եք դարձել: Ես այդ ամենը լավ գիտեմ: Բայց մեկ անգամ ևս ուզում եմ հորդորել ձեզ. հիշե՛ք լուռ մեծամասնության մասին` հիշե՛ք, որ մենք մեծ գործ ունենք անելու, հիշե՛ք, որ մենք պաշտպանելու և արարելու՛ առաքելություն ունենք: Եվ վերջապես հիշե՛ք, որ այս ամենն ընդամենը մի քանի օրից ավարտվելու է:
Հիշե՛նք սա և ի լուր աշխարհի մեկ անգամ ևս կրկնենք.
- մենք չե՛նք վիրավորում,
- մենք չե՛նք հայհոյում,
- մենք մարդկանց յուրայինների և օտարների չե՛նք բաժանում,
- մենք ջրբաժաններ չե՛նք գծում, մենք ատելություն չե՛նք տարածում և "մեզ ոչ ոքից չենք գերադասում":
Բայց մենք լավ գիտենք, որ եկել է ստեղծածը պաշտպանելու, ձեռքբերումներն արժեվորելու ժամանակը:
Եկել է ազգային ներուժը ջլատող պառակտումներից վեր կանգնելու ժամանակը:
Մենք շատ երկար ճանապարհ ենք անցել ներկային հասնելու համար, մենք շատ զրկանքներ ենք տարել ու փորձություններով անցել այսօրն ունենալու համար: Եկել է մեր վաղը մեր այսօրվա վրա կառուցելու ժամանակը:
Եկել է հետքայլը մերժելու և վերելքի ուղին ընտրելու ժամանակը:
Եկել է «Առաջ Հայաստանի» ժամանակը:

Սիրելի հայրենակիցներ,
Այսօր քաղաքականությամբ զբաղվելը բնավ հերոսություն չի: Այսօր խոստումներ տալը նույնպես հերոսություն չի: Ես գիտեմ, թե ինչ է հերոսությունը: Ես հերոսության բազում դրվագների ականատեսն եմ եղել: Հերոսություն էր, որ մեր մարտական ընկերները հաղթում էին թվային ու զինվորական գերակշռություն ունեցող թշնամուն, հերոսությունն այն է, որ այսօր սահմանամերձ գյուղերում ուսուցիչները նոր հայրենասեր սերունդ են կրթում, հերոսությունն այն էր, որ մեր հայրենակիցներից շատերը մինչև վերջ դիմացան բոլոր զրկանքներին, դիմացան, ու պահեցին հայրենիքը, դիմացան անմռունչ, չըմբոստանալով անարդարության ու իշխողների անճարակության դեմ:
Այսօր էլ այդ հերոսները մեր կողքին են, այսօր հերոսությունն աշխատանքն է, լուրջ ու հետևողական աշխատանքը: Հետևողական աշխատանքը հանուն մեր պետության ամրապնդման, այն աշխատանքը, որ յուրաքանչյուրն անում է իր տեղում, այն աշխատանքը, որի համար հատուցում ու հռչակ չի ակնկալում:
Ժամանակին ես ստիպված եմ եղել զբաղվել պատերազմով, որպեսզի մեր սերունդները կարողանան զբաղվել մշակույթով ու գիտությամբ, ես ստիպված եմ զբաղվել քաղաքականությամբ, որպեսզի մեր սերունդները իրենց ավելի լավ ապագան ունենան բարեկեցիկ ու ամուր Հայաստանում: Ես զբաղվելու եմ մեր երկրի զարգացման խնդիրներով, աշխատելու եմ քրտնաջան, որովհետև չեմ ցանկանում, որ այսօրվա հիմնախնդիրները ժառանգություն մնան մեր սերունդներին, որովհետև, ինչպես յուրաքանչյուր հայ ծնող, ես ցանկանում եմ, որ մեր բոլորի երեխաներն ավելի անհոգ ապագա ունենան, որ ապրեն իսկապես հզոր ու բարգավաճ երկրում: Ես ցանկանում եմ, որպեսզի մեր սերունդներին մենք այլ Հայաստան թողնենք, զարգացած, ժողովրդավարական ու խաղաղ Հայաստան:
Ես շնորհակալ եմ ճակատագրին, որի կամոք է, որ իմ ողջ կյանքում ծառայել եմ իմ հայրենիքին, Հայաստանին, ծառայել եմ` փոխարենը ոչինչ չպահանջելով: Ծառայել եմ հպարտությամբ, որովհետև հայրենիքին ծառայելը ինձ համար ամենամեծ պատիվն է, պատիվն ու առաքինությունը: Այսօր էլ ես իմ երկրից ոչինչ չեմ պահանջում, չեմ պահանջում, որովհետև համոզված եմ իմ գործունեության վերջնական գնահատականը պատմությունն է տալու: Պատմությունն է զատելու սևը սպիտակից, պատմությունն է ապացուցելու մեր ընտրած ճանապարհի ճշմարտացիությունը: Այսօր ես ձեզանից խնդրում եմ աջակցություն: Ես խնդրում եմ վստահության քվե:
Ես խնդրում եմ բարության քվե:
Ես խնդրում եմ լավատեսության քվե:
Ես խնդրում եմ քվեարկել ավելի լավ Հայաստանի, առաջադեմ Հայաստանի, զարգացած Հայաստանի համար: Խնդրում եմ վստահությունն ու քվեն, որ մեր երկրիը, մեր բոլորի տուն Հայաստանը դառնա նաև մեր ամրոցը, որ մեր երկրում մեր քաղաքացիներն իրենց ամուր ու պաշտպանված զգան:
Այսօր ես եկել եմ բաց ու առանց սեթևեթանքի խոսելու: Ես եկել եմ խոսելու ավելի լավ Հայաստանի մասին: Ես չեմ եկել դրախտ խոստանալու, չնայած կցանկանայի, որ մեր երկիրը մի ակնթարթում վերածվեր եդեմական այգու: Ես չեմ եկել ձեզ մոլորեցնելու, ես եկել եմ կառուցելու այնպիսի Հայաստան, որը կդառնա Հայության ձգողության իրական բևեռը: Մեր միասնականության բևեռը: Ես կառուցելու եմ այն Հայաստանը, որտեղ մարդիկ վերադառնալու են ապրելու ու արարելու, ու մենք ենք անելու այնպես, որ մերոնք հասկանան, որ հայրենիքը հնարավոր չէ տանել կոշիկի ներբանների վրա, որ ավելի բարեկեցիկ կյանք կարելի է ստեղծել միայն Հայաստանում: Հպարտ ու պաշտպանված Հայաստանում:

Բարեկամներ,
Մեր հասարակությունը երկար սպասեց ներողության, անցյալի բոլոր սխալների համար ներողության: Չհնչեց այդ ներողությունը: Չհնչեց, որովհետև ներողություն կարողանում են հայցել միայն ուժեղները: Այսօր ես, այս բազմահազարանոց հավաքի առջև, մեր ողջ ժողովրդի առջև ներողություն եմ խնդրում: Ներողություն եմ խնդրում այս բոլոր 17 տարիների ընթացքում իշխանությունների կողմից կատարված սխալների համար, ձեր բոլոր նեղ ու հոգսառատ օրերի համար, ամենատարբեր աստիճանի պաշտոնյաների անսրտացավության համար, ամեն ինչի համար Ես ներողություն եմ խնդրում այդ ամենի համար, և ասում, որ այդ ամենը շտկելու ենք ուժեղ հոգով, վստահ ձեռքով: Ես գիտեմ, որ խնդիրները կարող է լուծել միայն մարդը, ով ընդունում է այդ խնդիրների գոյությունը: Ես գիտեմ, որ մենք լուծելու ենք դրանք: Եվ ես ասում եմ.
-զոռբայությունը մեր երկրում տեղ չունի,
- ինքնահավան պաշտոնյայի կերպարը մեր երկրում տեղ չունի,
- հարկերից խուսափելու հաշվին հարստանալը տեղ չունի,
- մեր ժողովրդին «մերոնքական-ձերոնքական» բաժանելը տեղ չունեն:
Ընտրությունները յուրօրինակ քննություն են հասարակության համար, նախընտրական քարոզարշավի ընթացքում միշտ էլ հասարակական միջավայրը ակամա լարվում է, կրքերը շիկանում են: Նախընտրական շրջանում առավել ցայտուն են ընդգծվում մեր մեջ եղած դրականն ու բացասականը: Եվ դա բնական է: Պատերազմի ժամանակ էր այդպես, և շատ ավելի ցայտուն էր: Ես դա անցել եմ, տեսել եմ իմ աչքերով, ոչ թե ինձ պատմել են, այլ ես ուղղակի դրա մեջ եմ եղել: Շատ ավելի փոքր չափերով, բայց հիմա էլ այդպես է, և ես հավատացնում եմ ձեզ, դրականը մեզանում իսկապես ավելի շատ է: Եվ փառք Աստծո, որ այդպես է:
Ես համոզված եմ, որ մենք հաղթելու ենք: Ես դիմում եմ Հայստանի հանրապետության բոլոր այն քաղաքացիներին, ովքե դեռևս չեն կողմնորոշվել: Նրանց կոչ եմ անում միանալ մեզ՝ դրանով իսկ մեր հաղթանակը դարձնել ավելի արժեքավոր, դրանով իսկ բացառել փոքրամասնության ագրեսիվ դրսևորումները:
Սիրելի հայրենակիցներ,
Ես մեկն եմ ձեզնից, ով քաջատեղյակ է ձեր բոլոր հոգսերին, գիտի ձեր բոլոր խնդիրները:
Ես մեկն եմ ձեզնից, ով վստահ է, որ կարող է նպաստել այդ խնդիրների լուծմանը, ով գիտի, ինչ բան է զենք և ինչ բան է գրիչ, ով գիտի ինչ բան է ազատություն և ինչ բան է կարգապահություն:
Ես մեկն եմ ձեզնից, ով ատում է անհանդուրժողականությունը և ապավինում է աշխատանքին:
Ես մեկն եմ ձեզնից, ով հավատում է հաղթական Հայաստանին և խոնարհվում Արարատի վեհության առջև:
Եվ ես երբեք թույլ չեմ տա հետընթաց ձեր կյանքում:
Ես կգործեմ ուժեղ Հայաստանի համար:
Ես կգործեմ մեր արժեքների համար:
Ես կգործեմ դպրոցների ու հիվանդանոցների համար:
Ես կգործեմ մեծահասակներ ու երեխաների համար, աշխատավորների և հաշմանդամների համար:
Ես միշտ կգործեմ ձեզ համար:

Սիրելի հայրենակիցներ,
Նախագահական ընտրություններին մնացել են հաշված ժամեր: Այսօր ես ինձ ուժեղ ու վստահ եմ զգում քան երբևէ: Ուժեղ իմ արածով, ուժեղ ձեր աջակցությամբ: Ուժեղ եմ, որովհետև այսօր ես տեսնում եմ մեր հայրենիքի Հայաստանի Հանրապետության վաղվա ավելի լավ օրը: Ես ուժեղ եմ, որովհետև դուք ինձ ներշնչում եք հույս, հավատ ու լավատեսություն:
Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք անցանք Հայաստանի բոլոր մարզերով, եղանք հարյուրավոր բնակավայրերում, տեսանք, որ մեր երկիրը քայլ առ քայլ ոտքի կանգնում, որ մեր երկիրը զարգանում է, որ մեր հասարակությունն է փոխվում, որ մենք քանդել ենք իշխանություն-ժողովուրդ անհարկի պատնեշները, մենք տեսանք այն մարդկանց ում համար պայքարում ենք, այն մարդկանց ում համար ցանկանում ենք ապահովել ավելի լավ ապագա: Մենք լսեցինք բոլորին, ովքեր ցանկացան խոսել, մենք ցանեցինք լավատեսության ու բարու սերմերը: Մենք սպասում ենք բարի ու առողջ հունձք:
Նախագահական ընտրություններից առաջ ես ցանկանում եմ մի խոստում տալ: Ես լինելու եմ բոլորի նախագահը, ես լինելու եմ թե՛ իմ ընտրողի, թե՛ մյուս թեկնածուներին քվե տված մեր հայրենակիցների նախագահը, ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի ընտրություններն անցնեն ժողովրդավարության բոլոր չափանիշներով ու օրենքներով:
Իմ ընկալմամբ, ժողովրդավարությունը մեծամասնության իշխանությունն է, մեծամասնության, որը չի ոտնահարելու փոքրամասնության իրավունքները: Այսօր այստեղ ես տեսնում եմ այդ մեծամասնությունը, ու հայտարարում եմ, որ մենք տուրք չենք տալու որևէ սադրանքների ու պաշտպանելու ենք մեր հաղթանակը, մենք տեր ենք լինելու մեծամասնության ազատ ընտրությանը, մեծամասնության կամաարտահայտությանը ու մեծամասնության հաղթանակին:
Բարության հաղթանակին:
Միասնության հաղթանակին:
Վաղվա Հայաստանի Հաղթանակին:

Քույրեր և եղբայրներ,
Նայե՛ք ձեր շուրջը: Կանցնեն տարիներ և դուք կասեք, այո՛, ես այնտեղ էի, այնտեղ կանգնած էի և հենց ես մասնակցեցի սրա կերտմանը: Վաղվա Հայաստանի կառուցումը մենք սկսում ենք հենց հիմա, հենց այստեղից: Եվ միասին ենք դա անելու:
Հաղթողը նա չէ, ով կարող է հարթակից ավելի բարձր գոռալ, հաղթողը նա չէ, ով իրեն հաղթող է հայտարարում, հաղթողը նա չէ, ով իր ժողովրդին տանում է չհիմնավորված բռնության ու ազգը` ցնցումների: Այս ընտրություններն այդպիսին չեն լինելու, այս ընտրություններում հաղթողը լինելու է միայն ու միայն առաջընթացը:
Մենք թույլ չենք տալու, որ որոշ մարդիկ փորձեն հեղինակազրկել ընտրությունները, մենք թույլ չենք տալու, որ որոշ մարդկանց նկրտումներն ու չարությունը դառնան որոշիչ:
Սուրբ Գիրքն ասում է. «Զգույշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Իրենց գործերից կճանաչեք նրանց. մի՞թե փշերից խաղող և տատասկից թուզ կքաղեն»:

Բարեկամներ,
Մենք հաղթելու ենք: Այդ հաղթանակը լինելու է յուրաքանչյուրինը, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացունը: Հաղթանակ` յուրաքանչյուր ընտանիքի համար, հաղթանակ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների համար:
Գաղտնիք չէ, որ մենք ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ աղքատություն, գործազրկություն, կաշառակերություն և այլն: Մենք քաջ գիտակցում ենք, թե որքանով են այդ խնդիրները բարդ և գիտենք դրանց լուծման ուղիները: Այսօրվա Հայաստանի Հանրապետության քաղաքական ասպարեզում մենք միակ քաղաքական ուժն ենք, որ կարող ենք լուծել կուտակված խնդիրներն առանց լուրջ տնտեսական և քաղաքական ցնցումների: Դրա համար մենք ունենք բավարար քաղաքական կամք, անհրաժեշտ կարողություններ և համակիրների մեծ ու հուսալի բանակ, ինչի մասին վկայում է այսօրվա մեր հանրահավաքը: Մենք մեր ուժերը չենք գերագնահատում, ինչպես վարվեցին երեկվա այստեղի հանրահավաքի մասնակիցները: Հավաքվում են տասը հազար, ասում են ՝ մենք ութսուն հազար ենք, հավաքվում են քսան հազար, ասում են ՝ երեք հարյուր հազար ենք: Իսկ հիմա մե՞նք ինչքան ենք՝ մեկ միլիոն, երկու միլիոն: Դուք մեծամասնության ներկայացուցիչն եք: Մենք ձեզ հրավիրել ենք այստեղ, որպեսզի նրանք մեկ անգամ ևս հասկանան, որ իրենք փոքրամասնություն են, որ իրենք անելիք չունեն իշխանության մեջ, որ իրենք չեն կարող ցնցել այս երկիրը:
Մենք կառուցելու ենք, կառուցելու ենք միասնություն, կառուցելու ենք լավ Հայաստան, կառուցելու ենք նոր Հայաստան, երազանքի Հայաստան:
Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանը:
Ես հավատում եմ Հայաստանի վառ ապագային:

Ուրեմն, առաջ դեպի մեր երազանքների հայրենիք,
Առա՛ջ դեպի հպարտ Հայաստան,
Առա՛ջ Երևան,
Առա՛ջ Շիրակ,
Առա՛ջ Լոռի,
Առա՛ջ Վայք,
Առա՛ջ Տավուշ,
Առա՛ջ Գեղարքունիք,
Առա՛ջ Արագածոտն,
Առա՛ջ Արարատ,
Առա՛ջ Արմավիր,
Առա՛ջ Կոտայք,
Առա՛ջ Սյունիք
Առա՜ջ,
ԱՌԱ՛Ջ ՀԱՅԱՍՏԱՆ