Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ելույթներ, Ուղերձներ

Չորեքշաբթի, 9 Օգոստոսի 2017

Կարեն Կարապետյանի ելույթը գյուղատնտեսության զարգացմանը նվիրված խորհրդակցության ընթացքում

Հարգելի գործընկերներ,

Մեր գլխավոր նպատակը գյուղատնտեսության մեջ արդյունավետության բարձրացումն է: Մեր մարզային այցելությունների և անցկացված հետազոտությունների հիման վրա, կարևորել ենք հետևյալ ուղղությունները՝

1. հողային և կլիմայական պայմաններից ելնելով՝ ծախսերի մինիմիզացիան,
2. աղետների դեմ պայքարի ավելի արդյունավետ համակարգի ստեղծումը,
3. ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար նոր համալիր լուծումների մշակումը,
4. ժամանակակից տեխնոլոգիաների մաքսիմալ կիրառումը,
5. կիրառական խորհրդատվական համակարգի ձևավորումը, որի միջոցով հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել, թե որ տարածքում ինչ պետք է արտադրվի, և որի միջոցով օժանդակելու ենք նաև համապատասխան մասնագետների վերապատրաստմանը:

Այս ամենի արդյունքում մենք կունենանք շահութաբեր և կայուն զարգացող գյուղատնտեսություն: Դա, իր հերթին, կբերի պարենային անվտանգության բարձրացմանը, ներկրվող մի շարք ապրանքների տեղական արտադրությամբ փոխարինելուն, ինչպես նաև Հանրապետությունից ապրանքների քանակի և տեսականու արտահանման աճի, որը հանգեցնելու է հավելյալ աշխատատեղերի ստեղծմանը:

Ինչպե՞ս պետք է դրան հասնենք:

- Նախադրյալներ ենք ստեղծելու ինտենսիվ նոր այգիներ հիմնելու համար, որը կբերի երաշխավորված արտադրանքի ստանալուն, ինչպես նաև փոքր, միջին և խոշոր ֆերմերային տնտեսությունների կայացմանը: Պետության կողմից այստեղ կլինի վարկի սուբսիդավորում և շահառուներին կտրամադրվեն տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով վարկեր մինչև 7 տարի մարման ժամկետով,
- անցում ենք կատարելու կաթիլային նոր համակարգերի, որոնց ներդրման համար մշակվել է պետական աջակցության ծրագիր, համաձայն որի՝ հողօգտագործողներին կտրամադրվեն վարկեր՝ տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով և 3 տարի մարման ժամկետով,
- լիզինգի պետական աջակցության ծրագրով ապահովելու ենք գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալություն: Այստեղ հնարավորություն ենք ընձեռում օգտվել ծրագրից 20 տոկոս կանխավճար կատարելով, տարեկան 2 տոկոս լիզինգային տոկոսադրույքով և 3-10 տարի մարման ժամկետով` կախված տեխնիկայի տեսակից,
- ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև այս ոլորտում գործունեություն ծավալողների՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողների համար սահմանել ենք գազի արտոնյալ սակագին,
- մթերումների դիմաց վճարումների խնդիրը կարգավորելու նպատակով արդեն իսկ մեկնարկել ենք մատչելի պայմաններով` տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով, վերամշակող ընկերություններին մթերման վարկերի տրամադրման ծրագիրը,
- սուբսիդավորվող վարկերի տոկոսադրույքները գյուղացիական տնտեսությունների համար դարձնելու ենք առավել մատչելի, իսկ սուբսիդավորման գումարներն ավելացնելու ենք՝ հնարավորություն ընձեռելով նրանց ֆինանսական կառույցից վարկը ստանալ տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով, տրամադրվող գումարի շեմն էլ սահմանելով 3-ից 10 մլն դրամ` նախկին մինչև 3 մլն-ի փոխարեն,
- գյուղատնտեսությունն ապահովագրելու ենք բնական աղետներից, ինչի համար մոտ ամիսներին Արմավիրի մարզում պիլոտային տարբերակով փորձարկվելու է հակակարկտային հրթիռային պաշտպանության նոր համակարգը, որն աստիճանաբար ընդգրկելու է հանրապետության ողջ տարածքը,
- անասնապահության բնագավառում ավելացնելու ենք բարձր կաթնատվության և մսատվության տոհմային սորտերի գլխաքանակը, ապահովելու ենք նրանց բուժման խնդիրների լուծումը, ինչպես նաև սպանդանոցների միջոցով մորթի կազմակերպումը,
- նախատեսում ենք տարբեր մարզերում ստեղծել սառնարանային տնտեսություններ՝ ավելցուկ թարմ բերքը սառնարանում պահպանելու համար,
- անցնելու ենք բարձրարժեք բույսերի մշակության,
- ընդլայնելու ենք օրգանական գյուղատնտեսությունը, մասնավորապես՝ սատարելով տեղական պարարտանյութերի ու անասնակերերի տեղական օրգանական արտադրանքի ծավալների ավելացմանը,
- ապահովելու ենք գործող խորհրդատվական համակարգի արդյունավետությունը և հասցեական աշխատելու ենք գյուղացու, ֆերմերի ու առհասարակ ոլորտով հետաքրքրված ներդրողի իրազեկվածության բարձրացման ուղղությամբ,
- բարելավելու ենք օրենսդրական դաշտը:

Վստահ եմ, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը միտված կառավարության ընտրած ուղղությունը և գործիքակազմը ճիշտ է: Այս ամենն իրականացնելով՝ մենք ոչ միայն սոցիալական խնդիր ենք լուծելու, այլև ժամանակակից, շահութաբեր, ինդուստրիալ գյուղատնտեսություն կստեղծենք:
Շնորհակալություն: