Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ելույթներ, Ուղերձներ

Ուրբաթ, 23 Ապրիլի 2010

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր հաշվետու ժողովում

Սրբազան հայր, ժողովի հարգելի մասնակիցներ։

Բազմաթիվ հարցադրումներ հնչեցին, որոնց ես պետք է փորձեմ պատասխանել Հայաստանի Հանրապետության կառավարության անունից։ Բայց առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին, որ ուշադրության կենտրոնում է պահում կառավարության գիտության զարգացման հիմնադրույթները, սկզբունքները, որոնք անցյալ տարվա ժողովում ձեզ ներկացրեցի և որոնք ընկած են կառավարության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի հիմքում։
Ցանկացած կառավարության համար գերնպատակ է ստեղծել մրցունակ տնտեսություն։ Ժամանակակից աշխարհում մրցունակ տնտեսություն ասելով հասկանում ենք գիտելիքի վրա հիմնված տնտեսություն։ Գիտելիքի վրա հիմնված տնտեսություն հնարավոր չէ ստեղծել, եթե հասարակությունը հիմնված չէ գիտելիքի վրա։
Սա է Հայաստանի Հանրապետության հեռանկարային, երկարաժամկետ զարգացման մեր տեսլականը։ Ավելին, մենք այլընտրանք չունենք, քան զարգացնել գիտությունը և գիտելիքը, գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը։ Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես դա անել։
Այստեղ է, որ ցանկանում եմ առաջ քաշել իմ ելույթի առաջին թեզը. այլևս ավարտվել է այն ժամանակը, երբ Գիտությունների ազգային ակադեմիան բարձրացնում է խնդիրներ։ Եկել է ժամանակը, որ մեր ակադեմիան պատասխանի այդ հարցերին, որովհետև Ակադեմիան է համախմբում մեր ինտելեկտուալ կարողությունները։ Եկել է ժամանակն այդ ինտելեկտուալ կարողությունները համախմբելով պատասխանելու բոլոր արդիական խնդիրներին։ Ավելին, դուք այդ պատասխանները պետք է հրամցնեք կառավարությանը, և մենք պարտավոր ենք առաջնորդվել դրանցով։ Դուք պետք է մեզ ներկայացնեք պատասխաններ, թե որոնք են Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, որն է մեր օրակարգը, որոնք են օրակարգային առաջնահերթ խնդիրները, որոնք են այդ խնդիրների լուծումները։ Այդ հարցերի պատասխանները ոչ թե կառավարությունից պիտի պահանջեք, այլ հակառակը` պիտի համարձակություն ունենաք հրապարակային ձևով դրանք մատուցել հանրությանը։ Այդ դեպքում կլուծվի բարոյական խնդիրը։ Այդ դեպքում մեր հասարակությունն ըստ արժանվույն կգնահատի գիտնականին։ Այսօր մենք բարոյահոգեբանական ճգնաժամ ունենք։ Մենք պարտավոր ենք բարձրացնել գիտնականի հեղինակությունը։ Նաև այստեղ ունենք խորը ճգնաժամ, որովհետև ժամանակակից Հայաստանի հերոսը գիտնականը չէ, հակառակը` գիտնականը շատ հաճախ հանդես է գալիս որպես ծաղրանքի առարկա։ Գիտությամբ զբաղվելն այսօր հեռանկարային չէ, շահավետ չէ, եվ դա լրջագույն խնդիր է։
Հնչում է շատ պարզ պատասխան, եթե ուզում եք, որ մարդիկ զբաղվեն գիտությամբ, բարձրացրեք աշխատավարձերը, բարձրացրեք ֆինանսավորումը։ Կա նաև դրա հակադարձ հարցադրումը. եթե ուզում եք, որ փող, ֆինանսներ ունենաք, տվեք արդյունք, որը մենք կարողանանք վաճառել և բարձրացնել ձեր աշխատավարձը։
Ժամանակակից աշխարհում գիտությունը փողը գիտելիքի վերածելու միջոց է։ Նորարարությունը ժամանակակից աշխարհում նոր ստեղծված գիտելիքը փողի վերածելու միջոց է։ Հայաստանի Հանրապետությունում կա լրջագույն պրոբլեմ. այս երկու օղակների միջև կապը խզված է։
Այս բացը մենք առաջարկում ենք լրացնել հետևյալ կերպ. սա իմ ելույթի երկրորդ թեզն է, որ ուզում եմ ներկայացնել ձեր դատին։ Միասին պետք է կարողանանք ժամանակակից մեթոդներով գնահատել մեր գիտական ներուժի տված արդյունքները։ Մենք դա չենք անում։ Միայն հրապարակումներով և մեջբերումներով բավարարվել այլևս չի կարելի։ Պետք է նայել, թե աշխարհի զարգացած երկրներում ինչպես է գնահատվում գիտելիքի արդյունքը։ Մենք կատարել ենք նման ուսումնասիրություն։ Իհարկե, հեղինակավոր ամսագրերում հրապարակումները կարևոր են, բայց նաև կարևոր է ստեղծել միջավայր, որն ապահովում է գիտության և արտադրության կապը։ Այդ միջավայրը Հայաստանի Հանրապետությունում մենք դեռևս չենք ստեղծել և դա պետք է իրականացնենք։ Չափազանց կարևոր է, որպեսզի տնտեսություն վարող սուբյեկտը ցանկություն ունենա նորարարության ներդրման միջոցով փող վաստակել, իսկ գիտնականը պետք է պատրաստ լինի այդ իր գիտական արդյունքը ներկայացնել ձեռներեցներին։
Չափազանց կարևոր թեզ առաջ քաշվեց, որ չի կարելի հույսները դնել միայն բյուջետային ֆինանսավորման վրա։ Եվ երկրորդ թեզն այն էր, որ պետք է դրսից գումարներ հայթայթենք։ Բայց հարց է առաջանում. իսկ դրսում այդ գումարները որտեղի՞ց են առաջանում։ Ինչո՞ւ Հայաստանում այդ գումարները չեն կարող առաջանալ։ Դրսում այդ գումարներն առաջանում են տնտեսության մեջ, և գիտության նկատմամբ պահանջ ներկայացնողը ժամանակակից տնտեսությունն է։ Եթե դուք ծանոթ եք ժամանակակից գիտական կենտրոնների աշխատանքի կազմակերպմանը, ապա կտեսնեք, որ վենչուրային կապիտալիստները, ձեռներեցները, տնտեսություն կազմակերպողները նոր գիտելիքների որոնումների մեջ են, և նրանք են ձգտում դեպի գիտական աշխարհ, և այդ ձգտումը չափազանց մեծ է։ Մենք պարտավոր ենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծել այդպիսի միջավայր։ Հայաստանի Հանրապետության ներսում էլ կան ֆինանսական միջոցներ, որոնք կարող են խթանել գիտության զարգացումը։
Երրորդ թեզը. ցավոք, մենք սովետական գիտությունից բացասական ժառանգություն ունենք, այն է` չենք կարողանում փաթեթավորել մեր գիտական հետազոտությունների արդյունքները, չենք կարողանում շուկայական տեսք տալ այդ արդյունքներին։
Մենք համատեղ քննարկեցինք շուրջ 28 նախագիծ, որ կառավարությունը խնդրել էր մեր հետազոտական ինստիտուտներից։ 28-ից 20-ը միանգամից ճանաչվեց անպիտան կիրառման համար։ 8-ը մենք վերցրեցինք քննության, 8-ից 4-ը գնահատեցինք, որ կարող ենք ներկայացնել բիզնեսի դատին, և այդ 4-ն էլ համարվեց ռիսկային։
Հարգելի գործընկերներ, այս դաշտում մենք խնդիր ունենք, որ պետք է համատեղ ջանքերով լուծենք։
Դա Ազգային ակադեմիայի լուծելիք խնդիրը չէ, բայց նաև միայն կառավարության լուծելիք խնդիրը չէ։ Դա մեր համագործակցության և ժամանակակից մեթոդների ներդրման խնդիր է։ Ժամանակակից աշխարհի փորձը հուշում է պատասխաններ` ինչպես պետք է զարգացնել գիտությունը։ Պատասխանն այդ փոխադարձ կապի ապահովման մեջ է։
Չորրորդ թեզը, որ ուզում եմ ձեր դատին ներկայացնել, հետևյալն է. մենք բավական երկար ժամանակ ծախսեցինք` քննարկելու, թե որոնք են գիտության ոլորտում առաջնահերթությունները։ Որո՞նք են այն գերակա ուղղությունները, որտեղ մենք կարող ենք համաշխարհային մակարդակի արդյունքներ տալ։ Ես հավաստիացնում եմ ձեզ, որ սա չափազանց կարևոր վարժություն էր, որ մենք կատարում էինք, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գիտությունը զարգացնելու և բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու համար խիստ անհրաժեշտ են հաջողված նախագծեր, հաջողված արդյունքներ։ Մի քանի այդպիսի նախաձեռնություններ ստացել են կառավարության աջակցությունը, և մենք փորձում ենք միասին ի կատար ածել այդ նախագծերը, բայց այստեղ նախաձեռնողականությունն ամբողջությամբ պետք է պատկանի Գիտությունների ազգային ակադեմիային։
Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ նախորդ տարվա հաշվետու ժողովում մեր կողմից ներկայացված գիտության զարգացման սկզբունքային դրույթներն ուժի մեջ են։ Մենք այլ տարբերակ չենք տեսնում, քան ուժեղացնել մեր ինտելեկտուալ պոտենցիալը, և ուրախ կլինենք եթե Գիտությունների ազգային ակադեմիան կարողանա այդ ներուժը համախմբել, իր առջև համարձակ խնդիրներ դնել և տալ դրանց լուծումները։
Ազգային Ժողովում սկսվելու է նոր օրենքի նախագծի քննարկումը, և սպասվում է բավական հետաքրքիր բանավեճ։ Կարելի է ասել, որ այսօր արդեն իսկ սկսվեց այդ բանավեճը` առաջարկելով, որ օրենքի նախագիծը համալրվի մեխանիզմներով։
Մենք պատրաստ ենք ստանալ ձեզանից առաջարկություններ։ Ակնարկվեց, որ ֆինանսավորման մեխանիզմներն արդիական են։ Հարց է` ինչպես խթանենք մանավանդ երիտասարդներին, որ նրանք զբաղվեն գիտությամբ։
Մենք ակնկալում ենք, որ այդ քննարկումների ժամանակ ձեր կողմից կլինեն առաջարկություններ և լուծումներ, և ես ձեզ խոստանում եմ, որ բոլոր առաջարկները գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում։ Մենք ջանք չենք խնայի, որ գտնենք լուծումներ, որոնք ընդունելի կլինեն նաև ձեզ համար։

Վերջում ցանկանում եմ ասել, հարգելի գործընկերներ, մենք միայն համագործակցելով կարող ենք փոխել վերաբերմունքը Հայաստանի Հանրապետությում գիտնականի և գիտության նկատմամբ, միասին կարող ենք հասնել նրան, որ այս հարցում գոնե լինի կոնսենսուս։ Արդեն մի քանի շաբաթ է, ինչ իմ անձնական բլոգում կազմակերպել եմ քննարկում գիտության զարգացման հեռանկարների, առաջնահերթությունների վերաբերյալ։ Կարծիքները խիստ տարբեր են, իրարամերժ։ Այդ քննարկումներում երբեմն անհանդուժողականություն կա միմյանց կարծիքների նկատմամբ, ծայրահեղ կարծիքներ են հնչում, և այնպիսի տպավորություն ունեմ, որ հասարակության մեջ չկա այս գաղափարի շուրջ կոնսենսուս։ Կարծում եմ` Ազգային ակադեմիայի կարևորագույն առաքելություններից մեկն այն է, որ հետևյալ կոնսենսուսն ապահովի` գիտությունն առաջնահերթություն է։ Այլընտրանք Հայաստանի Հանրապետությունը չունի, իսկ ամենապատվաբեր գործը Հայաստանում գիտությամբ զբաղվելն է, գիտնական լինելն է։ Սա է մեր նպատակը։
Շնորհակալություն ուշադրության համար։