Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 հունվարի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը, 2009թ. ՀՀ կառավարության առաջին նիստում ևս մեկ անգամ շնորհավորել է նիստի մասնակիցներին անցած` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և անդրադարձել ընթացիկ տարվա անելիքներին.
«2009 թվականը մեզ համար կարևոր տարի է լինելու, և չափազանց կարևոր է, որ հենց առաջին կառավարության նիստից աշխատանքային տրամադրությունը գերիշխի, ու մենք անմիջապես անցնենք 2009 թվականի մեր ծրագրերի իրականացմանը։ Առաջին հերթին պետք է լսենք 2008 թվականի հաշվետվությունները։ Գիտեք, այդպիսի ավանդույթ կա կառավարությունում։ Բոլոր գերատեսչությունները ըստ հաստատված ձևի պետք է պատրաստեն իրենց 2008 թվականի գործունեության հաշվետվությունը։ Այդ հաշվետվությունները նաև պետք է հրապարակվեն։ Դրանցում պետք է արձանագրվեն այն ձեռքբերումները, որոնք եղել են և այն բացթողումնեը, որոնք առկա են ձեր ոլորտներում, ինչպես նաև` դրանց պատճառները։
Կառավարության հաջորդ նիստին մենք, ձեզ հետ միասին, պետք է հաստատենք կառավարության 2009 թվականի միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները։ Հաստատված ձևով պետք է նաև գերատեսչությունների, նախարարությունների կողմից ներկայացվեն 2009 թվականի ծրագրերը։ Միևնույն ժամանակ, ցանկանում եմ ձեզ ասել, որ բազմաթիվ հանդիպումներից իմ ընդհանուր տպավորությունը, որ տեղի ունեցան Նոր տարվա միջոցառումների ընթացքում, այդ թվում և առաջին հերթին` գործարարների հետ հանդիպումների ժամանակ, այն է` որ մեր կառավարությունից սպասումները շատ մեծ են։ Մենք, ձեզ հետ միասին, պարտավոր ենք արդարացնել դրանք, ընդ որում` այդ սպասումները մեծ են ոչ միայն ձեռներեցների, ոչ միայն մեր քաղաքացիների մոտ, այլ նաև արտերկրում, Սփյուռքում։ Եվ մենք իրավունք չունենք հիասթափեցնելու մեր քաղաքացիներին ու մեր հայրենակիցներին։ Բիզնեսի ոլորտում ամենամեծ անելիքը մենք ունենք` ձեռներեցները պահանջում են հավասար, թափանցիկ պայմանների ապահովում և առաջին հերթին մատնանշում են խոշոր բիզնեսը` որ պետությանը չի հաջողվում խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ ու ապահովել հավասար մրցակցային պայմաններ։ Այդ տեսակետից 2009 թվականը լինելու է արմատական փոփոխությունների տարի, ինչը մատնանշված է նաև մեր հարկային և մաքսային վարչարարության բարելավման միջոցառումների ծրագրով, որն արժանացել է ՀՀ նախագահի հավանությանը։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ հարկային և մաքսային վարչարարության բարելավման համար մեկ թիրախը` խոշոր բիզնեսն է, և խոշոր բիզնեսը պետք է աշխատի թափանցիկ ու վերահսկելի։ Դրա համար մենք ներդնելու ենք նոր խաղի կանոններ, որպեսզի հանրությունը վստահի և հավատա մեր կառավարությանը։ Ազգային Ժողովն արդեն հաստատել է միջազգային ստանդարտների մասին մեր կողմից ներկայացված կարևորագույն օրենսդրական փոփոխությունները, այն է` խոշոր բիզնեսը 2009թ. իր գործունեության արդյունքները պետք է իր աուդիտի հավաստմամբ տպագրի մամուլում։ Դա նշանակում է, որ խոշոր բիզնեսին նաև հասարակությունն է վերահսկելու։ Բնականաբար, դա նաև բարենպաստ պայմաններ է ստեղծելու կառավարության գործունեության համար։
Մենք, ձեզ հետ միասին, մոտակա երկու շաբաթների ընթացքում աշխատելով ծրագրերի վրա, պետք է փորձենք հնարավորինս հստակեցնել ակնկալվող արդյունքները, որպեսզի դրանք լինեն չափելի։ Եթե այդպիսիք չլինեն, մենք չենք կարող գնահատել նախարարությունների և գերատեսչությունների աշխատանքների արդյունավետությունը։ Եվ երկրորդը` չափազանց կարևոր է, որ մեր հիմնական ծրագրի շրջանակներում ցույց տանք, թե 2009թ. որքանով է մեզ հասցնելու մեր նախընտրական ծրագրային թիրախներին։ Սա պետք է հստակ հասկանալի լինի, որպեսզի այն խոստումները, որ տվել են ե՛ւ հանրապետության նախագահը, ե՛ւ կոալիցիա կազմող քաղաքական ուժերը, հասանելի լինեն»։
Անցնելով օրակարգի հարցերի քննարկմանը` կառավարությունը հավանություն է տվել «Փոքր ավիացիայի զարգացման հայեցակարգին»։ Որոշումն ընդունվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 24-ի N 870-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ կառավարության 2008թ. գերակա խնդիրների ցանկը»։ Նշվել է, որ փոքր ավիացիայի զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, որը հնարավորություն կտա արդյունավետ և ժամանակի մեծ խնայողությամբ կազմակերպել անհրաժեշտ բազմաբնույթ օդային փոխադրումներ, գյուղատնտեսական, վթարափրկարարական, օդային պարեկի և դիտարկումների, հետազոտական, քարտեզագրման և այլ աշխատանքներ, կազմակերպել անձնական օգտագործման օդանավերի շահագործում։ Արդյունքում կապահովվի նաև մարզերի դինամիկ կապվածությունն ու տնտեսական ինտեգրումը։ Փոքր ավիացիայի զարգացումը մեծապես կարող է խթանել նաև զբոսաշրջության ոլորտի արդյունավետ և շահութաբեր գործունեությունը ևս։
Գործադիրը հավանություն է տվել նաև «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Օրենքի ընդունումը պայմանավորված է հիշյալ օրենքն արդի պահանջներին համապատասխանեցնելու, 1944թ. Չիկագոյի կոնվենցիայում և Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից ընդունված փաստաթղթերում կատարված փոփոխությունները ՀՀ քաղաքացիական ավիացիայի բնագավառում ներդնելու և կիրառելու անհրաժեշտությամբ։
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» օրինագծին ևս։ Օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել ավիացիոն պատահարների և միջադեպերի դեպքում ուղևորների, ուղեբեռների, օդանավի անձնակազմերի և երրորդ անձանց պատճառված վնասների փոխհատուցման սահմանաչափերը` համաձայն Մոնրեալի կոնվենցիայի դրույթների, ինչպես նաև Եվրամիության կողմից սահմանված պահանջները։
«ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ջրային ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ փուլային ծրագիրը, ինչպես նաև փուլային ծրագրի պարբերաբար թարմացման կարգը։ Նշվել է, որ որոշման ընդունումը կնպաստի ջրային ոլորտի հիմնախնդիրների արագ հայտնաբերմանը, դրանց լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման պատասխանատու լիազոր մարմինների և ժամանակացույցի հստակեցմանը, ոլորտի հետագա առողջացմանը։
Կառավարությունը որոշել է հիմնադրել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամ և հաստատել է դրա կանոնադրությունը։ Որոշումն ընդունվել է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև ղեկավարվելով ՀՀ-ի և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008թ. հունվարի 8-ին ստորագրված և մարտի 18-ին ԱԺ-ի կողմից վավերացված «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի դրույթներով։ Նորաստեղծ հիմնադրամի նպատակը` Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման միջոցով աղքատության նվազեցումն է։ Հիմնադրամի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի լիազորությունները վերապահվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը։ Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և գյուղատնտեսության նախարարներին` հիմնադրամի պետական գրանցումից հետո, ՀՀ կառավարության անունից որպես հիմնադրման կամավոր գույքային վճար հիմնադրամին հատկացնել «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի միջոցները (243 մլն 874.4 հազար դրամ), ինչպես նաև հիմնադրամի հետ կնքել ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված սուբսիդավորման համաձայնագիր։ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է նաև` 10-օրյա ժամկետում ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը։
Նիստում կառավարությունը հաստատել է բեռնատար տրանսպորտային միջոցների լիազորված կշռման կայաններին ներկայացվող պահանջները, միջազգային հավաստագիր տալու և օգտագործելու կարգը, ինչպես նաև միջազգային հավաստագրի ձևաթուղթը և ձևաթղթի նկարագիրը։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2008թ. մայիսի 22-ի «Անկախ պետությունների տարածքներում բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի կիրառման մասին» համաձայնագրի պահանջների ապահովման համար իրավասու մարմին ճանաչելու մասին» N491-Ա որոշմանը համապատասխան։ Սահմանվել է, որ ՀՀ տարածքում բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման կայաններն ընտրվում են մրցութային կարգով։ Հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ տարածքում բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման հավաստագիր տալու լիազորված կշռման կայանների ընտրման մրցութային կարգը։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին հանձնարարվել է նաև` ՀՀ ֆինանսների նախարարի հետ համատեղ, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի ձևաթղթի տպագրման և ներդրման գործառույթների հետ կապված ՀՀ օրենսդրությանը համապատասխան պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից համապատասխան գումար հատկացնելու վերաբերյալ առաջարկություն։
Գործադիրը որոշում է ընդունել «Խաղողի մշակության ֆիլոքսերազերծ և ֆիլոքսերայով վարակված տարածաշրջանների սահմանները և խաղողի ֆիլոքսերադիմացկուն սորտերի ցանկը սահմանելու մասին»։ Որոշման համաձայն, խաղողի մշակության ֆիլոքսերազերծ տարածաշրջաններն ընդգրկում են ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական տարածքները, իսկ ֆիլոքսերայով վարակված տարածաշրջանները` Լոռու, Տավուշի մարզերի և ԼՂՀ-ի վարչական տարածքները։ Սահմանվել է, որ խաղողի ֆիլոքսերադիմացկուն սորտերի ցանկում ընդգրկվում են խաղողի ամերիկյան տեսակներին, ինչպես նաև ամուրական տեսակին պատկանող ֆիլոքսերադիմացկուն սորտերը, դրանք միմյանց և խաղողի այլ տեսակների սորտերի հետ խաչաձևումից ստացված սորտերը։
Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Լատվիայի Հանրապետության միջև ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության և այլ հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը սահմանել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնում ծառայության ընդհանուր ստաժի հաշվարկման կարգն ու պայմանները։
Պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, գործադիրը հաստատել է լուծարումից հետո պետությանն անցած գույքի տնօրինման կարգը։ Փաստաթղթով կարգավորվում է մասնավորեցման ծրագրերի ցանկերում ընդգրկված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարումից հետո պետությանն անցած շարժական և անշարժ գույքի տնօրինման գործընթացը։ Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 13-ի N911-Ն համապատասխան որոշումը և 1999թ. դեկտեմբերի 14-ի N752 որոշման 3-րդ կետը։
«Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Երևան Ջուր» և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների գույքային հարաբերությունների ճշգրտման նպատակով, կառավարությունը որոշել է «Երևան Ջուր» ՓԲԸ-ին պայմանագրային հիմունքներով վարձակալության հանձնված գույքից հետ վերցնել 135587085.23 դրամ արժողությամբ գույքը` կատարելով համապատասխան փոփոխություն վարձակալության պայմանագրում։ Թույլատրվել է «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ին` սեփականության իրավունքով իրեն պատկանող 1130912.15 դրամ արժողությամբ գույքով (փականներ), ինչպես նաև «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին` սեփականության իրավունքով իրեն պատկանող 24195484 դրամ արժողությամբ գույքով (Գյումուշ 1 պոմպակայանն իր կապտաժներով) վճարել այդ ընկերությունների կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերման դիմաց։ Որոշվել է ՀՀ-ի կողմից ձեռք բերված` որոշման 2-րդ կետում նշված գույքն ամրացնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, իսկ որոշման N1 և N2 հավելվածներում նշված գույքը`136717997.38 դրամ հաշվեկշռային արժեքով ներդնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը։ Հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` որոշման 3-րդ հավելվածում նշված գույքը պայմանագրային հիմունքներով վարձակալության տրամադրել «Երևան Ջուր» ՓԲԸ-ին։
ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի N765 որոշմանը համապատասխան, գործադիրը հաստատել է Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի շրջանակներում անցկացված և ծրագրի խորհրդի կողմից հավանության արժանացած «Ամբարձիչ էքսկավատորներ», ինչպես նաև «Արթիկ քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավում» մրցույթների արդյունքները` հաղթող ճանաչելով համապատասխանաբար «Գալոպեր» և «Շինաշխարհ» ՍՊԸ-ները։
Նիստում գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 24-ի «ՀՀ կառավարության 2008թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N870-Ն որոշման մեջ, որի նպատակը ՀՀ ֆինանսների նախարարության համար գերակա խնդիր հանդիսացող միասնական հարկային օրենսգրքի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շարունակության ժամանակացույցի համապատասխանեցումն է ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 24-ի «ՀՀ կառավարության 2008-2012թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N878 որոշմամբ հաստատված ծրագրի «Հարկային և մաքսային համակարգերը» բաժնի 1-ին կետով սահմանված միջոցառման իրականացման, ինչպես նաև Արժութային միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ միասնական հարկային օրենսգրքի նախագծի մշակման համատեքստում համագործակցության հուշագրով սահմանված ժամանակացույցերին։
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N1294-Ն և N1233-Ն որոշումների մեջ, որը նպատակ ունի համատեղելու նույնանման գործառույթները ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի մեկ ստորաբաժանման մեջ, հստակեցնելու ստորաբաժանումների իրավասությունները, բարձրացնելու նախարարության աշխատակազմի աշխատանքների արդյունավետությունը։ Մասնավորապես, աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության յոթ տարածքային բաժինների վերակազմակերպումը մեկ` Երևանի տարածքային բաժնի հնարավորություն կտա Երևան քաղաքում ավելի ուժեղացնել քաղաքաշինական գործունեության վերահսկողությունը։
«Դատախազության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում և կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազների համազգեստի նկարագիրը և այն կրելու կարգը։ Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2005թ. մարտի 10-ի «ՀՀ դատախազության աշխատողների համազգեստի, դասային աստիճանների տարբերանշանների նկարագիրը և նմուշները, դրանք հատկացնելու կարգը հաստատելու մասին» N335-Ն որոշումը։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 14-ի «Բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» N 967-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրմամբ, որի նպատակը հիշյալ ցանկում տեղ գտած աշխարհագրական անվանումների անճշտությունների վերացումն է։
Այլ որոշումներով լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 1-ի N1245-Ն, 2008թ. մայիսի 15-ի N531-Ն և N654-Ն որոշումների մեջ, որը պայմանավորված է ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ նախարարին, տվյալ դեպքում` համապատասխանաբար ՀՀ արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների, էներգետիկայի և բնական պաշարների նախարարներին կից կոլեգիայի ստեղծմամբ։
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է Վահե Էլոյանին նշանակել ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավար։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածների համաձայն, կառավարությունը որոշել է Արագածոտնի մարզի Տեղեր համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հողերից 1,61 հա ընդհանուր մակերեսով հողամասը անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով, իսկ այդ հողամասի վրա գտնվող «Ժողովրդական տուն» շինությունն անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն։
Կառավարությունը որոշել է Իրան-Հայաստան գազամուղի Քաջարան-Արարատ հատվածի կառուցման ծրագրի իրականացման նպատակով, ՀՀ Սյունիքի մարզի 73.8445 հեկտար, Վայոց Ձորի մարզի 45.064 հեկտար, Արարատի մարզի 20.8271 հեկտար տարբեր նպատակային նշանակության հողերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա։ Սահմանվել է նաև, որ գազամուղի հիշյալ հատվածի` որոշման մեջ նշված մի շարք տարածքների, քաղաքացիների և իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 7.1094 հեկտար հողամասերի օտարման նպատակն է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ։ Որոշումը հիմնավորվել է նրանով, որ որոշման 2-րդ կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ ծրագրի իրականացումը նպատակաուղղված է երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Նիստում որոշում է ընդունվել նաև ՀՀ Կոտայքի մարզի Պտղնիի գյուղական համայնքի մի շարք հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ։
«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 18-ը նշել որպես Աստղագիտության օր։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ