Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Պաշտոնական լրահոս

Հինգշաբթի, 11 Հունվարի 2018

Հաստատվել են ՀՀ կառավարության 2018 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Գործադիրն ընդունել է «ՀՀ կառավարության 2018 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշում: Գերակա խնդիրներն ու միջոցառումներն արտացոլում են ՀՀ կառավարության հնգամյա ծրագրով 2018 թ. նախատեսված միջոցառումները, որոնք ուղղված են արդյունքային ցուցանիշների ապահովմանը:


Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու հաշվառումը


Գործադիրն ընդունել է համապատասխան որոշումներ, որոնցով առաջարկվում է արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը: Որոշումներով սահմանվում է նաև ՀՀ մինչև 2018 թ. ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության տնօրինման իրավունքը: Գործող սեփականատերերը, ըստ որոշման, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց տրանսպորտային միջոցները: Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ ըստ ոստիկանության և ապահովագրական ընկերությունների տվյալների, աջակողմյան մեքենաների մասնակցությամբ վթարների քանակն 28 տոկոսով ավելի է, քան ձախակողմյանը, իսկ վիրավորների քանակն ավելի է 39 տոկոսով: Նախարարը նշել է, որ նշված սահմանափակումը չի տարածվելու մինչև ապրիլի 1-ը ներմուծված և հաշվառված ավտոմեքենաների վրա:
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանձնարարել է պատրաստել համապատասխան օրենքի նախագիծ, հաջորդ շաբաթ ներկայացնել կառավարություն, որպեսզի այն անհետաձգելի կարգով ներկայացվի Ազգային ժողով:

 Օրենսդրական նախաձեռնություններ. կկարգավորվեն հրավառությունների կազմակերպման թույլտվությունների անցկացման հետ կապված հարաբերությունները
 

Հավանության է արժանացել «Տեղական տուրքերի և վճարների մասին» և հարակից այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որն ուղղված է հրավառությունների անցկացման վայրերի, ժամերի, հրավառությունների կազմակերպման թույլտվությունների անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորելուն: Օրինագծերի ընդունմամբ կսահմանվեն հրավառություն հասկացությունը, հրագործական նյութերի օգտագործման, ինչպես նաև հրավառությունների իրականացման համար լիազոր պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հսկողության իրականացման համար անհրաժեշտ իրավակարգավորումներ: Մասնավորապես՝ նախատեսվում է, որ հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը և դրանց ներկայացող պահանջները և պայմանները սահմանում է համայնքի ավագանին: Միաժամանակ սահմանվում է առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների խախտմամբ հրավառություն իրականացնելու համար վարչական պատասխանատվություն, ինչպես նաև տեղական տուրք՝ թույլտվություն ստանալու համար:
Գործադիրը հավանություն է տվել նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորման համաձայն, օրինագծերը մշակվել են ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կիրարկումն ապահովելու նպատակով:
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:
 

 Վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում՝ հաշմանդամ դարձած զինծառայողներին

 

Զինվորական ծառայության ժամանակ վնասվածք կամ խեղում կամ հիվանդություն ձեռք բերած կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողներին լավագույն չափանիշներին համապատասխան վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին լիազորել իրեն ամրացված համապատասխան տարածքը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման հանձնել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ին: Կազմակերպությունը պատրաստակամ է իր հաշվին գոյացած միջոցներով ներդրում կատարել, մասնավորապես, ամբողջովին վերանորոգել այդ տարածքը, զինել անհրաժեշտ սարքերով և սարքավորումներով, բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտ լիցենզիան ստանալուց հետո, նշված կատեգորիային տրամադրել անվճար վերականգնողական բուժում: Նախնական փուլում նախատեսվում է ապահովել ամսական ոչ պակաս 20 ստացիոնար և 50 ամբուլատոր հիվանդների բժշկական օգնություն և սպասարկում:


Հավանության է արժանացել թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագիրը


Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թթ. թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին: Ըստ հիմնավորման, պետական պահուստների թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրերը տարիների ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը, արժեքը: Կառավարումն արդյունավետ դարձնելու նպատակով հրապարակային աճուրդների միջոցով Պետական գանձարանում գտնվող ոչ բարձր իրացվելի իրերի պետական պահուստներից իրացում: Ծրագրի իրականացման արդյունքում Պետական գանձարանը կտիրապետի բարձր իրացվելիություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներով, որոնք կայուն կլինեն արդիականությամբ պայմանավորված ժամանակի ընթացքում արժեքային կորստից:

 

 Երևանում կկառուցվի ընտանեկան հանգստի և ժամանցի նոր կենտրոն. կիրականացվի 22 մլն դոլարի ներդրում

 

Կառավարությունն ընդունել է «Ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Պարկ գրուպ» ՍՊԸ առանց մրցույթի հողամաս տրամադրելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող մոտ 27 հա հողամասը 99 տարով վարձակալության և կառուցապատման իրավունքներով տրամադրել «Պարկ Գրուպ»-ին: Ներդրումային ծրագրով նախատեսվում է ստեղծել մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն՝ իրականացնելով 22 մլն դոլար ներդրում: Արդյունքում կստեղծվի 350 մշտական աշխատատեղ: Ներդրումային ծրագրի իրականացմամբ նախատեսված է տարածքի 70 տոկոսը կանաչապատել՝ տնկելով ավելի քան 2000 ծառ, ստեղծելով ծաղկազարդ և կանաչապատ տարածք: Կենտրոնը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:


Այլ որոշումներ

 

Գործադիրը հավանություն է տվել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցին (հաշվետու ժամանակաշրջան 2013-2016 թթ.): Հայաստանը խարտիան ստորագրել է 2001 թ. հոկտեմբերի 18-ին և վավերացրել` 2004 թ. հունվարի 21-ին: Խարտիային միանալու արդյունքում պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման և դրանց հետ ազգային քաղաքականությունների համաձայնեցման գործընթացի նկատմամբ Եվրոպայի խորհուրդն իրականացնում է վերահսկողություն և մոնիթորինգ, որը հիմնված է պետությունների կողմից տարին մեկ անգամ պարբերականությամբ ներկայացվող ազգային զեկույցների, ինչպես նաև կոլեկտիվ բողոքարկումների համակարգի վրա:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է հնարավորինս կրճատել և պարզեցնել մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման գործընթացը: Փոփոխություններով նախատեսվում է կրճատել հայտատուի փաստաթղթերի ուսումնասիրության, համապատասխանության որոշման, համապատասխան հրամանի նախագծի կազմման ժամկետները, ինչի արդյունքում ընդհանուր առմամբ կկրճատվի փորձագետների հավատարմագրման գործընթացի, ծառայության մատուցման տևողությունը:
 

Հունիս 2018
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ