Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 սեպտեմբերի 2017

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2018 թ. պետբյուջեի նախագծին. եկամտային մասը 100 մլրդ դրամով ավելի է








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Առաջինը վերաբերում էր առցանց մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանն ու դրամական վճարներն անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերը պարզեցնելուն: «2017 թվականի սկզբից գործարկվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի համակարգը, որը հնարավորություն է տալիս 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստը ստանալ առցանց եղանակով՝ ներկայացված դիմումի հիման վրա։ Նշված համակարգից արդեն իսկ օգտվել է շուրջ 15,000 մարդ: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ առկա են խնդիրներ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում։ Նշվածը պայմանավորված է բանկերի և համապատասխան պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակության ընթացակարգերի թերություններով և վարչարարության ձևական պահանջներով»,-նշել է վարչապետը։
Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը ձեռնարկել միջոցներ՝ ոլորտի անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովող ենթահամակարգի մշակման աշխատանքներն ավարտելու ուղղությամբ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության հարցը քննարկել Կենտրոնական բանկի հետ: Հանձնարարվել է նաև պարզեցնել վարչարարությունը և գործնականում ապահովել կենսաթոշակների, նպաստների, ինչպես նաև՝ օրենսդրությամբ սահմանված մյուս դրամական վճարների անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերի կիրարկումը։
Վարչապետի մյուս հանձնարարականը ջրամբարները սնող ջրահոսքերի մաքրման վերաբերյալ էր: Կարեն Կարապետյանը նշել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է, որ վերջին շրջանում նկատվում են հանրապետության խոշոր ջրամբարների թերլցման ռիսկեր, ինչով պայմանավորված առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խափանման դեպքեր: Հանրապետության մակերևութային, մասնավորապես՝ ջրամբարները սնող ջրահոսքերը կարգավորելու, ջրամբարների առավելագույն լցվածությունն ապահովելու, ոռոգման անխափան ջրամատակարարում իրականացնելու նպատակով, ինչպես նաև ի լրումն փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերի մշակման վերաբերյալ նախորդ հանձնարարականի՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 1-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ջրամբարները սնող ջրահոսքերի հուների մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ առաջարկություն և գործողությունների ծրագիր:
Հաջորդ հանձնարարականը վերաբերում էր տարեցների նկատմամբ վարվող քաղաքականությունում նոր մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտությանը: «1992թ-ից ՄԱԿ-ը հոկտեմբերի 1-ը հռչակել է որպես Տարեցների միջազգային օր: Այսօրվա հրամայականը մեզ ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ ծերացմանն ուղղված գործողությունների իրականացում»,-ասել է վարչապետը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 1-ամսյա ժամկետում քննարկել տարեց անձանց` աշխատաշուկայում ընդգրկվելու հնարավորության հարցերը, ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ` Սոցիալական այլընտրանքային ծառայությունների (օրինակ՝ ցերեկային կենտրոններ և տնային խնամք) համակարգի ներդրման ուղղությամբ։

Հավանության է արժանացել ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծին: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել լրամշակումներ և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ, որտեղից նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ հաջորդ տարվա բյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրլն 307 մլրդ դրամ՝ 2017թվականի 1 տրլն 207 մլրդ-ի փոխարեն, 100 մլրդ-ով ավելի՝ հարկային եկամուտների հաշվին: Բյուջեի ծախսային մասը նախատեսվում է 1 տրլն 464 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ մոտ 157 մլրդ դրամ: «Հաշվի առնելով կանխատեսումները՝ բարձրացրել ենք աճի ցուցանիշը: 2017-ին ամրագրել ենք 3,2 տոկոս աճ, բայց հաշվի առնելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է՝ ակնկալում ենք, որ այս տարի տնտեսական աճը կգտնվի 4-4,8 տոկոսի միջակայքում: Այդ հենքի հիման վրա էլ գործող սպասումները բարձրացրել ենք՝ ակնկալելով 4,3 տոկոս աճ: Մյուս տարվա համար մենք կանխատեսում ենք 4,5 տոկոս տնտեսական աճ»,- նշել է նախարարը: Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ 2018-ին բարձրացվել են կապիտալ ու պաշտպանական ծախսերը:
Անդրադառնալով սեկվեստր հայտարարելու մասին մամուլում շրջանառվող լուրերին՝ Վարդան Արամյանը նշել է նաև, որ ՀՀ կառավարությունը նման հարց չի քննարկում: «Նման բան ընդհանրապես չկա: Մենք ունենք շատ հստակ գաղափարախոսություն, որն ամրագրել էին 2017-ի բյուջեի նախագծում և նույն վարքագիծը շարունակելու ենք 2018-ին: Ի դեպ, միջազգային կառույցները, այդ թվում՝ վարկանիշավորող կազմակերպություններն աճող պարտքի ֆոնի վրա պահպանել են մեր ռեյտինգը և բարձր են գնահատել 2017-ի բյուջետային քաղաքականությունը ու նաև՝ հուլիսին հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրերը»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ կառավարությունը գործընկերների միջոցով հիմնականում կարողացել է ընթացիկ ծասխերի աճի մասով դրսևորել պահպանողական վարքագիծ:

Օրենսդրական նախաձեռնություններ

Կբարձրանա հանրապետությունում մշակվող նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ հանրության իրազեկվածությունը
Գործադիրը հավանություն է տվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծում ներառվել են ոչ միայն սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված իրավակարգավորումները, այլև հայեցակարգային նոր ինստիտուտներ և դրանից բխող նոր իրավակարգավորումներ: Մասնավորապես, նախագծով օրենքի կարգավորման շրջանակը սահմանափակվել է միայն նորմատիվ իրավական ակտերի համակարգի և աստիճանակարգության, դրանց պլանավորման, մշակման, կարգավորման ազդեցության գնահատման, փորձաքննության, նորմատիվ իրավական ակտերի ընդունման, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման և գործողության դադարեցման, հանրային քննարկումների անցկացման, իրավական մշտադիտարկման, պարզաբանման հետ կապված հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաև օրենսդրական տեխնիկայի կանոնների սահմանմամբ: Միևնույն ժամանակ նախագծով սահմանվել է նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն ունեցող մարմինների և անձանց շրջանակը: Օրինագծով տրվում են նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման նոր իրավակարգավորումներ: Սահմանվել է նաև, որ պարտադիր փորձաքննության են ենթակա նաև ՀՀ կառավարության ընդունած անհատական իրավական ակտերի նախագծերը: Հեղինակների հիմնավորմամբ՝ նախագծում տրված իրավակարգավորումների արդյունքում կբարձրանա հանրապետությունում մշակվող նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը:

Կկարգավորվի ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիների գործունեությունը
Հավանություն է տրվել ««Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որի նպատակը ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիների ստեղծման, կազմակերպման, շահագործման և լուծարման ընթացակարգերի հստակեցումն է: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս Հայաստանում գործում է երկու ազատ տնտեսական գոտի, նախատեսված է ստեղծել ևս մեկը: Արդեն իսկ գործող ազատ տնտեսական գոտիներում գործունեության թույլտվություն է ստացել 13 շահագործող: Օրենքի փոփոխությամբ հստակեցվում են լիազոր մարմնի լիազորությունները, կազմակերպչի և շահագործողների պարտավորությունները, ազատ տնտեսական գոտիների շահագործման հետ կապված հարաբերությունները, ազատ տնտեսական գոտիների սահմանագծին ներկայացվող պահանջները, ազատ տնտեսական գոտիների լուծարման ընթացակարգը և այլն:

Կներդրվեն առավել բարենպաստ և ազգային ռեժիմներ, ներդրումների պաշտպանության նվազագույն ստանդարտներ
Գործադիրը հավանություն է տվել «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագիծն ուղղված է ներդրումային ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի կատարելագործմանը` օտարերկրյա ներդրումների ներգրավման, պաշտպանության և ներդրումային գործունեության հետ կապված տարաբնույթ խնդիրների լուծման միջոցով: Միաժամանակ հստակեցվում են առկա սահմանումները, տրամադրվում են լրացուցիչ արտոնություններ, ամրագրվում են ներդրողների պաշտպանության նոր երաշխիքներ, սահմանվում է վեճերի լուծման նոր մեխանիզմ: Նախագծով ներդրվում են առավել բարենպաստ և ազգային ռեժիմներ, ինչպես նաև արդար և հավասար վերաբերմունքի սկզբունքը, ներդրումների պաշտպանության նվազագույն ստանդարտները: Նախատեսվել է նաև պետության հետ առկա վեճերի լուծման ժամանակ այլընտրանքային միջոցների (արբիտրաժի) կիրառման հնարավորություն:

Նախատեսվում է ապահովել հարկային և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցները սահմանված կարգով նաև ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու իրավական հիմքերը
Հավանության է արժանացել ««Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և ««Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծով առաջարկվում է սահմանել դրույթ, որի համաձայն՝ հարկային և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի տնտեսված միջոցները գործադիրի որոշմամբ կարող են ուղղվել կառավարության պահուստային ֆոնդ:


Նախատեսվում է ընդլայնել երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունները
Գործադիրը հավանություն է տրվել ««Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է աշխատաշուկայում բարձրացնել երեխաներ ունեցող` մինչև 24 տարեկան երիտասարդ կանանց մրցունակությունը՝ բարձրագույն մասնագիտական կրթության ստացման իրական հնարավորությունների ստեղծման միջոցով, մեծացնել երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունները՝ աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների համատեղման հնարավորությունների ապահովման միջոցով:

Առաջարկվում է սահմանել երկու նոր հատուկ բանկային հաշիվ՝ միանվագ դրամական վճարների և սոցիալական ապահովության
Հավանության է արժանացել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծերի ընդունման արդյունքում կբարելավվի պետբյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների գումարները շահառուներին վճարելու գործընթացի արդյունվետությունը, ինչպես նաև՝ շահառուներին մատուցվող ծառայությունների որակը։ Միաժամանակ, կպարզեցվեն կենսաթոշակները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատվովճարներն ու պարգևավճարներն անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերը։ Արդյունքում` կավելանա անկանխիկ վճարումների ծավալը՝ բարելավելով գործընթացի թափանցիկությունն ու ֆինանսական կառավարելիությունը, ինչպես նաև նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը։ Առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանել երկու նոր հատուկ բանկային հաշիվ. միանվագ դրամական վճարների հաշիվ` պետբյուջեից վճարվող սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների համար և սոցիալական ապահովության հաշիվ՝ պետբյուջեից վճարվող սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, պարբերական բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների համար։

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործընթացը հանրությանն ավելի հասանելի կդառնա
Հավանության է արժանացել ««Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունման դեպքում հիմնական ակնկալվող արդյունքը ՀՀ ամբողջ տարածքում շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործընթացը հանրությանը հասանելի դարձնելն է: Օրինագծով նախատեսվում է, որ սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնեն նաև ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը կամ գործակալության տարածքային գրասենյակները: Առաջարկվող կարգավորումը նպատակ է հետապնդում զարգացնել ապահովված իրավունքների գրանցման համակարգը՝ գրանցման գործընթացը հանրությանն ավելի հասանելի դարձնելու միջոցով:

Նախատեսվում է տարանջատել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ջրային օրենսգրքում» և ևս երկու օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ համապարփակ կերպով կկարգավորվեն ջրահեռացման իրավահարաբերությունները, ինչպես նաև կսահմանվեն կեղտաջրերի և ջրահեռացման համակարգերի տեսակները և ըստ տեսակների՝ կեղտաջրերի հեռացմանը, մաքրմանը և մոնիթորինգին ներկայացվող պահանջները: Այդ գործընթացների նկատմամբ վերահսկողությունը իրականացնելու համար սահմանվել է արտադրական կեղտաջրերի մոնիթորինգի գործառույթ, որը կարող է վերապահվել է միասնական օպերատորի սպասարկման տարածքներում՝ միասնական օպերատորին կամ մասնագիտացված կազմակերպություններին իրականացնելու համար: Ջրահեռացման ոլորտում ներդրումների խթանման նպատակով, հատկապես՝ միասնական օպերատորի սպասարկման տարածքում չընդգրկված համայնքների ջրահեռացումը բարելավելու տեսանկյունից նախատեսվում է տարանջատել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները: Նպաստավոր նախադրյալներ կստեղծվեն պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակում մասնավոր ներդրողների, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և դոնորների կողմից ոլորտում ներդրումներ կատարելու ուղղությամբ:
Հավանության են արժանացել նաև կառավարության առաջարկությունները ԱԺ պատգամավորների ներկայացրած մի շարք օրենքների նախագծերի վերաբերյալ:


ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունը մի շարք որոշումներ է ընդունել


ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունը սահմանել է.
- արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 - 2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգն ու ժամկետները: Կարգով կարող են առաջնորդվել արդյունաբերական կազմակերպություններն արդյունաբերական նպատակներով ձեռք բերված յուղերի վճարված ակցիզային հարկի փոխհատուցման համար։
-շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետբյուջեից փոխհատուցելու կարգը:
-բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը:
-ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը:


Այլ որոշումներ


Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Նախագծով սահմանված են երկու երկրների միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները: Նախագիծը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովագրություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի օրենսդրությանը համաձայն: Նախագիծը ներառում է հոդվածներ` ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, սեփականազրկման կամ օտարման խնդիրների կարգավորման և համապատասխան փոխհատուցումների, պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ:
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նյութատեխնիկական զինման և կադրային ներուժի բարձրացման, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարությունում վիրտուալացված հիշողության համակարգի և գնումների էլեկտրոնային աճուրդի համակարգի ներդրման, համակարգչային տեխնիկայի վերազինման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Կառավարությունը հաստատել է Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2018 թ. ծրագիրը: Հիմնավորման համաձայն, 2017 թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով՝ ժամկետը 2018թ.-ից երկարացվել է մինչև 2021թ.: Ըստ այդմ, սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն:
Գործադիրը որոշել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության տնօրինության ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի համապատասխան հասցեում գտնվող ճաշարանի շենքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Ծակքարի առողջության առաջնային պահպանման կենտրոնին՝ որպես բուժամբուլատորիա շահագործելու նպատակով:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է 2017 թ. պետբյուջեի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ», «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» և «Միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրերով տնտեսված միջոցները փոխանցել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ և վերաբաշխել ՀՀ մշակույթի նախարարությանը ՀՀ ԿԳՆ-ի հաշվին տրամադրված լրացուցիչ 60 տեղի ուսումնառության համար անհրաժեշտ միջոցները:

 

 


 

Հոկտեմբեր 2018
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 

-

Արխիվ