Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 հունիսի 2017

Տաքսի ծառայությունների որակը չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին և նորմատիվային պահանջներին. վարչապետ










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիների, զբոսաշրջիկների տեղափոխման դեպի քաղաք և այլ վայրեր ծառայություններին՝ վարչապետը նշել է. «Ուսումնասիրելով «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցման ներկայիս իրավիճակը՝ արձանագրում ենք, որ տաքսի ծառայությունների որակն ակնհայտորեն չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին և նորմատիվային պահանջներին։ Նշված իրավիճակը խիստ մտահոգիչ է, հաշվի առնելով այն, որ այդ ծառայությունների սպառողն են հանդիսանում Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն ու մեր համաքաղաքացիները»։
Վարչապետը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին 1-շաբաթյա ժամկետում իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ, լիցենզավորման ոլորտում օրինախախտումների գործունեության դադարեցման ուղղությամբ, քննարկել Երևան-Զվարթնոց գործող երթուղիների արդիականացման հնարավորությունը։ ՀՀ ոստիկանապետին կառավարության ղեկավարը հանձնարարել է 1-շաբաթյա ժամկետում իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ փաստացի առանց լիցենզիայի գործող տաքսի վարորդների կողմից թույլ տրվող իրավախախտումների բացահայտման, կանխարգելման և պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։
«Պրոբլեմը բոլորդ լավ գիտեք՝ անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երևանյան լիճ՝ Սևանա լճի փոխարեն Մալաթիա-Սեբաստիայով հասցնող, տարբեր տարիֆներ կիրառող և այլն: Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջու՞մ ենք վարորդի տեսքն ինչպիսին պետք է լինի, ուղևորի հետ ինչպես պետք է իրեն պահի»,-ասել է վարչապետը: Դիմելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` Կարեն Կարապետյանը նշել է, որ հարկավոր է կոշտ քայլեր ձեռնարկել: Վարչապետի խոսքով՝ դա անթույլատրելի է, քանի որ զբոսաշրջիկն առաջին տպավորությունը Հայաստանի մասին նրանցից է ստանում:
Վլադիմիր Գասպարյանն էլ նշել է, որ տարիներ շարունակ այդ խնդիրը բարձրացվում է և ոլորտում համապատասխան աշխատանքներ արդեն իսկ տարվել են. «Մենք չենք կարողանում հասնել նրան, որ կասկածելի անցյալ ունեցող, ծանր հանցագործություններով դատված, նարկոդիսպանսերում հաշվառված անձինք չստանան լիցենզիա: Այդ հարցը լուրջ անհանգստություն է մեզ պատճառում»։
Դիմելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին վարչապետը մեկ անգամ ևս հանձարարել է կարգավորել դաշտը՝ հստակ հայտանիշեր դնելով: Վարչապետն առաջարկել է երթուղային գիծ մշակել, սակագներ հաստատել և այլն:

 Վարչապետը հանձնարարել է պարզեցնել սեզոնային մրգերի արտահանման վարչարարությունը


Սեզոնային մրգերի արտահանման գործընթացի պարզեցման և կատարելագործման վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «Ներկայումս Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման համար առավել բարենպաստ շրջան է: Սակայն մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, պարզ է դարձել, որ նշված ապրանքատեսակների մաքսազերծման և բացթողնման գործընթացը որոշ դեպքերում մնում է ժամանակատար, իսկ իրականացվող վարչարարությունը՝ ոչ արդյունավետ: Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ տնտեսվարողների համար ամբողջությամբ չի կիրառվում մեկ պատուհանի սկզբունքը»:
Այդ ամենը հաշվի առնելով՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին և ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 1-շաբաթյա ժամկետում մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով՝ ապահովել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարության էապես պարզեցումը և այդ գործընթացը հնարավորինս արագ, արդյունավետ և տնտեսվարողի համար մատչելի դարձնելու մեխանիզմները:


Նախատեսվում է թեթև արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպություններին լրացուցիչ արտոնություններ տրամադրել

Անդրադառնալով թեթև արդյունաբերության ոլորտին լրացուցիչ արտոնությունների տրամադրմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Ցանկանում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ մեր կողմից հայտարարված Հայաստանում թեթև արդյունաբերության, մասնավորապես տեքստիլի, տրիկոտաժի, կաշեգործության, կոշկակարության և գորգագործության ոլորտների զարգացմանն ուղղված պետական գործուն աջակցության անհրաժեշտության հարցին։ Կառավարությունը պետք է իր գործողությունների արդյունքում նպաստի լուրջ ներուժ ունեցող նշված ձեռնարկատիրական ոլորտների զարգացմանը և հատկապես նոր աշխատատեղերի ստեղծմանը»։ Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին և ԿԱ պետական եկամունտերի կոմիտեի նախագահին 2-շաբաթյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ Երևանում և Երևանից դուրս, թեթև արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպություններին և վերջիններիս կողմից նոր աշխատատեղեր ստեղծելու դեպքերում լրացուցիչ արտոնությունների տրամադրման հնարավորության և գործիքակազմի վերաբերյալ: «Մենք մեր գործընկերների հետ այս հարցի շուրջ խոսել ենք: Երևանից դուրս արտոնություն պետք է տրվի, որպեսզի խրախուսվի մարզերում նման գործունեություն ծավալելը: Երկրորդ՝ պետք է խրախուսվի աշխատատեղ ստեղծելը, երրորդ՝ պետք է ունենանք սուբսիդավորման հստակ մեխանիզմներ: Նաև քննարկել ենք, որ կոշկակարության վերաբերյալ ռազմավարություն և ծրագիր պետք է ներկայացվի, որովհետև այնտեղ մեծ ներուժ ունենք»,-ասել է վարչապետը:


Անհրաժեշտ է հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում ձևավորել միասնական թվայնացված միջավայր

 

Միասնական թվայնացված միջավայրի ձևավորման աշխատաքների վերաբերյալ գործադիրի ղեկավարը ասել է. «Բազմիցս նշել ենք, որ Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացման, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովման համար, անհրաժեշտ է տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիական հենքի վրա ձևավորել հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայր: Արդեն իսկ որոշ գերաստեսչություններ միջոցներ են ձեռնարկում այս ուղղությամբ, սակայն հարկավոր է հարցին տալ համակարգային լուծում»:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ, ըստ ոլորտների, անհրաժեշտ թվայնացում իրականացնելու ուղղությունների և դրանց հիմնավորումների վերաբերյալ:
Կառավարության աշխատակազմի ղեկավարին վարչապետը հանձնարարել է առաջին կետով նախատեսված ամբողջ տեղեկատվությունը ստանալուն պես 2-շաբաթյա ժամկետում ամփոփել և ներկայացնել Միասնական թվայնացված միջավայրի իրագործման ծրագիր՝ հստակ ժամանակացույցով և պատասխանատուներով։ «Մենք պետք է ունենանք թվային քարտեզ: Բոլոր մեր կառավարման սուբյեկտները, բիզնես պրոցեսները պետք է թվայնացնենք: Արդեն նման փորձ մի քանի գերատեսչություններում կիրառել ենք և ունենք դրական արդյունք: Մեկ օր շուտ սա պետք է անել՝ դպրոցներում, մանկապարտեզներում: Չկա այնպիսի ոլորտ, որտեղ թվայնացման անհրաժեշտություն չլինի»,-ընգծել է Կարեն Կարապետյանը:


Հանրապետության ամբողջ տարածքում անհրաժեշտ է ստեղծել սպանդանոցների ստեղծման հնարավորություններ
 

Անդրադառնալով հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցման առաջնահերթ գերակայությանը՝ կառավարության ղեկավարը նշել է.«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով սահմանված հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցման առաջնահերթ գերակայությունը՝ անհրաժեշտ է առաջին հերթին լուծել հանրապետության ամբողջ տարածքում սպանդանոցային հնարավորությունների ստեղծումը: Սպանդանոցային կարողությունների իրավիճակային գնահատումը ցույց է տվել, որ հանրապետության որոշ մարզերում չկան գործող սպանդանոցներ, իսկ մյուս մարզերում կա լրացուցիչ սպանդանոցների ստեղծման անհրաժեշտություն»:
Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների և Գյուղատնտեսության նախարարներին 1-ամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն հանրապետության տարածքում նոր սպանդանոցային կարողությունների ձևավորման հնարավորությունների վերաբերյալ՝ ներառելով դրանց ֆինանսավորման հնարավոր աղբյուրները:


Կառավարությունը կապահովի գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների շարունակականությունը


Գործադիրը հավանությունն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017թ. միջոցառումների ծրագրին: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության 2016թ. ծրագրով ընդգծվել է գործարար միջավայրի բարելավման այնպիսի քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը, որոնք 2017թ. արդյունքներով կհանգեցնեն Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելը (Doing Business) վարկանիշում Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման՝ առնվազն 4 կետով:
«Գործարարությամբ զբաղվելը 2017-Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի համաձայն` Հայաստանը 190 երկրների շարքում նախորդ տարվա վերագնահատված արդյունքների (43-րդ տեղ) համեմատությամբ բարելավել է իր դիրքը 5 կետով` բարձրանալով 38-րդ տեղը: Մի շարք ոլորտներում Հայաստանի արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի: Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը: Արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը: Ծրագրով նախատեսված 49 միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը: Ակնկալվում է նաև Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում այլ հավասար պայմաններում ՀՀ դիրքը բարելավել 12 կետով: Ըստ վերոնշյալ զեկույցի՝ դեռևս խնդիրներ կան հարկերի վճարում, շինարարական թույլտվությունների ստացում, էլեկտրականության միացում, սնանկացման ճանաչում ոլորտներում: Կարեն Կարապետյանը կարևորել է ծրագրի իրականացումը և նշել, որ գործարար միջավայրի կանոնակարգումը կնպաստի տնտեսական աճին ուղղված ջանքերի արդյունավետ իրականացմանը: Վարչապետը հանձնարարել է անհրաժեշտ տեղեկատվությունը տեղադրել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կայքում և պարբերաբար հանդիպումներ կազմակերպել բիզնես միջավայրի ներկայացուցիչների հետ: Գործադիրի ղեկավարը նախարարին հորդորել է նախատեսվող միջոցառումները վերոնշյալ ոլորտներում, հատկապես, սնանկացման ճանաչման, պահել ուշադրության կենտրոնում:

 
Սահմանվել են հորիզոնական մոնիթորինգի անցկացման վերաբերյալ դիմումի ձևը, լրացման, ներկայացման կարգն ու ժամկետները


ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսվում է ներդնել Հորիզոնական մոնիթորինգի համակարգ, որը հարկային մարմնի և հարկ վճարողների միջև գործընկերային հարաբերությունների ձևավորման նոր, միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառված ձևաչափ է: Համակարգի նպատակն է բարելավել հարկային միջավայրը: Համակարգի հիմնական առավելություններից է, որ հարկային մարմինը, առանց տնտեսվարող սուբյեկտ այցելության, մշտապես հետևում է նրա գործունեությանը և օրենսդրության պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում, անմիջապես տեղեկացնում է այդ մասին: Ըստ այդմ, կառավարությունը սահմանել է հորիզոնական մոնիթորինգի համակարգից օգտվելու հնարավորություն ունեցող կազմակերպությունների գործունեության ոլորտները՝ մետաղական հանքաքարի արդյունահանում, ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և խառնում, ծխախոտային արտադրատեսակների արտադրություն, էլեկտրաէներգիայի արտադրություն, հաղորդում և բաշխում, գազամատակարարման համակարգի միջոցով բաշխվող գազի վաճառք, ջրի հավաքում, մշակում և բաշխում, հեռահաղորդակցության ծառայություններ, ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաներ: Կարեն Կարապետյանը, կարևորելով գործընթացը, նշել է. «Մենք բիզնեսի հետ կնքում ենք պայմանագիր և ասում, որ այս ծառայությունը տրամադրում ենք անվճար, մշտադիտարկում ենք անում և երբ խնդիր ենք նկատում, զգուշացնում ենք: Եթե չենք զգուշացրել, ապա վերջինս պատասխանատվություն չի կրելու, եթե այն հետո հայտնաբերվի: Կանխարգելում ենք, իրեն հուշում ենք, որ կարող է սխալ ուղով գնալ: Չափազանց կարևոր գործընթաց է, որին պետք է հատուկ ուշադրություն դարձնել»: Վարչապետը հավելել է նաև, որ անհրաժեշտ է ոլորտների քանակն ընդլայնել:
Սահմանվել է նաև հորիզոնական մոնիթորինգի անցկացման վերաբերյալ դիմումի ձևը, լրացման, ներկայացման կարգը և ժամկետները, համաձայնագրի ձևը, կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կնքման, մերժման հիմքերը, մոնիթորինգի անցկացման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը (այդ թվում` գործարքների փաստաթղթավորմանը) և հաշվապահական հաշվառման ծրագրին իրական ժամանակում հարկային մարմնի տեղեկատվական համակարգի համար լրիվ հասանելիության ապահովման կարգը: Մասնավորապես նախատեսվում է, որ հորիզոնական մոնիթորինգ իրականացնելու համար կազմակերպությունները դիմում պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով, մինչև հորիզոնական մոնիթորինգ իրականացնելու հարկային տարվան նախորդող հարկային տարվա հունիսի 30-ը: Սահմանվում են նաև կազմակերպության կամ հարկային մարմնի կողմից հորիզոնական մոնիթորինգի անցկացման վաղաժամկետ դադարեցման կարգն ու ժամկետները:
Կառավարությունն ընդունել է «ՀՀ-ում արտադրվող և ՀՀ ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «Կ», «Հ», «Փ» և «Ք» սերիաների ակցիզային դրոշմանիշերը կիրառության մեջ դնելու մասին» որոշում: Դա կնպաստի ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացման նկատմամբ առավել արդյունավետ հսկողություն սահմանմանը:
Անդրադարձ է կատարվել ՀԴՄ-ների տեղադրման հարցին: ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ այդ ուղղությամբ ՀՀ ֆինանսների նախարարի հետ համատեղ աշխատում են և առաջիկա 1-2 օրում առաջարկը կներկայացնեն: Կարեն Կարապետյանը կարևորել է այդ գործընթացը:
«Մենք նպատակ ենք դրել ՀԴՄ-ներով ծածկել ամբողջ մանրածախ դաշտը, ինչը մեզ հնարավորություն կտա ներքին շուկայում աշխատող ոլորտների հարկերն ստվերից դուրս բերել, վճարել, որը մեզ որոշ ժամանակ անց հնարավորություն կտա սահմանն անցնելու՝ մեր երկիր մտնելու ռեժիմը թեթևացնել: Դա կբերի տնտեսական ակտիվության, մասնակիցների աճի: Այդ իսկ պատճառով խնդրում եմ առավելագույնս ուշադիր լինել այդ ոլորտին: Խոսքը վերաբերում է 6,5 մլն դոլարին, որի պարագայում չափելիությունը, հաշվետվությունը մեր ներքին վաճառքների սկզբունքորեն փոխվում է»,-
նշել է վարչապետը:


Աջակցություն՝ հերթական ներդրումային ծրագրերին


Կառավարության որոշմամբ «Արփիմեդ» ՍՊԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է դեղագործության մեջ։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնել 400 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 12 նոր աշխատատեղ՝ 200 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 800 մլն ՀՀ դրամ, որից 500 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, 200 մլն ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ-երկրներում, 100 մլն ՀՀ դրամը՝ երրորդ երկրների տարածքում։
Գործադիրը հավանություն է տվել «Այ Քոնսթրարքթ» ՍՊԸ-ի շինարարության ոլորտում իրականացվող ծրագրին: Ընկերության շինարարական ծրագիրը միտված է աշխատանքների և ծառայությունների արտահանման խթանմանը և դիվերսիֆիկացմանը: Արդյունքում կիրականացվեն ներդրումներ և կստեղծվեն 30 նոր աշխատատեղ:

 
Սննդամթերքի անվտանգության ոլորտում կիրականացվի առավել արդյունավետ պետական վերահսկողություն

Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կսահմանվի ոչ սպանդանոցային մորթի արդյունքում գոյացած սպանդային մթերքի, իրացման համար առանձին վարչական պատասխանատվության հոդված, ինչը կնպաստի պետական վերահսկողության առավել արդյունավետ իրականացմանը: ««Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը թույլ կտա ունենալ սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերքի, վերամշակման դեպքում կիսապատրաստվածքի և մսամթերքի պատշաճ մակնշման պահանջ, ինչը կնպաստի մթերքի հետագծելիությունը պարզելուն և կբարձրացնի սպառողների իրազեկվածությունը: ««Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունումը թույլ կտա ֆիզիկական և իրավաբանական անձանց վերամշակել (մշակել), վաճառել, իրացնել, մատակարարել, ներմուծել միայն սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերք և սպանդից ստացված այլ մթերք, ինչը թույլ կտա մորթն իրականացնել սպանդանոցներում: Արդյունքում սպանդանոցում կենդանու մորթը կլինի սանիտարահիգիենիկ պայմաններում, կիրականացվի պատշաճ մսի անասնաբուժասանիտարական փորձաքննություն, մսի անասնաբուժական դրոշմում, սպանդից ստացված մսի համար վճարում սեփականատիրոջն առնվազն այն գնով, ինչ գնով մսի միջնորդները ներկայում վճարում են, սպանդանոցում մսի տեսակավորում մսի պահպանում՝ պաղեցմամբ և սառեցմամբ, սպանդանոցից մսի տեղափոխում սանիտարահիգիենիկ պայմաններում և համապատասխան տրանսպորտային միջոցներով:
Գործադիրը սահմանել է սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անվտանգությանը ներկայացվող պահանջները: Համապատասխան որոշմամբ
նախատեսվում է հստակեցնել սննդամթերքի անվտանգության ապահովման բնագավառի հարաբերությունները` կապված սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի օգտագործման հետ: Կառավարությունը փոփոխություններ է կատարել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հստակեցնելով սննդամթերքի անվտանգության բնագավառում հսկողության (վերահսկողության) և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի պետական գրանցման հետ կապված հարաբերությունները:
 

 Կստեղծվի Երևան և Գյումրի քաղաքների ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական միասնական համակարգ


Երևան և Գյումրի քաղաքների նախորդ տարիներում ստեղծված բազային երկրատեղեկատվական համակարգի համար տվյալների նույնականացման, տեքստային ֆորմատավորման, համակցման և նոր ծրագրային միջավայր տեղափոխելու աշխատանքների կատարման համար ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին գումար կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից: Այդ աշխատանքի նպատակը Երևան և Գյումրի քաղաքների ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական միասնական համակարգի ստեղծումն է: Արդյունքում ակնկալվում է ունենալ՝ բոլոր շերտերում ներբեռնված և արդեն իսկ հավաքագրված գծային ենթակառուցվածքներին վերաբերող տվյալներ, գծային ենթակառուցվածքները տնօրինող (շահագործող) կազմակերպությունների համար առցանց դիտման և որոնման հնարավորություններ, Երևան քաղաքի միասնական գեոպորտալ և այլն: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ծրագրի վերջնական արդյունքի համար նախատեսվող աշխատանքների հստակ ժամանակացույց սահմանել: Նշվել է նաև, որ անհհրաժեշտության դեպքում հարցի վերաբերյալ խորհրդակցություն անցկացնել վարչապետի մոտ:

 Այլ որոշումներ


Կառավարության որոշմամբ Հովսեփ Սիմոնյանը ազատվել է ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ Շիրակի մարզպետ է նշանակվել Արթուր Խաչատրյանը: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Արթուր Խաչատրյանին և մաղթել արդյունավետ աշխատանք: Նշելով, որ Արթուր Խաչատրյանն աշխատանքային մեծ փորձ ունի տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում և ծանոթ է առաջիկայում մարզպետարաններում ներդրվելիք կառավարման նոր մշակույթին՝ վարչապետը հույս է հայտնել, որ նա արագ կկանոնակարգի այդ աշխատանքները:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի ընդլայնման նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Գործադիրի որոշմամբ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի: Հիմնադրամի վերակազմակերպվելու արդյունքում բուհը կունենա, մասնավորապես, իր գույքն ավելի ճկուն, ազատ, արդյունավետ օգտագործելու հնարավորություն, կկարողանա ներգրավել արտաքին ներդրողների՝ ի նպաստ կրթության և գիտության զարգացման:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ