Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 9 մարտի 2017

Վարչապետը հանձնարարել է կարգավորել փոքր ՀԷԿ-երի ոլորտը










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Փոքր ՀԷԿ-երի ոլորտի կարգավորման վերաբերյալ վարչապետը նշել է. «Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների աճը, քայլեր է կատարում խրախուսելու փոքր ՀԷԿ-երի շահագործումը՝ սահմանելով երկարաժամկետ և տրամաբանական վաճառքի սակագին, ներգրավելով ցածր դրույքաչափով վարկային միջոցներ և այլն: Սակայն օրենսդրական, տեխնիկական և ինստիտուցիոնալ անբավարար կարգավորումների պատճառով փոքր ՀԷԿ-երը ներկայումս զգալի բացասական ազդեցություն են թողնում ինչպես շրջակա միջավայրի այնպես էլ սոցիալական և տնտեսական երկարաժամկետ զարգացումների վրա»: Առկա խնդիրները համակարգային լուծելու նպատակով գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին 2-ամսյա ժամկետում սահմանել ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հստակ չափորոշիչներ: Հանձնարարվել է նաև վերանայել բնապահպանական թողքի վերաբերյալ ՀՀ կառավարության 30 հունիսի 2011 թվականի N 927-Ն որոշումը՝ հաշվի առնելով գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները և թողքի խախտման համար պատասխանատվության տեսակները: Համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարութունների հետ ՀՀ բնապահպանության նախարարությունը կհստակեցնի գետերի ցանկը՝ որտեղ բնապահպանական, գյուղատնտեսական, և այլ առանձնահատկություններից ելնելով արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը: Համագործակցելով ՀՀ գիտությունների ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի և ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի և Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ նախարարությունը պետք է մշակի ձկնուղիների կառուցման և աստիճանների բարձրության նորմեր: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ կուսումնասիրվեն ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջրային ռեսուրսների համար բնօգտագործման վճարների ներդրման և նպատակային օգտագործման հնարավորությունները:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին Կարեն Կարապետյանը հանձնարարել է 2-ամսյա ժամկետում, համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության նախարարությունների, ՀՀ եկամուտների պետական կոմիտեի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, մշակել լրացուցիչ խթանման գործիքներ՝ ոռոգման համակարգերի և խմելու ջրի ջրատարների վրա ՀԷԿ-երի կառուցման համար: Նախարարությունը պետք է ուսումնասիրի ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի մատակարարման ժամկետները, ծավալները և ջրօգտագործման թույլտվությունների ժամկետները, վերհանի առկա խնդիրները: Հանձնարարվել է նաև ուսումնասիրել գործող և կառուցվող բոլոր փոքր ՀԷԿ-երի ջրառի կետերում շահագործողի միջոցներով (հնարավորության դեպքում նաև դրամաշնորհների ներգրավմամբ) ժամանակի իրական ռեժիմում տեղեկատվության փոխանցման համակարգի ներդրման հնարավորությունները:
 

Համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ. Կարեն Կարապետյան
 

Անդրադառնալով համայնքների կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մենք բազմիցս արձանագրել ենք տեղական ինքնակառավարման համակարգի կարևորությունը, ինչպես նաև այն, որ այդ համակարգը պետք է լինի արդյունավետ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղեկացրել է, որ համայնքներում դեռևս չեն կիրառվում ծառայությունների մատուցման համար լավագույն գործընկերներին ընտրելու մրցակցային գործելաոճը, համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ, ցածր է համայնք-մասնավոր հատված համագործակցությունը: Այս և այլ խնդիրների լուծմանը պետք է ուղղված լինեն նախարարության կողմից մշակված մեթոդաբանությունները և դրանք պետք է առաջարկեն էապես նոր մոտեցումներ»: Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին 2-ամսյա ժամկետում կազմակերպել մշակված մեթոդաբանական նյութերի վերաբերյալ քննարկումներ համայնքների, համայնքների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների, միջազգային և տեղական փորձագիտական խմբերի հետ, և անհրաժեշտության դեպքում լրամշակել համապատասխան նյութերը և տրամադրել համայնքներին: Միաժամանակ նախարարության և մարզպետարանների միջոցով խստորեն վերահսկելով դրանց գործնականում իրացումը։
 

Քայլեր կձեռնարկվեն ներդրումային ծրագրերի իրականացման և ներդրողներին աջակցելու համար
 

Վարչապետի հաջորդ հանձնարականը ներդրումային ծրագրերի իրականացման և ներդրողներին աջակցելու վերաբերյալ էր: «Ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում կառուցապատողները և առհասարակ գործարարները հաճախակի բարձրաձայնում են գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման ընկերությունների հետ համակարգված համատեղ աշխատանքի անհրաժեշտության մասին»,-ասել է գործադիրի ղեկավարը։ ՀՀ կառավարության ներդրումային ծրագրերի իրականացման և ներդրողներին աջակցելու նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին 5-օրյա ժամկետում առաջարկել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ, «ՀԷՑ» և «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերություններին նշանակել պատասխանատուներ, որոնք ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի և համայնքի ղեկավարների հետ ռեգուլյար համատեղ աշխատանքի միջոցով կներկայացնեն օպերատիվ լուծումներ կառուցապատողների (ներդրողների) կողմից ծագած ենթակառուցվածքներին առնչվող հարցերին: ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին վարչապետը հանձնարարել է 5-օրյա ժամկետում կնքված ներդրումային համաձայնագրերի պատճեները համապատասխան գրությամբ ներկայացնել վերոնշյալ ընկերություններին: Հանձնարարվել է նաև ընկերությունների և ներդրողների կողմից բարձրացված հարցերի քննարկմանը ներգրավել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցչին։
 

Ջրավազանային կառավարման պլաններն արմատապես կվերանայվեն
 

Անդրադառնալով ասօր կառավարության նիստի օրակարգում ընդգրկված Ախուրյանի ջրավազանային կառավարման պլանին վերաբերող հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Կարծում ենք, որ արդեն ընդունված ջրավազանային կառավարման պլանները պետք է արմատապես վերանայել և քայլեր ձեռնարկել ջրավազանային կառավարման պլանների մշակման հետագա գործունեության վերաբերյալ»: Վարչապետը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին եռամսյա ժամկետում մշակել ջրային հաշվեկշռի ճշգրիտ հաշվարկի մեթոդաբանությունը, ապահովել կիրառական քայլերը մշակող ջրավազանային կառավարման պլաններում համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահանջները ներառելու, այդ թվում գործողությունների համադրումը Հայաստանի Հանրապետության ռազմավարական ծրագրերի, ընթացիկ նախաձեռնությունների և կանխատեսումների հետ համատեղ: Հանձնարարվել է նաև մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը վերանայել մինչ այժմ ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 3-ի N 4 արձանագրային որոշման համապատասխան մշակված և մշակման փուլում գտնվող կառավարման պլանները և համապատասխանեցնել վերոնշյալ պահանջներին:

 

Հավանության է արժանացել Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանի 2017-2022թթ. միջոցառումների ծրագիրը


Կառավարությունը հաստատել է Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022թթ. կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները: Հաշվարկվել են Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարը: 2016-2022թթ. ժամանակահատվածի համար կատարվել է Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ջրառաջարկի և ջրապահանջարկի վերլուծություն` տնտեսության զարգացման ելակետային սցենարով: Կատարված վերլուծությունները կնպաստեն նաև Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարմանը: Այսպիսով՝ կհստակեցվեն Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ջրօգտագործողների ներառյալ՝ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները:
Գործադիրն հավանություն է տվել նաև Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանի 2017-2022թթ. միջոցառումների ծրագրին, որի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը: Այն հնարավորություն կտա նաև բացահայտել ջրավազանում արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերը, դրանց կանխարգելման և նվազեցման միջոցառումները:


Հիմնադրամը կնպաստի գյուղատնտեսության կայուն, մրցունակ և ժամանակակից զարգացմանը


Գյուղատնտեսության ոլորտում առկա տարբեր ֆինանսավորման աղբյուրներ ունեցող ծրագրերի մեկ միասնական մարմնի կողմից իրականացման, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շրջանակի ընդլայնման, ոլորտում դոնորների կողմից իրականացվող ծրագրերի համակարգման, արդյունավետ գյուղատնտեսության զարգացման, ռեսուրսների օպտիմալ բաշխման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ կդադարեցվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեությունը և կստեղծվի Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամ: Որոշման նպատակն է հիմնադրամի միջոցով նպաստել հանրապետությունում գյուղատնտեսության կայուն, մրցունակ և ժամանակակից զարգացմանը:
Կառավարությունը հավանություն է տվել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտներին և ժամանակացույցին: ՀՀ կառավարության ծրագրով սահմանվել է 2017թ.-ից սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցում՝ մինչև 2021թ. ամբողջովին սպանդանոցային մորթի անցնելու նպատակով: Ըստ կարևորության սահմանվել են կիրառման հետևյալ ոլորտները՝ պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերում (2017թ. մայիսի 1-ից), մսամթերքի արտադրություն` տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում ( 2017թ. նոյեմբերի 1-ից), տեղական արտադրության սպանդանոցային ծագման մսի արտահանում (2017թ. նոյեմբերի 1-ից), Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում` տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում (2018թ. ապրիլի 1-ից) և այլն: Կարեն Կարապետյանը հորդորել է առավելագույնս հետևողական լինել այդ գործընթացի իրականացման հարցում, որպեսզի բիզնեսի համար խոչընդոտներ չստեղծվեն:
2017թ. գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում հանրապետության հողօգտագործողներին աջակցելու՝ մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2017թ. գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ է 34882 տոննա ազոտական, 983.5 տոննա ֆոսֆորական և 903.05 տոննա կալիումական պարարտանյութեր: Նշենք, որ եթե նախորդ տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տրամադրել է 4 մլրդ ՀՀ դրամի բյուջետային վարկ պարարտանյութ ներկրելու և մոտ 2 մլրդ 110 մլն դրամ սուբսիդավորման համար, ապա ընթացիկ տարում պարարտանյութերի տրամադրման ծրագրի սուբսիդավորմանը կուղղվի ընդամենը 900 մլն ՀՀ դրամ, ինչի արդյունքում տնտեսվել է մոտ 1 մլրդ 200 մլն ՀՀ դրամ:
Գործադիրը համապատասխան որոշմամբ հաստատել է ՀՀ-ում 2017թ. գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը: Անհրաժեշտ սերմացուները ծրագրի դրույթներին համապատասխան սուբսիդավորված գներով կտրամադրվեն գյուղացիական տնտեսություններին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում կապահովվի շուրջ 10 հազար հա գարնանացան և գումարը կհատկացվի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշիվներից: Վարչապետը նշել է, որ մարզային այցերի ժամանակ հարց է բարձրացվում այդ սերմերի անարդյունավետության վերաբերյալ, ինչի պատճառով գյուղացիները սուբսիդիաների վերադարձման խնդիր են ունենում: Գործադիրի ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվել է, թե արդյոք կնքվելիք պայմանագրերում ամրագրվել է կողմերի պատասխանատվությունը: Նախարարը պատասխանել է. «Այո, մենք ամրագրել ենք: Սերմերը ստուգվելու են համապատասխան լաբորատորիաներում, արդյունքները հրապարակվելու են»: Կարեն Կարապետյանը հանձնարարել է այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում՝ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար:


Օրենսդրական նախաձեռնություններ


Գործադիրը հավանություն է տվել ««Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին լուծում տալն է: Օրինագիծն ընդունվելու դեպքում ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող` բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող անձանց կենսաթոշակի վճարումը կվերսկսվի լիազորագրով: Ինչպես նաև կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կսահմանի կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քննչական կոմիտեի մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերին: Մասնավորապես, «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում բնականոն աշխատանքը կազմակերպելու և դեպարտամենտում ծառայողների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Օրենքի նախագծով առաջարկվում է, որպեսզի դեպարտամենտի կանոնադրությունը հաստատվի կոմիտեի նախագահի կողմից:


Այլ որոշումներ
 

 

Ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ բնակչության անհատականացման գործընթացը պատշաճ ձևով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ընտրական գործընթացում, ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրողների մատնահետքերը էլեկտրոնային ընտրացուցակներին կցագրելու, տվյալների ծրագրային բազա ստեղծելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ ոստիկանությանը:
Կառավարության որոշմամբ ՀՀ Շիրակի մարզի Նոր կյանքի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմին վարձակալությամբ տարածք կտրամադրվի՝ մանկապարտեզի գործունեություն կազմակերպելու նպատակով:
Գործադիրը որոշել է Երևանի Նոր-Նորքի Դ.Մալյան փողոցի թիվ 37 հասցեում գտնվող լաբորատորիայի տարածքը հետ վերցնել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնին:  

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ