Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 դեկտեմբերի 2016

Հանրակրթական հաստատություններում բացահայտված խախտումների և թերությունների վերացմանն ուղղված միջոցառումներ կիրականացվեն










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը և կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: «ՀՀ գործադիր իշխանության բոլոր մարմինների ղեկավարներին՝ հասարակության կողմից կառավարության կամ վարչապետի առջև բարձրացված կոնկրետ խնդիրների դեպքում դրանք հաճախ մեր կողմից վերահասցեագրվում են համապատասխան մարմիններին, սակայն երբեմն մարմիններից ստացվում են առանց բարձրացված խնդիրների էության և գործուն քայլերի պարունակող միջոցառումների գրեթե ոչինչ չասող անդեմ պատասխան գրություններ, հատկապես, եթե դրանք վերաբերում են տվյալ գերատեսչության ոլորտում նոր ծրագրերի կամ բյուջետային ծախսերի ավելացմանը: Առանց համապատասխան վերլուծության, այլ շահագրգիռ կառույցների հետ քննարկման և մշակման, միայն խնդրի վերաբերյալ գերատեսչության ընդհանուր տեսական վերաբերմունք պարունակող գրությունները չեն ընդունվելու, վերադարձվելու են կատարման՝ հսկողությունից չհանվելով: Լուծման համար անհրաժեշտ է առարկայական միջոցառումների իրականացում»,-նշել է Կարեն Կարապետյանը և հանձնարարել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հետևել հանձնարարականների կատարման որակին՝ հաշվի առնելով նշվածը:
Հաջորդ հանձնարարականը վերաբերել է նախարարությունների կողմից առաջարկված կառավարության տարեկան միջոցառումների ծրագրի կետերին և գերակա խնդիրներին: «Վերջերս ծանոթացել եմ այդ ծրագրերին. ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել, քանի որ առաջարկությունները միշտ չէ, որ հիմնավորված են չափելի քայլերի հերթականությամբ և հստակ ժամկետների առկայությամբ: Այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու: Հանձնարարում եմ այդ ուղղությամբ աշխատանքներն ավարտել առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում: Հաջորդ շաբաթվանից սկսած` նախարարների հետ պլանային հանդիպումների ժամանակ մենք քննարկելու ենք ներկայացված տարեկան միջոցառումների ծրագրերի կետերն ու գերակա խնդիրները»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը:
Ներդրումների ներգրավումը խրախուսելու, արտադրական խնդիրների լուծմանը նպաստելու, մասնավորապես, աշխատատեղեր ստեղծելու, մատուցվող ծառայությունների որակն էականորեն բարձրացնելու նպատակով առողջապահության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և մարզպետներին Կարեն Կարապետյանը հանձնարարել է. «Երեքշաբաթյա ժամկետում պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ քննարկել և առանձնացնել պետական մասնակցությամբ այն առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնք անհրաժեշտ է ընդգրկել պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Նկատի ունենալ, որ այսուհետ առանձնացված ընկերությունների հետագա հնարավոր մասնավորեցումը պետք է ունենա միայն հստակ ծրագրային ուղղվածություն»: Պետական գույքի կառավարման վարչության պետին վարչապետը հանձնարարել է նաև ամփոփել ներկայացված առաջարկությունները և մշակել մասնավորեցման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ և այն մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ:
Գործադիրի ղեկավարը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվել է պետական ընկերությունների հաշվետվությունների, պլանային ցուցանիշների վերաբերյալ հանձնարարականի կատարման ընթացքից: Ի պատասխան Արման Սահակյանը տեղեկացրել է, որ ֆինանսատնտեսական մոնիթորինգներն իրականացված են: «2015թ. ցուցանիշներն ամբողջությամբ պատրաստ են, սակայն կառավարության որոշման համաձայն՝ 2016 թ. ֆինանսատնտեսական ցուցանիշները պատրաստ կլինեն մայիս ամսին, որովհետև այդ ժամկետն է տրամադրված ամբողջ տարին ամփոփելու համար: Այս գործընթացը հստակ կարող ենք սկսել, որովհետև, ըստ էության, 2015 թ. ցուցանիշները կան: Այդ ցուցանիշների հիման վրա մենք կարող ենք քննարկումներն սկսել»,-ասել է Պետգույքի կառավարման վարչության պետը:
Կարեն Կարապետյանի հաջորդ հանձնարարականը վերաբերել է կրթության ոլորտին: «Վերջին ժամանակահատվածում Կրթության պետական տեսչության կողմից հանրապետության տարածքի հանրակրթական հաստատություններում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ: Դրանք վերացնելու ուղղությամբ տեսչության կողմից տրվել են մի շարք առաջարկություններ և հանձնարարականներ: Հանձնարարում եմ մարզպետներին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեսչության կողմից բացահայտված խախտումների և թերությունների վերացմանն ուղղված առաջարկների և տրված հանձնարարականների կատարումը և երկշաբաթյա ժամկետում տեղեկացնել միջոցառումների ընթացքի և արդյունքների մասին՝ անդրադառնալով յուրաքանչյուր առաջարկությանն ու հանձնարարականին»,-ասել է գործադիրի ղեկավարը:
Կրթության և գիտության նախարարին վարչապետը հանձնարարել է նաև իրականացնել Կրթության պետական տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքների քննարկումները՝ ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի հետ և ամփոփել արդյունքները. «Արդյունքների վերլուծման հիման վրա ներկայացնել առաջարկություններ՝ կրթական ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով»:

Վարչապետը հանձնարարել է ավարտել և ամփոփել «Փոքր Մհեր» կրթահամալիրում իրականացվող ուսումնասիրությունը

Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին ու ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարել է երկօրյա ժամկետում ավարտել և ամփոփել «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ում երկու նախարարությունների համատեղ հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունը և եռօրյա ժամկետում ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Ի պատասխան վարչապետի հարցադրմանը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ հանձնարարականի կատարման համար սահմանված ժամկետը բավարար է: «Մենք արդեն աշխատում ենք: Գաղափարն այն է, որ «Փոքր Մհեր» ավագ դպրոցը տեղափոխվի Պաշտպանության նախարարության կառավարման ոլորտ և միավորվի «Մոնթե Մելքոնյան» վարժարանի հետ: Դա նաև այն խնդրի շարունակությունն է, որի մասին խոսել ենք՝ ռազմական կրթության որակի կտրուկ բարձրացման»,-տեղեկացրել է Վիգեն Սարգսյանը:


Առաջարկություններ կներկայացվեն ապօրինի ջրօգտագործումը բացառելու ուղղությամբ

ՀՀ բնապահպանության նախարարին կառավարության ղեկավարը հանձնարարել է տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ բնապահպանության բնագավառում թույլտվությունների և լիցենզիաների մեկ միասնական համակարգի և մեկ պատուհանի սկզբունքով տրամադրման կազմակերպման վերաբերյալ: Բնապահպանության նախարարին Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել տեղեկատվություն առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբեկտների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ ապօրինի ջրօգտագործումը բացառելու ուղղությամբ: Գործադիրի ղեկավարն ընդգծել է ջրօգտագործման հետ կապված հանձնարարականի կարևորությունը՝ բնապահպանական և այլ խնդիրների տեսանկյունից:
Կարեն Կարապետյանը ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվել նոյեմբերի 3-ին Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի վերանայման վերաբերյալ հանձնարարականի կատարման ընթացքից: ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվել էր կազմակերպել հանդիպումներ բոլոր շահագրգիռ կողմերի հետ և ներկայացնել առաջարկություն Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի վերանայման վերաբերյալ: Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ աշխատանքներն ամփոփվել են. «Մեկ շաբաթ հետո արդեն առաջարկությունը, Ձեր հանձնարարականին համահունչ, կներկայացվի կառավարություն»:

 

Օպտիմալացում, կրճատում. կտնտեսվեն պետբյուջեի զգալի միջոցներ


Կառավարության որոշմամբ նախատեսվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը և «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը վերակազմակերպել և ստեղծել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ: Վերոնշյալ կազմակերպություններն իրականացնում են ՀՀ-ում տրանսպորտի ոլորտի ծրագրերը ու աշխատանքները: Արդյունքում ֆինանսական միջոցները կօգտագործվեն հնարավորինս արդյունավետ. կկրճատվեն 3 մեքենա, 9 աշխատատեղ, կտնտեսվի մոտ 106.9 մլն ՀՀ դրամ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է Վերին Լարսի հետ կապված խնդիրներին և ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում. «Պարոն Մարտիրոսյան, Վերին Լարսի հետ կապված խնդիրները պահել հսկողության տակ, որովհետև մենք այնտեղ պրոբլեմ ունենք»:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է ՀՀ բնապահպանության նախարարության «Թափոնների ուսումնասիրության կենտրոն», «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» և «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ: Արդյունքում կբարձրանա գործունեության արդյունավետությունը, կապահովվի պետբյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը. կկրճատվի 21 հաստիք, կտնտեսվի 20 մլն ՀՀ դրամ:
Ի կատարումն ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի հանձնարարականի` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն առաջարկում է «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի՝ դրանց գործառույթների պահպանման ու օպտիմալացման նպատակով: Արդյունքում կկրճատվի 20 հաստիք և կտնտեսվի տարեկան մոտ 30 մլն ՀՀ դրամ:

 

Բարենպաստ պայմաններ՝ Հայաստանի և Ավստրալիայի ներդրողների համար

 

Գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Ավստրալիայի Միության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը ստորագրելու առաջարկությանը: Համաձայնագրի նախագծով սահմանված են Հայաստանի և Ավստրալիայի միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները: Նախագիծը ներառում է հոդվածներ ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, սեփականազրկման կամ օտարման խնդիրների կարգավորման և համապատասխան փոխհատուցումների, պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ: Այն հնարավորություն կընձեռի հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովագրություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի օրենսդրությամբ վերապահված իրավունքների համաձայն:
Համաձայնություն է տրվել նաև ՀՀ կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 8 փոփոխության կնքման առաջարկությանը: ԱՄՆ ՄԶԳ կողմից ստացվել է համաձայնագրի թիվ 8 փոփոխության նախագիծը, որով նախատեսվում է լրացուցիչ 1 100 000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որի դեպքում հատկացումների ընդհանուր գումարը կկազմի 32 381 577,45 ԱՄՆ դոլար: Լրացուցիչ ֆինանսական հատկացումները կուղղվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը սոցիալական բնագավառի բարեփոխումներում աջակցելու 2015թ. մեկնարկած ծրագրին: Օժանդակություն կտրամադրվի նաև Հայաստանում ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգին:
Համաձայնություն է տրվել նաև ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Միության մշակույթի և ստեղծագործ ոլորտների համար նախատեսված «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության վերաբերյալ համաձայնագրի կնքման առաջարկությանը:

 

 Օրենսդրական նախաձեռնություններ


Գործադիրը հավանությունն է տվել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև որոշակի խնդիրներն ու օրենսդրական բացերը կարգավորելու նպատակով օրինագծում նախատեսվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ: Մասնավորապես՝ յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, ունի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: Նախատեսվող փոփոխության համաձայն՝ ծնողներից մեկի դիմումի հիման վրա, առանց մյուս ծնողի համաձայնության, ՀՀ-ում բնակվող երեխային կվերապահվի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: Մեկ այլ փոփոխությամբ էլ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք է վերապահվում նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող ծնողների ազգությամբ հայ երեխաներին՝ ՀՀ-ում բնակություն հաստատելու պահից:

Կբարելավվի ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերությունների գործունեությունը

Կառավարության հավանությանն է արժանացել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի մշակումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտությամբ: Օրենքի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով օրենքով սահմանված ՏՏ ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրմամբ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ պայմանավորված ոլորտում նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծումը, ոլորտի դրական աճը և կարևորելով օրենքի արդյունավետ կիրառումն ու ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերությունների գործունեության բարելավումը, ինչպես նաև տնտեսական զարգացման ապահովումը: Նախագծով առաջարկվում է օրենքով տրամադրվող հարկային արտոնությունների ժամկետը սահմանել 5 տարի, ինչպես նաև համապատասխան անցումային դրույթ նախատեսել արդեն իսկ հավաստագրված ընկերությունների համար, համաձայն որի` վերջիններիս տրամադրված հավաստագրերը կգործեն ստացման պահից 5 տարի ժամկետով: Այն խթան կհանդիսանա նոր աշխատատեղերի ստեղծման և ոլորտի հետագա զարգացման համար` նպաստելով նաև ընդհանուր տնտեսության զարգացմանը:
Կառավարությունը քննարկել է ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Գործադիրի եզրակացությամբ նախագծի հեղինակին առաջարկվում է իր կողմից ներկայացված նախագծերի դրույթներին անդրադառնալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնության կարգով ԱԺ քննարկմանը ներկայացվելիք վերոնշյալ նախագծի քննարկումների շրջանակում:

Կհստակեցվի էլեկտրոնային ծանուցումների համակարգը

Գործադիրը հավանություն է տվել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ծանուցումների ոլորտում առկա խնդիրների կանոնակարգման և էլեկտրոնային ծանուցումների արդիականացման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, դեռևս 2012թ.-ից ներդրվել են էլեկտրոնային եղանակով անհատական ծանուցման մեխանիզմները, սակայն դեռևս որպես ծանուցման հիմնական միջոց ծառայում է փոստը, որը և՛ ավելի ժամանակատար է, և՛ ծախսատար: Օրինագծերի փաթեթի ընդունմամբ կհստակեցվի և առավել արդյունավետ կդարձվի էլեկտրոնային ծանուցումների համակարգը և դրանց կատարման ժամանակ գործողությունների հաջորդականությունը: Կնախատեսվեն նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են համաձայնությամբ նախատեսված ծանուցումներին, ծանուցման մեջ նշված գործողությամբ նախատեսված գույքային պահանջի առավել նվազ կարևոր լինելու դեպքում՝ ծանուցման առավել պարզեցված ընթացակարգին, ինչպես նաև ծանուցման մեջ նշված գործողության ամբողջությամբ կամ մասնակի կատարմամբ պատշաճ ծանուցվելուն: Հրապարակային ծանուցման բովանդակության սահմանափակմամբ կապահովվի անձի անձնական տվյալների պաշտպանությունը: Գործնականում առաջնահերթություն կտրվի պաշտոնական էլեկտրոնային փոստով ծանուցման առավել արագ և մատչելի եղանակին, կապահովվի անձի՝ իր գույքն արգելանքի դրված լինելու մասին առավելագույնս արագ տեղեկացումը:


Միքայել Արամյանցի տունն ընդգրկվել է
պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում


ՀՀ Լոռու մարզում գտնվող նշանավոր հայ ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տունը (ամառանոց) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկելու, պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ տալու, մշակութային ժառանգության հնարավորինս անաղարտ պահպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ ներկայացվող օբյեկտը ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովն արժևորել է որպես պատմամշակութային արժեք, որը կարևոր նշանակություն ունի ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ ՀՀ Լոռու մարզի պատմության և մշակույթի ուսումնասիրման համար: Ներկայում այդ օբյեկտը ներառված չէ ՀՀ Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ինչի պատճառով հնարավոր չէ գործող օրենսդրության սահմաններում ապահովել դրա անխաթար պահպանությունը, կանոնակարգել պահպանության, ուսումնասիրման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման հետ կապված գործընթացները:


Կառավարությունը շարունակում է աջակցել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող ուսանողներին

Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով: Հիմնադրամը 2011թ.-ից իրականացնում է «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող առաջին կուրսի ուսանողներին կրթաթոշակների տրամադրում», ինչպես նաև 2015թ.-ից սկսած «Կրթաթոշակ սահմանամերձ համայնքների ուսանողներին» ծրագրերը: Ընդհանուր առմամբ 2011-2016թթ. ընթացքում կրթաթոշակ են ստացել մոտ 5000 ուսանողներ:
Արարատյան բակալավրիատի քննությունների ներառումը բուհական ընդունելության քննությունների համակարգում ապահովելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ 2014թ. ՀՀ Նախագահի հանձնարարությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը մեկնարկել են Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ): Ծրագրի նպատակն է ՀՀ-ում ձևավորել միջազգայնորեն մրցունակ ազգային հայալեզու կրթական ծրագիր (Արարատյան բակալավրիատ- ԱԲ), որն իր հերթին ՀՀ-ում գործող ավագ դպրոցների ինստիտուցիոնալ զարգացման հիմք կդառնա։ Ծրագիրն իրագործվում է միջազգային գործընկերների՝ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի (Cambridge International Examinations) և Լոնդոնի համալսարան-քոլեջի Կրթության ինստիտուտի (UCL Institute of Education) հետ համատեղ։ Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններում Արարատյան բակալավրիատ ծրագրի ներդրման մեկնարկը նախատեսված է սույն թվականի դեկտեմբեր ամսին։ Առաջին փուլով նախատեսվում է ծրագիրը ներդնել ՀՀ մարզային և ԼՂՀ ընտրված դպրոցներում՝ առնվազն մեկական հոսքային դասարանով։
Կառավարության մեկ այլ որոշմամբ ԿԳ նախարարությանը գումար կհատկացվի Գորիսի և Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների սպասարկման տարածքների ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելու նպատակով:
Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ Երևանում Չինաստանի աջակցությամբ չինական դպրոցի կառուցման համար հայկական կողմի պարտականությունների կատարման համար:
Գործադիրը հաստատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում Շահեն Շահինյանի ընտրության արդյունքները:


Հիմնադրամը կիրականացնի Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված գործունեություն


Սյունիքի մարզում զարգացման և ներդրումային բարենպաստ դաշտի ստեղծման համակարգված գործողությունների անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ մարզերում տնտեսական ակտիվությանը նպաստելը համարվում է պետության առանցքային խնդիրներից, և առավել նպատակահարմար է այն իրականացնել համապատասխան մասնագիտական և ֆինանսական ներուժ ունեցող կառույցի միջոցով: Հիմնադրամը կիրականացնի բացառապես Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված գործունեություն: Անդրադառնալով որոշմանը՝ գործադիրի ղեկավարը կարևորել է նախաձեռնությունը և հորդորել հետևողական լինել՝ հնարավոր համարելով այդ փորձի կիրառումը նաև այլ մարզերում:

 


Կապահովվի Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքը

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Մեղրիի տարածաշրջանի անհատական ջրհան պոմպերի էլեկտրաէներգիայի 2015թ. ծախսը կազմել է` 148271 կվտ/ժ, որի համար անհրաժեշտ է տրամադրել 6,626.3 հազար ՀՀ դրամ գումար: Ծրագրից օգտվել է Մեղրի տարածաշրջանի 75 շահառու: Որոշմամբ կապահովվի Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքը:
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է անփոփոխ թողնել ՀՀ կառավարության սահմանած սոցիալական աջակցության շրջանակը, ինչպես նաև ՀՀ 2017թ. պետբյուջեով այդ նպատակի համար նախատեսված միջոցները:

 


Այլ որոշումներ


Գործադիրը հավանություն է տվել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգին, որի ընդունումն իրավական հենք կստեղծի մթնոլորտային օդի պահպանության արդյունավետ կառավարման համար՝ ժամանակակից մոտեցումներին համապատասխան: Հայեցակարգում ներկայացվել են այն հիմնական փոփոխությունները, որոնք պետք է ներառել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» նոր խմբագրությամբ օրենքում: Առաջարկվող փոփոխությունները դասակարգվել են հետևյալ տրամաբանությամբ՝ մթնոլորտային օդի որակի գնահատում, անշարժ և շարժական աղբյուրներից արտանետումների սահմանափակում, արտանետումների հաշվառում:
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որի համաձայն 2017թ. կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական աշխատանքների կազմակերպման համար համապատասխան համակարգչային տեխնիկայի ձեռք բերման նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին գումար կհատկացվի:
«Սիբիր» ավիաընկերություն» ԲԲԸ-ի կողմից ՀՀ քաղաքացիներ հանդիսացող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և մասնակիցներին, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց զեղչային սակագներով մատուցվող ծառայությունների դիմաց 2016թ. 3-րդ եռամսյակում չստացված եկամուտների փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:
Կառավարության որոշմամբ Էդգար Գևորգյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար։

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ