Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 դեկտեմբերի 2016

Վարչապետն առաջարկել է ՏՄՊՊՀ նախագահին առավել ուշադիր լինել տոնական օրերին ապրանքների գների արհեստական բարձրացման հարցում










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Առաջին հանձնարարականը տրվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին. հաշվի առնելով ամանորյա տոները՝ տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով սահմանել աշխատանքային ժամերի հստակ գրաֆիկ՝ ներառելով դեկտեմբերի ոչ աշխատանքային և հունվարի տոնական օրերը: «Պարոն Հարությունյան, ինձ թվում է՝ շատ լավ հնարավորություն է արտակարգ ռեժիմ սահմանելու, հոսքը շատ է լինելու, որպեսզի մենք հասկանանք՝ մեր նեղ տեղերը որտեղ են, ինչպես անենք, որպեսզի մաքսիմալ կոմֆորտային պայմաններ ստեղծենք ներկրողների համար: Կան դրական արձագանքներ, որ, օրինակ, 5 հինգ օրվա մեջ ձևակերպել են 25 օրվա փոխարեն: Ես չգիտեմ՝ 5 օրը լա՞վ է, թե՞ ոչ, բայց մեկ անգամ էլ այդ ժամանակացույցերը նայենք»,-նշել է գործադիրի ղեկավարը:
Շաբաթ-կիրակի, տոնական օրերին բանկերի աշխատանքն ապահովելու առաջարկությամբ վարչապետը դիմել է նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահին:
Կարեն Կարապետյանն առաջարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, հաշվի առնելով ամանորյա տոները, առավել ուշադիր լինել առևտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման և/կամ հակամրցակցային գործողություների կանխարգելման հարցում: «Մեր առաջարկությունը հետևյալն է՝ մաքսիմալ ուշադիր եղեք, տնտեսվարողի շահն ապահովեք: Միջամտում եք միայն այն դեպքում, երբ հասկանում եք, որ դա արհեստական է, գերիշխող է, որպեսզի բեռ չդառնա բիզնեսի համար»,-ընդգծել է վարչապետը:


Գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը
 

Գործադիրի ղեկավարի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր ՀՀ կառավարության նիստերին տրված առաջին հանձնարարականներից մեկին՝ չօգտագործվող անշարժ գույքի շահագործման խթանմանն ուղղված լուծումներին: «Այս ուղղությամբ շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև նրանց ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից իրականացվել է ծավալուն նախապատրաստական աշխատանք, որի արդյունքում ներկայացվել են գույքահարկի համակարգի վերափոխման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: Նախ՝ գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը, և այդ սկզբունքի ներքո պետք է սահմանվեն տնտեսական մեխանիզմները: Գույքի գծով առաջացող հարկը պետք է կապակցված լինի տվյալ գույքի շուկայական արժեքի հետ: Բնակելի անշարժ գույքի դեպքում պետք է նախատեսել, որ ոչ բավարար եկամուտներ ունեցող անձանց համար հարկը կարող է հետաձգվել և վճարվել գույքի օտարման դեպքում: Ռեֆորմի իրականացումը պետք է լինի փուլային եղանակով՝ հաշվի առնելով իրականացման տեխնիկական հնարավորությունները: Մի շարք այլ հարցերի վերաբերյալ դեռևս կատարվում են հաշվարկներ և ճշտվում են մոտեցումներ»,-ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարին՝ շահագրգիռ կառույցների հետ միասին քննարկել և ամբողջականացնել գույքահարկի համակարգի բարեփոխումների առաջարկությունները, ինչպես նաև դրանց հիման վրա մշակել և մինչև 2017թ. հունվարի 31-ը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ:
ՀՀ կրթության և գիտության նախարարին վարչապետը հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել էլեկտրոնային կրթության՝ նոր ուսումնական տարվանից զանգվածային կիրառումն ապահովող համալիր միջոցառումների ժամանակացույցը և անհրաժեշտ մեթոդաբանության մշակման ու աշխատանքների վերահսկման մեխանիզմները: Հաշվի առնելով ֆինանսական և տնտեսագիտական որակյալ կրթությամբ ապահովելու կարևորությունն ու արդիականացումը՝ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարել է նաև երեքշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված քայլերի ժամանակացույցը՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրն սկսելու պարտադիր պայմանով:
Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին. «Հանձնարարում եմ հաջորդ շաբաթ կազմակերպել ՀՀ վարչապետի առանձին հանդիպումներ 10 խոշոր հարկ վճարողների հետ, 10 խոշոր ներմուծողների հետ, 10 խոշոր արտահանողների հետ, 5-10 խոշոր ներդրողների հետ և 5 խոշոր բանկերի հետ, որոնց հետ քննարկելու ենք այն հարցադրումները, այն պրոբլեմները, որոնք իրենց առջև կանգնած են այսօր»:


Կբարելավվի երկրի ներդրումային և գործարար միջավայրը

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի իրավազորություն» ծրագրի հիմնադրույթներին: Ծրագիրն ուղղված է ոչ միայն տնտեսության իրական ոլորտի մեջ օտարերկրյա ներդրումների ներգրավման երկարաժամկետ հեռանկարի ապահովմանը, այլև մեծ շուկաների միջև ներդրումային հոսքերի համար հարմարավետ և գրավիչ հանգույցի ստեղծմանը։ «Հայաստանի իրավազորություն» (Jurisdiction Armenia) ծրագրի գաղափարախոսությունն է` համապատասխան քայլերի հաջորդականությամբ մշակել այն հարթակը, որը Հայաստանը գրավիչ կդարձնի օտարերկրյա ընկերությունների համար և կստեղծի խթաններ ֆինանսական հոսքերը, ինչպես նաև մարդկային ռեսուրսները դեպի Հայաստան վերաուղղելու համար: Ծրագրի կարգախոսն է՝ «անվտանգ, բարենպաստ և հասանելի»։
Կառավարությունն ընդունել է նաև «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ ստեղծելու մասին որոշում, որի անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ Նախագահի համապատասխան հրամանագրով: Որոշման նպատակն է հիմքեր նախատեսել Հայաստանում ռեդոմիցիլացիայի գործընթացն իրականացնելու համար. մի երկրի կազմակերպությանը հնարավորություն է տրվում տեղափոխվել այլ պետություն՝ շարունակելով իր գործունեությունը։ Այդ գործընթացն ապահովելու համար նախատեսված է ստեղծել ՀՀ Նախագահին առընթեր «Հայաստանի իրավազորություն» ծրագրի կառավարման հիմնադրամ, որը կաջակցիծրագրի շահառուներին՝ տարբեր բնագավառներում օրենսդրական և ենթակառուցվածքային լուծումներ առաջարկելու, Հայաստանի կազմակերպություններում մարդկային ռեսուրսների և կառավարման տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու, ինչպես նաև ՀՀ արտասահմանյան ֆինանսական միջոցներ ներգրավելու միջոցով` արդյունքում նպաստելով երկրի ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանը։ Հիմնադրամի գույքը հիմնականում կձևավորվի հիմնադրամի ներդրումներից, դրամաշնորհներից, հիմնադրամի և իր կողմից ստեղծված կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներից: Բացի այդ, հաստատվել է ստեղծվելիք հիմնադրամի կանոնադրությունը, հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը:


Օրենսդրական նախաձեռնություններ
 

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունման արդյունքում ապօրինի հարստանալը հանցակազմի քննությունը կվերապահվի Հատուկ քննչական ծառայությանը:
Կառավարության հավանությանն են արժանացել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունման պարագայում դատական կարգով արդար և համաչափ փոխհատուցման՝ ներառյալ նյութական և ոչ նյութական վնասների հատուցման և ռեաբիլիտացիայի իրավունք կստանան խոշտանգումից տուժած անձինք: Հաշվի առնելով նախագծով առաջարկվող այն կարգավորումը, համաձայն որի՝ թերևս փոխհատուցումը տրամադրվում է պետական միջոցների հաշվին, սակայն պետությունն իրավունք ունի ռեգրեսիվ հայց ներկայացնել խոշտանգում կիրառած պաշտոնատար անձի նկատմամբ՝ նախատեսվում է նաև, որ նախագծի ընդունումն անուղղակիորեն կնպաստի իրավասու մարմինների կողմից հանցագործություններ բացահայտելիս կամ դրանք քննելիս ազատության կամ անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի նվազեցմանը:
Հավանության է արժանացել նաև «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է:
Կառավարությունը հավանություն է տվել «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Անհատ ձեռնարկատերերը և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից դուրս եկած ֆիզիկական անձինք կազատվեն եկամտահարկի և սոցիալական վճարի նվազագույն գումարների գծով հաշվարկված պարտավորությունների վճարումից

«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված արտոնությունների կիրառման արդյունքում անհատ ձեռնարկատերերը և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից դուրս եկած ֆիզիկական անձինք կազատվեն եկամտահարկի և սոցիալական վճարի նվազագույն գումարների գծով հաշվարկված պարտավորությունների վճարումից: Միաժամանակ, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված` անհատ ձեռնարկատերերի, նոտարների և ինքնազբաղված անձանց կողմից վճարված սոցիալական վճարների գումարների՝ որպես կուտակային հատկացումներ` մասնակիցների ռեեստր վարողի հաշվին փոխանցումների բնականոն ընթացքի ապահովում, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից իրականացված՝ ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ԱԱՀ-ի գումարների վճարման ապահովում:
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունեցող անհատ ձեռնարկատերերի, նոտարների և ինքնազբաղվածների սոցիալական վճարների հաշվառման խնդիրների կարգավորման, ինչպես նաև գործատուի վերակազմակերպման դեպքերում իրավահաջորդ հանդիսացող գործատուի մոտ փոխադրված աշխատողների հաշվառումն ապահովելու անհրաժեշտությամբ: Նախագծերի ընդունման արդյունքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների և ինքնազբաղվածների կողմից սոցիալական վճարների վճարման դեպքում հնարավորություն կընձեռվի իրականացնելու կուտակային հատկացումները մասնակիցների ռեեստր վարողին ժամանակին փոխանցելու բնականոն գործընթացը` անկախ տարեկան հաշվարկների ճշգրտման հանգամանքից և դրանց հաճախականությունից:

Կլուծարվեն չգործող և հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները

«Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է փաստացի գործունեություն չիրականացրած և 2013թ. հունվարի 1-2017թ. հունվարի 1-ը հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին լուծարելու (հաշվառումից հանելու) անհրաժեշտությամբ: Հարկային մարմնի տվյալներով ներկայում առկա են զգալի թվով կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնք առնվազն վերջին երեք տարվա ընթացքում փաստացի գործունեություն չեն իրականացրել և հարկային մարմին հաշվետվություններ չեն ներկայացրել: ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու, հարկ վճարողների պարտավորությունների հաշվառումն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով վարելու գործընթացը ներդնելու, ինչպես նաև հարկային մարմնի տեղեկատվական համակարգը անհարկի չծանրաբեռնելու և հարկ վճարողների շրջանակը հստակեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լուծարել (հաշվառումից հանել) չգործող և հաշվարկներ չներկայացրած կազմակերպություններին (անհատ ձեռնարկատերերին): Օրենքի նախագծով սահմանվում է, որ լուծարվող (հաշվառումից հանվող) հարկ վճարողների ցանկերը մինչև 2017թ. օգոստոսի 1-ը կհրապարակվեն ՀՀ հրապարակային ծանուցումների՝ http://azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև պետական ռեգիստրի պաշտոնական` http://www.e-register.am ինտերնետային կայքում: Օրենքի նախագծով սահմանվում է, որ ցանկի հրապարակումից հետո՝ մինչև 2017թ. նոյեմբերի 1-ը, ցանկում ներառված հարկ վճարողները պարտավոր են պետական ռեգիստր ներկայացնել տեղեկանք` ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, հիմնարկների և պետական կառավարման մարմինների նկատմամբ ստանձնած պարտավորությունների և սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի առկայության մասին: Նշված ժամկետում տեղեկատվություն չներկայացնելու դեպքում պետական ռեգիստրը երկամսյա ժամկետում գրանցում է հարկ վճարողի լուծարումը (պետական հաշվառումից հանումը):

Առավել արտոնյալ պայմաններ կսահմանվեն ինքնազբաղված անձանց համար

«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ինքնազբաղված անձանց համար հարկային պարտավորությունների կատարման համար առավել արտոնյալ պայմանների սահմանման անհրաժեշտությամբ, որը նախատեսված է ՀՀ ԱԺ կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության գործունեության ծրագրով: Օրինագծով առաջարկվում է ինքնազբաղված անձանց համար սահմանել հարկային արտոնություններ: Նախատեսվում է, որ օրենքով սահմանված գործունեության տեսակներն ինքնուրույնաբար իրականացնող ֆիզիկական անձինք (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը) ազատվում են այդ գործունեության տեսակների մասով հաշվարկման և պետական բյուջե վճարման ենթակա հարկերից: Օրինագծով սահմանվում են գործունեության այն տեսակները, որոնք իրականացնելու դեպքում ինքնազբաղված անձանց համար սահմանվում են հարկային արտոնություններ: Օրենքի նախագծի ընդունման հետ կապված առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել նաև «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում:

Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման գործընթացի վերջնաժամկետ կսահմանվի 2018 թ. հունվարի 1-ը

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2017թ. հունվարի 1-ից հետաձգել մինչև 2018թ. հունվարի 1-ը, ինչը հնարավորություն կտա ՓՄՁ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին առավել սահուն իրականացնել նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման գործընթացը:
«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում` համապատասխան տարողությամբ ակցիզային դրոշմանիշեր չլինելու պարագայում փոխարինող տարողություններով դրոշմանիշերի տրամադրման անհրաժեշտություն չի առաջանա: Ալկոհոլային խմիչքների ակցիզային դրոշմանիշերի՝ էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգը հնարավորություն կտա հարկ վճարողներին մինչև ալկոհոլային խմիչքների իրացումն էլեկտրոնային եղանակով կատարել գրանցումներ (ստացված ակցիզային դրոշմանիշերը ըստ սերիա-համարների վերագրել իրացվող ապրանքներին), իսկ անհրաժեշտության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով կատարել ճշգրտումներ այդ գրանցումներում: Միաժամանակ նախատեսվում է, որ ներկայում կիրառության մեջ գտնվող և համապատասխան տեղեկությունները տեսանելի դարձնելու հնարավորություն չապահովող դրոշմանիշերը կօգտագործվեն մինչև ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը, որից հետո ակցիզային դրոշմանիշերին և դրոշմապիտակներին առնչվող հարցերը կկարգավորվեն ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Կարևորելով հարկային արտոնությունների վերաբերյալ օրինագծերի ընդունումը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է հանրությանը հնարավորինս իրազեկել նախատեսվող փոփոխությունների մասին:


Կապահովվի վտանգավոր նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարումը


Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ում «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման գործողությունների ազգային ծրագրի 2016-2020թթ. իրականացվելիք միջոցառումների ցանկին: Այն կնպաստի Ստոկհոլմի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարմանը, կոնվենցիայով կարգավորվող վտանգավոր նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարմանը, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր վնասակար ազդեցության նվազեցմանն ու անվտանգության ապահովմանը:
Կառավարությունը հավանություն է տվել նաև Հայաստանի վավերացրած մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող՝ ՀՀ-ի պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկին: Արդյունքում հնարավոր կլինի հստակեցնել և ճյուղային գերատեսչությունների հետ համատեղ իրականացնել ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված համապատասխան համակարգված միջոցառումներ, ինչը հնարավորություն կընձեռի բարելավել երկրի էկոլոգիական իրավիճակը, խուսափելով անհրաժեշտ միջոցառումների իրականացմանն ուղղված գործողությունների կրկնություններից: Այն կնպաստի նաև բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցների ներգրավմանը:
 

 

Հավանության է արժանացել կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը


Հավանության է արժանացել ՀՀ 2017-2036թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը: Փաստաթղթի նպատակն է
հանրապետության ողջ տարածքում ստեղծել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ԵՄ չափանիշներին բավարարող, ինտեգրված համակարգ, որը տեխնիկական, ֆինանսական և բնապահպանական առումներով կայուն և ծախսարդյունավետ ծառայություններ է տրամադրելու բնակչությանը և հիմնարկներին: ԿԿԹԿ հանրապետական համակարգը ներառելու է միմյանցից անկախ գործող, բայց միևնույն պահանջներին ու սկզբունքներին բավարարող ԿԿԹԿ տարածաշրջանային ենթահամակարգեր: ԵՄ չափանիշներին բավարարող ԿԿԹԿ համակարգը կներառի աղբահանությունը և աղբավայրերի շահագործումը: Նոր համակարգի ներդրմանը զուգընթաց կփակվեն հանրապետության տարածքում գործող աղբավայրերը (եթե դրանց արդիականացումը դիտվի ոչ նպատակահարմար): Էապես կնվազի մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին հասցվող վնասը:


Շարունակվում են պետական կառավարման համակարգի օպտիմալացման աշխատանքները


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համակարգի կառուցվածքային և գործառութային փոփոխություններով պայմանավորված՝ գործադիրն ընդունել է «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին» որոշում: Մասնավորապես, նկատի ունենալով, որ «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի գործառույթները հնարավոր է իրականացնել նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից՝ առկա ռեսուրսներով, անհրաժեշտություն է առաջացել նշված ՊՈԱԿ-ը լուծարել, որի արդյունքում ՊՈԱԿ-ի տարեկան պահպանման համար հատկացված 26.3 մլն ՀՀ դրամից պետբյուջեի ծախսերը կկրճատվեն 22 մլն ՀՀ դրամով (ներառյալ 9 հաստիքները): Մնացած 4.3 մլն ՀՀ դրամը կհատկացվի նախարարությանը՝ ՊՈԱԿ-ի գործառույթներն իրականացնելու համար:


Նպաստների և կենսաթոշակների դիմումները կարող են ներկայացվել ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից


Շահառուներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որի համաձայն՝ սկսած 2017թ. հունվարի 1-ից խնդրո առարկա նպաստների և կենսաթոշակների դիմումները կարող են ներկայացվել ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից: Մասնավորապես՝ առաջարկվում է սահմանել, որ սկսած 2017թ. հունվարի 1-ից` քաղաքացու բնակության վայրի տարածքային կենտրոն է համարվում այն տարածքային կենտրոնը, որտեղ փաստացի ներկայացվում է երեխայի ծննդյան միանվագ, խնամքի, չաշխատող անձին մայրության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստները նշանակելու և վճարելու գրավոր դիմումը: Բացի այդ, սահմանվում է, որ աշխատանքային կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում է ծառայության` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, հուղարկավորության նպաստ, օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում է տարածքային բաժին:


Միջազգային համագործակցություն


Գործադիրը հավանություն է տվել «Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին: Հրամանագրի ընդունումը պայմանավորված է դեսպանություններ հիմնելու անհրաժեշտությամբ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը և առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելուն ուղղված երկկողմ հարաբերությունները ակտիվացնելու նպատակով: Մոլդովական կողմը պաշտոնապես համաձայնություն է տվել Քիշնևում ՀՀ դեսպանություն ստեղծելուն:
Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը: Հուշագրի դրույթներով նախատեսվում է իրականացնել համագործակցություն երկրագնդի հեռադիտարկման, արբանյակային հեռահաղորդակցության, տիեզերական տեխնոլոգիաների կիրառման, տիեզերագիտության և մոլորակների հետազոտման ուղղություններով: Հուշագրով նախատեսվում է համատեղ աշխատանքային խմբերի ստեղծում և համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում, ինչը երկու կողմերի գիտական կազմակերպություններին հնարավորություն կընձեռի վերոնշյալ ոլորտներում փորձի և համապատասխան տեղեկատվության փոխանակման, կադրերի վերապատրաստման և փորձագետների փոխանակման ծրագրերի իրականացման համար: Հուշագրով նոր հարթակ կստեղծի գիտության և գիտատեխնիկական ոլորտում հայ-հնդկական համագործակցային կապերի խորացման համար:


Այլ որոշումներ


Կառավարության որոշմամբ առաջարկվել է ԱԺ նախագահին՝ դեկտեմբերի 13-ին ժամը 12:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
Գործադիրը հաստատել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքի և օրենսդրական չափագիտական վերահսկողության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով նախատեսվում է ճշտության և oրինականության նկատմամբ հuկողություն, որն անցկացվում է բացառապեu uտուգաթերթերի հիման վրա: Սրանից բխում է, որ ստուգում իրականացնող` օրենքով սահմանված, մարմինները պետք է մշակեն և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնեն իրենց ոլորտում ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը:
Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. Լիբանանի Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն կունենան մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ