Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 օգոստոսի 2016

Կառավարության նիստում մանրամասներ են ներկայացվել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերում քննարկված հարցերի և տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ







Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրի ղեկավարը, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, կառավարության անունից շնորհավորել է 31-րդ օլիմպիական խաղերի մեր մեդալակիրներին՝ Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին: «Իրենք բարձր պահեցին հայ ժողովրդի պատիվը, ծափահարենք և նրանց ցանկանանք նորանոր հաջողություններ: Ազատ ոճի ըմբիշներից մենք դեռ սպասելիքներ և ակնկալիքներ ունենք»,-նշել է վարչապետը:
Այնուհետև ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վարչապետի հանձնարարականով մանրամասներ է ներկայացրել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերում քննարկված բազմաթիվ հարցերի և տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ:
«Սույն թվականի հունիսի 15-ին և հունիսի 17-ին կայացած ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերի արդյունքում տրված հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով կատարվել են մի շարք աշխատանքներ, ընդ որում՝ աշխատանքներին ներգրավվել են մի շարք պետական մարմիններ, միջազգային կազմակերպություններ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Մասնավորապես` ի կատարումն կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործման վերաբերյալ հանձնարարականի` պետք է նշել, որ աշխարհում կիրառվող կոռուպցիայի դեմ պայքարի մոդելներն ուղղակիորեն կախվածության մեջ են դրվում կոռուպցիայի դեմ պայքար մղող մարմինների գործառույթների բաշխվածությունից: Միջազգային փորձը վկայում է, որ այդ մարմինները իրականացնում են երեք հիմանական գործառույթ` կրթական, կանխարգելիչ կամ քննչական(իրավապահ): Կանխարգելիչ գործառույթի մեջ ընդգրկվում է գույքի հայտարարագրումը, հակակոռպցիոն համակարգման խորհուրդների կամ նպատակային կանխարգելիչ մարմինների միջոցով հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակումը, իրականացումը, մոնիտորինգը և այլն: Կրթական գործառույթի մեջ մտնում է, որպես վերջնական նպատակ, հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, որն իրականացվում է կրթական ծրագրեր ու մեթոդներ մշակելու և հաստատելու, դրանք նախադպրոցական և դպրոցական հաստատություններում ներդնելու, հանրային ծառայողների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման, բուհերում համապատասխան մարմիններ ստեղծելու միջոցով:
Քննչական ֆունկցիան, թերևս, ամենապարզ բացահայտվողն է, այն է` կոռուպցիոն հանցագործությունների քննությունը:
Հարկ է նշել, որ աշխարհի մի շարք երկրներում բոլոր երեք ֆունկցիաներն իրականացնում է մեկ մարմին և այդ մարմինը կոչվում է ունիվերսալ մարմին, ինչը, ըստ էության, բազմաֆունկցիոնալ մոդելն է։ Այս առումով հետաքրքրական է Ուրկրաինայի փորձը, որում, թեև առկա է ապակենտրոնացված մոդելը, սակայն ներկայումս որդեգրվել է դեպի ունիվերսալ մոդելին անցում կատարելու մոտեցումը: Ունիվերսալ մոդելը նախատեսված է նաև Հոնկոնգում, Սինգապուրում, Լիտվայում, Լատվիայում և այլն:
Երկորդ մոդելը, որը ես կանվանեի ապակենտրոնացված մոդել, իր մեջ ներառում է երկու մոդելներ: Ընդ որում, կանխարգելիչ և կրթական ֆունկցիաները իրականացնում է մեկ մարմին, իսկ քննչական ֆունկցիաները իրականացնում է մեկ այլ մարմին: Հարկ է նշել, որ երկու մոդելների դեպքում անչափ կարևորվում է, որ քննչական գործառույթի իրականացումը համապատասխան մարմնի համար պետք է լինի հիմնական գործառույթ, ոչ թե նման մարմինը, ի թիվս այլ խնդիրների, պետք է իրականացնի կոռուպցիոն հանցագործությունների քննությունը:
Ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում գործում է կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացված համակարգը, որտեղ կանխարգելիչ, կրթական և քննչական գործառույթների իրականացումը վերապահված է տարբեր պետական մարմինների, մասնավորապես` կանխարգելիչ և կրթական գործառույթի իրականացումը հիմնականում վերապահված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, իսկ կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնում է հատուկ քննչական ծառայությունը:
Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետությունում առկա մոդելը մեր կարծիքով ունի որոշակի թերություններ, դրանք են` ինստիտուցիանալ և գործառույթային անկախության բացակայությունը: Հակակոռուպցիոն մարմինների գործունեության իրավական հիմքը շատ դեպքերում ենթաօրենսդրական է, որոշ հակակոռուպցիոն մարմինների, օրինակ՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքը չի կրում մշտական բնույթ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի համար նախատեսված չեն գործառույթային և ինստիտուցիանալ անկախության բավականաչափ երաշխիքները: Հաշվի առնելով առկա խնդիրները` կարծում ենք, որ առկա է անհրաժեշտություն ունիվերսալ մոդելի ներդրման կամ ապակենտրոնացված մոդելի արմատական վերանայման համար: Միջազգային փորձը վկայում է, որ այս երկու մոդելներն էլ գործում են հավասարապես, և նաև որևէ առավելություն չի տրվում այս կամ այն մոդելին: Ներկայումս մենք իրականացնում են լայնածավալ աշխատանքներ միջազգային փորձի ուսումնասիրության, երկու մոդելների առանձնահատկությունների վերհանման, դրանց թե ՛ դրական, թե′ բացասական կողմերի, մոդելներից յուրաքանչյուրի ընտրության դեպքում կատարվելիք ինստիտուցիոնալ և օրենսդրական քայլերի մշակման ուղղությամբ:
Ձեր հանձնարարականի դեպքում, պարո՛ն վարչապետ, մենք կարճ ժամանակ անց կամփոփենք մեր աշխատանքները և Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կներկայացնենք հավասարաչափ գործուն մոդելներ:
Հանձնարարականներից մյուսը, որը բարձրացվել է նաև Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում, վերաբերում է իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրման հարցին: Մեր կատարած ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ աշխարհն այսօր շարժվում է իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրման ուղղությամբ: Այսպես` իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված նշանակալի քայլ կատարեց Եվրոպական միությունը. Եվրոպական խորհրդարանը և Եվրոպական խորհրդը 2015 թվականի մայիսի 20-ին ընդունեցին Եվրոպական միության Փողերի լվացման դեմ 4-րդ՝ 2015/849 թվակիր դիրեկտիվը, որի համաձայն Եվրոպական միության բոլոր անդամ երկրները պարտավոր են ստանալ և պահպանել իրենց տարածքում գրանցված ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ համաչափ, հստակ և թարմ տեղեկատվություն։ Անդամ երկրները նաև պարտավոր են ապահովել իրական սեփականատերերի գրանցման կենտրոնական ռեգիստրի առկայությունը։ Այս պարտավորությունների կատարման վերջնաժամկետ է նախատեսված 2017 թվականի հունիս ամիսը։ Բացի դրանից, ներկայումս իրական սեփականատերերի գրանցման հանրային գրանցամատյաններ են ստեղծվել Մեծ Բրիտանիայում, Սլովակիայում, Դանիայում, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև Նորվեգիայում: Սակայն պետք է փաստել, որ աշխարհում այսօր չկա հաջողված ու կիրառված այնպիսի վերջնական փորձ, որը ապացուցել է իր կենսունակությունը, որի բոլոր թերությունները, սկզբունքները հաշվի են առնվել և որը կարելի է միանգամից ներդնել ՀՀ-ում: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք կատարել առաջին փոքր, սակայն կարևոր քայլերն այս ուղղությամբ: Մենք որոշել ենք սկսել մեր համար կարևորագույն ոլորտներից մեկից, այն է` պետական գնումների ոլորտից։
Խոսքը վերաբերում է հետևյալին. այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են մասնակցել պետական գնումների գործընթացին պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին: Ընդ որում բացահայտումը պետք է իրականացվի ֆիզիկական անձանց մակարդակով, ոչ թե միայն համապատասխան բաժնեմաս ունեցող ընկերությունների մակարդակով: Իրական սեփականատեր ասելով՝ հասկանում ենք այն անձանց, ովքեր ընկերությունում ուղղակի կամ անուղղակի կերպով ունեն 10 տոկոս բաժնեմաս, կամ իրավունք ունեն նշանակել կամ ազատել իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամներին, կամ ստանում են իրավաբանական անձի կողմից իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության արդյունքում ստացված շահույթի տասնհինգ տոկոսից ավելին, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը և անդամները։
Ընդ որում, շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ անձը ոչ միայն պետք է հայտարարություն ներկայացնի, թե ովքեր են իր իրական սեփականատերերը, այլ նաև պետք է ներկայացնի իրավական ուժ ունեցող փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն իր կողմից արված հայտարարությունները: Բնականաբար խախտման համար պետք է նախատեսվի պատասխանատվություն:
Հաջորդ հանձնարարականը վերաբերում է ապօրինի հարստացմանը: Խոսքը վերաբերում է նրան, որ եթե պաշտոնատար անձը ունի գույքի և եկամուտների զգալի աճ և չի կարողանում հիմնավորել, թե որտեղից է գույքի կամ եկամուտի զգալի աճը և դա անհամադրելի է իր օրինական եկամտի հետ, ապա իրավասու մարմինները կարող են պահանջել հիմնավորել անհամապատասխանությունը եկամուտների և գույքի աճի և իր օրինական եկամուտի միջև: Եթե պաշտոնատար անձը չի կարողանում հիմնավորել այս անհամապատասխանությունը, ապա այս դեպքում վրա է հասնում պատասխանատվություն: Իհարկե, այս տեսանկունից պետք է նշել, որ նման մոտեցումը անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ որոշակի խնդիրներ կարող է ունենալ, սակայն մենք ուսումնասիրել ենք հարցը, բազմաթիվ քննարկումներ են եղել ոլորտի մասնագետների հետ։ Մեր դիրքորոշումը այն է, որ այստեղ չկա անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ խնդիր, այլ պարզապես օրենքով անձի վրա դրվում է պարտականություն հիմնավորել իր ծախսերի կամ գույքի զգալի աճի և դրանց և իր օրինական եկամուտների միջև անհամամասնության առկայությունը: Եթե ներկայացվում է պատշաճ հիմնավորում, ապա որևէ խնդիր բնականաբար չի ծագում, եթե ոչ՝ վրա է հասնում պատասխանատվություն: Սակայն մենք կարծում ենք, որ ինքնին ապօրինի հարստացման փաթեթը բավարար չէ բոլոր խնդիրները կարգավորելու համար և անհրաժեշտ է նախատեսել այլ կարգավորումներ ևս: Հենց սրան է ուղղված մեր կողմից առաջարկվող հաջորդ փաթեթը: Նույն ապօրինի հարստացման գործերի դեպքում անձինք կարող են կնքել շինծու փոխառության գործարքներ և դրանով օրինականացնել իրենց ապօրինի եկամուտները կամ գույքը: Այս առումով, կարծում ենք, գործուն երաշխիք կլինի կանխիկ գործառնությունների սահմանափակման հետ կապված օրենսդրական փաթեթը։ Մասնավորապես՝ պետք է արգելվեն որոշակի գումարից բարձր փոխառությունների կանխիկ կատարումը՝ դրանք կատարելով բացառապես բանկային փոխանցումների միջոցով, բացի դրանից որոշակի գումարից բարձր անշարժ գույքի գործարքները նույնպես պետք է կատարվեն բացառապես բանկային փոխանցումների միջոցով։ Կարծում եմ, այս և մի շարք այլ քայլերը, օրինակ՝ ներկայումս ուսումնասիրում ենք նաև միջազգային փորձը պաշտոնյաների արտասահմանյան հաշիվներ ունենալու կամ չունենալու կամ դրանք հայտարարագրելու վերաբերյալ, թույլ կտան առավել արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ»,-նշել է արդարադատության նախարարը:


Կմեծանա պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը

«Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների վերանայված ռազմավարության» (ՊՖԿՀԲ) իրականացման արդյունքում պետական ծախսերի կառավարման արդյունավետությունն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում կապահովվի Պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության (ՊԾՖՀ-PEFA) 2016թ. շրջանակի կատարողականի ցուցանիշների գնահատման չափանիշների պահանջներին համապատասխան ՊՖԿՀԲ գործընթացներն ապահովող ոլոտների միջոցառումների սահմանված ժամկետներում իրականացումը: Արդյունքում՝ կմեծանա պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը` ապահովելով ընթացակարգերի ու մատուցվող ծառայությունների որակը:
Գործադիրն ընդունել է «ՀՀ 2016թ. պետբյուջեի «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին ավիատոմսերի գնման նպատակով վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակներ սահմանելու մասին» որոշում: Հարցի կարգավորմանն ուղղված քայլերը պայմանավորված են ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականներով ավիատոմսերի ամրագրման միասնական պետական համակարգի ներդրման միջոցառումների իրականացման շրջանակում վարկային քարտային չափաքանակներ սահմանելու անհրաժեշտությամբ: Կարգավորման նպատակը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, ֆինանսների, տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների, բնապահպանության, կրթության և գիտության, մշակույթի, քաղաքաշինության, աշխատանքի և սոցիալական հարցերի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, ՀՀ ԿԱ ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի, միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության գծով նախատեսված որոշ բյուջետային ծախսերի լիարժեք և արդյունավետ կատարումն է: Վարչապետը հանձնարարել է որոշման նախագծով ներկայացված ՀՀ 2016թ. պետբյուջեի հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները կրճատել 30 տոկոսով:
Արտաքին աղբյուրներից իրականացվող նպատակային վարկային ծրագրերի գծով ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարները ՀՀ 2016թ. պետբյուջե նախատեսելու և համապատասխան վերաբաշխումներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:


Կպարզեցվեն ՓՄՁ գործունեության իրականացման ընթացքում ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացները

Գործադիրը հավանություն է տվել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացները պարզեցնելու անհրաժեշտությամբ: Էկոնմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ խնդիրը ներկայացվել է մարտին կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստին և ՀՀ վարչապետի հանձնարարությանը համապատասխան իրականացվել են աշխատանքներ, որոնց մասնակցել են բոլոր շահագրգիռ գերատեսչությունները, այդ թվում՝ ՀՀ կառավարության աշխատակազմը, Պետական եկամուտների կոմիտեն, ՎԶԵԲ-ի գործարարության աջակցման գրասենյակը, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով ներկայացրել էր նման օրինագիծ, համաձայնել է կառավարության առաջարկությանը: Նախագծով առաջարկվող լրացումն ուղղված է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը և դյուրացմանը, ինչպես նաև դրա համար պահանջվող ժամանակի և ծախսերի կրճատմանը: Արդյունքում ակնկալվում է՝ պարզեցնել ցածր արժողություն ունեցող ապրանքների մաքսային սահմանով տեղափոխման գործընթացը, նշված դեպքում ազատել տնտեսվարողներին մաքսավճարների վճարման պարտականությունից: Մասնավորապես՝ փոփոխությամբ առաջարկվում է մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով արտահանվող և/կամ ներմուծվող ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները ազատել մաքսատուրքերի և մաքսավճարների վճարումից: Նախագծով առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է տալիս նաև տնտեսվարող սուբյեկտներին, անկախ ներմուծվող և արտահանվող ապրանքների արժեքից, իրականացնել ինքնահայտարարագրում: Միաժամանակ, ներկայացվող փոփոխությամբ առաջարկվում է կառավարության որոշմամբ հաստատել էլեկտրոնային տնտեսվարող սուբյեկտների կողմից հայտարարագրման համակարգ մուտք գործելու կարգը: Նախարարի դիտարկմամբ՝ օրինագծով առաջարկվող փոփոխությունն էապես բարելավելու է բիզնես միջավայրը, բիզնես ակտիվությունը, նպաստելու է ՓՄՁ գործունեությունը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է օրենքի նախագիծը և հանձնարարել աշխատանքներ տանել ԱԺ-ում այն արագ ընդունելու համար:

Աշխատանքային գրքույկների տեղեկատվությունը կմուտքագրվի պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ կսահմանվի աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառող ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, կհաստատվի նաև աշխատանքային գրքույկները ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու և աշխատողներին հանձնելու կարգը: Այսպիսով՝ կապահովվի մինչև 2017թ. վարվող աշխատանքային գրքույկներում պարունակվող տեղեկատվության մուտքագրումը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան՝ աշխատողների աշխատանքային գործունեության մասին ողջ տեղեկատվությունը կենտրոնացնելով մեկ միասնական համակարգում:
Իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները լուծելու նպատակով (սոցիալական փաթեթի շահառուների կողմից սոցիալական փաթեթից օգտվելու համար հավասար պայմանների ապահովում, աշխատանքից ազատված անձանց համար սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու հնարավորության նախատեսում, զինծառայողների, քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների համար պարտադիր կանխարգելիչ բժշկական զննության տեղեկանքին փոխարինող տեղեկանքի ձևի սահմանում, սոցիալական փաթեթի հատկացման կարգում համատեղության աշխատողների սոցփաթեթի իրավունք ձեռք բերելու համար աշխատանքային ծանրաբեռնվածության չափի հստակեցում) կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ առաջարկվում է, մասնավորապես, սոցփաթեթի շահառուի սոցփաթեթի միջոցները կանխիկացնելու իրավունքի կասեցում` պարտադիր կանխարգելիչ բուժզննությունը չանցնելու դեպքում, ինչպես նաև նախատեսվում է նախորդ տարվա (տարիների) ընթացքում պարտադիր կանխարգելիչ բուժզննությունը չանցած և աշխատանքից ազատված անձանց սոցիալական փաթեթից օգտվելու հնարավորություն, սոցփաթեթից օգտվելու համար` զինծառայողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների համար պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու մասին տեղեկանքին փոխարինող` բանկ ներկայացվող միասնական տեղեկանքի ձևի և դրա տրամադրամն կարգի սահմանում:
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ սոցփաթեթների հետ կապված ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն կազմակերպվել են քննարկումներ՝ տուրօպերատորների, հանգստյան և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախարարը նշել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կներկայացվեն ոլորտում առկա թերությունների լուծման բոլոր հնարավոր տարբերակները:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է կարգավորել սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող կացարանի բնակչի կողմից այդ կացարանում վարձակալական հիմունքներով բնակվելու հետ կապված ընթացակարգերը, ինչպես նաև մինչև 2015թ. ընկած ժամանակահատվածում տարբեր իրավական ակտերի համաձայն անհատույց օգտագործման իրավունքով պայմանագրային հիմունքներով սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող ընտանիքների այդ բնակարաններում սահմանված ժամկետը լրանալուց հետո ևս 10 տարի ժամկետով նույն պայմաններով բնակվելու հարցը:

Միջազգային համագործակցություն

Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելգիայի Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Որոշմանը կից տեղեկանքի համաձայն՝ նոր hամաձայնագրի նախագիծն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմանը և երկու երկրների ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը: Նախագծի ընդունումը թույլ կտա ընդլայնել հայ-բելգիական համագործակցությունն ավիացիայի ոլորտում, կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Նախագծով հիմնականում սահմանվում և կարգավորվում են միջազգային օդային փոխադրումների իրականացման համար նշանակված ավիաընկերությունների լիազորությունները, իրավունքներն ու պարտականությունները, թռիչքային և ավիացիոն անվտանգության պահանջների պահպանման դրույթները, սակագների ձևավորման, արդար մրցակցության, ավիաընկերությունների միջև կոմերցիոն համագործակցության վերաբերյալ դրույթները, կիրառվող օրենքները, տարաձայնությունների լուծման կարգը:

Այլ որոշումներ

Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ վերացնելով դատապարտյալների հետ երկարատև տեսակցության եկած անձանց կողմից բերված ջերմային մշակում պահանջող սննդամթերքի սահմանափակման արգելքը: Որոշումը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ կազմակերպել երկարատև տեսակցությունների տրամադրումը և առավել հստակեցնել այն սննդամթերքի տեսակները, որոնք կարող է ունենալ, ստանալ կամ ձեռք բերել դատապարտյալը՝ իր մոտ երկարատև տեսակցության եկած անձանց կողմից բերելու արդյունքում:
Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016թ. ապրիլի 7-ի վճռի պահանջները կատարելու նպատակով: Անդրադառնալով նման որոշումներին՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմին, ֆինանսների, արդարադատության նախարարություններին՝ քննարկել, գույքագրել, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով կառավարությունը որքան գումար է հատկացրել 2014թ., 2015թ. և այս տարվա ընթացքում: «Այդ սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա, թե՞ ոչ»,-նշել է Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրն ընդունել է «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշում՝ միջպետական Մ4 մայրուղուց դեպի ուսումնամեթոդական կենտրոններ և հանգստյան գոտիներ տանող ժամանակակից պահանջներին համապատասխան ավտոճանապարհ ապահովելու համար:
Կառավարության որոշմամբ «Ասպար Արմս» ՍՊԸ-ին տրամադրվել է «Զենքի արտադրության» լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գործառույթների առավել լիարժեք իրականացմամբ և նրա գործունեության արդյունավետության բարձրացմամբ պայմանավորված կառավարությունը փոփոխություններ է կատարել նապկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ հիմնավորման՝ ուսումնասիրվել են նախարարությանը վերապահված գործառույթները և դրանք իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը և արդյունավետությունը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել աշխատակազմի կառուցվածքում: Մասնավորապես՝ իրավաբանական բաժինը կվերակազմակերպվի իրավաբանական վարչության, որում ներառված երկու բաժիններից մեկը կզբաղվի դատարանում քննվող գործերի հետ կապված գործառույթներով, իսկ մյուսը ընդհանուր իրավական ապահովման հարցերով:
Հայաստանի համայնքները քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերով ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած երկու որոշումներում: Որոշման կիրառման դեպքում ներկայացված կլինի օրենքով սահմանված հասկացությունը կիրառելու գործիք, որը հնարավորություն կտա լիարժեք օգտագործել միկրոռեգիոնալ մակարդակի տարածքային հատակագծման նախագծերը: Արդյունքում՝ համայնքներում կառուցապատումը կկրի առավել կանոնակարգված բնույթ, որն էլ իր հերթին կնվազեցնի սուբյեկտիվ որոշումների ընդունման հնարավորությունը: Ծրագրի իրականացումը կհեշտացնի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման գործընթացը, կապահովի համայնքների ռազմավարական զարգացման պլանավորումը:
Գործադիրը հաստատել է կենդանական աշխարհի օբյեկտների (որսահանդակների) պահպանության, պաշտպանության, օգտագործման կարգը և որսահանդակների ցանկը. հանրապետության տարածքում կառանձնացվեն որս իրականացնելու համար նախատեսված վայրեր, որոնք կընդգրկվեն որսահանդակների ցանկում: Որսահանդակների տարածքները որոշվում են հիմք ընդունելով տվյալ տարածքում առկա որսի կենդանիների տեսակները, դրանց քանակները, որոնք գրանցված չեն ՀՀ կենդանիների կարմիր գրքում:

 

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ