Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 հուլիսի 2016

ՀՀ վարչապետը հանձնարարականներ է տվել կրթության ոլորտի և գնումների գործընթացի բարեփոխումների վերաբերյալ










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետն անդրադարձել է կրթության ոլորտի հիմնախնդիրներին և հանձնարարական տվել ՀՀ կրթության և գիտության նախարարին: «Այժմ ընթացող քննական գործընթացները վկայում են, որ կրթական համակարգի բարեփոխումներն ավելի քան պահանջված են: Կրթական ոլորտի բոլոր մակարդակներում առաջնահերթություններն են կրթության որակի և արդյունավետության բարձրացումը, դրանց համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, մատչելիության և հասանելիության ապահովումը բնակչության բոլոր խավերի համար: Հստակ է, որ վերանայման կարիք ունի հատկապես հանրակրթական ոլորտը: Պետք է ստեղծել ժամանակակից ուղղվածությամբ, մատչելի, մրցունակ, միևնույն ժամանակ հայեցի և հայապահպանության բովանդակությամբ նոր կրթական ծրագրեր, վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը: Դպրոցի ղեկավարի նշանակումը սկսած նրա հավաստագրումից մինչև ընտրությունը պետք է դառնա պարզ, թափանցիկ գործընթաց: Վերանայման անհրաժեշտություն ունեն նաև դպրոցների կառավարման խորհուրդների գործունեության, դպրոցների ֆինանսավորման հետ առնչվող հարցերը: Որոշակի լուծումներ են պահանջում նաև ավագ դպրոցի հիմնախնդիրները: Բազմաթիվ կուտակված հարցեր կան մասնագիտական կրթության ոլորտում: Ուզում եմ նաև ընդգծել բուհերի ռեֆորմների անխուսափելիությունը: Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման և գործունեության առավել արդյունավետ մեխանիզմների կիրառմանը: Վերանայման և կատարելագործման կարիք ունեն դպրոց-բուհ անցումը ապահովող կառույցների գործառույթները: Նպատակահարմար է այս գործընթացը դարձնել ավելի սահուն՝ նպաստելով բարձրագույն կրթության մատչելիության բարձրացմանը և հասարակության սոցիալապես անապահով խավերի ընդգրկմանը: Կրթության և գիտության նախարարության ուշադրության կենտրոնում պետք է լինի բուհական կրթության արդյունավետության բարձրացումը: Համալսարան-աշխատաշուկա կապի սերտացումը և մեր երկրի զարգացման համար հույժ կարևոր մասնագիտությունների պահպանումը պետք է լինեն համալսարանական առաքելության կարևորագույն հատկանիշները: Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ կրթության և գիտության նախարարին նախապատրաստել ինձ մոտ հանրակրթության հիմնախնդիրներին և բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումներին նվիրված խորհրդակցություններ և դրանցից ածանցվող փոփոխությունների ժամանակացուցային առաջարկներ, որտեղ կնշվեն հստակ մեխանիզմներ կրթության որակի բարձրացման մեխանիզմների վերաբերյալ»,-նշել է գործադիրի ղեկավարը:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է գնումների գործընթացին. «Գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով մայիսի 26-ին հանձնարարել էի ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ գնումների գործընթացի տարբեր փուլերում բարելավել թափանցիկությունը, հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հետաքրքրվող անձի, էլեկտրոնային գնումների կայքէջում տեսնել գնումների գործընթացների արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը, կնքված պայմանագրերի կատարման արդյունքները, ինչպես նաև մշակել ծրագրային լուծում, որը հնարավություն կընձեռի յուրաքանչյուրին էլեկտրոնային գնումների կայքէջում, ընտրելով հետաքրքրող պարամետրերը, ինքնուրույն ձևավորել հաշվետություններ:
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել է գնումների հաշվետվողականության համապատասխան մոդուլ, որը հասանելի է հանրությանը (www.armeps.am/ppcm) և շահագործվում է պետական կառավարման մարմինների կողմից սույն թվականի հուլիսի 1-ից, իսկ քաղաքները վերջինիս կմիանան այս տարվա սեպտեմբերի 1-ից:
Տվյալ համակարգի ամբողջական գործարկումն ապահովելու նպատակով հարկավոր է համակարգից բոլոր օգտվողների ակտիվ մասնակցությունը դրա շահագործմանը: Այդ առումով, հանձնարարում եմ պետական իշխանության մարմիններին, ինչպես նաև հորդորում հետաքրքրվող այլ կողմերին ակտիվորեն օգտվել հաշվետվողական այս նոր գործիքից և դրա բարելավման վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն:
Բացի այդ, կարևոր է բարձրաձայնել, որ գնումների գործընթացներում արդյունավետություն ապահովող պարտադիր պայման է պատվիրատուների կողմից կազմակերպված գնումներում առկա խնդիրների բացահայտումը՝ հենց իրենց կողմից: Եվ այդ նպատակով օրենսդրությամբ նախատեսված է համապատասխան գործիքակազմ: Դա ներքին աուդիտի համակարգն է, որը նոր է ներդրվել պետական համակարգում և վերջինիս ոլորտը կարգավորող օրենսդրությամբ մենք ամրագրել ենք, որ ինչպես գնումների իրականացման, այնպես էլ պայմանագրերի կատարման գործընթացները ենթակա են պարտադիր աուդիտի:
Այսպիսով, գնումների գործընթացի բարելավման հաջորդ քայլով հարկավոր է անդրադառնալ այս հարցին:
Հանձնարարում եմ պետական իշխանության մարմինների ղեկավարներին խստագույն հսկողություն իրականացնել ներքին աուդիտի համակարգի պատշաճ գործունեության նկատմամբ, ինչպես նաև իրենց կայքերում հրապարակել գնումների ընթացակարգերի վերաբերյալ իրականացված ներքին աուդիտի արդյունքում կազմված հաշվետվությունները և դրանցում արձանագրված խնդիրների վերացման վերստուգման հաշվետվությունները»:


Տրանսպորտի և կապի նախարարը մանրամասներ է ներկայացրել Վերին Լարսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Կառավարության նիստում վարչապետի հանձնարարությամբ Վրաստանից վերադարձած ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մանրամասներ է ներկայացրել Վերին Լարսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նախարարը տեղեկացրել է, որ այսօրվանից մեքենաները Վերին Լարսի ճանապարհով կանցնեն ցերեկային ռեժիմով, իսկ 4-5 օր հետո՝ռեժիմը կլինի 24-ժամյա: Ըստ Գագիկ Բեգլարյանի՝ վտանգը վերջնական վերացված չէ. այս պահին սարերի վրա մոտ 5 մլն տոննա հողի հոսելու վտանգ կա: «Մտածում են, որպեսզի ապագայում կարողանան այդ ճանապարհի վրա վերգետնյա թունել կառուցել, ինչը բավականին մեծ ծախսերի հետ է կապված: Համենայնդեպս, այս ճանապարհը մեզ համար միշտ լինելու է վտանգավոր: Յուրաքանչյուր անձրևից հետո հնարավոր է ունենանք այս խնդիրները»,-նշել է նախարարը և հորդորել գործարարներին իրենց աշխատանքների կազմակերպման ժամանակ նկատի ունենալ նաև լաստանավից օգտվելու հնարավորությունը:

 

Ամբողջությամբ կփոխհատուցվեն նաև ՀՀ-ից դուրս բուժվող զինծառայողին ուղեկցողի ճանապարհածախսը և կեցության ծախսերը

Կառավարությունը փոփոխություն է կատարել 2016թ. ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին» համապատասխան որոշման մեջ: Փոփոխության արդյունքում ամբողջությամբ կփոխհատուցվեն ոչ միայն հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողի բուժման, ճանապարհածախսի և կեցության ծախսերը, այլև ամբողջությամբ կփոխհատուցվեն վերջինիս ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցության ծախսերը:
Գործադիրն ընդունել է «ՀՀ 2016թ. կարիքների համար անհրաժեշտ դեղերի գնման գործընթացն իրականացնելու մասին» որոշում, որի նպատակն է դեղապահովման գործընթացը կազմակերպել առանց դրա համար սահմանված ժամկետային սահմանափակումների և բավարարել ներկայումս առաջացած անհետաձգելի պահանջը` ձեռքբերելով 2016թ. գնումների անվանացանկով հաստատված դեղերը: Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխան հիվանդների դեղապահովման գործընթացի անխափան և պատշաճ մակարդակով կազմակերպում: Միաժամանակ, կբացառվեն ՀՀ բժշկական հաստատություններում դեղերի հավելյալ քանակների կուտակումները և կապահովվի պետբյուջեով հատկացված միջոցների արդյունավետ և նպատակային իրականացումը:
Կառավարությունը հավանություն է տվել «Հոգեբուժական օգնության մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը պայմանավորված է հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա մի շարք օրենսդրական բացերը լրացնելու, հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքներն օրենքով սահմանելու և դրանց պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ սահմանելու, դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ: Օրինագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել՝ դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը` սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ, պայմաններ և այլն: Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ՝ դրանց պաշտպանության համար, ապահովել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման, հոգեկան խանգարում ունեցող անձանց վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված և հոգեկան առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը:
Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը՝ «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից նախարարություն ուղարկվող դեղերի, բժշկական սարքավորումների և բժշկական նշանակության ապրանքների բեռնափոխադրման ծախսերը փոխհատուցելու համար:

 

Կամրապնդվի գործատուի և կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների միջև կապը


Որակավորումների ազգային շրջանակում դասակարգված մակարդակները և դրանց ընդհանրական բնութագրերը հստակեցնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Արդյունքում՝ շնորհվող ազգային որակավորումները համադրելի կլինեն Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի որակավորումներին, ինչպես նաև կապահովվի շնորհվող որակավորումների ճանաչելիությունը և կընդլայնվի շարժունությունը: Որոշման փոփոխությունները կարևոր նշանակություն կունենան աշխատաշուկայի և կրթական համակարգի փոխկապակցվածության ամրապնդման համար: Այն կխթանի կրթության որակի ապահովմանը և կամրապնդի կապը (աշխատաշուկա) գործատուի և կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների միջև: Հիմնավորման համաձայն՝ ազգային որակավորումների շրջանակի (ՈԱՇ) նպատակներից է կանոնակարգել և համակարգել ազգային որակավորումները՝ դարձնելով դրանք առավել թափանցիկ և պատկերավոր, ինչպես նաև նպաստել շարժունությանը սովորողների շրջանում: Ինչպես նաև հիմք է հանդիսանում կրթական վերջնարդյունքների վրա հիմնված կրթական ծրագրերի մշակման, համագործակցությունը շահագրգիռ կողմերի միջև խորացնելու ու աշխատաշուկայի և կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների միջև առավել սերտ կապեր հաստատելու համար: Որակավորումների ազգային շրջանակը միաժամանակ ուղղված է մրցունակ մասնագետների պատրաստմանը, շնորհվող որակավորումների համադրելիությանը և ճանաչմանը:
Կառավարության որոշմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի, ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության հաշվեկշռիռներում գրանցված գույքի մի մասը կամրացվի Տավուշի մարզպետարանի աշխատակազմին` սահմանամերձ համայնքների դպրոցներին հատկացնելու նպատակով:
Գործադիրը հաստատել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Արտուշ Ղուկասյանի ընտրության արդյունքները: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արտուշ Ղուկասյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք:


Ակնկալվում է բարձրացնել թողարկվող հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղու արտադրանքի որակական ցուցանիշները


Գործադիրը սահմանել է հայկական կոնյակի ու բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի, բուրավետ ջրի և խաղողի օղու գինենյութի ու թորվածքահումքի թորման համար նախատեսված սարքերին ներկայացվող տեխնիկական պահանջները: Հիմնավորման համաձայն՝ գինեգործական արտադրանքը, մասնավորապես, կոնյակն ու կոնյակի սպիրտը, Հայաստանից արտահանվող հիմնական արտադրատեսակներից են և ունեն ծավալային աճի մեծ ներուժ: Բացի այդ, Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ կոնյակագործությունն ընդգրկվել է առաջնային ոլորտների շարքում: Այդ պատճառով անհրաժեշտ է ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությունն ու թողարկվող արտադրանքի ցուցանիշները համապատասխանեցնել միջազգային ընդունված պահանջներին: Որոշման ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել թողարկվող հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղու արտադրանքի որակական ցուցանիշները, որը հնարավորություն կտա ավելացնելու դրանց արտահանման ծավալները:
Կառավարությունը սահմանել է նաև փախստականին տրվող ժամանակավոր վկայականի ձևը և տրամադրման կարգը: Արդյունքում՝ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի պահանջի համաձայն կսահմանվի դիմում ներկայացնող անձի ցանկությամբ կորցրած կամ վավերականության ժամկետը լրացած փախստականի նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս փախստականի ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը և ձևը:
Գործադիրը հաստատել է ՀՀ-ում 2016-2018 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը: Ազգային ծրագիրը թվով հինգերորդն է, որը կապահովի մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի շարունակականությունը: Ծրագրի նպատակն է առավել կենտրոնացնել պետության ջանքերը հատկապես մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման և աջակցության բարելավման ուղղություններով:


Կկարգավորվեն գնումների գործընթացում առաջացած որոշ խնդիրներ

Գնումների գործընթացում առաջացած որոշ խնդիրներ կարգավորելու նպատակով կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած երկու որոշումներում: Ըստ հիմնավորման, մասնավորապես` գնումների գործընթացի կազմակերպման գործող կարգով սահմանված է, որ մասնակիցները տեղեկությունների (փաստաթղթերի) էլեկտրոնային եղանակով փոխանակման դեպքում դրանք հաստատում են էլեկտրոնային ստորագրությամբ կամ հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով: Որոշմամբ նախատեսվում է էլեկտրոնային գնումների դեպքում ՀՀ ռեզիդենտների համար պարտադիր դարձնել էլեկտրոնային գնումների համակարգով ներկայացվող հայտերի` էլեկտրոնային ստորագրությամբ հաստատումը: Պայմանագրերը կատարողների կողմից չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում պատվիրատուների կողմից միակողմանի լուծվելու դեպքում նշվածի վերաբերյալ ծանուցումները կողմերին փոստային առաքման եղանակով (պատվիրված նամակով) ուղարկվելու դեպքում շատ հաճախ այդ նամակները վերադարձվում են փոստային ծառայության կողմից տարբեր պատճառաբանություններով, ինչն էլ խոչընդոտ է հանդիսանում հետագա գործողությունների համար: Նշված խնդրի կարգավորման նպատակով նախատեսվում է կարգով սահմանել, որ կատարողը պայմանագրի միակողմանի լուծման վերաբերյալ համարվում է պատշաճ ծանուցված այդ տեղեկատվությունը www.gnumner.am կայքում հրապարակվելու դեպքում: Էլեկտրոնային գնումների Armeps համակարգում մասնակիցների գրանցման գործընթացը հեշտացնելու նպատակով որոշմամբ նախատեսվում է մասնակցին ընձեռել` պահանջվող փաստաթղթերը գործող կարգով սահմանված տարբերակներից (առձեռն կամ փոստով) բացի էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնելու հնարավորություն:
Կառավարությունը հաստատել է ՀՀ 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: ՀՀ 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմք կծառայի նաև ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է սոցիալական փաթեթների հանգստի ոլորտում չարաշահումներին և հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին լրամշակել սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչը՝ նվազագույնի հասցնելով բոլոր հնարավոր չարաշահումները, և ներկայացնել կառավարության քննարկմանը, իսկ մինչ այդ ժամանակավորապես միայն հանգստի բաղադրիչը կասեցնել:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ս.թ. մայիսի 31-ի և հունիսի 24-ի համապատասխան որոշումներով սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի և բնական գազի նոր սակագների սահմանման արդյունքում ՀՀ 2016թ. պետբյուջեով նախատեսված որոշ ծրագրերով նախատեսված հատկացումների, ինչպես նաև պետական պարտքի կառավարման ընթացքում «Օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից և այլ արտաքին աղբյուրներից ստացված վարկերի սպասարկում (տոկոսավճարներ)» ծախսային ծրագրի գծով պետական բյուջեով նախատեսված հատկացումների ազատականացվող (տնտեսվող) մասի հետագա տնօրինման անհնրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ առաջարկվում է բյուջետային հատկացումների միջծրագրային վերաբաշխման միջոցով այդ տնտեսումներն ուղղել ՀՀ 2016թ. պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի համալրմանը:
Ի կատարումն ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների՝ գործադիրն ընդունել է «Տրամադրված բյուջետային վարկերի մարման ժամկետներում փոփոխություն կատարելու և հաշվարկված տույժերով ձևավորված պարտավորությունները՝ պարտքը ներելու միջոցով դադարեցնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է թույլատրել ՀՀ ֆինանսների նախարարությանը «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև կնքված վարկային պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ՝ միաժամանակ դադարեցնելով վերոհիշյալ վարկային պայմանագրերով նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար 2016թ. մարտի 1-ից մինչև որոշման ընդունման օրը հաշվարկված տույժերով ձևավորված պարտավորությունները` պարտքը ներելու միջոցով:


Այլ որոշումներ


Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի զեկուցումը ՀՀ կառավարության 2016թ. հունվարի 14-ի «ՀՀ կառավարության 2016թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» համապատասխան որոշման հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը: Տեղեկանքի համաձայն՝ այդ որոշման կատարման ենթակա թվով 46 կետից 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ կատարվել են 46-ը կամ 100 տոկոսը:
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ լուծարման գործընթացը կանոնակարգելու և պարտավորությունները մարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կառավարության աշխատակազմին կհատկացվի 9.195.300 ՀՀ դրամ:
Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
2016թ. Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը կհատկացվի 50 մլն ՀՀ դրամ:
ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» եզրափակիչ մրցույթի երրորդ փուլն արդյունավետ իրականացնելու համար կառավարության պահուստային ֆոնդից 12,000.0 հազար դրամ կհատկացվի մարզպետարաններին՝ մարզական հագուստ ձեռք բերելու նպատակով: Նախատեսվում է յուրաքանչյուր մարզպետարանին տրամադրել 1,200.0 հազար դրամ:
Գործադիրի որոշմամբ, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 1-ի շրջանակում ՀՀ Արարատի մարզի Մարմարաշեն և Բուրաստան համայնքների վարչական տարածքների սահմաններում տրանսպորտային ուղեանց կառուցելու նպատակով, Բուրաստան և Մարմարաշեն համայնքների սեփականությունը հանդիսացող որոշ հողամասեր կնվիրաբերվեն Հայաստանի Հանրապետությանը: Ներկայումս ավարտվել են գյուղատնտեսական տեխնիկայի և ընտանի կենդանիների անցման համար վերգետնյա ուղեանցի նախագծման աշխատանքները:
Կառավարությունը որոշել է «Լուսանշան» ՊՈԱԿ-ին ամրացված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Կամոյի և Սարոյան փողոցների խաչմերուկում կառուցված լուսացույցային օբյեկտը հետ վերցնել և անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերել ԼՂՀ-ին՝ Ստեփանակերտ քաղաքի երթևեկության կարգավորման նպատակով:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ