Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 մայիսի 2016

Կառավարությունը կկրճատի պետական գերատեսչությունների շուրջ 800 ավտոմեքենա







 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է զեկույց՝ նախորդ նիստին վարչապետի տված հանձնարարականի վերաբերյալ .
«Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ
Ի կատարումն կառավարության նախորդ նիստին վարչապետի կողմից տրված հանձնարարականի՝ զեկուցում եմ, որ բոլոր կետերով աշխատանքներն սկսված են, ինտենսիվ ընթանում են:
Ավտոմեքենաների կրճատման հարցով մենք խնդրին մոտեցել ենք փուլային եղանակով, և արդյունքը հետևյալն է. առաջին փուլում կրճատվելու է 797 մեքենա: Փոքր-ինչ մանրամասնեմ: Մենք աշխատել ենք բոլոր նախարարությունների հետ, բացի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների, բոլոր առընթեր մարմինների հետ, բացառությամբ ոստիկանության, ազգային անվտանգության և քննչական ծառայությունների, ինչպես նաև փրկարար ծառայության:
Բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով, իսկ մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, ՓԲԸ-ներում և հիմնադրամներում կրճատվելու է 690 ավտոմեքենա: Պետք է նշեմ, որ դրանց մի մասն օգտագործվում էր հենց պետական մարմինների կողմից:
Առաջարկում ենք ֆինանսների նախարարին հանձնարարել՝ կառավարության հաջորդ նիստին ներկայացնել որոշման նախագիծ, որում արտացոլված կլինի բյուջեից ֆինանսավորվող պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների նշածս նվազեցումը, ինչպես նաև կրճատված ավտոմեքենաների պահպանման ծախսերի նվազեցումը:
Ի լրումն նշածիս նախապատրաստվել է վարչապետի հանձնարարականի նախագիծ, որով`
1) Արգելվում է սպասարկող (այսինքն՝ հերթապահ մեքենաների) ամրագրումը որևէ կոնկրետ պաշտոնատար անձի: Վարչապետի վերահսկողական ծառայության կողմից պարբերաբար ուսումնասիրություններ պետք է կատարվեն սպասարկող մեքենաների օգտագործման նպատակայնության վերաբերյալ:
2) Բոլոր նշած մարմինների պաշտոնական կայքերում պետք է զետեղվի տեղեկատվություն մեքենա առ մեքենա, թե ում է այն սպասարկում, մակնիշը, արտադրության թվականը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը:
3) Պետք է արգելվի ծառայողական նպատակներով օգտագործելու համար ՊՈԱԿ-ին, ՓԲԸ-ին, հիմնադրամներին կամ պետական հիմնարկին պատկանող մարդատար ավտոմեքենաների տրամադրումը հանրապետական գործադիր մարմիններին:
Ավտոմեքենաների կրճատման հետ կապված աշխատանքները շարունակվում են:
Բացի այդ, պարոն վարչապետ, առաջարկվում է, որպեսզի բյուջետային միջոցները խիստ նպատակային և արդյունավետ օգտագործվեն, տալ հանձնարարական պետական իշխանության կառավարման մարմիններին` ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված (ներառյալ միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրերը, ինչպես նաև արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող ծախսերը) միջծրագրային, միջհոդվածային, միջեռամսյակային, ներհոդվածային, այդ թվում նաև՝ գնումների անվանացանկի փոփոխությունները, բոլոր այդ վերաբաշխումները համաձայնեցնել ՀՀ վարչապետի հետ: Այս պահին այսքանը, պարոն վարչապետ»:

Փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հավելել է, որ ՀՀ վարչապետի անցած շաբաթվա ելույթում կար հանձնարարական՝ կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրության վերաբերյալ: Փոխվարչապետը զեկուցել է, որ կառավարության ղեկավարի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն իրականացնելու է ապարատի օպտիմալացման իրավիճակային վերլուծություն և ներկայացնելու է առաջարկություններ: Վաչե Գաբրիելյանը տեղակացրել է, որ աշխատանքային խմբի նիստերը կմեկնարկեն հաջորդ շաբաթվանից:


Բոլոր ներկրողների համար պետք է ստեղծվեն հարկային և մաքսային հավասար պայմաններ. գործադիրի ղեկավարը հանձնարարական է տվել
 

Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով նախորդ օրը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած իր տեսլականին, հանձնարարական է տվել էկոնոմիկայի նախարարին կազմել հուշաթերթ, որպեսզի բիզնեսով զբաղվող մարդիկ, բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն ներկրումով զբաղվել, նրանց համար հասանելի և պարզ լինի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ մյուս մարմիններում արհեստական խոչընդոտներ չստեղծելու համար: Վարչապետը հանձնարարել է այդ հուշաթերթը տեղադրել նախարարության կայքում: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև լաբորատոր ստուգումների արդար արդյունքների ապահովումը: Հովիկ Աբրահամյանը հանձնարարական է տվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի բոլոր ներկրողների համար ստեղծեն հարկային և մաքսային հավասար պայմաններ և ընդգծել է, որ այդ գործընթացը լինելու է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության հսկողության ներքո՝ ստուգելու են շաբաթը կամ ամիսը մեկ անգամ:


Կացարաններով կապահովվեն սոցիալապես անապահով 8 ընտանիքներ


Կացարանի կարիք ունեցող սոցիալապես անապահով 8 ընտանիքներին կացարան և այլ սոցիալական ծառայություններ տրամադրելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ հիմնավորման՝ ներկայումս սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի 27 հասցեում առկա են 7, իսկ Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում` 1 ազատ կացարաններ:
Գործադիրը հավանություն է տվել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցին: Ըստ հիմավորման՝ Հայաստանը Խարտիան ստորագրել է 2001թ. հոկտեմբերի 18-ին և վավերացրել` 2004թ. հունվարի 21-ին: Խարտիային միանալու արդյունքում պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման և դրանց հետ ազգային քաղաքականությունների համաձայնեցման գործընթացի նկատմամբ Եվրոպայի խորհուրդն իրականացնում է վերահսկողություն և մոնիթորինգ, որը հիմնված է պետությունների կողմից տարին մեկ անգամ պարբերականությամբ ներկայացվող ազգային զեկույցների, ինչպես նաև կոլեկտիվ բողոքարկումների համակարգի վրա: Զեկույցը ներառում է տեղեկատվություն 2011-2014 թթ. ժամանակահատվածի վերաբերյալ:
 

Արդարադատության նախարարությունում կստեղծվի Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչություն


Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչությունը և նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության միջազգային պայմանագրերի բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել իրավական փոխօգնության վարչության և միջազգային իրավական համագործակցության վարչության, կազմակերպական-իրավական վարչությունը բաժանման միջոցով վերակազմակերպել հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության և զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժնի, օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչությունը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել օրենսդրության վարչության: Որոշմամբ նաև նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության աշխատակազմի գերատեսչական և անհատական իրավական ակտերի փորձաքննության և իրավական ակտերի գրանցման և համակարգման բաժինները միաձուլման միջոցով կվերակազմակերպվեն գերատեսչական իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժնի՝ կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով: Բացի այդ, սոցիալական ոլորտի օրենսդրության և սահմանադրական և վարչական իրավունքի բաժինները միաձուլման միջոցով կվերակազմակերպվեն սահմանադրական իրավունքի բաժնի՝ կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով: Հիմնավորման համաձայն, մասնավորապես՝ նախարարության աշխատակազմի կազմակերպական-իրավական վարչությունը հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության վերակազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ներկայումս ՀՀ արդարադատության նախարարությունը հանդիսանում է ՀՀ-ում հակակոռուպցիոն քաղաքականություն մշակող և մեթոդական ղեկավարում իրականացնող մարմին: Ընդ որում` նախարարությունը մշակում և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծեր, իրականացնում է ոլորտային օրենսդրության ուսումնասիրություն, վերլուծություն, առկա բացերի վերհանում և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ, քննարկում այլ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների և այլոց ներկայացրած առաջարկությունները և մատնանշված խնդիրները, ներկայացնում համապատասխան լուծումներ: Այսպիսով՝ կապահովվի ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների առջև դրված` ՀՀ oրենսդրությամբ սահմանված կարգով նպատակների և խնդիրների գործառույթների առավել արդյունավետ և որակյալ իրականացումը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ նախարարությունը գնացել է օպտիմալացման, արդյունավետ կառավարման և միևնույն ժամանակ հաստիքների կրճատման ճանապարհով:


Հաստատվել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետերի տարածքում կառուցվող նոր կամրջի շինարարական գոտի մուտքի և ելքի պարզեցված ընթացակարգը

 

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետերի տարածքում կառուցվող նոր կամրջի շինարարական գոտի մուտքի և ելքի պարզեցված ընթացակարգը: Որոշման նպատակն է ապահովել 2014թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետերի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագրի համապատասխան հոդվածների պահանջները և պարզեցնել աշխատակազմի (անձանց), տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների և այլ գույքի համար պետական սահմանի հատման ընթացակարգերը: Արդյունքում՝ կդյուրացվի կամուրջի շինարարական աշխատանքներին ներգրավված աշխատակազմի, տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների և այլ գույքի մուտքը և ելքը շինարարական հրապարակ:
Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի շրջանակում վճարումներն իրականացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ ծրագիրը ներառելով 2016թ. պետբյուջե: Ըստ հիմնավորման՝ Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրվել է ԻԻՀ կողմից ՀՀ-ին զարգացման օժանդակություն տրամադրելու մասին փոխըմբռնման հուշագիր: ԻԻՀ կառավարությունը համաձայնել է հուշագրի շրջանակում տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար, որպես դրամաշնորհ Հայաստանում` Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հայկական կողմն իր վրա է վերցրել հուշագրի շրջանակում տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: Քննարկումների և բանակցությունների արդյունքում 2015թ. հոկտեմբերից իրանական կողմը վերսկսել է ծրագրի ֆինանսավորումը և ծրագրի գլխավոր կապալառու «Սաներջի» ընկերության կողմից շարունակվել և ավարտվել են համապատասխան սարքերի, սարքավորումների և նյութերի մատակարարումներն Իրանից: Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են և դրանք նախատեսվում է ավարտել 6-7 ամսվա ընթացքում:
Գործադիրն ընդունել է «ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդևազ համայնքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրով «Գեոթիմ» ՓԲԸ իրականացրել է մի շարք հետազոտություններ, սոցիալական և բնապահպանական ազդեցության գնահատումներ: Ըստ այդմ՝ ծրագրի ենթակառույցների շինարարությունը նախատեսվում է սկսել 2016թ. գարնանը՝ ներդնելով 370 մլն ԱՄՆ դոլար: Նախատեսվում է ոսկու կորզումն իրականացնել Գնդևազի տարածքում գտնվող տարրալվացման հարթակում: 2015թ. նշված տարածքից ընկերությունն արդեն ձեռք է բերել ավելի քան 230 հողակտոր (130 հա), որոնք ընկած են տարրալվացման հարթակի տարածքում: Այս հատվածում տեղակայված հողատարածքները պետք է մատչելի լինեն շինարարական աշխատանքները ժամանակին և պատշաճ ձևով սկսելու համար: Շինարարությունը նախատեսվում է իրականացնել երկու տարվա ընթացքում, որի ժամանակ համապատասխան տուրքեր և վճարումներ կկատարվեն ՀՀ պետբյուջե: Միևնույն ժամանակ, շինարարության և դրան հաջորդող ամբողջ ժամանակահատվածում կիրականացվեն շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումներ: Ծրագրի շինարարության տարբեր փուլերում կբացվեն մինչև 1300 աշխատատեղեր, որոնց մեծ մասը կհամալրվի տեղի և շրջակա համայնքների աշխատուժով:
 

 Կհստակեցվեն բուհերի ընդունելության պահանջները


ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգի դրույթները գործող իրավական ակտերի դրույթներին համապատասխանեցնելու, բուհերի ընդունելության պահանջներն ավելի հստակեցնելու նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Հիմնավորման համաձայն՝ սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված և վերջին ութ տարում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիներին պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգում տրամադրվել են առանձին ընդունելության տեղեր` ըստ մասնագիտությունների: Սակայն հետագայում բուհերում խնդիրներ են առաջացել հիշյալ ուսանողների հետ պայմանագրեր կնքելու ժամանակ, քանի որ պարզ չէր այդ ուսանողների կարգավիճակը՝ արդյոք նրանք հանդիսանում են նպատակային ընդունելությամբ ընդունվածներ, թե որպես սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված քաղաքացիներ նրանց հնարավորություն է տրվել բուհ ընդունվել իրենց համար հատկացված տեղերում: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումներով և փոփոխություններով սահմանվել է «նպատակային կրթություն» հասկացությունը և հստակեցվել են նպատակային ընդունելության հետ կապված հարցերը: Այսպիսով՝ որոշմամբ կարգի դրույթները համապատասխանեցվել են օրենքի պահանջներին և կարգում նշված մասնագիտությունների ցանկը՝ մասնագիտությունների և որակավորումների նոր ցանկին:
Կառավարության համապատասխան որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ 2016թ. աշնանը «Շախմատը կրթական համակարգում» միջազգային գիտաժողովի գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով:

 

Միջազգային համագործակցություն


Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015թ. մայիսի 29-ին ստորագրված համաձայնագրին: Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը մշակել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ազատ առևտրի ռեժիմի կիրառման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ստեղծման նպատակով: Համաձայնագիրը ներառում է ապրանքների, ծառայությունների առևտուրը, մաքսային վարչարարության, առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացման, ներդրումների իրականացման, մտավոր սեփականության, պետական գնումների ոլորտները, ծագման կանոնները, ստուգող այցերի իրականացման կարգը և այլ ոլորտներ: Փաստաթղթով նախատեսվում է փոխադարձ առևտրում մաքսատուրքի դրույքաչափերի նվազեցում, մասնավորապես` համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո որոշ ապրանքների հանդեպ 0 տոկոս մաքսատուրքի կիրառում, համապատասխան ժամանակացույցի համաձայն` մինչև 2025թ. ընկած ժամանակահատվածում որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցում մինչև 0 տոկոս: Համաձայնագրով սահմանված են նաև ազատ առևտրի ռեժիմից բացառություններ, որոնց նկատմամբ կիրառվելու են առավել բարենպաստ ռեժիմի շրջանակներում գործող մաքսատուրքի դրույքաչափերը: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով, քանի որ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ բանակցությունները սկսվել էին նախքան ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցելը, ապա առաջարկվում է հավանություն տալով այս փաթեթին, միաժամանակ շարունակել բանակցությունները առանձին ապրանքատեսակների մասով (ալկոհոլային արտադրանք, ծխախոտ) վիետնամական շուկա ներմուծելիս մաքսատուրքի զրոյական դրույքաչափի կիրառման վերաբերյալ: Հարցի առնչությամբ գործադիրի ղեկավարը հայտնել է, որ անցած տարի Մոսկվայում Վիետնամի վարչապետի հետ հանդիպման ժամանակ այս հարցը քննարկվել է:
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 8 փոփոխության կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանը օժանդակության տրամադրման նպատակով 2010թ. օգոստոսի 6-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագիրը: Ներկայումս ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ստացվել է համաձայնագրի փոփոխություն թիվ 8-ի նախագիծը, որը նախատեսում են լրացուցիչ 1 200 000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումներ, որոնք կուղղվեն դեպի մասնավոր հատվածի մրցունակության և ենթակառուցվածքների զարգացման բնագավառներ:
Հավանության է արժանացել նաև «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016թ. մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 14.6 մլն եվրո գումարի չափով վարկ: Ծրագրի հիմնական նպատակն է՝ Գյումրիում ունենալ անվտանգ երթևեկության կազմակերպման համար բարեկարգ փողոցներ և էներգախնայող արտաքին լուսավորության ցանց։ Ծրագրի շրջանակում, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել Գյումրի քաղաքի ճանապարհների հիմնանորոգման և քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, այդ թվում` ասֆալտի և մայթերի նորոգում, ինչպես նաև ջրահեռացման (դրենաժային) ենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և Գյումրի քաղաքի համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում: Վարկը տրամադրվում է 15 տարով, որից արտոնյալ ժամկետը` 3 տարի, տոկոսադրույքը լողացող՝ 6-ամսյա EURIBOR + 1%:

Այլ որոշումներ
 

Կառավարությունն առաջարկել է Ազգային ժողովի նախագահին 2016թ. մայիսի 25-ին ժամը 12:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:
Գործադիրը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետի փոփոխության անհրաժեշտությամբ։ Օրինագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2018թ. հուլիսի 20-ը՝ նկատի ունենալով, որ Հեռահաղորդակցության միջազգային միության ենթակայությամբ գործող աշխատանքային խմբերն դեռևս անցկացնում են քննարկումներ՝ միասնական ստանդարտի ընդունման ուղղությամբ միության անդամ երկրների համար: Արդյունքում՝ ակնկալվում է 2018թ. հուլիսի 20-ից Եվրոպական միասնական ստանդարտի թվային ռադիոհեռարձակում:
2016թ. ամառային զորակոչը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ ակնկալվում է կարգավորել 2016թ. մայիս–հուլիս ամիսների ընթացքում ՀՀ-ում ամառային զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ՀՀ վարչատարածքային միավորներում ամառային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգումը:
Կառավարության որոշումներով համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ կանցկացվեն Սյունիքի մարզի Ախլաթյանի և Դարբասի, Արագածոտնի մարզի Օթևանի համայնքներում: Նշվել է, որ Ախլաթյան և Դարբաս համայնքների ղեկավարներ Արմեն Բեգլարյանը և Մայիս Միրզոյանը զոհվել են ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է նրանց հետմահու պարգևատրել վարչապետի հուշամեդալով:
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով ս.թ. առաջին կիսամյակում ավելացված արժեքի հարկի վերադարձի, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի շրջանակում ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ մարմինների հետ 2016թ.-ին նախատեսվող համատեղ վերահսկողական միջոցառումների աշխատանքներին ս.թ. առաջին կիսամյակում ՀՀ վերահսկիչ պալատի մասնակցության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշման նպատակն է ՀՀ 2016թ. պետբյուջեով «Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 5.7 մլրդ դրամ ս.թ. երրորդ եռամսյակից տեղաշարժել ս.թ. երկրորդ եռամսյակ և «ՀՀ վերահսկիչ պալատի պահպանում» ծախսային ծրագրի գծով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով երրորդ և չորրորդ եռամսյակներից 17.5 մլն դրամ տեղաշարժել ս.թ. երկրորդ եռամսյակ (անփոփոխ թողնելով այդ ծրագրերի գծով հատկացումների տարեկան գումարները): Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ այն կնպաստի տնտեսության ակտիվությանը:
Կառավարության որոշմամբ թույլատրվել է Իրանի Իսլամական Հանրապետությանը օրենքով սահմանված կարգով, սեփականության իրավունքով ՀՀ-ում ձեռք բերել Երևան, Նորք-Մարաշ, Հովսեփյան փողոց, թիվ 11/99 հասցեում գտնվող հողամասը՝ դեսպանի կեցավայրի տեղակայման համար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ