Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 մայիսի 2016

«Կառավարությունն ունի բավական քաղաքական կամք կյանքի կոչելու բոլոր անհրաժեշտ քայլերը». Հովիկ Աբրահամյան









 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ .
«Հարգելի՛ գործընկերներ,
Քառօրյա պատերազմը ստիպեց բոլորիս վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը և մեկ անգամ ևս անդրադառնալ Հանրապետության Նախագահի փետրվարի 12-ի ելույթին: Արդյո՞ք մենք զարգանում ենք, արդյո՞ք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, արդյո՞ք ունենք մարտունակ բանակ: Պատասխանը` այո: Բայց արդյո՞ք այդ ամենը բավարար է, որպեսզի մենք դիմակայենք նորանոր մարտահրավերների: Կարծում եմ բոլորի կարծիքը կարտահայտեմ, եթե ասեմ` ոչ:
Մենք պետք է ավելի արդյունավետ պետություն դառնանք՝ կրկնապատկելով, եռապատկելով մեր ջանքերը: Այո, մեր ռեսուրսները սահմանափակ են, բայց իմ խորին համոզմամբ ռեսուրսների պակասը կարող է փոխհատուցվել երկու գործոնով՝ առաջինն արդյունավետ մոդելների կիրառումն է, իսկ երկրորդը՝ դրանց կյանքի կոչելու արագությունը:
Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ես նշեցի, որ պատրաստվում ենք նախաձեռնել քննարկումների շարք՝ ներգրավելով պատգամավորների, այդ թվում՝ ընդդիմադիր թևից, ինչպես նաև հասարակության այլ կարող ուժերի: Եվ խոսքը միայն քննարկումների մասին չէ: Լուծումները, որոշումները, որոնց մենք կհանգենք, պետք է արագ կյանքի կոչվեն:
Իսկ հարցերը, որոնք պատրաստվում ենք դարձնել քննարկման առարկա` բազմապիսի են: Դրանց մեջ են թե՛ տնտեսության զարգացումը, թե՛ առողջապահության և կրթական ոլորտների արատների դեմ պայքարը և թե՛ բազում այլ հարցեր:
Այս ամսվա 14-ից մենք սկսում ենք պարբերական շաբաթական քննարկումներ: Քանի որ հնարավոր չի լինի բոլոր ցանկացողներին ներգրավել այդ գործընթացում, ուստի, խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր ունեն առաջարկություններ, դրանք համառոտ ներկայացնել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Նրա էլեկտրոնային փոստի հասցեն կա կառավարության պաշտոնական կայքում:
Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանի զարգացման ուղիների վերաբերյալ կան ուշագրավ հետազոտություններ նաև Սփյուռքում: Դրա վառ օրինակն է Գյուլբենկյանի հիմնադրամի կողմից վերջերս հրապարակված «Հայերը 2115-ին» զեկույցը: Նման հետազոտությունները ևս պետք է դառնան խորը ուսումնասիրության առարկա:
Քննարկումներն, անշուշտ, ինքնանպատակ չեն: Յուրաքանչյուր քննարկման արդյունք կարճ ժամկետում վերածվելու է կոնկրետ գործողությունների, կառավարության որոշումների կամ օրենսդրական նախաձեռնությունների:
Սակայն մինչև նշված քննարկումների մեկնարկն արդեն իսկ վեր են հանվել մի շարք տեսանելի խնդիրներ և մշակվել դրանց լուծման ուղիները, որոնց վերաբերյալ ցանկանում եմ այսօր հնչեցնել որոշ մոտեցումներ:
Առաջինը: Թեև մենք ունենք հաստատված բյուջե, սակայն պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի: Պետք է ձևավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ:
Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները և այլն: Որոշ քայլեր մենք կձեռնարկենք արդեն այսօր: Այս կապակցությամբ հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը և կառավարության աշխատակազմին մինչև կառավարության հաջորդ նիստը ներկայացնելու լրացուցիչ առաջարկություններ: Իսկ միջոցները, որոնք կառաջանան այդ խնայողություններից, կուղղվեն առաջնահերթ խնդիրների լուծմանը:
Երկրորդ: Պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ: Դա, իհարկե, մեկ օրվա խնդիր չէ, սակայն մենք օպտիմալացման նպատակով պետք է մինչև 2017 թվականի բյուջետային քննարկումների մեկնարկը ունենանք մանրամասն վերլուծություն: Խոսքը ոչ միայն նախարարությունների աշխատակազմերի մասին է, այլ նաև տարբեր ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, առընթեր մարմինների, առանձնացված ստորաբաժանումների: Ակնկալում եմ պետական մարմինների սթափ և նշված հանգամանքներով պայմանավորված իրատեսական և էական առաջարկություններ: Որպեսզի այդ աշխատանքները կրեն համատարած և համակարգված բնույթ, առաջարկում եմ փոխվարչապետին ներկայացնել վարչապետի որոշման նախագիծ՝ իր ղեկավարությամբ համապատասխան աշխատանքային խումբ ձևավորելու մասին:
Կարծում եմ, որ այս մոտեցումը կորդեգրեն նաև իշխանության այլ ճյուղերի մեր գործընկերները:
Հարգելի՛ գործընկերներ,
Ամբողջությամբ գիտակցում եմ այն հանգամանքը, որ իմ հնչեցրած առնվազն այս երկու մոտեցումների արդյունքում կարող է առաջանալ որոշակի սոցիալական լարվածություն՝ պայմանավորված պետական համակարգում աշխատատեղերի կրճատմամբ: Բայց լինենք անկեղծ, երկար տարիներ մենք նման քայլերի չէինք գնում հենց սոցիալական լարվածություն չստեղծելու պատճառով: Բայց այսօր Արցախի և Մայր Հայրենիքի առջև ծառացած անվտանգության խնդիրներն այլ են: Ստեղծված իրավիճակն, իսկապես, ոչ ստանդարտ է, և մենք չպետք է խուսափենք ոչ ստանդարտ քայլեր կատարելուց ու որոշումներ կայացնելուց:
Երրորդ ուղղությունը, որտեղ ես տեսնում եմ հնարավորություն արագ շոշափելի արդյունքներ գրանցելու համար` կոռուպցիայի դեմ պայքարն է: Նախևառաջ, մենք պետք է սահմանենք երկու կարևոր սկզբունք:
Առաջինը` կոռուպցիոն երևույթներն ըստ մարմինների պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները և թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված: Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետևություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում:
Այս կապակցությամբ հանրության ակնկալիքները, ինչպես նաև մեր կողմից առաջարկվող լուծումների իրականացման մանրամասները ենթադրում ենք քննարկել առաջիկա հանդիպումների ժամանակ: Երկրորդ սկզբունքը վերաբերում է շահերի բախման երևույթին: Համարում եմ, որ մենք պետք է շատ արագ կոշտ մեխանիզմներ ներդնենք, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին և պետական միջոցներով իրականացվող ծրագրերին:
Հարգելի՛ գործընկերներ,
Որպես գործադիր իշխանության ղեկավար ես ամբողջությամբ գիտակցում և հասկանում եմ, որ վերը հնչեցված բոլոր լուծումներն արդյունավետ չեն լինի, եթե մեր երկրում չկարողանանք ապահովել կայուն և երկարատև տնտեսական աճ: Այն պետք է բերի լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավմանը, ստեղծի նոր աշխատատեղեր և մեղմի սոցիալական լարվածությունը: Վերջին երկու տարիներին բազմիցս բախվել եմ հանրային քննադատության, թե պետությունը չի պայքարում ձևավորված մենաշնորհների դեմ: Միևնույն ժամանակ ընդունում եմ, որ կառավարությունը բավարար հետևողական չի եղել այդ խնդրի էության ամբողջական բացահայտման հարցում և ժամանակին չի նախաձեռնել բաց հանրային երկխոսություն: Թերությունն ուղղելու ժամանակն է: Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին և առաջարկում եմ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցների ներգրավմամբ, ամենասեղմ ժամկետում՝ առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում, վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և առաջարկել արդյունավետ լուծումները, որոնք կարող են շտկել ստեղծված իրավիճակը, իսկ նոր վերակազմավորված Պետական եկամուտների կոմիտեին՝ շարունակել ակտիվ և հետևողական աշխատանքներ իրականացնել՝ ուղղված բյուջեի հարկային եկամուտների ապահովմանը, ՓՄՁ-ների նկատմամբ մեղմ վարչարարության իրականացմանը, մաքսային և հարկային ոլորտներում ռիսկերի արդյունավետ կառավարմանը, տնտեսվարող սուբյեկտների գործունեության անհարկի միջամտության երևույթների վերացմանը, տնտեսվարման հավասար պայմանների ապահովմանը:
Վստահեցնում եմ, որ այս հարցում բացի տնտեսական նպատակահարմարությունից մենք որևէ այլ չափորոշիչով չենք առաջնորդվելու:
Առայժմ այսքանը:
Եվ վերջում, մեկ անգամ ևս ընդգծեմ. կառավարությունն ունի բավական քաղաքական կամք կյանքի կոչելու բոլոր անհրաժեշտ քայլերը: Այսուհետ պարբերաբար խոսելու ենք կատարված քայլերի մասին և գնահատելու ենք միայն դրանց շատ կոնկրետ արդյունքները»:


Կամավորների համար կսահմանվեն աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ


Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է 2016թ. ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994թ. զինադադարի համաձայնագրի խախտման (Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների) կապակցությամբ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (աշխարհազորային) համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությամբ: Նախագծով նախատեսվում է աշխարհազորային համարվող աշխատողների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու նպատակով՝ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում այդ աշխատողների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ (աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում): Օրինագծով նաև նախատեսվում է առաջարկվող իրավական կարգավորումներին տալ հետադարձ ուժ՝ դրանք տարածելով 2016թ. ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր անվճար կստանան սոցիալապես անապահով ևս 61064 ընտանիքներ
 

ՀՀ տարածքում իրականացվել են վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման ժամանակացուցային աշխատանքները և թվային հեռարձակման անհրաժեշտ համակարգերն ու ենթակառուցվածքները պատրաստ են շահագործման: ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի համապատասխան որոշմամբ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր են տրամադրվել սոցիալապես անապահով 46494 ընտանիքների, սակայն դեռևս 61064 սոցիալապես անապահով ընտանիքներ չունեն թվային հեռուստատեսային հաղորդումներ դիտելու հնարավորություն: Կառավարությունը փոփոխություններ է կատարել վերոնշյալ որոշման մեջ, մասնավորապես՝ «2015թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 34.6 և ավելի անապահովության միավոր ունեցող» բառերը փոխարինել «ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողների, 2015թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 30.85 և ավելի կամ միայն անաշխատունակ անդամներ ունեցող 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող» բառերով: Որոշմամբ առաջարկվում է սոցիալապես անապահով ևս 61064 ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումն իրականացնել սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջոցով:
 

Կստեղծվեն նախադրյալներ երեխաների խնամքի հաստատությունների բեռնաթափման համար


Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հայեցակարգին, որով կսահմանվեն այդ ծառայությունների նոր տեսակները, հիմնական ուղղությունները և սկզբունքները: Կստեղծվեն նախադրյալներ հաստատությունների բեռնաթափման և երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելու համար: Ըստ հիմնավորման՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի ու պաշտպանության առավել արդյունավետ ձևը փոխարինող ընտանիքն է, որը խնամքի ու դաստիարակության շարունակականության ու անընդհատության ապահովումից զատ, հնարավորություն է տալիս երեխայի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում` ապահովելով երեխայի սիրված լինելու ու հոգեկան կապվածության պահանջմունքի բավարարումը: Խնամքի այլընտրանքային ծառայությունների զարգացման համար առկա խնդիրներն են՝ նոր տիպի ծառայությունների սահմանումը, խնամքի այլընտրանքային ծառայություններ տրամադրող վերապատրաստված մասնագետների պակասը, խնամքի այլընտրանքային ծառայությունների մոնիթորինգի մեխանիզմների բացակայությունը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների վերաբերյալ տեղեկատվական ոչ լիարժեք համակարգը և այլն:
Կառավարությունը սահմանել է օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգը և ժամկետները, համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը և չափերը, աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկերը: Ըստ հիմնավորման՝ աշխատանքային միգրացիայի պետական կարգավորման շրջանակում օրակարգային է դարձել գործատուների կողմից օտարերկրյա աշխատուժի օգտագործման հետ կապված հարաբերությունների համալիր կանոնակարգումը, մասնավորապես` «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքից բխող օտարերկրացիների աշխատանքի թույլտվության (ՕԱԹ) իրավունքի իրացման մեխանիզմների ամբողջական ներդրումը: Որոշմամբ, մասնավորապես, ամբողջականացվել է ՕԱԹ տրամադրման ընթացակարգը, սահմանվել են գործատուի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի և առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկերը: Ամբողջականացվել են նաև գործատուի կողմից ՀՀ օրինական մուտք գործած և աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրացի աշխատողի և նրա ընտանիքի անդամների հետ վերադարձի հետ կապված ծախսերի փոխհատուցման պայմանները և չափերը` գործատուի կողմից օտարերկրյա աշխատողին համապատասխան աշխատանքով չապահովելու դեպքում:


Ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն՝ էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար

Գործադիրի որոշմամբ «ՍՋՍ» ՍՊԸ-ին տրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանմանը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: «ՍՋՍ» ՍՊԸ նախատեսում է գործունեություն ծավալել էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում: Ընկերությունը կմշակի և կարտադրի ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, տեղեկատվության փոխանցման սարքավորումներ, լարային և անլար կապի միջոցներ, որոնք ունեն կիրառման լայն շրջանակ հեռահաղորդակցության, ինքնաթիռաշինության, առողջապահության ոլորտներում: Նախատեսվում է, որ ծրագրի ընթացքում արտահանման ծավալները կկազմեն 30 մլն ԱՄՆ դոլար: Արտադրանքի կարտահանվի ԵԱՏՄ անդամ և Մերձավոր Արևելքի երկրներ, դիտարկվում է նաև Իրան արտահանման հնարավորությունը: Նախատեսվում է առանձին պատվերներ կատարել հնդկական և չինական շուկաների համար: Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 2,5 մլն ԱՄՆ դոլար, կստեղծվի 30 նոր աշխատատեղ` 420 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով:
Ֆինանսական ոլորտի, մասնավորապես, հաշվապահների որակավորմանն առնչվող կարգավորումները հստակեցնելու, ժամկետների կրճատելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ առաջարկվում է՝ Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակների կամ Սի-Էֆ-Էյ (CFA) որակավորման երկրորդ մակարդակի կամ Սի-Փի-Էյ (CPA) որակավորման չորրորդ մակարդակի հավաստագիր ունեցող անձանց որակավորման վկայական տրամադրել առանց քննության, նախկինում քննության միջոցով որակավորման վկայական ստացած անձանց` վկայականի գործողության ժամկետը լրանալու դեպքում նոր վկայական տրամադրել առանց քննության՝ մասնագիտական վերապատրաստման դասընթացների մասնակցած լինելու փաստի հիման վրա և այլն:


Միջազգային համագործակցություն

 

Կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել վարկ` 30 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման համարժեքության և հուսալիության պահպանման ջանքերին՝ էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների և էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը բարելավելու միջոցով: Վարկը տրամադրվում է, մասնավորապես, հետևյալ պայմաններով. մարման ժամկետ` 25 տարի, որից 14.5 տարին՝ արտոնյալ, մայր գումարի մարման եղանակ` հավասար կիսամյակային վճարումներ` կապակցված վարկի ողջ գումարի հետ,տոկոսադրույքը՝ լողացող՝ 6-ամսյա Libor + լողացող սպրեդ, պարտավորության վճար` 0.25%, հաշվարկվում է վարկի չօգտագործված գումարի նկատմամբ: Ներկայումս համաձայնագիրը գտնվում է վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցման փուլում:
Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության կառավարությունների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման և կապի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագիրը հնարավորություն կտա երկու երկրների միջև հաստատել միջկառավարական համագործակցություն և հարաբերություններ, ինչպես նաև գործարար կապեր ստեղծել ՏՏ, էլեկտրոնային կառավարման և հեռահաղորդակցության ոլորտում ներգրավված ընկերությունների և կազմակերպությունների հետ:
Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության կառավարությունների միջև երիտասարդության հետ աշխատանքի և սպորտի բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է զարգացնել և ամրապնդել փոխադարձ սերտ կապերի ստեղծումն ու համագործակցությունը սպորտի բնագավառում, ինչպես նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչների միջև եղբայրական հարաբերությունները: Փաստաթղթի ստորագրումը կնպաստի մարզական կազմակերպությունների միջև համագործակցությանը, նրանց մասնակցությանը երկու երկրներում անցկացվող մարզական միջոցառումներին, երիտասարդական կապերի ամրապնդմանը, երիտասարդության և սպորտի խնդիրներով զբաղվող հետազոտական կազմակերպությունների կամ կենտրոնների միջև անմիջական կապերի զարգացմանը:


Այլ որոշումներ
 

Կառավարության որոշմամբ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ին տրամադրվել է լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների իրականացման թույլտվություն: Հիմնավորման համաձայն՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- ծրագիր 3-ի շրջանակում վերակառուցվող Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացման մրցույթի հաղթող է ճանաչվել չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ, որը ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման (բացառությամբ՝ փորձաքննության) գործունեությունն իրականացնում է Արդյունաբերության և առևտրի հարցերով Պեկինի քաղաքային վարչության կողմից 2015թ. մայիսի 26-ին տրված գործունեության իրականացման համապատասխան արտոնագրի հիման վրա:
Կառավարությունը հաստատել է ՀՀ հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության հողերի 2016թ. կադաստրային գները: Ըստ այդմ՝ կձևավորվեն, մասնավորապես, ՀՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի հարկի 2016թ. հարկման բազաները:
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու հետ կապված հարաբերությունները հստակ կանոնակարգելու նպատակով
Կառավարությունն ընդունել է որոշում եվրոպական երկրներից ՀՀ ներկրվելիք 453 գլուխ տոհմային երինջների մաքսային ձևակերպումների հետ կապված ծախսերը կատարելու նպատակով: Հովիկ Աբրահամյանը կարևորել է գործընթացի առավելագույնս թափանցիկ կազմակերպումը:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ