Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 6 ապրիլի 2016

«Եվս մեկ անգամ ապացուցվեց Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնության ամրությունը». ՀՀ վարչապետ









Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը Հովիկ Աբրահամյանը նշել է. «Ապրիլից ի վեր կոպտորեն խախտելով զինադադարի մասին համաձայնագրերը՝ Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ռազմական ագրեսիա են սանձազերծել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի ողջ երկայնքով: Ծանր հրետանու, տանկերի և օդուժի հարձակման թիրախ են դարձել Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի դիրքերը, քաղաքացիական օբյեկտները և բնակավայարերը, որի հետևանքով ունենք նաև զոհեր: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր նահատակների հիշատակը»:
Այնուհետև վարչապետը խոսքը փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ով մանրամասներ է ներկայացրել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Հարգելի գործընկերներ, հարգելի հայրենակիցներ,
Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններն աննախադեպ էին ոչ միայն 1994 թ. զինադադարից հետո, այլև ընդհանրապես Ղարաբաղյան առաջին պատերազմի համեմատ՝ հաշվի առնելով մի քանի հանգամանքներ:
Առաջին հերթին ռազմական տեսանկյունից՝ շփման գծի ողջ երկայնքով կիրառվող կրակի խտությունը, կիրառվող զինատեսակների և ռազմական տեխնիկայի տեսակները, որի մասին պարբերաբար իրազեկվել է մեր հանրությունը, ներգրավված ուժերի և´ միջոցների քանակը, և´ նրանց շարունակական ծավալումը և մոտեցումն առաջնային գծին, ժամանակային համեմատության մեջ կորուստների մեծ քանակը, ընդ որում, Ադրբեջանի Հանրապետության կորուստների քանակը, համեմատած Պաշտպանության բանակի կորուստներին, բազմակի էին, կարելի է ասել, շուրջ 10 անգամից ավելի, հակամարտող ուժերի մարտական պատրաստության աստիճանը հրադադարից ի վեր, որովհետև բավական լուրջ աշխատանքներ են տարվել բարեփոխումների և զինված ուժերի մարտունակության, մարտական կարողությունների բարձրացման ուղղությամբ, վարձկանների, ահաբեկիչների առկայությունն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի տարբեր ուղղություններում կիրառման ընթացքում և նրանց ագրեսիվ գործողությունները:
Իրավական տեսանկյունից՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ակնհայտ բնույթը, որովհետև նույնիսկ եթե նրանք ասում են, որ նրանք պատասխանել են մեր գործողություններին, այդ բնույթի, այդ լայնամասշտաբությամբ իրականացվող գործողությունները թույլ են տալիս ասելու, որ դրանք նախօրոք նախապատրաստված էին և ոչ համաչափ գործողություններ էին, Ադրբեջանի զինծառայողների դիակների և ոչնչացված ռազմական տեխնիկայի առկայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, որի մասին նաև մեր հանրությունն իրազեկվել է:
Հումանիտար տեսանկյունից՝ ակնհայտ ռազմական հանցագործությունների առկայությունը, այսինքն՝ խոշտանգումները, գլխատումները և սանձազերծված գործողությունների լայնամասշտաբ լինելը:
Հասարակական տեսանկյունից՝ մեզ համար, պարոն վարչապետ, ակնհայտ է մեր հասարակական համախմբումը և կամավորական շարժման պատրաստականությունը, կարելի է ասել, վերածնունդը, մեր հասարակության մեջ տիրող բարձր մակարդակի բարոյահոգեբանական մթնոլորտը և նաև այն հերոսությունները, որ ցուցաբերել են պաշտպանության բանակի զինծառայողները և կամավորական շարժման ներկայացուցիչները, ազատամարտի վետերանները և մնացածը, ովքեր Լեռնային Ղարաբաղ են մեկնել՝ պաշտպանելու մեր հայրենիքի այդ հատվածը: Այդ հերոսությունների արդյունքում Ադրբեջանի Հանրապետությունը, կարելի է ասել, ոչնչի չի հասել, նույնիսկ ռազմավարական առումով: Մեր տեղեկատվական դաշտում ներկայացված այն տեղեկությունները, որ մի քանի բնակավայրեր իրենց մոտ են գտնվում, տվյալ բնակավայրերը՝ Թալիշ, Նոր Սեյսուլան գյուղերը, գտնվում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության խորքում: Մարտավարական առումով մի քանի վայրերում՝ հարավում, կենտրոնում և հյուսիսում, ավելի լայնամասշտաբ իրականացված և թեժ կետերում, վերահսկողությունը, նախաձեռնությունը և կրակային խոցման հնարավորությունները գտնվում են Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Եվ այս առումով մենք պետք է, իհարկե, ազգովի գլուխ խոնարհենք մեր զինվորների, մեր հրամանատարների և մեր կամավորականների առջև, որոնց գործողությունների շնորհիվ մենք կարողացանք Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված գործողությունները ետ մղել և օպերատիվ մարտավարական նախաձեռնությունը պահպանել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ձեռքում: Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որովհետև գիտեք, որ Մոսկվայում հանդիպել են երկու պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը կրակի դադարեցման ուղղությամբ, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի փոխօգնության պայմանավորվածության շրջանակում Հայաստանի Հանրապետությունից կամավորական շարժման, ինչպես նաև համապատասխան միջոցառումների իրականացման պայմաններում՝ այսօր Պաշտպանության բանակի մարտունակության աստիճանը, մարտական կարողությունները, պաշտպանության, ընդհանուր առմամբ, ձևավորված դասավորվածությունը, Պաշտպանության բանակի ծավալումը համապատասխան հատվածներում և նրա պատրաստականության աստիճանը թույլ են տալիս ասելու, որ նրանք պատրաստ են այսօր պատրաստության և ոչ միայն պատրաստության, այլև հակառակորդի կողմից հետագա գործողությունների կանխարգելման ուղղությամբ արձագանքման ցանկացած գործողությունների և, կարող եմ ասել, դեռ ավելին»,-նշել է պաշտպանության նախարարը:
Սեյրան Օհանյանի ելույթից հետո վարչապետը նշել է. «Այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրությունը»:


Այս տարի նախատեսվում է ավարտել ռազմավարական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Գործադիրի որոշմամբ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար տրանսպորտի և կապի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից 2016թ. առաջին կիսամյակում կհատկացվի 1 մլրդ դրամ: Անդրադառնալով հարցին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Սա ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է, Քելբաջարի ճանապարհն է, որի հիմնանորոգումը այս տարի որոշել ենք ավարտել: Դա Նախագահի հանձնարարականն է»:

 

Կլուծվի աղետի գոտու անօթևան 183 ընտանիքի բնակարանային խնդիրը


Կառավարությունը հաստատել է ՀՀ 2016թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները: Ըստ հիմնավորման՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված 5363 ընտանիքից 2016թ. սկզբի դրությամբ դեռևս կարգավորված չէ մոտ 920 ընտանիքի բնակարանային ապահովման խնդիր, որի լուծմանը նախատեսվում է անդրադառնալ 2016-2017թթ. ընթացքում՝ փուլային մոտեցման կիրառմամբ: Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին առաջնահերթ կարգով անդրադառնալ 183 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծմանը, որոնցից մոտ 100-ը՝ Գյումրիում, 50-ը՝ Սպիտակում, իսկ 33-ը՝ Ախուրյան համայնքում (պետբյուջեով միջոցներ են նախատեսվել ևս 104 ընտանիքի համար Ախուրյան համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքների վերսկսման համար): Սահմանվում են նաև այդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ուղղությունները, մասնավորապես՝ առաջարկվում է Գյումրիում և Ախուրյանում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակապահովման խնդիրը լուծել բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման նպատակով բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրմամբ, իսկ Սպիտակում ծրագրի շահառու ճանաչված և մեկ սենյակի հավակնող ընտանիքներինը՝ ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմամբ: 2016թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում դեռևս լուծման կարիք կունենա ծրագրի շահառու ճանաչված մոտ 633 ընտանիքի բնակարանային խնդիր: Դրա հետ մեկտեղ, կարգավորման կարիք կունենա Գյումրի քաղաքում ամբողջական փաստաթղթային փաթեթներ ներկայացրած, սակայն ծրագրի շահառուների ճանաչման գործընթացի ժամանակ հանրապետությունից բացակայած մոտ 24 ընտանիքի բնակապահովման խնդիրը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ընդունված որոշումը և հանձնարարել քաղաքաշինության նախարարին հետամուտ լինել ծրագիրը սահմանված ժամկետում ավարտելու և որակով իրականացնելու հարցում:
Գյումրու տարածաշրջանում երկաթուղու արտադրական տարածքներում բնակություն հաստատած ընտանիքների վերաբնակեցման (տարհանման) խնդիրը լուծելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ նախատեսվում է տեղափոխել բնակիչների վերաբնակեցման ժամկետը (մինչև նոյեմբերի 1-ը)՝ հաշվի առնելով, որ Գյումրու քաղաքապետարանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ համատեղ աշխատանք կտանեն նշված բնակիչների վերաբնակեցման գործընթացն ապահովելու համար:


Նոր աշխատատեղեր՝ ներդրումային ծրագրերի շրջանակում


Գործադիրի մեկ այլ որոշմամբ բավարարվել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: 2009թ.-ից Վանաձորում գործունեություն ծավալող «Գլորիա» կարի ֆաբրիկան աշխատում է տոլինգային եղանակով` արտասահմանյան մի շարք ընկերությունների պատվերների հիման վրա` կարի ծառայություններ իրականացնելով մատակարարի կողմից տրամադրված հումքով և սարքավորումներով: Ընկերությունն իր ամբողջ արտադրանքն արտահանում է եվրոպական երկրներ: Ֆաբրիկան 2016թ. նախատեսում է արտադրել 3մլն եվրոյի արտադրանք. ներդրումային ծրագրի արդյունքում կստեղծվի 800 աշխատատեղ՝ 120 հազար դրամ միջին աշխատավարձով:
Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Ընկերությունը նախատեսում է Երևան ՀԷԿ-1 հիդրոէլեկտրակայանի հետագա բնականոն, անվտանգ էլեկտրամատակարարում և արդիականացում` օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը, արտադրելով էլեկտրաէներգիա: Այդ նպատակով ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 18.9 մլրդ ՀՀ դրամի չափով, որից 9.6 մլրդ ՀՀ դրամը՝ սարքավորումներ (ՌԴ, Հնդկաստան և Գերմանիայի արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ) ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 60 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ. 232, 2017թ.՝ 249 և 2018թ.՝ 265 հազար ՀՀ դրամ:
Կառավարությունը թույլատրել է «Բիոլաբ» ՍՊԸ 2015թ. մարտի 20-ի թիվ C 7705 հայտարարագրով «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված` «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը` մինչև 2018թ. մարտի 1-ը:
ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Էջմիածնի խճուղի հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 49,524 հա հողամասից 5.0 հա մակերեսով հողամասը հետ վերցնել և նվիրաբերել «Հաննի-Արմին» ընկերությանը՝ նորագույն տեխնոլոգիայի հիման վրա վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ մինչև 2 ՄՎտ հզորությամբ արևաջերմային տուրբինային էլեկտրակայանի կառուցման առաջնեկային ծրագրի իրագործման նպատակով: Ընկերությունը նշված տարածքում էլեկտրակայանի կառուցապատման նպատակով նախատեսում է 3 տարվա ընթացքում իրականացնել ներդրում: Անդրադառնալով հարցին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ եթե ընկերությունը ներդրումը չիրականացնի, ապա հատկացվող հողը հետ կվերցվի:
Գործադիրի որոշմամբ՝ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2015թ. մրցանակներ կշնորհվեն մեկ տասնյակ կազմակերպությունների:


Կկանոնակարգվի օդանավակայանում ուղևորների հաշվառման գործընթացը

Օդանավակայանում ուղևորների հաշվառման ընթացքում առաջացող խնդիրների լուծման, ուղևորների հաշվառման բնականոն ընթացքի ապահովման համար կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած` «ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձումը կազմակերպություններին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Որոշմամբ, մասնավորապես, մինչև 12 տարեկան երեխաների համար համապատասխան «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնության կիրառման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ է համարվում երեխայի անձնագիրը, իսկ այն օտարերկրյա պետությունների քաղաքացիների համար, որոնց երեխաների տվյալները ներառվում են ծնողի անձնագրի մեջ` ծնողի անձնագիրը: Այդ արտոնության կիրառման նպատակով պետական տուրք վճարողներն արտոնության կիրառման համար հիմք հանդիսացող փաստաթղթի լուսապատճենները պետք է ներկայացնեն պետական տուրք գանձող կազմակերպությանը, մինչդեռ օրենքով արտոնության կիրառման համար նախատեսվում է հավաստող փաստաթղթերի ներկայացումը և ոչ թե դրանց լուսապատճենների տրամադրումը համապատասխան կազմակերպությանը: Հետևաբար, որոշման կիրառման արդյունքում օդանավակայանում ուղևորների հաշվառման ընթացքում առաջանում է հաշվառման բնականոն գործընթացի խաթարում` ստեղծելով անհարկի լարվածություն օդանավակայանի մեկնման սրահի հաշվառման հատվածում, ինչն, իր հերթին, հանգեցնում է ուղևորների դժգոհության: Ըստ այդմ՝ նախատեսվում է պետական տուրք վճարողների կողմից օրենքի 29-րդ հոդվածով սահմանված արտոնության ստացման համար արտոնությունը հաստատող փաստաթղթի լուսապատճենի ներկայացման պահանջը հանել:


Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրի հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակը ֆինանսական բուրգի ստեղծման, դրա կազմակերպման կամ ղեկավարման քրեականացումն է: Ըստ հիմնավորման՝ ներկայում ՀՀ օրենսդրությամբ ֆինանսական բուրգերի գործունեության որևէ արգելք նախատեսված չէ, ինչն ուղղակի վտանգ է ներկայացնում տնտեսական գործունեության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների տեսանկյունից: Նախագծով սահմանվում է, որ ֆինանսական բուրգը գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն է (բացառությամբ հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա իրականացվող լիցենզավորման ենթակա գործունեության), որով գույք ներդրող կամ ֆինանսական բուրգում առաջարկվող գույքի կամ ծառայության դիմաց վճարում կատարող անձանց առաջարկվող նյութական օգուտը պայմանավորվում է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին: Այսպիսով՝ օրինագծով առաջարկվող փոփոխությունը նպատակաուղղված է քրեականացնելու ցանցային մարքեթինգի սխեմայով գործունեություն իրականացնող ֆինանսական բուրգերի ստեղծումը, կազմակերպումը և ղեկավարումը:
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ օրենքով նախատեսվում է գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող վարձու աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության` նշված օրենքով նախատեսված տեսակների դեպքում (բացառությամբ մայրության նպաստի դեպքի) նպաստի վճարում` սկսած ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից: Նախագծով առաջարկվում է աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի 1-ին աշխատանքային օրվա չափով կորցրած աշխատավարձը (եկամուտը) փոխահատուցել գործատուի հաշվին: Գործող օրենքի իրավակարգավորումների համաձայն՝ անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող հինգ աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին (որը չի փոխհատուցվում), իսկ նպաստի մնացած մասը` ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին: Վերը նշված մոտեցման նպատակն է. մի կողմից` ֆինանսական բեռը բաշխել իրավահարաբերությունների մասնակից կողմերի (քաղաքացի, գործատու և պետություն) միջև, իսկ մյուս կողմից՝ փոխադարձ զսպումների մեխանիզմների կիրառման միջոցով նվազագույնի հասցնել անբարեխիղճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը: Առաջարկության ընդունման դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարման համար գործատուների կատարած ծախսը կավելանա ավելի քան 20 տոկոսով (ժամանակավոր անաշխատունակության մինչև 5 օր տևողության դեպքում գործատուների ծախսը կավելանա 25-100%-ով, 2015 թվականին գործատուների ծախսը կազմել է շուրջ 1,6 մլրդ դրամ):
Գործադիրը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի և Գագիկ Ջհանգիրյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ առաջարկվող փոփոխությունները կավելացնեն Էթիկայի հանձնաժողովի լիազորությունները, հնարավորություններ կընձեռնեն հայտարարագրված ունեցվածքի և եկամուտների միջև էական անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ և դրանք հաստատվելու դեպքում դիմել իրավասու պետական մարմիններին: Մասնավորապես, անդրադառնալով նախագծի հիմնավորմամբ բարձրացված այն հարցին, որ հանձնաժողովը չունի ուսումնասիրություններ անցկացնելու, դրանց արդյունքում անհամապատասխանությունները հաստատելու կամ հերքելու դեպքում իրավասու մարմիններին դիմելու լիազորություն, ինչպես նաև իր կողմից հայտարարագրված գույքի և եկամուտների անհամապատասխանության կամ պաշտոնատար անձի կողմից սխալ տվյալներ ներկայացնելու դեպքում իրավական ներգործության միջոցներ ձեռնարկելու լիազորություն, կառավարության եզրակացությունում նշված է՝ նախագծով սահմանված գործառույթների իրականացման համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դեռևս անհրաժեշտ գործիքակազմ չունի։ Այս խնդիրը լուծելու և հանձնաժողովի բնականոն գործունեությունը և ֆինանսական, գործառույթային ու կառուցվածքային անկախությունն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի 2015 թվականի մայիսի 27-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» համապատասխան որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը քննարկում է հանձնաժողովին անհրաժեշտ տարածքային պայմանների, կադրային ներուժի և ֆինանսական միջոցների վերաբերյալ փաստաթղթերը։ Միաժամանակ, ունենալով հայտարարագրման ռեեստրների վարման գործառույթ, հանձնաժողովը ՀՀ օրենսդրությամբ օժտված չէ հայտարարագրման կարգի խախտման դեպքերում ներգործություն կիրառելու որևէ լիազորությամբ, մասնավորապես՝ հանձնաժողովը հայտարարագրման կարգը խախտող բարձրաստիճան պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հնարավորություն չունի։ Այս խնդրի լուծման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով պատասխանատվություն է նախատեսվում պաշտոնատար անձանց կողմից գույքի, եկամուտների, փոխկապակցված անձանց, ինչպես նաև փոխկապակցված անձի գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրեր հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում չներկայացնելու, կամ հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների, կամ հայտարարագրի ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելու, կամ հայտարարագրում սխալ կամ ոչ ամբողջական կամ կեղծ տվյալ ներկայացնելու, կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար և նշված իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու լիազորությունը վերապահվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Այս օրենսդրական նախագծերի փաթեթն առաջիկայում ՀՀ կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի ԱԺ քննարկմանը։
Գործադիրը բացասական եզրակացություն է ներկայացնել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծով առաջարկվում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, մասնավորապես՝ դատական ներկայացուցչության անվճար հիմունքներով իրականացումը թույլատրել չափահաս ՀՀ քաղաքացուն իրեն նոտարական վավերացմամբ լիազորագիր տված ֆիզիկական և իրավաբանական անձի համար: Կառավարաության եզրակացության համաձայն՝ նախագծով նախատեսվող իրավակարգավորումը մի քայլ հետ է պետության կողմից մարդու՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացման համար արդեն իսկ սահմանված արդյունավետ միջոցների և պայմանների համեմատ: Նշված է նաև, որ ՀՀ արդարադատության նախարարությունը մշակում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի համաձայն նախատեսվում են իրավաբանական օգնություն ցուցաբերելու այլընտրանքային մեխանիզմները և անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու դեպքերն ու պայմանները:
Կառավարությունը հաստատել է նաև ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը:

Այլ որոշումներ

Գործադիրն ընդունել է ի գիտություն ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի զեկուցումը ՀՀ կառավարության 2016թ. հունվարի 14-ի «ՀՀ կառավարության 2016թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» համապատասխան որոշման (08.01.2016 – 31.03.2016թթ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը: Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում կատարման ենթակա թվով 20 կետերից 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ կատարվել են 20-ը կամ 100.0 տոկոսը:
Կառավարությունը սահմանել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի անվտանգ վերադարձի կազմակերպման կարգը, որը կնպաստի մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում իրավական, կազմակերպչական և ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի ուղղորդման գործընթացի հստակեցմանն ու կատարելագործմանը, պատճառված վնասի փոխհատուցման մեխանիզմի ձևավորմանը: Կարգը կնպաստի նաև զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի անձնական անվտանգության ապահովմանը և դրանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի ձևավորմանը, ինչպես նաև հնարավորություն կտա իրականացնել ոլորտի պետական քաղաքականությունը միջազգային նորմերին համահունչ:
Ազգային արխիվի նյութատեխնիկական հագեցվածության արդիականացման ծրագիրն առավել հստակ դարձնելու նպատակով գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ընդունված որոշումը կնպաստի Հայաստանում միջազգային ստանդարտներին համարժեք արխիվային ծառայության ստեղծմանը, կբարձրանա նրա կողմից մատուցվող ծառայությունների որակը և արխիվի տեխնիկական հագեցվածության աստիճանը:
Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի մշակույթի նախարարությանը՝ Հ.Մալյանի անվան թատրոնի տեխնիկական վերազինման՝ լուսային և ձայնային տեխնիկայի ձեռքբերման նպատակով: Ըստ հիմնավորման՝ Հ. Մալյանի անվան թատրոնը մայրաքաղաքի մշակութային կյանքի կարևորագույն օբյեկտներից է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թատրոնի ստեղծման օրվանից չեն իրականացվել լուսային և ձայնային համակարգերի վերազինման աշխատանքներ, եղած սարքավորումները ֆիզիկապես և բարոյապես մաշված են՝ խափանվում են հաճախակի և խոչընդոտում թատրոնի բնականոն գործունեությանը, ինչպես նաև վարչապետի բանավոր հանձնարարությունը՝ թատրոնի լուսաձայնային համակարգերի արդիականացումը հրատապ է և խիստ անհրաժեշտ:
Նիստի վերջում Հովիկ Աբրահամյանը նշել է. «Խնդրում եմ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված հանձնարարականները շարունակեք նույն տեմպով կատարել»: 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ