Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 հուլիսի 2015

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ







Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Օրակարգի հարցերին անցնելուց առաջ վարչապետը հանդես է եկել ներածական խոսքով, ուր մասնավորապես ասել է. «Հարգելի գործընկերներ, բոլորդ տեղյակ եք, որ հունիսի 30-ին տեղի ունեցած «Տնտեսական օրակարգ» համաժողովում ակադեմիական աշխարհի, գործարար ոլորտի ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մենք համակողմանիորեն քննարկեցինք մեր տնտեսության առջև ծառացած մարտահրավերները, դրանց լուծման երարաժամկետ ռազմավարություններն ու կարճաժամկետ քայլերը: Համաժողովում հնչեցին թե զգացմունքային ելույթներ, թե առողջ քննադատություն, և թե կոնկրետ առաջարկություններ: Ես ուզում եմ կրկնել համաժողովում հնչեցրած իմ ուղերձը. մեր դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների ու ծրագրերի համար: Ցանկացած առաջարկ, որը կօգնի մեր ընդհանուր գործին, կգնահատվի ըստ արժանվույն: Հայաստանը կարիք ունի բոլոր շահագրգիռ ու առողջ ուժերի համատեղ ջանքերին ու աշխատանքին: Համաժողովը ցույց տվեց, որ նման քննարկումների կարիք կա: Կարծում եմ՝ այժմ հարկ է այդ քննարկումներն անել այլ ֆորմատով, ավելի ուղղորդված, ավելի մեծ փորձագիտական ներուժի ընդգրկմամբ, ավելի խորը մասնագիտական և ճյուղային: Հանձնարարում եմ բոլոր նախարարներին՝ կազմակերպել նման քննարկումներ, նաև էկոնոմիկայի նախարարությանը՝ աջակցել այս քննարկումների կազմակերպմանը»:


Լուծում կստանան մարզային հրատապ խնդիրները
 

Հանրապետության մարզերում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները լուծելու նպատակով կառավարությունը որոշել է մարզպետարաններին հատկացնել շուրջ 4.4 մլրդ դրամ, որով կլուծվեն առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնախնդիրները, մասնավորապես, դպրոցաշինության, մշակութային, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում: «Այս ծրագիրը մենք շատ ենք կարևորում, մեր սուղ հնարավորություններից, պահուստային ֆոնդից համայնքներում հրատապ ծրագրեր իրականացնելու համար 4 միլիարդ 395 միլիոն հատկացնելով», - ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարելով առողջապահության նախարարի հետ հետամուտ լինել և զուգահեռ լուծում տալ նաև մանկապարտեզների սանիտարական վիճակի բարելավմանը:


Հերթական աջակցությունը ներդրումային ծրագրերին


200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ներմուծվող սարքավորումների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելով, կառավարությունը հերթական աջակցությունն է ցուցաբերել ներդրումային խոշոր ծրագրի իրականացմանը: Այս դեպքում «Հ և Տ Հակոբյաններ» ՍՊԸ-ն նախատեսում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կազմակերպել գարեջրի արտադրություն: Շուրջ 630 միլիոն դրամ կազմող ներդրումային ծրագրի արդյունքում կստեղծվի 60 աշխատատեղ:
Մեկ այլ որոշումով հավանություն տալով «Արմհոլդինգ» ՓԲԸ արտահանման 2015-2017թթ. ծրագրին, կառավարությունը «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը սահմանել է համապատասխանաբար ըստ տարիների 15, 20, 24 մլրդ դրամ:
ՀՀ կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է առաջարկել Միջպետական բանկին «Ռայնոլիվ փրոփերթի Լիմիտեդ» ընկերությանը և «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված վարկերի պահանջի իրավունքները զիջելու մասին: Նպատակը Միջպետական բանկում գրավադրված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը և անշարժ գույքը գրավից ազատելը և տրամադրված վարկերի պահանջի իրավունքների զիջումն է:
 

Ստեղծվում է առևտրի խթանման հանձնաժողով


Տեղական ընկերությունների արտադրանքի արտահանման և դեպի Հայաստան ներդրումների աճի ապահովման նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել է Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների ծրագրի ղեկավար հանձնաժողով: Գործադիրը հաստատել է հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը:
Կառավարության մեկ այլ որոշումով հաստատվել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից 2015թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները:
Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Գավի դաշինքի միջև «Պատվաստանյութերի և դրամական աջակցության համար» համագործակցության շրջանակային համաձայնագրի կնքման առաջարկությանը:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանի բնակչության բժշկական սպասարկումն ավելի մատչելի և հասանելի դարձնելու նպատակով «Սևանի հիվանդանոց» և «Սևանի պոլիկլինիկա» ՓԲԸ-ները միաձուլվել են, ստեղծվել է «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է Սևանի նոր հիվանդանոցային մասնաշենքի շինարարության ծրագրով, կարևորել մարզային մարմինների հետ նախարարության համատեղ աշխատանքը:


Կպահպանվի բնապահպանական հավասարակշռությունը


Բնական միջավայրի, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության, կենսոլորտի բնական վիճակի հավասարակշռության պահպանության նպատակով գործադիրը փոփոխություններ է կատարել իր նախկինում ընդունած որոշումների մեջ, ճշգրտելով և հստակեցնելով «Զանգեզուր» պետական արգելավայրի և «Արևիկ» ազգային պարկի սահմանները:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է Արփիի և Կեչուտի ջրամբարների էկոլոգիական նպատակով շահագործման ռեժիմների սահմանման կարգը: Խնդիրն այն է, որ Արփիի և Կեչուտի ջրամբարները կառուցվել են բնապահպանական և ոռոգման նպատակով, ունեն տնտեսական և էկոլոգիական նշանակություն: Ոռոգման սեզոնին հաճախ առաջնային է դառնում տնտեսական գործոնը, ուստի գործադիրը սույն որոշման ընդունումով վերահսկելի է դարձնում ջրամբարների էկոլոգիական նպատակով շահագործման ռեժիմների պահպանության ապահովումը, Սևանա և Արփի լճերի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը:


Նոր կառույց արդարադատության համակարգում


Կառավարությունը որոշել է ՀՀ արդարադատության նախարարության համակարգում ստեղծել անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, հաստատել է դրա կանոնադրությունը, կառուցվածքը, հասարակական կազմակերպությունների կողմից ՀՀ արդարադատության նախարարին լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ առաջարկելու կարգը, համապատասխան գումար հատկացրել նոր գործակալության գործունեությունը կազմակերպելու նպատակով:
Գործադիրը հաստատել է նաև հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, սահմանել հաշտարարների որակավորման դասընթաց կազմակերպելու, անցկացնելու, որակավորման վկայագիր տրամադրելու կարգը և ժամկետները:
 

Օրենսդրական նախաձեռնություններ


Կառավարությունը հավանություն է տվել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ներկայացված նախագծով նախատեսվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքը ամրագրել օրենքով, ինչպես նաև սահմանել օրենսդրական լրացուցիչ կարգավորումներ և մեխանիզմներ:
Արձանագրային մեկ այլ որոշումով հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում է նպաստավոր պայմաններ ստեղծել ընդերքօգտագործման արդյունքում առաջացած ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրերի տարածքներում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար:
Կառավարության հավանությանն է արժանացել նաև «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Քննարկելով ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում և նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը, կառավարությունը հաստատել է իր եզրակացության նախագիծը, որով ողջունելով ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի նպատակադրումը, գտել է, որ այն թերի է և ներկայացված տեսքով ընդունելի չէ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուշադրություն է հրավիրել պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները նախապես իրենց մասնակցությամբ քննարկելու անհրաժեշտության վրա:
Քննարկված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:


Կառավարությունը կհոգա սիրիահայերի ծախսերը


2015թ. օգոստոսի 2-13-ը անցկացվելիք Համահայկական ամառային 6-րդ խաղերին Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու նպատակով կառավարությունը «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը տրամադրելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը որոշել է հատկացնել 39.8 միլիոն դրամ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւոր է համարել հատկապես Սիրիայի պատվիրակությանը օժանդակելը:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը վարչապետի առաջարկով ներկայացրել է Սիրիայի մեր հայրենակիցների մասնակցության և տրամադրվող աջակցության մանրամասները: Նշված գումարը ծախսվելու է Սիրիայի 82 հոգանոց պատվիրակության ճանապարհածախսը և հյուրանոցի ծախսերը հոգալու համար: Պատվիրակությանը Երևան կտեղափոխի լիբանանյան ավիաընկերությունը, Երևանում նրանց 16-օրյա կեցությունը կապահովվի Արարատ հյուրանոցում: Ընդհանուր առմամբ համահայկական խաղերի մասնակցությունը շատ ներկայացուցչական է: Հուլիսի 1-ի դրությամբ արդեն ունենք 35 պետությունների 161 քաղաքներից 5461 հայտ, որը բավականին մեծ թիվ է:

 

 Այլ հարցեր


ՀՀ 9 մարզերի 22 համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար կառավարությունն իր պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրել է 64 մլն 721 հազար դրամ:
Կառավարության որոշմամբ Էդգար Գևորգյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար:
 

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ