Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 հունիսի 2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագների շուրջ ստեղծված իրավիճակին






Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Ուզում եմ մեր նիստն սկսել էլեկտրաէներգիայի սակագների շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմամբ և դրանից ելնելով, լրացուցիչ հարց մտցնել օրակարգ: Ի սկզբանե ուզում եմ ասել, որ որևէ կառավարություն, այդ թվում` Հայաստանի կառավարությունը, չի ցանկանում որևէ սակագնի բարձրացում: Սակայն կառավարությունը պարտավոր է հաշվի նստել օբյեկտիվ իրողությունների հետ, որոնք հաճախ էապես տարբերվում են դրանց մասին հասարակական ընկալումներից:
Հասարակությունում տարածված է այն մտայնությունը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է բաշխիչ ցանցերում առկա չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասած` թալանով: Չեմ բացառում, որ չարաշահումներ եղել են: Բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ անկախ նրանից, թե ինչպիսի և ինչ չափերի չարաշահումներ կարող էին լինել ընկերությունում, դրանցից ոչ մի լումա չի հաշվարկվել սակագնի մեջ:
Օրինակ՝ հանձնաժողովն իր գործառույթների շրջանակներում ուսումնասիրում է ընկերության բոլոր գնումները և շուկայական գներից ցանկացած շեղում հայտնաբերելու դեպքում կրճատում է այդ ծախսերը՝ թույլ չտալով, որ ընկերությունը բարդի այդ բեռը սպառողի ուսերին: Միայն 2007 թվականից առ այսօր հանձնաժողովի կողմից այդ հիմքով չընդունված գումարը կազմել է ավելի քան 22 մլրդ դրամ կամ ընկերության կողմից կատարված ներդրումների 20 տոկոսը: Մեկ այլ օրինակ, սպառողի և տեսուչի միջև հանցավոր համաձայնության հետևանքով առաջացած կորուստները ևս չեն ընդգրկվում սակագնի հաշվարկում: Վատ կառավարումից բխող նման չարաշահումներից տուժել է ոչ թե սպառողը, այլ ընկերության սեփականատերը, քանի որ նվազել է իր շահույթը, իսկ շահույթի նվազումը երբեք չի դրվել սակագնի բարձրացման հիմքում:
Մեկ այլ մտայնություն կապված է ճոխության հետ, երբ ընկերությունը շռայլորեն ծախսում է թանկարժեք մեքենաների, ճոխ բնակարանների և առանձնատների վարձակալության վրա, վճարում է անհիմն բարձր աշխատավարձ ղեկավար կազմին: Այս դեպքում ևս պատասխանատու հայտարարում եմ, որ սակագնի հաշվարկի ժամանակ հանձնաժողովը մշտապես կրճատել է բոլոր նման ծախսերը: Օրինակ, առանձնատների և բնակարանների վարձակալության գումարը սակագնում հաշվարկվել է զրո դրամով, իսկ մեքենաների վրա ծախսված գումարը նվազեցվել է երեք անգամ:
Բնական հարց է ծագում, իսկ ինչո՞ւ է բարձրացել սակագինը: Դրա համար առկա է երեք հիմնական պատճառ`
• Առաջին պատճառը վերջին տարիների սակավաջրությունն էր: Մեր հիդրոկայանների արտադրած հոսանքն անհամեմատ ավելի էժան է, քան ջերմակայանների արտադրանքը: Օրինակ, ՀԷԿ-երի էլեկտրաէներգիան տատանվում էր 2 դրամից 24 դրամ մեկ կիլոՎատտ ժամի համար: Իսկ Հրազդանի 5-րդ բլոկի էլեկտրաէներգիայի գինը 40 դրամ էր: Պարզ է, որ երբ հիդրոկայանների կողմից չարտադրած հոսանքն ստիպված փոխարինվել է ջերմակայանների արտադրած հոսանքով, անխուսափելիորեն առաջացել են լրացուցիչ ծախսեր:
• Երկրորդ պատճառն ատոմակայանի տուրբինի չպլանավորված կանգառն էր 2013 թվականի դեկտեմբերին, որը տևել է 88 օր: Դարձյալ այն փոխարինվել է ջերմակայանի արտադրած մոտ վեց ու կես անգամ ավելի թանկ էլեկտրաէներգիայով: Դա ևս բերել է լրացուցիչ ծախսերի:
• Երրորդ հիմնական պատճառը վերջին երեք տարում ազգային արժույթի շուրջ 20 տոկոսով արժեզրկումն է: Բնականաբար, դա ևս ազդել է արտադրված էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա:
Այսպիսով, որքան էլ անցանկալի լինի արձանագրել, համակարգն ունի վնասներ, որոնք պայմանավորված են օբյեկտիվ գործոններով: Ընդունված է, որ օբյեկտիվ գործոններով պայմանավորված վնասները փոխհատուցվում են սակագնի փոփոխության կամ պետական սուբսիդիայի միջոցով: Մենք հնարավոր չենք համարել համատարած սուբսիդիայի տարբերակը՝ համարելով, որ այն կարող է օգտագործվել միայն թիրախային` սոցիալապես անապահով խմբերի համար: Այս խմբերին աջակցության մասին որոշման նախագիծն է, որ այսօր առաջարկում եմ մտցնել օրակարգ:
Մինչև որոշման բովանդակությանն անցնելը, սակայն, հարկ է անդրադառնալ հետևյալ հարցադրմանը` իսկ ի՞նչ վտանգներ կարող են ծագել, եթե սակագները չբարձրանան, և էներգետիկ համակարգի օբյեկտիվ վնասները չփոխհատուցվեն:
Եթե նշված վնասները չփոխհատուցվեն, ապա ընկերությունը կշարունակի չվճարել արտադրող կայաններին: Արդյունքում` կունենանք շղթայական ռեակցիա, որը տնտեսության վրա կունենա անդառնալի հետևանքներ: Այսօր անցյալում թվացող հովհարային անջատումները շատ արագ կդառնան առօրյա: Մենք պարտավոր ենք պատասխանատու մոտեցում որդեգրել այս հարցում` ֆինանսապես առողջ համակարգի միջոցով ապահովելով երկրի էներգետիկ անվտանգությունը: Չեմ կարծում, որ այսօր մենք կարող ենք մեզ թույլ տալ մոռանալ երկրի անվտանգության այս կարևորագույն բաղադրիչը:
Ինչպես նշեցի քիչ առաջ, իշխանությունը պարտավոր է մտածել սակագնի բարձրացման ազդեցությունը մեղմելու մասին: Առաջին հերթին խոսքը վերաբերում է սոցիալապես անապահով խավին:
Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու արդյունքում յուրաքանչյուր ընտանիքի համար միջին ամսական լրացուցիչ ծախսը, միայն էլեկտրաէներգիայի սպառմամբ պայմանավորված, կկազմի շուրջ 1400 ՀՀ դրամ, քանի որ յուրաքանչյուր ընտանիք միջինում ամսական փաստացի սպառում է 200 կիլոՎատտ ժամ էլեկտրաէներգիա:
Այդ պատճառով Նախագահի հետ խորհրդակցելով՝ մենք նախապատրաստել ենք որոշում, որով սոցիալապես անապահով շուրջ 105.000 ընտանիքների կամ շուրջ 400.000 անձանց համար առաջարկվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել տարեկան 24.000 ՀՀ դրամի չափով: Այսպիսով, սոցիալապես անապահով խավի համար սակագնի բարձրացման հետևանքները մեղմելու համար կառավարությունը տարեկան կհատկացնի ավելի քան 2.5 մլրդ դրամ:
Միևնույն ժամանակ մեր մտահոգության առարկան միայն անապահով խավերը չեն, այլ ցանկացած մեր քաղաքացի, որի կենսամակարդակի պահպանումը մեզ համար կարևորագույն խնդիր է: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում պահի սակագնի բարձրացման պատրվակով սպառողական ապրանքների գների անհիմն բարձրացման փորձերը՝ անմիջապես ձեռնարկելով խիստ միջոցառումներ դրանք կանխելու համար:
Ամփոփելով խոսքս ուզում եմ շեշտել՝ էներգետիկ համակարգում մեր առջև ծառացած խնդիրները բազմաթիվ են: Կառավարությունը ներկայումս մշակում է էներգետիկ համակարգի զարգացման երկարաժամկետ և համապարփակ ռազմավարական ծրագիրը, որը շուտով կներկայացվի հանրության դատին: Այս կարևորագույն փաստաթղթի շուրջ պատրաստ եմ աշխատելու ցանկացած քաղաքական կամ հասարակական ուժի հետ՝ անկախ կառավարության վերաբերյալ իրենց դիրքորոշումներից»:

Այնուհետև ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում՝ փոխհատուցելով սոցիալապես անապահով շուրջ 105 հազար ընտանիքի կամ շուրջ 400 հազար անձի՝ սակագնի բարձրացումից առաջանալիք կորուստը:
 

Կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց
 

ՀՀ կառավարությունը հաստատել է 2015թ. ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները: Սահմանված կարգով ՀՀ ոստիկանության պետը ՀԿ-ների տվյալների շտեմարանից ընտրել է հինգ հասարակական միավորում՝ իրավապաշտպան «Ֆիդես» և «Գիտակցիր իրավունքդ», «Մեհրաբյան գիտաուսումնական կենտրոն», «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» և մշակութային «Խաչակիր» ՀԿ-ների և դրանց մեկական ներկայացուցիչներին: Ամեն տարի այլ հասարակական միավորումների նույնպես հնարավորություն կտրվի ռոտացիոն կարգով ընդգրկվել հանձնաժողովի կազմում: «Ի դեպ, այս հարցը քննարկման օրակարգում էր դեռ այն ժամանակ, երբ Բաղրամյան պողոտայում դեռևս ակցիաներ չէին էլ իրականացվում, - ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: - Սակայն ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատանքն այս օրերին առավել ակտուալ է դառնում, քանի որ այն ոստիկանությունում մշտապես գործող մարմին է: Այդ մարմնի նպատակը հավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն է և նրանց գործողությունների իրավաչափության որոշումը:
Հունիսի 23-ի վաղ առավոտյան, Բաղրամյան պողոտայում ոստիկանական ստորաբաժանումների իրականացրած գործողությունները հասարակության, ինչպես նաև՝ մեր միջազգային գործընկերների կողմից որոշակի արձագանք են առաջացրել:
Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ մի շարք դեպքերով ծառայողական քննություն է նշանակվել: Այս տեսանկյունից, կարծում եմ, որ կարգապահական հանձնաժողովը ևս անելիք ունի: Բացի արդյունավետ աշխատանքից, հանրությունը ակնկալում է օբյեկտիվ, թափանցիկ աշխատանք:
Օգտվելով առիթից ուզում եմ նաև դիմել մեր ակտիվիստներին, այդ հանրահավաքների կազմակերպիչներին, որ նման ոճը որևէ հաջողության չի բերելու: Եվ ես առաջարկում եմ, որ նրանք լինեն ավելի կառուցողական: Կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց, խնդիր, որ բարձրացվում է իրենց կողմից: Ուղղակի փակելով կենտրոնական փողոցներից մեկը՝ Բաղրամյան պողոտան և նաև խաթարելով մեր քաղաքացիների ազատ տեղաշարժը, նրանք կարգ են խախտում, ինչը չի համապատասխանում Սահմանադրությանը և օրենքներին: Օգտվելով առիթից, կոչ եմ անում մեր քաղաքացիներին, մեր գործընկերներին, վերադառնալ կառուցողական դաշտ և միասին քննարկել այն բոլոր խնդիրները, որոնք հուզում են մեր քաղաքացիներին»:


Իրականացվում են ճանապարհաշինական ծրագրեր


Հիմք ընդունելով Երևան քաղաքի հատակագիծը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրով իրականացվող քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի երկու տրանշներով նախատեսվող քաղաքային մայրուղու շինարարությունը, կառավարությունը Երևան քաղաքի և Արարատի մարզի Արգավանդի և Գետափնյայի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Որոշմամբ սահմանվում է Ասիական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերով հանրային մասնակցության և փաստաթղթերի բացահայտման կարգը: Կարգի պահանջը կատարելու նպատակով բնակիչների հետ անցկացվել են հանդիպումներ տեղում, ներկայացվել են սեփականության օտարման նպատակը, փոխհատուցման չափերի հաշվարկման մեթոդն ու ընդունման կարգը, միաժամանակ, տեղեկությունը տրամադրվել է նաև հեռախոսով:
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման բանկի միջև 2015թ. մայիսի 11-ին ստորագրված «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագրին, որի համաձայն ՎԶԵԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 4 մլն ԱՄՆ դոլար վարկ: Ծրագրի նպատակն է Երևանում ունենալ էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց՝ աշխատանքն ավարտելով 2018թ. երկրորդ եռամսյակում:


Կնորոգվեն «Արփա-Սևանի» վթարային հատվածները


«Արփա-Սևան» ջրատարի երկրորդ թունելում ի հայտ եկած վթարային հատվածների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքը ֆինանսավորելու նպատակով կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացրել է 18 մլն դրամ:
Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ջեռուցումն իրականացվում է հիմնականում էլեկտրաէներգիայի միջոցով: Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի վերջին թանկացումները, Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամը ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության միջոցառումների ծրագրի իրականացման համար հետազոտություն է կատարել: Պարզվել է, որ այդ ծրագրի իրականացմամբ հնարավոր է ապահովել էներգետիկ ծախսի առնվազն 40 տոկոս տարեկան խնայողություն: Կառավարությունը հավանություն է տվել ծրագրին:
Համացանցի միջոցով հայկական արվեստի և գրականության ստեղծագործությունների տարածման, հայ մշակույթին միջազգային հանրությանը ծանոթացնելու նպատակով կառավարությունը թույլատրել է յուրաքանչյուր անձի կողմից ազատորեն օգտագործել մի շարք ստեղծագործություններ, որոնց նկատմամբ հեղինակի գույքային իրավունքները պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:


Գնահատվում է տեսչական մարմնի կատարողականը


ՀՀ կառավարությունը հաստատել է տեսչական մարմինների գործունեության կատարողականի գնահատման սկզբունքները, չափորոշիչները և կարգը: Տեսչական մարմնի կատարողականի գնահատումը կնպաստի դրա գործունեության արդյունավետ կազմակերպմանը, հրապարակայնությանն ու թափանցիկությանը:
«Գույքահարկի մասին» օրենքի համաձայն բոլոր հաշվառված տրանսպորտային միջոցների համար առաջանում է գույքահարկի պարտավորություն: Դրա հետևանքով քաղաքացիներն հայտնվում են փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող գույքի համար ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով վարչական պատասխանատվության ենթարկվելու և գույքահարկ վճարելու իրավիճակում՝ չունենալով դրանից օրինական եղանակով ազատվելու որևէ օբյեկտիվ հնարավորություն: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է խորհրդային տարիներին արտադրված մոտ 31 հազար տրանսպորտային միջոցի: Խնդիրը կարգավորելու նպատակով գործադիրն ընդունել է «Տրանսպորտային միջոցները խոտանված համարելու և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարանից հանելու մասին» որոշումը, որով նշված տրանսպորտային միջոցների սեփականատերերը կազատվեն օրենքով նախատեսված ԱՊՊԱ պայմանագիր կնքելու և գույքահարկ վճարելու պարտավորությունից:
Կառավարության որոշմամբ «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ մշակույթի նախարարությունը:
 

Կվերացվեն օրենքներում եղած հակասությունները


ՀՀ կառավարությունը քննարկել է ՀՀ քրեական օրենսգրքում և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է վերը նշված օրենքներում եղած հակասությունները և բացերը վերացնելու անհրաժեշտությամբ: Փաթեթի վերաբերյալ կառավարությունը որևէ առարկություն չի ներկայացրել:
ՀՀ մի խումբ պատգամավորների օրենսդրական մյուս նախաձեռնությունը, որով առաջարկվում է լրացում և փոփոխություն կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում, վերաբերում է սահմանադրական դատավարության ընթացքում վկային և փորձագետին բերման ենթարկելու կարգի սահմանմանը: Այս նախաձեռնությունը նույնպես ընդունելի է կառավարության համար:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:


Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտում միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման և տեղեկության փոխանակման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
ՀՀ կառավարությունը հաստատել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Միքայել Նարիմանյանի, Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ Արամ Սիմոնյանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ Ոստանիկ Մարուխյանի ընտրության արդյունքները:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ